Հենց հայկականությունն է հայության պատվարը


Հայկական սփյուռքի մասին
Հանրահայտ է, որ սփյուռք երեւույթը, նաեւ հայկական  սփյուռքը, տարիների ընթացքում ուծանում է (չնայած հայկական սփյուռքը շարունակում է ցավալիորեն համալրվել)…  Արտագաղթը ոչ միայն Հայաստանից է, այլ՝ սփյուռքյան համայնքների ներսում, Մերձավոր Արեւելքից՝ ԱՄՆ կամ Կանադա, Եվրոպա կամ Ռուսաստան, Եվրոպայից՝ Ռուսաստան, եւ՝ հակառակը, ԱՄՆ-ից՝ Հարավային Ամերիկա, Ավստրալիսյից՝ Եվրոպա, Աֆրիկայից՝ Ասիա եւ այլն… Եվ տասնյակ տարիներով ամրապնդված եւ ներքին կյանքով գործող համայնքները քանդվում են զանգվածային տեղափոխություններից եւ արդեն առավել հեշտ են տեղի տալիս ուծացմանը… Այդ ուծացումը պայմանավորված է ոչ միայն ժամանակի եւ տվյալ երկրին առնչվող իրավիճակի թելադրանքով, այլեւ՝ նպատակային գործ էլ է իրականացվում…

Թերեւս նույն օտարի նպատակային ձեռքը նաեւ հայաստանահայությանն է հասել: Հայաստանում էլ այսօր հային սպառնում է ուծացման խնդիրը: Տարօրինակ է, բայց այդպես է: Դա կատարվում է աշխարհա-քաղաքական, լեզվա-կրթական, հոգեւոր-մշակութային եւ այլ ուղղություններով:
Հստակ է, որ հայը պետք է վերադառնա Հայաստան, այլապես կձուլվի, կկորչի՝ թեկուզ 1-2 սերունդ անց:
Ոչ հեռու անցյալում շատերիս աչքերի առաջ, «սպիտակ ցեղասպանություն» ձեւակերպմանը համապատասխան, «համայնավարական եղբայրական երկրում» հայերից (ինչպես մյուս ազգերից) կերտվում էր խորհրդային ժողովուրդ կոչված մի զանգված, որի դեմն առնել գրեթե հնարավոր չէր… Այդ «փառահեղ եղբայրության» տարիներին բազմաթիվ հայեր ազգանվան «յան» վերջածանցը փոխեցին «ով»-ով կամ «ին»-ով ու դարձան ռուսներ (եթե ոչ այդ փոխողները, ապա նրանց հաջորդ ժառանգները հաստատապես)… Սրանից բացի, «հարեւան ու եղբայր» Վրաստանում եւ Ադրբեջանում առանձնահատուկ ընթացավ հայահալած քաղաքականություն: Վրաստանում պարտադրում էին հայկական ազգանունները «վրացականացնել» (ասենք՝ Մանուկյան-Մանուկաշվիլի եւ այլն), որպեսզի տվյալ անձը կարողանար բարձր պաշտոն կամ մասնագիտական լուրջ գործ ունենալ: Նույնը, ավելի բացահայտ ճնշումներով, կատարվում էր Ադրբեջանում……
Աշխարհի ուրիշ մասերում, չնայած ոչ խորհրդային մեթոդներով, այնուամենայնիվ, նույնպես տեղի էր ունենում հայերի ուծացում: Հետաքրքիր է, որ այլադավան երկրներում հայերն ավելի ուշ են ձուլվում, քան՝ քրիստոնեական: Օրինակ՝ Մերձավոր Արեւելքի արաբական երկրներում կամ Իրանում, հայկական համայնքներն ավելի ուժեղ եւ միասնական էին եւ են, ազգային ավանդույթների վրա խարսխված են, քան՝ Եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում կամ Ռուսաստանում: Այնպես որ, ներկայիս հայկական միլիոնանոց քանակությամբ ամերիկյան եւ ռուսաստանյան համայնքները դեռ դժվարին օրեր են ունենալու: Այս երկրների իշխանությունները մի քանի միլիոնի հասնող հայկական համայնքները փորձում են օգտագործել ոչ միայն ներքին ու արտաքին խնդիրների կարգավորման համար, այլեւ՝ Հայաստանի ու նրա թշնամի պետությունների վրա ազդեցություն ունենալու… Հատկապես ամերիկահայ համայնքը առավել աշխուժացավ, երբ տասնյակ հազարավոր հայեր գաղթեցին այստեղ բուն Հայաստանից: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում՝ բազմակրոն այս երկրներում (չնայած քրիստոնեական երկրներ են համարվում) հայերին որպես ազգային եւ կրոնական փոքրամասնություն ավելի լավ են վերաբերվում, քան՝ եվրոպական կամ այլ ընդգծված քրիստոնեական միջավայրում…
Այսինքն, մեծ հաշվով, համայնքները գոյատեւում են ոչ թե կրոնի վրա հենված, այլ ավանդական ազգային ու կացութաձեւային արժեքների պահպանմամբ, հայկականությամբ, որը եղել է նաեւ մինչքրիստոնեությունը: Իսկ ահա քրիստոնեական կրոնը հայ քրիստոնյաների առավել արագ ձուլվելու նախապայման է դառնում: Հայերը, եթե այլադավան երկրներում այցելում են միայն սեփական եկեղեցի, փորձելով գոնե այսպիսով մնալ ինքնատիպ, քրիստոնեական երկրներում հաճախում են էլ՛ առաքելական, էլ՛ կաթոլիկ, էլ՛ բողոքական, էլ՛ ավետարանչական, էլ՛ ուղղափառ ռուսական կամ հունական ու… այլ եկեղեցիներ, եւ նույնիսկ այնտեղ են հարսանիքներ կամ սգո արարողություններ անում… Այսինքն, հայ առաքելական քրիստոնեական կրոնը հայապահպանության տեսանկյունից թույլ փաստարկ ունի: Անգործունյա է ֆրանսիական ավելի քան կես միլիոնանոց համայնքը, որի մի չնչին մասն է հայկական խնդիրներով ապրում, գրեթե հիմնովին ուծացել է շուրջ 300-հազարանոց լեհական համայնքը, գրեթե նույն վիճակն է արեւելյան Եվրոպայի այլ երկրներում, իսկ արեւմտյան Եվրոպայում տասնյակ հազարների հասնող համայնքները առաջվա զորավոր ուժը չունեն… 3-4-րդ սերունդներն են արդեն ներկայացնում հայկական համայնքները, որոնք եվրոպականացված են առավելապես… իսկ հայկականացված մասը 1-2 սերունդ անց նույնպես կվտանգվի…
Այսպիսով, ազգապահպանության համար առաջնային են դիտարկվում Հայոց ծագման ու առաքելության վրա հիմնված գաղափարներն ու հավատը, հայաստանակենտրոն հայրենապաշտությունը (հայրենասիրությունը քիչ է այլեւս) եւ հայկական լեզվամտածողությունն ու մշակութաբանությունը: Հուդա-քրիստոնեական կրոնը այս բոլորը չի կարող տալ եւ միջազգային այս կրոնի հետեւորդ հայերը կամաց-կամաց դառնում են այսպես կոչված միջազգային հանրության անդամներ…
Հայաստանը պետք է ինքը նախաձեռնի հայաստանակենտրոն քաղաքականություն եւ ազգային լիցքեր հաղորդի սփյուռքին:

Հայկական երկրի մասին
Բայց, գուցե տարօրինակ է հնչում, Հայաստանում, ցավոք, կայուն ձեւավորված ազգային-հայկական պետական ու քաղաքական համակարգ դեռեւս չկա: Պետական այրերին (իմա՝ կուսակցություններին եւ կուսակցականներին) հիմնականում առաջ են տանում ոչ թե գաղափարներն ու համազգային նպատակները, այլ՝ ինչ-որ «հաջողության» (պաշտոնի կամ փողի քսակի) հասած անհատներն ու նեղ անձնական շահադիտական նկրտումները:
Իշխանությունները միշտ կասկածելի ընտրությունների հետեւանքով հայտնվում են ծանր վիճակում, գերտերությունների ու գաղտնի-մութ ուժերի մամլիչ կրնկի տակ, իսկ ընդդիմությունն էլ, չկարողանալով առաջնորդել ժողովրդական ընդվզումը, նույնպես մտնում է… մեկ այլ գերտերության կամ ուժի կրնկի տակ:
Հանրահայտ է, որ այսօր էլ ՀՀ հասարակական-քաղաքական դաշտը հիմնականում տնօրինում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Եվրոպական համագործակցությունը: Այսպես է նաեւ այլ ոլորտներում, եւ միայն ընդգծված ազգային-հայրենասիրական՝ ազգայնական հզոր հայադավան ուժը կկարգավորի առկա վիճակը:
Եթե իշխանավորներն ու ընդդիմությունը, այնուամենայնիվ, ցանկություն չունեն ոչնչանալու, ապա այս 3-րդ ուժի (որն իրականում 1-ին ուժ է, որպես ազգային արմատական կառույց) հզորացումը բխում է նաեւ նրանց շահերից, եւ դա համայն հայության ԲՆԱԿԱՆ շահն է:
Մեր ազգը պետք է ուժ գտնի եւ վերազարթոնքի ձգտի՝ կասեցնելով օտարահաճ եւ հայատյաց քաղաքական խաղերը, որոնց որոգայթը հաճախ են ընկնում մեր պետական ու քաղաքական այրերը: Նրանք կամա, թե ակամա խոչընդոտելով ազգայնականության ամրապնդմանը, ծավալմանը, նպաստում են օտարների ամրապնդմանը հոգեւոր-գաղափարաբանական, լեզվա-մշակութային ամրապնդմանը մեզանում եւ ինքնաբերաբար խանգարում են ՀՀ տնտեսության, պաշտպանության կամ անվտանգության զորեղացմանը: Այսպիսի ծավալումների ականատեսն ենք ու դեռ կլինենք՝ հայ հասարակական-քաղաքական միջավայրում:
Ազգային միասնական կամք, համահայկական ազգայնական դիմադրական պայքար. ահա՛ մեր առօրյա կարգախոսը: Եվ այս հաղթարշավից հետո է, որ օրինաչափորեն կայունանալու եւ զարգանալու է ՀՀ տնտեսությունը, կարգավորվելու են բարոյա-հոգեբանական, սոցիալական ու իրավական, լեզվաքաղաքական ու մշակութային, հանրակրթական, առողջապահական ու մյուս բնագավառները:
Այս առումով Հայաստանին ձեռնտու է բազմաբեւեռ աշխարհը: Ուստի՝ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ դավանա-գաղափարախոսական բազմախաղ քաղաքականություն պիտի որդեգրի Հայաստանը: Հայերը պետք է պաշտեն իրենց ԾԱԳՈւՄԸ, ԱՐՅՈւՆԸ, ԼԵԶՈւՆ, ԲՆՕՐՐԱՆԸ…
Օտարը եւ օտարահաճ հայերը փորձում են նսեմացնել հայ ազգայնականության կարեւորությունը, Հայ-արիական եւ Նժդեհյան ցեղակրոն գաղափարները, փորձում են դրանք համադրելհատկապես իտալո-գերմանական ֆաշիստական ու նացիստական գաղափարների հետ: Այս ամենն արվում է ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ կերտումը կասեցնելու նպատակով: Սակայն հայ ազգայնական վերոնշյալ գաղափարները որեւէ կապ չունեն իտալական ֆաշիզմի, գերմանական նացիզմի, հրեական սիոնիզմի, ճապոնական սինտոիզմի, չինական դասիզմի… պանթուրքիզմի, պանարաբիզմի, պանամերիկանիզմի, վելիկոռուսական շովինիզմի եւ այլ նմանատիպ տեսությունների հետ:
Ուստի՝ հայկական երկիր կառուցելու համար պետք է արագ եւ վճռական քայլերի դիմել: Առաջարկենք մի քանի ազգայնական մոտեցումներ տարբեր ոլորտներում.

Հոգեւոր-գաղափարական
ա/ Հայ ազգի ինքնատիպությունն ու առաքելությունը խաթարող, մարդկային, ընտանեկան եւ հանրային հարաբերությունների խորքը թափանցած օտար ու մեր էությանը անհարիր երեւույթների իսպառ մերժում.
բ/ Հայոց բարոյահոգեբանական ու ավանդական հիմքով զարգացող արժեքների հաստատում, Հայոց ազգային գաղափարախոսության եւ դրանից բխող-սնվող ազգային ու պետական քաղաքականության, անվտանգության, ռազմա-պաշտպանական հայեցակարգերի առաջադրում, գործադրում:
գ/ Հայ առաքելական եկեղեցու եւ Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի հաշտեցման քաղաքականության ամրագրում, Հայադավանության (Հայակրոնության) հաստատում:
դ/ Հայոց լեզվի ու պատմության, գիտության եւ մշակույթի պետականորեն հովանավորում՝ ելնելով Հայոց գենետիկ-ծինաբանական որակներից: Մեր պատմության անաչառ եւ օտար հարկադրանքից զերծ վերաշարադրում, հայագիտությանը լուրջ օժանդակում եւ խթանում, անկախ մշակութաբանության եւ լեզվաքաղաքականության վարում:
ե/ Ամենատարբեր աղանդների, օտար եւ անբարո (անբնական) գաղափարախոսությունների ու բարոյախոսությունների, կեղծ եւ հայաստանաքանդ «բարեգործ ու դրամաշնորհներ պարգեւող» կազմակերպությունների (նաեւ՝ մասոնական) անվերապահ կասեցում եւ գործունեության արգելում:

Հասարակական-քաղաքական
ա/ Հասարակական բոլոր շերտերի առողջացում, հանրային (նույնն է՝ ժողովրդական) ու ազգային արժեքային համակարգերի նույնացում՝ ազգայնացում: Առաքինի, օրինակելի համամարդկային ու ավանդական ազգային արժեքների համադրում:
բ/ Հասարակական ու պետական լծակների հավասարակշռում, իրական հայամետ պետականամետության (ոչ ինքնանպատակ իշխանամետության) ձեւավորում: Իշխանության, իշխանամետ կառույցների ու կազմակերպությունների եւ քաղաքական ընդդիմադիր դաշտի փոխհարաբերություններում հավասարակշռության (իհարկե՝ հայաստանանպաստ-հայամետ ուղղվածությամբ) պահպանում:

Ներքաղաքական
ա/ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերադասավորում, բարոյականացում, հասարակական ու քաղաքական կայուն դաշտերի ձեւավորում, մերձեցում:  
բ/ Բոլոր մարզերում հասարակական ու քաղաքական (նաեւ՝ տնտեսական, գիտական, մարզական-մշակութային) կառույցների ձեւավորում՝ ինչպես մայրաքաղաք Երեւանում:
գ/ Արցախում եւ ազատագրված հայկական տարածքներում (նաեւ՝ Ջավախքում) տնտեսական ու գիտական-մշակութային գործունեության ծավալում, վերաբնակեցման քաղաքականության շարունակականություն:
դ/ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին սատարում՝ սեփական ազգային դիմագիծը պահպանելու եւ ընդհանուր թշնամու դեմ միասնական ճակատ ձեւավորելու գործում: Հատկապես պետք է աջակցել արյունակից-արիական ազգերի հետ համատեղ ծրագրերի իրագործմանը:

Արտաքին քաղաքական
ա/ Արցախի եւ ազատագրված տարածքների հարցի կարգավորման մոտեցումների վերանայում, միասնական պետության կերտման քաղաքականություն, բանակցություններում ճկուն, բայց հայամետ դիրքորոշման ամրագրում (վերաբնակեցման քաղաքականություն):
բ/ Ջավախքի կարգավիճակի կտրուկ վերանայում, ջավախքահայության շահերի պետականորեն պաշտպանում:
գ/ Հայ Դատի հետեւողական հետապնդում, այդ համատեքստում նաեւ՝ Նախիջեւանի ու նախիջեւանահայոց հիմնախնդիրների արծարծում:
դ/ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման հետեւողական քաղաքականության դրսեւորում, այս խնդրում Արեւմտյան Հայաստանի հարցի պարտադիր արծարծում:
ե/ Համաշխարհային ամենատարբեր կառույցներին անդամակցելուն զուգահեռ (իհարկե՝ հստակորեն առաջնորդվելով Հայաստանի ու հայության շահերով), լուրջ եւ հետեւողական կապերի հաստատում Հայաստանի հետ ընդհանրական շահեր ունեցող, մեզ հոգեհարազատ ու արյունակից ազգերի հետ (հատկապես տարածաշրջանային), նաեւ՝ նոր, նպատակային ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորում:

Սոցիալ-տնտեսական
ա/ Հայաստանի հարկային, մաքսային, բանկային, վարկավորման եւ ներդրումային քաղաքականության վերանայում, համակարգում՝ բացառելով ազգային-պետական ունեցվածքի փոշիացումն ու ազգի հետագա ստրկացումը:
բ/ Պետական ու մասնավոր տնտեսվարման հարաբերությունների կանոնակարգում ու համադրում, շուկայի եւ դրամաշրջանառության ազատ, բայց ոչ պետությունը թուլացնող գործունեության կարգավորում, կազմակերպում: Հայոց պետության համար ռազմավարական նշանակությամբ օբյեկտների ցանկի ճշգրտում եւ դրանց նկատմամբ պետական ազդեցության պահպանում, մասնավոր տնտեսական մենաշնորհային քաղաքականության բացառում:
գ/ Հիմնականում տեղական հումքի, աշխատուժի, գիտական-տեխնիկական հնարավորությունների սահմաններում, ավարտուն արտադրական փուլով արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացման ծրագրավորում, հետագայում դրա վրա հզոր, ժամանակակից-առաջավոր տնտեսության կազմակերպում, հայ ավանդական արհեստների արդիականացում:
դ/ Հատուկ ուշադրություն՝ հասարակության ամենատարբեր (հատկապես անապահով, թոշակառու եւ նպաստառու, ուսանողության եւ երիտասարդ սերնդի, պատերազմների մասնակիցների) եւ նմանատիպ այլ խավերի սոցիալական պաշտպանության, սոցիալական արդարության հավասարապես կիրառմանը:
ե/ Աշխատատեղերի ծրագրավորված ու շարունակական կազմակերպում, աշխատավարձերի, նպաստների եւ այլ վճարումների կանոնավորում:
զ/ Արտագնա աշխատանքների պետականորեն կազմակերպում, դրանց իրավական պաշտպանություն, արտագաղթի կասեցում՝ միաժամանակ ներգաղթի կազմակերպում:
է/ Դրամամիջոցների եւ ազգային արժեքների՝ երկրից անօրինական արտահանման կասեցում:
ը/ Համահայկական դրամագլխի, դրամատան կազմակերպում, …բանակի ծրագրավորում:

Իրավական-բարոյական
ա/ Հայաստանի գործող օրենքների, Սահմանադրության անհապաղ վերանայում, համապատասխանեցում մեր Պատմա-Արժեքային Համակարգին ու Հայկական Էությանը, Բարոյահոգեբանական Նկարագրին:
բ/ Հայկական ավանդական ու բարոյական չափանիշների, կացութաձեւի վերաարժեքավորում, դրանց արդիականացում եւ պարտադիր կիրառում բոլոր ոլորտներում:

Գիտական-մշակութային
ա/ Գիտության ու տեխնիկայի, լեզվակրթական ու առողջապահության բնագավառների ազգայնացում, արդիականացում, այդ ոլորտների իրատեսական վարկավորում եւ աշխատակիցների գործունեության համար նորմալ պայմանների ստեղծում:
բ/ Հայ արվեստի, մշակույթի, նաեւ՝ մարզական ոլորտի օրինաչափ զարգացման ապահովում, հինավուրց հայկական մշակույթի եւ համաշխարհային մշակութային արժեքների համադրում, մեր արվեստի ու մշակույթի արժեքների կազմակերպված ու նպատակային միջազգայնացում:
գ/ Կրթական համակարգի բարելավում, կանոնակարգում:
 
Հայրենիք-Սփյուռք  
ա/ Կապերի հետեւողական ամրապնդում, Հայոց պետության կողմից համահայկական քաղաքականության իրականացում, սփյուռքյան բոլոր կառույցների՝ ի շահ Հայաստանի օգտագործում:
բ/ Համահայկական քարոզչական ու տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծում, պաշտպանական եւ անվտանգության միասնական կառույցների ձեւավորում:   
…Հայահավաքի ու հողահավաքի ռազմավարության ծրագրավորում եւ իրականացում…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 18 (149), 2010թ.
 

 
 
 
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.