Հայ-թուրք-ադրբեջանական և արտաքին լուրեր


Ադրբեջանա-թուրքական «դեսանտ» Հայաստանում

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմադ Աբասովը, այդ երկրի ԳՆ միջազգային հարաբերությունների վարչության պետի տեղակալ Ռաշադ Մաջիդովը եւ «Ագրոլիզինգ» կազմակերպության ղեկավար Ալի Բայրամովը  այցելել էին Երեւան՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության եվրոպական տարածաշրջանային՝27-րդ համաժողովին մասնակցելու համար:
Նիստին մասնակցելու համար Երեւան է ժամանել 175 պատվիրակ 45 երկրից: Հայաստան էր ժամանել նաեւ ԵԽԽՎ նախագահ, թուրք Մեւլութ Չավուշօղլուն: Նա հանդիպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԵԽԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ:
Վերջերս Մ. Չավուշօղլուն այցելել էր նաեւ Ադրբեջանում, իսկ օրեր առաջ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանից դուրս քննարկման առանցքային թեման ԼՂ-ի խնդրի կարգավորման խնդրում ԵԽԽՎ-ի ներգրավումն էր:

Հայկական զլմ-ները անդրադառնալով ԵԽԽՎ նախագահի Հայաստան կատարելիք այցին գրել են, որ «Դատելով Չավուշօղլուի հետ հանդիպողների ցանկից՝ կարելի է ենթադրել, որ քննարկվելիք հարցերի շրջանակը լայն է լինելու: Սակայն ամենակարեւորն ու առանցքայինն անշուշտ լինելու է ԵԽԽՎ շրջանակներում ԼՂ հարցով հատուկ հանձնաժողովի վերաբացման հարցը… Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն իր առջեւ խնդիր է դրել ԵԽԽՎ-ում պաշտոնավարման ընթացքում լուրջ դերակատարություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում եւ դրանով իսկ լուծել այն խնդիրը, որը Թուրքիան չկարողացավ լուծել հայ-թուրքական արձանագրությունների միջոցով»:
Նշվում էր նաեւ, որ «Մովլութ Չավուշօղլուն Ծիծեռնակաբերդ չի այցելի եւ հարգանքի տուրք չի մատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին, քանի որ այցը ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային է: Այցելության պաշտոնական լինել-չլինելու հանգամանքն իհարկե ընդամենն աստառ է: Ակնհայտ է, որ Ծիծեռնակաբերդ չայցելելու որոշումը քաղաքական նկատառումներ ունի»:
Հիշեցնենք, որ երբ ԵԽԽՎ-ն հրապարակել էր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը, այն Մ. Չավուշօղլուն չէր ընթերցել եւ դա հրապարակել էր նիստը նախագահող ֆրանսիացի պատգամավոր Ժան Կլոդ Մինյոնը: Այդ հայտարարությունը, բացի հայաստանյան պատվիրակության 5 անդամներից, ստորագրել են եւս 21 պատվիրակներ: Նրանք տարբեր երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլն պատգամավորներ են:

Արտակ Հայոցյան

Արցա՛խը պիտի խոսի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գրել է, որ Թուրքիան Եվրամիություն մտնելուց առաջ պետք է դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը. «Եթե Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում, ապա պիտի ընդունի Եվրամիության արժեքները: Ի շարս այլ բաների, պիտի պատրսատ լինի պատասխանատվություն կրել սեփական պետության եւ նրա իրավանախորդի արարքների համար: Պիտի օրինական տերերին վերադարձնի ապօրինի բռնագրավված գույքը, դադարեցնի այլ պետությունների տարածքների բռնազավթումը…»
Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, «Շարժում 88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանը մասնավորապես ասել է. «Ղարաբաղը պետք է խոսի, չի խոսում, դրա համար էլ ամեն ինչ սխալ հունով է գնում: Եվ դա ադրբեջանցիները շատ լավ օգտագործում են… Մենք չունենք գրաված տարածքներ, մենք չունենք զիջելու տարածքներ: Եթե մենք հանձնենք այդ տարածքները, ապա դրանով մեր ազգին պատճառած հոգեբանական հարվածից այլեւս չենք կարողանալու ուշքի գալ: Այդ տարածքներն ամրագրված են մեր սահմանադրությամբ, եթե խոսում ենք հանձնելուց, ուրեմն մենք ժողովրդին խաբո՞ւմ ենք… Միշտ էլ հայտարարել եմ, որ միայն Ղարաբաղը պետք է իր անունից հայտարարություններ անի»:

Գոհար Վանեսյան

Թուրքական եւ թուրքավարի անցուդարձ

Թուրքական բանավեճ` հեռուստաեթերում
Թուրքական հեռուստաընկերություններից մեկի «Պատմության կուլիս» հաղորդուման ժամանակ աղմկոտ հայտարարություններ են հնչեցվել: Ըստ զլմ-ների՝ հաղորդմանը հյուրընկալված է եղել թուրք զինվորականներից մեկի՝ Քյազիմ Կարաբեքիրի դուստրը՝ Թիմսահ Կարաբեքիրը: Հաղորդավարը՝ Մուրաթ Բարդաքչըն, ուղիղ եթերով խոսել է իբր 1915թ. ապրիլին Վանում կամզակերպված հազարավոր մահմեդականների ջարդի մասին եւ անդրարձել ապրիլի 24-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հավաքված ու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչած թուրք մտավորականներին:
Մ. Բարդաքչըն նրանց հասցեին ասել է. «Թաքսիմ»-ում մոմեր վառելով ու սեւ զգեստներ հագնելով այդ մարդիկ բավարարում էին իրենք իրենց»: Սա զայրացրել է հաղորդավարուհի Փելին Բաթուին, որն էլ ի պատասխան ասել է. «Դուք ամեն շաբաթ անամոթաբար վիրավորում եք այդ մարդկանց»: Լարվածություն է առաջացել եւ ավելի են
բորբոքվել կրքերը: Հաղորդավարներից երրորդը՝ Էրհան Աֆյոնջուն էլ բողոքել է, որ տարիներ շարունակ թուրք զինվորներ են նահատակվում քուրդ զինյալների դեմ պայքարում, նրանց հիշատակը ինչո՞ւ չի ոգեկոչվում…

Դերասանուհի եւ արվեստագետ Փ. Բաթուն թուրք դիվանագետ եւ նախկին պատգամավոր Ինալ Բաթուի դուստրն է, իսկ մայրն ալբանուհի է: Փելին Բաթուն Ահմեթ Ալմազի հետ հեղինակել է «Հրեության պատմություն» գիրքը: Թուրք այս դերասանուհին եթերից բազմիցս հնչեցրել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, իսկ եթերներից մեկի ժամանակ արտասվել է 1915թ. ողբերգական իրադարձությունների մասին խոսելիս: Վերջերս Փ. Բաթուն հայտնել էր, որ ինքը բամզաթիվ սպառնալից նամակներ է ստանում հայերին պաշտպանելու համար:

Թուրքական համաժողով` համալսարանում
«Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ սահմանը բացել, քանի որ նպատակ ունի ինտեգրվել բոլոր հարեւաններին: Բայց միայն հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չի լինի: Մենք ուզում ենք, որ բացվի նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Օքսֆորդի համալսարանում կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը» խորագրով համաժողովի ժամանակ: Ներկա են գտնվել շատ գիտնականներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ պաշտոնատար անձինք:
Ա. Դավութօղլուն Իր ելությում ընդգծել է, որ Անկարան ցանկանում է տեսնել վստահելի ու անվտանգ հարեւաններ Մերձավոր Արեւելքում, Կովկասում, Բալկաններում եւ Պարսից ծոցում:
«Ինչո՞ւ ենք մենք այդչափ ակտիվ իրանական միջուկային ծրագրի հարցում: Ոչ այն պատճառով, որ ցանկանում ենք պաշտպանել Իրանին: Այլ այն, որ անվտանգ տարածաշրջան ենք ուզում ունենալ: Մենք կողմ չենք, որ Իրանն ունենա միջուկային զենք, բայց միեւնույն ժամանակ չենք կամենում, որ մեր տարածաշրջանում ռազմական լարվածություն լինի»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Թուրքական բանաձեւ` Վաշինգտոնում եւ Մոսկվայում
Հայ-թուրքական կոչված արձանագրությունների գործընթացը « խցանվել» է: Այդ պատճառով արդեն ամենուր քննարկվում է Թուրքիային Ադրբեջանի ընդդիմությունից դուրս պրծացնելու մի նոր բանաձեւ մշակելու անհրաժեշտությունը: Առավելապես այս խնդիրը քննարկվում է ԱՄՆ-ում: Այս հարցը մտահոգում է նաեւ ՌԴ-ին:
Հայ-թուրքական գործարար խորհրդի համանախագահ Քահան Սոյաքը մատնանշել է, որ արձանագրությունների հարցը եւ՛ ԱՄՆ-ի, եւ՛ Ռուսաստանի հետաքրքրությունների տիրույթում է: Մոսկվան նույնպես աշխատանքներ է տանելու Ադրբեջանի ընդդիմությանը չեզոքացնելու ուղղությամբ:

Թուրքական սահմանադրության փոփոխում
Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի: Փոփոխությունները պետք է անցնեն խորհրդարանով, եւ հետո միայն դրվեն հանրաքվեի: Վարչապետ Ռ. Թ. Էրդողանը համարում է, որ ներկայիս սահմանադրությունը խոչընդոտում է երկրի զարգացմանը:
Ըստ փոփոխությունների, նախատեսվում է երկարաձգել նախագահի լիազորությունների ժամկետը, 2-րդ ժամկետի իրավունք սահմանել, բարդացնել կուսակցություններ փակելու գործընթացը, սահմանափակել Գլխավոր շտաբի իրավունքները եւ այլն:

Թուրքական անլուրջ գործընկերություն
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ պաշտոնյաներից շատերը կարծում են, որ պաշտոնական Երեւանը հաջողության հասավ եւ ՀՀ-ն այսօր գործոն է դարձել համաշխարհային աշխարհաքաղաքական գործընթացներում, եւ աշխարհաքաղաքական կենտրոնները, այդ թվում՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն, Հայաստանին ընկալում են որպես լուրջ գործընկեր, որն իր ստորագրությանը տեր է, իսկ դրան հակառակ, Թուրքիայի հանրապետությունը չի ընկալվում որպես լուրջ գործընկեր, քանի որ երբեք տեր չի կանգնել իր ստորագրած փաստաթղթերին»:

Արման Դավթյան

Երեւանը` Մոսկվայից Բրյուսել անցումներում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ գագաթաժողովին: ՌԴ նախագահի մերձմոսկովյան «Գորկի» նստավայրում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովից անմիջապես հետո կայացավ նաեւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը: Այս ձեւաչափով քննարկմանը մասնակցելու համար Մոսկվա ժամանած եւ ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցած Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Նուրսուլթան Նազարբաևին, Դմիտրի Մեդվեդեւին, ինչպես նաեւ Ուզբեկստանի վարչապետ Շավքաթ Միրզիյոեւին միացան Ուկրաինայի ու Թուրքմենստանի նախագահներ Վիկտոր Յանուկովիչն ու Գուրբանղուլի Բերդիմուհամեդովը, նաեւ Մոլդովայի նախագահի պաշտոնակատար, այդ երկրի խորհրդարանի խոսնակ Միխայ Գիմպուն: Գագաթաժողովին մասնակցում էր նաեւ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:
Գագաթաժողովին ներկա չէին ԱՊՀ անդամ 2 երկրների՝ Ղրղըզստանի ու Ադ
րբեջանի ներկայացուցիչները: Առաջինի բացակայությունը պայմանավորված է այդ երկրում ապրիլյան իշխանափոխությունից հետո ստեղծված անկայուն քաղաքական վիճակով, իսկ Ադրբեջանը բոյկոտել էր Մոսկվայում մայիսի 8-ին նախատեսված միջոցառումները, այդ թվում նաեւ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը:

Քննարկվեցին ընթացիկ տարում ԱՊՀ առաջնահերթությունների մասին խնդիրները, դրանց թվում՝ նաեւ գիտության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը, տնտեսության արդիականացումն ու տնտեսական ճգնաժամի հաղթահարումը եւ համագործակցությունը հումանիտար ոլորտում:
Քննարկվել է նաեւ ԱՊՀ ղեկավարման հարցը: քանի որ գործող գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւի լիազորությունների ժամկետն այս տարվա վերջին լրանում է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը մոսկովյան աշխատանքային այցը սկսել էր Կրեմլից՝ լեգենդար զորավար, մարշալ Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին այցելությամբ եւ մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմի 65-րդ տարելիցի միջոցառումներին:
Իսկ օրերս Երեւանում ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին եւ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալու եւ ավելի օբյեկտիվ կարծիք կազմելու Հայաստանում եւ տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին: Քննարկել են նաեւ այն օրակարգային հարցերը, որոնք կնպաստեն ՀՀ եւ Եվրախորհրդի միջեւ համագործակցության խորացմանը, մասնավորապես‘ԵԽԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ:
Մ. Թավուշօղլուն է, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել եւ բարձր է գնահատել ՀՀ արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:
Իսկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է Եվրամիության կողմից «Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները սկսելու մանդատի հաստատումը», որը ճանապարհ է բացվում Եվրամիության եւ Հայաստանի միջեւ նոր որակական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկխոսություններ անցկացնելու համար:
«Բրյուսելի եւ Երեւանի միջեւ շփումները առավել կակտիվանան եւ ավելի ինտենսիվ բանակցություններ կունենանք Եվրամիության ղեկավարության հետ: Սա նաեւ լավ լուր է ՀՀ նախագահի Բրյուսել այցելությանն ընդառաջ, որը հնարավորություն կտա Եվրամիության ղեկավարությաան հետ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու համար»,- ասել է նախարարը:

Վահագն Նանյան

Ռուս-թուրքական նոր մերձեցու՞մ

Ըստ թուրքական զլմ-ների, Թուրքիան եւ Ռուսաստանը վերանայելու են գազային պայմանագրերը, ինչի հետեւանքով թուրքական կողմը ռուսական գազը նվազագույնը 10%-ով ավելի էժան կստանա: Հուշագիրը, որում կամրագրվեն Անկարայի համար գազի սակագնի բանաձեւի փոփոխությունները, կողմերը ստորագրել են մայիսի 12-ին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Թուրքիա այցելության ընթացքում:
2009թ. Անկարայում վարչապետ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ստորագրվել էր գազի ոլորտում համագործակցության մասին միջկառավարական արձանագրությունը, որը ենթադրում էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի գազային պայմանագրերը կարող են վերանայվել: Թուրքիան ռուսական գազի օգտագործման առումով 3-րդ տեղն է զբաղեցնում Իտալիայից եւ Գերմանիայից հետո: Թուրքիա ներկրված գազի 62%-ը ռուսական է:
Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզն էլ հայտնել է, որ երկար ժամանակ է, ինչ ռուս եւ թուրք մասնագետները հանգամանորեն ուսումնասիրում են այս հարցը: Իսկ թուրքական զլմ-ները ընգծել են նաեւ առանձնակի կարեւորության մյուս հարցերը եւս, որոնք այս օրերին ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում են:
– Բնական գազի գնի զեղչ.
Թուրքիան բնական գազի գինը զեղչելու ցանկություն է հայտնել, որին Ռուսաստանը ջերմորեն է վերաբերվել: Այցի ընթացքում սպասվում է, որ ռուսական կողմը կհստակեցնի իր դիրքորոշումը:
– Վիզային ռեժիմ.
Երկու երկրների միջեւ փոխադարձաբար հանվում է մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը: Անկարայում կստորագրվի պայմանագիր այդ մասին:
– Ղարաբաղյան հիմնախնդիր.
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ միասին Անկարայում քննարկվելու է նաեւ ղարաբաղյան հիմնախնդիրը:
Թուրքական կողմը ցանկանում է, որ հայկական զինուժը շտապ դուրս բերվի «գրավյալ շրջաններից» գոնե մի քանիսից: Այդ դիրքորոշումը պաշտոնական Անկարան մեկ անգամ եւս ամենաբարձր մակարդակով հայտնել է ՌԴ նախագահին:
Իսկ ՌԴ նախագահը 25 ժամով է եղել Անկարայում եւ պաշտոնական այցի շրջանակներում  հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Թայիփ Էրդողանի հետ:
Բացի վերոնշյալ հարցերից, նաեւ «Մերսին Աք
քույու վայրում կառուցվելիք ատոմակայանի համար կարեւոր քայլեր են կատարվելու: Շարունակվում են բանակացությունները գնային հարցերի շուրջ: Մեդվեդեւի այցի ընթացքում այդ բանակցությունները կավարտվեն պայմանագրի ստորագրմամբ»,- գրում են թուրքական զլմ-ները: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքվել է ավելի քան 20 պայմանագիր…

Անկարա են այցելել նաեւ ՌԴ նախագահին ուղեկցող նախարարներից կազմված մեծաթիվ պատվիրակություն: Պատվիրակության կազմում է եղել նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս առանձին հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդիրը:
Նախագահի մակարդակով վերջին այցելությունը Թուրքիա եղել էր 2004թ.-ին, երբ այն ժամանակ ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինն էր:

Արտակ Հայոցյան

Արցախը` Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կրկին ասել է, թե. «Ադրբեջանի հողերի բռնազավթման հարցը մենք քննարկում ենք՝ որպես մեր սեփական հարց»: Ելույթ ունենալով մեջլիսում, նախարարն ասել է, որ Ռուսաստանի հետ օրակարգի կարեւոր հարցերից մեկը լինելու է Ադրբեջանի հողերի «բռնազավթման» հարցը, իսկ կատարվելիք հետագա քայլերում Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ լիարժեք համակարգվածություն կա: «Բոլորը պետք է իմանան, որ ոչ մի զարգացում չի կարողանա հարված հասցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկամությանը»,- ասել է Ա. Դավութօղլուն:
Հայ-թուրքական հարաբերությունների համար թուրք պաշտոնյան նշել է, որ «Կարեւոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ մյուս հարեւան երկրների նման: Ցանկանում ենք որեւէ կերպ դա իրականություն դարձնել: Սրան զուգահեռ վերջ դրվի Ադրբեջանի հողերի բռնազավթմանը, լուծվի հայ-ադրբեջանական հակամարտությունը… Եվ հայ-թուրքական սահմանի բացման պես՝ Հայաստան-Ադրբեջան սահմանն էլ կբացվի: Ասել է թե՝ Էրզրումից դեպի Միջին Ասիա ուղիղ միջանցք կբացվի: Հայերն ու թուրքերը դարերով մեկտեղ ապրած երկու ազգ են: Աշխարհում որտեղ էլ որ հանդիպեն, հասկանալու են, որ ցավերից բացի՝ ընդհանուր պատմության կիսողներ են: Ապրեն միասին ու լինեն միասնական»:
Այսպես թուրքավարի էլ ամփոփել է իր «ճռճռան» ելույթը թուրք նախարարը:

*  *  *
Իսկ ահա, Մոսկվան միանշանակ բացառում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ռազմական ճանապարհը: Եվ կառավարության ղեկավարը, եւ նախագահը հստակորեն արտահայտել են Ռուսաստանի դիրքորոշումը սառեցված հակամարտությունների հարցի առնչությամբ:
Այս մասին զլմ-ներին հայտնել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի Պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Եվգենի Սերեբրեննիկովը:
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի պարտադրում Ղարաբաղյան կարգավորման ինչ-որ միակողմանի որոշում, նա իրավունք է ընձեռում, որպեսզի ժողովուրդն ինքը լուծի խնդիրը, եւ այդ որոշումը տարածաշրջանում կայունության ապահովման երաշխիք կդառնա»,- նշել է ռուս պատգամավորը՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում, Մոսկվան ամեն կերպ կաջակցի, որպեսզի որոշումն ի կատար ածվի:
Այսպես ռուսաստանյան կողմը միանշանակ բացառում է արցախյան հիմնախնդրի կարգավորման ռազմական ճանապարհը: Ուրեմն, թուրքական ծրագիրն այս ուղղությամբ դեռ «կաղում» է…

Կարեն Բալյան

Ահմադինեջադը նշել է Բեն Լադենի գտնվելու վայրը

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը վերջերս հերքել էր տարածված տեղեկություններն այն մասին, թե «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Բեն Լադենը գտնվում է Թեհրանում:
Իրանի նախագահն ասել էր, թե, իր կարծիքով, Բեն Լադենը գտնվում է Վաշինգտոնում, սակայն ինքն էլ չի ներկայացրել որեւէ ապացույց, ինչը կարող է հիմնավորել Մ. Ահմադինեջադի ասածը:
Հիշեցնենք, որ Բեն Լադենը այդպես էլ «չպայքարեց» ԱՄՆ-ի եւ Իսրայելի տարածքներում… Հանուն…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 18 (149), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.