Սակայն, Ա. Սաքունցը, ով խոսելու էր երեխաների իրավունքների մասին, քնարկմանը չներկայացավ: Սա դժգոհեցրեց Լ. Բարդակչյանին ու նա հայտարարեց՝ թե չի մասնակցելու ասուլիսին, բայց հետո էլ պատճառաբանեց, թե նախապես իրեն չեն ասել, որ քննարկմանը մասնակցելու է Խ. Ստամբոլցյանը:
Այնուամենայնիվ, Լ. Բարդակչյանը խոսեց եւ նշեց, որ կրոնի ընտրությունը երեխային թողնելը սատանայական ու ոչ ճիշտ մոտեցում է: Ըստ նրա, Հայաստանում կրոնական ճնշումներն առկա են նաեւ ուսումնական հաստատություններում:
Այս տեսակետին չհամաձայնեց Ա. Ամարյանը եւ ասեց, որ Հայաստանում որեւէ օրենքով չի սահմափակվում կրոնական ու դավանանքի ազատությունը, որ ուսումնական հաստատություններում այժմ աթեիստներ չկան, հակառակը բոլոր կրոնական կազմակերպությունները մտել են դպրոցներ ու բուհեր, դասախոսներն էլ ինչ-ինչ ուղղությունների ներկայացուցիչներ են ու ղեկավարներ: Ըստ Ա. Ամարյանի, եւ արտասահմանում, եւ արտերկրում այդ կազմակերպությունների համար թիրախային խմբեր են երիտասարդներն ու երեխաները: Եկեք «նայեք այդ կազմաերպությունների ամառային ճամբարները, եւ կհասկանանք, ինչ է կատարվում»,- ասաց նա:
Ընդհանուր մտահոգություն հայտնվեց կրոնական կազմակերպությունների ուսումնական հաստատություններ թափանցելու եւ գործունեություն ծավալելու առումով:
* * *
Օրերս նոր անդրադարձ եղավ նաեւ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին: ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն այդ առիթով ասել է, որ «ամառային դահլիճի տեղում լուրջ բան կառուցել հնարավոր չէ»: Նկարիչների տան ետնամասն ամենահարմարն է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման համար, նշել է նա եւ հավելել՝ «դա գերազանց լուծում կլիներ, քանի որ եկեղեցին արեւմուտքից մուտք կունենար ու նորմալ տեսք կստանար»: Ն. Սարգսյանը կարծում է, որ եկեղեցի կառուցելու համար բնավ պարտադիր չէ քանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, միշտ հարկավոր է հազար անգամ չափել եւ հետո միայն՝ կտրել: Ավելին, ըստ ճարտարապետի, ամառային դահլիճի վայրում ուղղակի չի կարելի որեւէ լուրջ բան կառուցել, քանի որ «այդ տարածքն այդ հնարավորությունը չի տալիս»:
Անի Մարության
Էկումենիկ հավաք
Մայիսի 3-6-ը ԵՀԽ-ի Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի է ունեցել էկումենիկ պաշտոնյաների հավաք, որին մասնակցել է շուրջ 60 ներկայացուցիչ՝ աշխարհի տարբեր երկրներից ու եկեղեցիներից: Մասնակիցները ծանոթացել են ԵՀԽ-ի ընթացիկ գործունեությանը եւ առաջիկա հրամայականներին: Լսվել են զեկույցներ 2011թ. Ջամայկայի խաղաղասիրական հավաքի, 2013թ. Բուսանում (Հարավային Կորեա) կայանալիք ԵՀԽ 11-րդ Ասամբլեայի մասին: Իրենց գործունեությունը ներկայացրեցին նաեւ ԵՀԽ-ի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի անդամները:
Այս տեղեկատվությունը հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Ժողովականների հետ հանդիպել է եւ իր գործունեությունը ներկայացրել նաեւ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար վերապատվելի Դոկտոր Օլավ Թվեյթը, որն իր խոսքում կարեւորել է էկումենիկ պաշտոնյաների գործունեությունը, ԵՀԽ-ի եւ անդամ Եկեղեցիների միջեւ եղած կապը, իսկ համագործակցությունը սերտացնելու գործում նշել է նաեւ այն հրամայականները, որոնք ունի ԵՀԽ-ն՝ որպես էկումենիկ գլոբալ կառույց:
Ըստ տեղեկատվության, Հայ Առաքելական եկեղեցուց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցել էր Միջեկեղեցական Հարաբերությունների գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից՝ Միջեկեղեցական Հարաբերությունների գրասենյակի վարիչ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ալեմեզյանը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 18 (149), 2010թ.



