Պուտին-Էրդողան հեռախոսազրույց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի հիմնական թեման եղել է իրանական խնդիրը, մասնավորապես` օրերս Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի միջեւ ստորագրված միջուկային վառելիքի փոխանակման մասին պայմանագիրը: Թուրքիայի վարչապետը հայտնել է, որ Անկարան շարունակում է կողմ լինել Իրանի միջուկային հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու տարբերակին: Նրա համոզմամբ` Թեհրանում կնքված այդ համաձայնագիրը հենց խաղաղասիրական ջանքերի արդյունքն է: Իսկ Ռուսաստանի վարչապետը նշել է, որ ՄԱԿ-ում անպայման դիտարկման կառնվի այդ համաձայնագիրը:
ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ Չինաստանը համաձայնության են եկել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցում ՄԱԿ-ի բանաձեւի նախագծի շուրջ:
Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նախագիծը տարածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամների միջեւ` հետագա քննարկման համար:
Իսկ վերջերս Իրանն ու Թուրքիան ստորագրել են ցածր հարստացված ուրանի փոխանակման համաձայնագիր, համաձայն որի ուրանի հարստացման աշխատանքները Իրանը կկատարի Թուրքիայում: Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի, Իրանի եւ Բրազիլիայի ԱԳ նախարարները: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Իրանի ու Բրազիլիայի նախագահները:
Ի՞նչ է կատարվել Կաչինսկու հետ
Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի վթարից մի քանի րոպե առաջ օդաչուների խցում կողմնակի անձինք են եղել: Այս մասին հայտարարել է ԱՊՀ-Միջպետական ավիացիոն կոմիտեի ղեկավար Տատյանա Անոդինան: Ըստ նրա` այդ անձանցից մեկի ինքնությունը «սեւ արկղերի» վերծանման ընթացքում հաջողվել է պարզել:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Վարշավայից Սմոլենսկ թռչող Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել` վայրէջք կատարելիս: Բոլոր ուղեւորները զոհվել են: Ինքնաթիռում եղել է 96 ուղեւոր, այդ թվում Լեհաստանի նախագահը` կնոջ հետ, բարձրաստիճան պաշտոնյաններ:
Լեհաստանի նախագահի գլխավորած` 88-հոգանոց պատվիրակությունը մեկնում էր Սմոլենսկ՝ Կատինի ողբերգական դեպքերի 70-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու նպատակով:
ԱՄՆ-ի ու Կուբայի բանակցությունները
ԱՄՆ-ն ու Կուբան բանակցություններ են վարում աշխատանքային խմբերի մակարդակով` կապված Մեքսիկական ծովածոցում նավթի արտահոսքի վերացման աշխատանքների հետ: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հղում անելով ԱՄՆ Պետդեպին:
Կուբայի իշխանությունները դեռ մեկնաբանություններ չեն անում բանակցությունների վերաբերյալ:
Հավանայի ու Վաշինգտոնի միջեւ բանակցությունների փաստը, չնայած երկու երկրների միջեւ դիվանագիտական բարդ հարաբերություններին, վկայում են այն մասին, որ նավթային հետքի հետագա տարծման վտանգը մեծ է ու հավանականություն կա, որ նավթային հետքը վթարի վայրից կարող է բավականին հեռանալ:
Պաղեստինի – Իսրայելի նոր բանակցություններ
Պաղեստինի ղեկավարությունը որոշում է ընդունել վերսկսել Իսրայելի հետ կես տարի առաջ ընդհատված բանակցությունները: Այս մասին հայտարարել է Պաղեստինի Ազատագրման Կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Յասիր Աբդ-Ռաբբոն:
Նշվում է, որ բանակցային 6-ամյա գործընթացից հետո առաջին անգամ երկխոսությունը կայանալու է ոչ թե ուղղակի, այլ ամերիկյան միջնորդի միջոցով: «Բանակցություններն ընթանալու են Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի միջեւ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի միջնորդությամբ: Մեզ հավաստիացրել են, որ բանակցությունների ժամանակ քննարկվելու են կարգավորման բոլոր սկզբունքային խնդիրները», – ասել է պաղեստինցի ներկայացուցիչը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել օրակարգում ներառել կարգավորման բոլոր հիմնական դրույթները, այդ թվում Երուսաղեմի կարգավիճակի հարցը, հիմնական սահմանները, պաղեստինցի փախստականների հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ ջրային պաշարների բաժանումը:
Տիմոշենկոն կշարունակի՞ նախագահ Յանուկովիչի իմպիչմենտի գործընթացը
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն ժամանակ առաջ նախաձեռնել էր ստորագրահավաք երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին իմպիչմենտի ենթարկելու գործընթաց սկսելու համար: Ստորագրություններ հավաքվելու են ընդդիմության տարբեր ճամբարների պատգամավորներից Յանուկովիչի «հակաուկրաինական քաղաքականության» դեմ միասնական ուժերով պայքարելու համար:
Հիշեցնենք, երկրի ընդդիմությունը բողոքի ալիքը էր բարձրացրել նախագահ Յանուկովիչի կողմից Ուկրաինայի տարածքում ՌԴ Սեւծովյան նավատորմի մնալու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո: Ավելի ուշ Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ վավերացրել էր համաձայնագիրը, ինչը ընդդիմության կողմից որակվել էր որպես Ուկրաինայի «ինքնիշխանության կորուստ»:
Անմահ զինվորնե՞ր
ԱՄՆ-ում շարունակվում է իրականացվել գաղտնի նախագիծ՝ անմահ կենսաբանական օրգանիզմների ստեղծման ուղղությամբ, որոնք անվերապահորեն ենթարկվում են իրենց ստեղծողին եւ կարող են ապրել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չեն ոչնչացրել: Ըստ մի շարք զլմ-ների, նախագիծը կոչվում է «BioDesign» եւ գտնվում է Պետնտագոնի հսկողության տակ: Եվ այս տեղեկատվությունը հայտնաբերվել է ամերիկյան ինստիտուտներից մեկի բյուջեում:
Գիտնականների հաշվարկներով, այդ արհեստական օրգանիզմները չեն ծերանալու եւ չեն մահանալու: Իսկ ոչնչացման մեխանիզմը ներդրված է լինելու գենետիկական հիշողության մեջ, որ գործադրվելու է անհրաժեշտության դեպքում: Կառավարությունը նախատեսել է այդ ծրագրի իրացման համար ծախսել մինչեւ 20 մլն. դոլար:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.



