Սեռական ոտնձգությունների դեմ խստագույն պայքար

«Հույս եւ օգնություն» հ/կ ղեկավար Ենոք Շատվորյանը հայտարարել է, որ անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների հիմնական զոհերը եղել են անապահով ընտանիքների, միակողմանի ծնողազուրկ, ամուսնալուծված ընտանիքների երեխաները:
Նա ներկայացրել է ոստիկանության տրամադրած վիճակագրական տվյալները վերջին 5 տարում (2005-2009թթ.):
Ըստ դրա, Հայաստանում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնաբարության 15 դեպք, սեքսուալ բնույթի գործողություններ՝ 16 տարին չլրացած անձի հետ՝ 39 դեպք: Բոլոր դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոշները կարճվել են:
Սեռական բռնությունների առավել շատ ենթարկվում են 12-15 տարեկան երեխաները:

Ըստ Ե. Շատվորյանի, Հայաստանում բռնարարք իրականացնողները հիմնականում ազատվում են տուգանք վճարելով, կամ էլ ընդամենը 1 տարի են բանտ նստում: Մինչդեռ, Ռուսաստանում նույն բովանդակության նույն հոդվածով մեղադրվողների նկատմամբ շատ ավելի խիստ պատիժներ են նախատեսված՝ 4-15 տարի ազատազրկում, եւ որոշակի ժամանակաշրջան արգելվում է զբաղեցնել որոշ պաշտոններ: Ե. Շատվորյանը կարծում է, որ Հայաստանում օրենքը մեղմ է, որովհետեւ հանրությունն է մեղմ վերաբերում, «թեթեւ է մոտենում իր երեխայի անձեռնմխելության հարցին, իսկ շատ դեպքերում հասարակությունը հենց զոհին է մեղավոր համարում»:
Սեռական բռնությունները երեխաների նկատմամբ, ըստ «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, 2007թ. գրանցվել է անչափահասների հանդեպ սեռական բռնությունների 31 դեպք, 2008թ.՝ 39, 2009թ.՝ 44:
Գրանցված տվյալների համաձայն, շատ են այն դեպքերը, երբ երեխաներին սեռական հարաբերությունների մեջ են ներքաշում վերջիններիս ծնողները:
Հայտնի է մի դեպք, թե ինչպես է մայրը աղջկան դրդել սեռական կապի՝ նախ սեփական զուգընկերոջ եւ հետո՝ մեկ այլ տղամարդու հետ: «Այս 12 տարեկան երեխայի ծնողներն ամուսնալուծված են, իսկ ինքն ապրում էր մոր եւ նրա զուգընկերոջ հետ: Այդ կինը երբ զգացել է, որ ինքն առանձնապես չի հետաքրքրում իր տղամարդուն, նրանից չբաժանվելու համար իր անչափահաս աղջկան է հրամցրել: Չկարողանալով տան վարձը տալ՝ մայրը համաձայնել է իր երեխային այդ տան տիրոջ հարբեցող ու թմրամոլ 26-ամյա որդու հետ իբր ամուսնացնել: Այդ 1 տարվա ընթացքում 12-ամյա աղջնակը սեռական բնույթի ամենաահավոր բաների է ենթարկվել՝ հնդկական սեքսի տարբերակներով ու դաժանություններով»: Հետո այդ երեխան մի կերպ փախել է:
Մեկ այլ դեպքում մարմնավաճառ մայրը իր 16 տարեկան աղջկան 14 տարեկանից ներքաշել է այդ երեւույթի մեջ, եւ երեխան մանրամասն պատմել է, թե այդ տարիների ընթացքում ինչ է կատարվել իր հետ:
Վերջերս էլ հայտնի դարձավ մի դեպք, թե ինչպես է մտավոր հետամնաց երեխաներին սեռական գործողությունների մեջ ներքաշել այդ դպրոցի հայոց լեզվի ուսուցիչը: Նա` Նուբարաշենի թիվ 11 դպրոցի նախկին ուսուցիչ Լեւոն Ավագյանը, դատավարության ընթացքում խոստովանել է, որ անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի անչափահաս աղջիկների նկատմամբ:
Մեղադրող դատախազը գործողությունները որակել է որպես «պեդոֆիլիա» (մանկապղծություն) եւ դատարանից պահանջել է ազատազրկում 1,5 տարով:
Հանրային կարծիք կա, որ այդ դպրոցը պետք է մնա ուշադրության կենտրոնում, քանզի մանկապիղծ «ուսուցչին» ժամանակին պաշտպանում էին դպրոցի տնօրենը, մի շարք ուսուցիչներ…
Լուրեր են պտտվում, թե մանկապիղծին պայմանական են դատապարտելու…

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.