Շաբաթվա մարզական կյանքից

8-նյակը հավաքվում է
Արդեն տեղեկացրել ենք, որ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը պահպանեց աշխարհի շախմատային թագը: Իսկ վերջերս հայտնի դարձավ թվով 6-րդ շախմատիստը, ով կպայքարի 2012թ. չեմպիոնի կոչման համար: Նա բուլղարացի Վեսելին Թոփալովն է, ով որպես եզրափակիչ մրցախաղի մասնակից ինքնաբերաբար իրավունք ստացավ մասնակցելու 2012թ. աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Նախապես նման իրավունք նվաճել էին նորվեգացի գրոսմայստեր, 19-ամյա Մագնուս Կառլսենը՝ որպես ՖԻԴԵ-ի վարկանիշով թիվ 1 շախմատիստ, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2-րդ ցուցանիշը ՖԻԴԵ-ի վարկանիշով), մեր Լեւոն Արոնյանը (ՖԻԴԵ-ի գրան-պրիի հաղթող), ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկին (չեմպիոնի կոչման հավակնորդ Վ. Թոփալովի հետ մրցախաղից հետո), իսրայելցի Բորիս Գելֆանդը (աշխարհի գավաթակիր): Մրցաշարի 7-րդ մասնակիցը հայտնի կդառնա ներկայումս Աստրախանում տեղի ունեցող ՖԻԴԵ-ի գրան-պրիի 6-րդ փուլի ավարտից հետո, երբ կորոշվի գրան-պրիում 2-րդ տեղը գրավող շախմատիստը: Իսկ ահա 8-րդ մասնակիցը կլինի այն երկրից, որտեղ տեղի կունենա հավակնորդների մրցաշարը:


Առայժմ խոսակցություն կա այն Բաքվում անցկացնելու մասին, սակայն ՖԻԴԵ-ն առայժմ չի հաստատել Ադրբեջանի մայրաքաղաքի թեկնածությունը, քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնապես տեղեկացրել է, որ Լեւոն Արոնյանը չի մասնակցի հավակնորդների մրցաշարին, եթե այն կայանա Բաքվում: Իսկ Վիշվանաթան Անանդի եւ նոր հավակնորդի միջեւ 2012թ. կայանալիք մրցախաղը ամենայն հավանականությամբ տեղի կունենա Լոնդոնում:

10-ից 6-ը` մրցանակակիրներ
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ: Մեր 10 մարզիկներից 6-ը տուն վերադարձան մրցանակներով:
Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալներ նվաճեցին 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը եւ Տիգրան Կիրակոսյանը (52կգ): Հաջորդ օրը 57 կգ քաշային կարգում 3-րդ տեղը զբաղեցրեց Վահան Վարդանյանը:
Մարտական սամբոյի մրցաշարում մասնակցած մեր 3 ներկայացուցիչներն էլ արժանացան մեդալների: 90 կգ քաշային կարգում Արտակ Ծատինյանը նվաճեց բրոնզե մեդալ, 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը տանուլ տվեց միայն եզրափակիչ գոտեմարտը եւ արժանացավ արծաթե մեդալի, իսկ Աշոտ Դանիելյանը, 74 կգ քաշայինների պայքարում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Ձյուդոյում` 2 գավաթակիր
Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլին: Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անցկացված ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականի ձյուդոիստներ Գրիգոր Իվանյանը (55 կգ, Երեւան) եւ Գոռ Հարությունյանը (60 կգ, Վանաձոր) հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին` գրավեցին առաջին տեղը եւ արժանացան գավաթների:
Մեր մնացած 3 մարզիկներն անհաջող հանդես եկան եւ ժամանակից շուտ դուրս մնացին հետագա պայքարից:

Բավարարվեցին 7-րդ տեղով
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց 2010թ. Դեւիսի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան տարածաշրջանի 3-րդ խմբի եվրոպական գոտու մրցաշարը, որին մասնակցեց նաեւ թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Մեր հավաքականը հաղթանակով ավարտեց Դեւիսի գավաթի խաղարկությունը: Խմբային փուլի վերջին խաղում մեր թենիսիստները 0:3 հաշվով զիջեցին դաշտի տերերի ազգային թիմին եւ ի վերջո գրավեցին 4-րդ տեղը՝ առաջ թողնելով Հունաստանի, Մոլդովայի եւ Չեռնոգորիայի հավաքականներին: 7-8-րդ տեղերի համար մրցախաղում Հայաստանի ընտրանին մրցեց զուգահեռ խմբում 4-րդ տեղը գրաված Անդորայի հավաքականի հետ եւ խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 3:0: Հայաստանի հավաքականը 11 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը:
Եվրոաֆրիկյան տարածաշրջանի 2-րդ խմբի ուղեգիր նվաճեցին Հունաստանի եւ Լյուքսեմբուրգի թիմերը, որոնք եզրափակիչ փուլում միեւնույն` 2:1 հաշվով պարտության մատնեցին, համապատասխանաբար, Վրաստանի եւ Մոլդովայի թիմերին:

Հայաստանի ֆուտզալի առաջնությունում
Կայացան ֆուտզալի Հայաստանի առաջնության նախավերջին տուրի հանդիպումները, որից հետո վերջնականապես պարզ դարձավ մրցանակային եռյակը:
1-ին տեղը 2 փուլ առաջ նվաճել էր «Քախսի»-ն: Նախավերջին տուրում նորընծա չեմպիոնները 11:6 հաշվով հաղթեցին 2-րդ տեղը գրաված «Էրեբունի»-ին: Բրոնզե մեդալների հարցը վճռվեց «Գյումրի»-«Եվրոպա» խաղում, որն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 6:5 հաշվով:

Աղյուսակը` 19-րդ փուլից հետո
                           Խ   Հ  Ո  Պ    Գնդ.    Մ
1. «Քախսի»      16  14  1  1  152-58  43
2. «Էրեբունի»   15  10  2  3  116-57  32
3. «Գյումրի»     15    5  1  9   85-150 16
4. «Եվրոպա»    15   3   3  9   51-72   12
5. «Հրազդան»  15   2   1 12  51-118  7

Ռմբարկուները.
Արմեն Գյուլամբարյան («Քախսի»)-46
Գրիգոր Կապուկրանյան («Քախսի»)-25
Էդգար Կիրակոսյան («Քախսի»)-19
Վահան Սարգսյան («Էրեբունի»)-18
Վանիկ Ղազարյան («Հրազդան»)-18
Արտյոմ Բեռնեցյան («Գյումրի»)-17
Սարո Գալստյան («Էրեբունի»)-16
Արմեն Սանամյան («Քախսի»)-16
Հենրիկ Գրիգորյան («Եվրոպա»)-14
Արման Տոնոյան («Գյումրի»)-14
Արթուր Յ. Կարապետյան («Քախսի»)-14
Հակոբ Ուզունյան («Էրեբունի»)-14
Վարդգես Իսրայելյան («Էրեբունի»)-13
Ստյոպա Մկրտչյան («Գյումրի»)-12
Աշոտ Ռ. Խաչատրյան («Գյումրի»)-11
Սարո Մարդանյան («Էրեբունի»)-10

Բարձրագույն խմբի առաջնությունում
Ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը 8-րդ փուլից հետո.

                              Խ  Հ  Ո  Պ   Գնդ.    Մ
1. «Փյունիկ»         8   6  2  0   22-5    20
2. «Բանանց»        8   5  2  1   20-11  17
3. «Ուլիս»             8   5  2  1   12-3    17
4. «Միկա»             8   5 1   2   12-6   16
5. «Իմպուլս»        8   3  1  4    6-12   10
6. «Գանձասար»   8   2  0  6   7-15    6
7. «Կիլիկիա»        8   2  0  6   6-16    6
8. «Շիրակ»           8   0  0  8   4-21    0

Ռմբարկուները.
Էդուարդո դո Սանթոս («Բանանց»)-7
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)-7
Սամվել Մելքոնյան («Բանանց»)-5
Արսեն Ավետիսյան («Գանձասար»)-4
Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)-4
Մարկոս Պինեյրո Պիզելի («Փյունիկ»)-4
Նորայր Գյոզալյան («Բանանց»)-3
Վալերի Ալեքսանյան («Ուլիս»)-3
Վահագն Մինասյան («Փյունիկ»)-2
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)-2
Նարեկ Բեգլարյան («Միկա»)-2
Սարգիս Մովսիսյան («Կիլիկիա»)-2
Անդրանիկ Բարիկյան («Շիրակ»)-2
Մինդաուգաս Գրիգալեւիչյուս («Միկա»)-2
Արտյոմ Ադամյան («Ուլիս»)-2
Արտակ Գ. Գրիգորյան («Ուլիս»)-2
Գագա Թբիլաշվիլի («Ուլիս»)-2
Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»)-2
Ուլիսես Մոնտենեգրո («Միկա»)-2

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.