Թուրք-ադրբեջանական ճակատը ընդդեմ Հայաստան-Արցախի

Թուրք-ադրբեջանական ճակատը` ընդդեմ Հայաստան-Արցախի

Օրեր առաջ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքիայի վարչապետն այդ առիթով նախ եւ առաջ նշել է. «Ադրբեջանի նախագահի հետ մեր հանդիպման ժամանակ առանցքային կարեւորություն ունի Բարձրագույն ռազմավարական համագործակցության խորհուրդ հիմնելու մասին մեր ընդունած որոշումը»:
Էրդողանն ու Ալիեւը առանձնազրույց են ունեցել, ապա մեկնարկել է հանդիպումը 2 երկրների պատվիրակությունների միջեւ:


Իհարկե, առանց Արցախ-ԼՂՀ-ի հարցի քննարկման չէր ընթանա այդ հանդիպումը եւ, անդրադառնալով արցախյան հիմնախնդրին, Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ալիեւն իրեն իրազեկել է անհրաժեշտ տեղեկատվությամբ: Ընդգծել է այն հանգամանքը, որ Մինսկի խմբի վերջին հանդիպման ժամանակ եռյակի առաջարկը Բաքվի կողմից դրական է ընդունվել, մինչդեռ պաշտոնական Երեւանը դեռ չի տվել իր պատասխանը: Ադրբեջանի նախագահն էլ ցանկություն է հայտնել, որ հայկական կողմը նույնպես ընդունի Մինսկի խմբի առաջարկած մադրիդյան նորացված սկզբունքները՝ չնչին բացառություններով: Կողմերը հայտնել են, որ եթե «Հայաստանն այդ առաջարկին դրական արձագանքի եւ, ըստ այդմ, սկսի իր զինուժը դուրս բերել «ադրբեջանական տարածքներից», Ադրբեջանը կբացի Հայաստանի հետ ունեցած բոլոր սահմանները, եւ տարածաշրջանում կձեռնարկվեն խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված միջոցառումներ»:
Ադրբեջանական զլմ-ների հաղորդմամբ, առանձնազրույցի ժամանակ քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունները, դրանց զարգացմանն ու ամրապնդմանը ուղղված ջանքերը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Անկարան մշտապես հետամուտ է լինելու արցախյան գործընթացին եւ անտարբեր չի մնալու եղբայրական Ադրբեջանի համար կարեւոր այս հարցում: Կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ «ցուցաբերել հաստատակամություն եւ գործը հասցնել մինչեւ վերջ»: Էրդողանը տեղեկացրել է նաեւ, որ բացի ադրբեջանական կողմի հետ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության Խորհրդի ստեղծումը, ստորագրելու են բնական գազի առք ու վաճառքի մասին համաձայնագիր:
Հայտնի է դարձել, որ հունիսի 7-8-ը Ադրբեջանի նախագահին կհյուրընկալեն Անկարայում:
Իսկ մինչ Բաքու այցելելը, Թուրքիայի վարչապետը այցելել էր Թեհրան, որտեղ Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի արտգործնախարարները ստորագրել են համաձայնագիր Իրանի միջուկային վառելիքի փոխանակման վերաբերյալ: Դրանով, մասնավորապես, Իրանը պարտավորվում է ուրանը հարստացնել Թուրքիայի տարածքում: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող 6 երկրները մինչ այդ Իրանին առաջարկել էին ուրանը հարստացնել Ռուսաստանում եւ Ֆրանսիայում, ինչը, սակայն, պաշտոնական Թեհրանը մերժել էր:
Մինչ այդ, ապրիլին նույն առաջարկով հանդես էր եկել նաեւ Բրազիլիան, որն այն երկրներից է, որ ճանաչում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման Իրանի իրավունքը: Թեհրանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվաի հետ ակտիվորեն մասնակցում էր բանակցություններին:
Ստորագրման արարողությունից հետո Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գերտերություններին կոչ է արել Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցություններ սկսել: «Այս պայմանագրի ստորագրումից հետո արդեն ժամանակն է, որ սկսվեն նոր բանակցություններ Իրանի եւ «5+1 երկրների» միջեւ՝ ազնվության, արդարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա»,- ասել է ԻԻՀ նախագահը:
Փոխանակման ենթակա ուրանը մոտ 1,2 հազար կգ է եւ, ըստ համաձայնագրի, 1 ամսվա ընթացքում Թուրքիայի տարածքում 1.200 կգ ցածր հարստացված ուրանը կփոխարինվի 120 կգ հարստացված ուրանով: Պաշտոնական Թեհրանը նաեւ հայտարարել է, որ առաջիկայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին կներկայացնի պայմանագրի մանրամասները:
Այսպես Անկարան փորձում է իրականություն դարձնել նաեւ իր` միջուկային
երկիր դառնալու ծրագիրը:
Փորձելով կարգավորել իր հարցերը Թեհրանում եւ Բաքվում` Անկարան միաժամանակ «քար է նետում» Երեւանի «բոստանը»…
Թուրքիայի մեկ այլ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, Երեւան կատարած իր այցից առանձնացրել է կարեւոր 2 հարց, որոնք դեռեւս չեն ստացել գոհացուցիչ լուծում: Ըստ նրա՝ արդարադատության առջեւ անհատապես չեն կանգնել նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում 2008թ. մարտիմեկյան դեպքերի համար եւ կան ազատազրկվածներ այս դեպքերի հետ կապված:
Ահա հենց այսպես, Թուրքիայի վարչապետի իրանական եւ ադրբեջանական այցերի քաղաքական ու տնտեսական «բարձր» հայտարարություններից հետո, մի եվրաթուրք «աննշան» կիսաքաղաքական-կիսաիրավական, բայց նպատակային հայ
տարարություն է անում Հայաստանի մասին…

«Զարգացումն ու ուժեղացումը Հիմնարար սկզբունքների եւ ԵԽ երկրներին միավորող արժեքների, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի իշխանությունը, կարեւոր են ոչ միայն Հայաստանի եւ իր քաղաքացիների, այլեւ տարածաշրջանի ու ամբողջ Եվրոպայի խաղաղության եւ կայունության համար»,- ասել է Մ. Չավուշօղլուն, եւ ՀՀ իշխանություններին նաեւ կոչ է արել կազմել «ճանապարհային քարտեզ»՝ իրագործելու Վեհաժողովի՝ բարեփոխումների վերաբերյալ հանձնարարականները:
Ըստ ԵԽԽՎ եվրաթուրք նախագահի, Հայաստանում պետք է իրականացվեն բարեփոխումներ ընտրական, ոստիկանական, արդարադատության համակարգերում, լրատվամիջոցների եւ հավաքների ազատության ոլորտներում, ուժեղացվի պայքարը կոռուպցիայի դեմ: Մ. Չավուշօղլուն հատկապես շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն պարտավորություն՝ իրագործելու ԼՂ հարցով ԵԽԽՎ հանձնարարականները եւ տեղեկացնելու կառույցին այդ առաջընթացի մասին:
Այսպես եվրոպավարի, եվրաթուրքը առանց հիշելու Թուրքիայում մարդկային եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների, Կիպրոսի տարածքի մի մասի բռնազավթման, Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի տարածքների բռնազավթման եւ այլ խնդիրները, կարողացել է «Երեւան կատարած իր այցելությունից առանձնացնել կարեւոր 2 հարց»…
Իսկ այն, որ Թուրքիայում նաեւ վխտում են ահաբեկչական խմբավորումներ, որոնք ահաբեկում են եւ այդ երկրներում բնակվող «անցանկալի» ազգերին ու մարդկանց, եւ լուրջ վտանգ են տարածաշրջանի այլ երկրների համար, թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները լռում են… Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների մասին գրվել է, եւ դրանց զոհերից էր նաեւ հայազգի մտավորական Հրանտ Դինքը:
Ադրբեջանում ահաբեկչական խմբավորումներ նույնպես կան: Ըստ զլմ-ների, ադրբեջանական զինված խմբավորման անդամները, ովքեր իրականացրել են զենքի, պայթուցիկ սարքերի անօրինական տեղափոխում եւ օգտագործում, ինչպես նաեւ ահաբեկչական գործողություններ, խուլիգանական հարձակում եւ այլ հանցագործություններ՝ Ազեր Միսերխանովի գլխավորությամբ (հայտնի է «Աբդուլլահ» մականունով), ձերբակալվել են: Ա. Միսիրխանովը կազմակերպել է մի շարք ահաբեկչական գործողություններ՝ նպատակ ունենալով Ադրբեջանի նախագահական ընտրություններին ընդառաջ անկայունացնել երկրի վիճակը, խուճապ առաջացնել բնակչության մոտ, ինչպես նաեւ պայթեցնել Բաքու-Նովոռոսիյսկ նավթատարը:
Վերջերս էլ Ադրբեջանի անվտանգության մարմիններն էին իբր հակաահաբեկչական գործողություններ ծավալել, սակայն, իրականում, ըստ զլմ-ների, ահաբեկում էին երկրի հյուսիսային մասում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ լեզգիներն ու այլ ազգեր դեռեւս ցանկություն ունեն անկախանալու Ադրբեջանից (հարավում այդպիսի ցանկություն ունեն թալիշները):
ԵԽԽՎ թուրք նախագահը մեկ այլ «բարի լուր» էր հայտնել վերջերս, որ մայիսի 23-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհդարանական ընտրություններին ԵԽԽՎ-ն դիտորդներ չի ուղարկի: ԼՂՀ ղեկավարությունը նամակ էր ուղարկել ԵԽԽՎ նախագահությանը՝ առաջարկելով դիտորդական առաքելություն իրականացնել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց եվրաթուրքն ասաց, որ իրենք ստացել են նամակը, քննարկել են բյուրոյի՝ ապրիլին տեղի ունեցած նիստում, եւ որոշել են հակամարտության տարածք դիտորդական առաքելություն չուղարկել… Սա էլ, իհարկե, մի «օրիգինալ» փորձ է «չօրինականացնել» Արցախի խորհրդարանականհերթական ընտրությունները:
Այսպես թուրք-ադրբեջանական քաղաքականությունը առանց այլեւայլությունների շարունակում է բացահայտորեն գործել Հայաստան-Արցախ ուղղության դեմ եւ դա անում է առանց վայրկյան անգամ մտորելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների մասին… Ավելին՝ նույնիսկ շահարկելով այդ արձանագրությունները…

Հայկ Թորգոմյան

Հ.Գ. – 1. Ի դեպ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Կարինե Աճեմյանը, Ռաֆիկ Գրիգորյանը եւ Հակոբ Հակոբյանը որպես դիտորդ կմեկնեն Արցախ՝ մասնակցելու ԼՂՀ Ազգային Ժողովի հերթական ընտրություններին:
– 2. Արցախ-ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայիսի 23-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ կապված հարցերին: Զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը: Բ. Սահակյանն ընդգծել է, որ անկախության եւ ինքնիշխանության հետ միասին ժողովրդավարությունը հանդիսանում է բացառիկ արժեք, ինչը մեզ համար այլընտրանք չունի: Նա համոզմունք է հայտնել, որ բոլորը քաջ գիտակցում են այս գործընթացի կարեւորությունը եւ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում կանեն հնարավորը` ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար:
Խորհրդակցությա
նը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ:

– 3. Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն արցախյան խնդրի լուծման ուղղությամբ հայտնել է, որ «Թուրքիայի ջանքերը շարունակվում են: Այդ հիմնախնդրի լուծումը կօգնի նաեւ հաղթահարել հայ-թուրքական դարավոր թշնամանքը, տարածաշրջանում ստեղծել ազատ առեւտուր եւ հաստատել կայունություն»: Եվ հավելել է. «Կգա ժամանակ, երբ Հայաստանից մենք կմեկնենք Ադրբեջան»:
Մենք էլ կհավելենք՝ վստահ ենք՝ միայն անկախ եւ միացյալ Արցախի տարածքով…

«Լուսանցք» թիվ 19 (150), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.