Միջազգային հոկեյի ֆեդերացիան Հայաստանի հավաքականին որակազրկել է այն բանի համար, որ աշխարհի առաջնության «C» դիվիզիոնի որակավորման փուլում մեր թիմի կազմում հանդես են եկել երկքաղաքացիություն ունեցող մարզիկներ: Այս մասին հայտնում է Միջազգային հոկեյի պաշտոնական կայքը` շեշտելով, որ մեր հավաքականի կազմում ընդգրկված են եղել հոկեյիստներ, ովքեր ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի քաղաքացիություն են ունեցել: Որակազրկման ժամկետ ՄՀՖ-ն առայժմ չի սահմանել: Այդ հարցում ֆեդերացիան վերջնականապես կկողմնորոշվի այն բանից հետո, երբ հետաքննությունը կավարտվի:
* * *
Հոկեյի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի հաղթարշավն ընդհատեցին չեխերը: Չեխիան 2:1 հաշվով առավելության հասավ ռուսաստանցիների նկատմամբ եւ 6-րդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն: Իսկ ռուսներին չհաջողվեց 3-րդ տարին անընդմեջ դառնալ հաղթող եւ այս անգամ բավարարվեցին արծաթե մեդալներով: 3-րդ տեղի համար պայքարում Շվեդիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի թիմին:
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը Տալլինում 3:2 հաշվով առավելության հասավ Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Մեր թիմը աշխարհի առաջնության նախընտրական փուլի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնական: Ցավոք, նախորդ խաղերում Հայաստանի հավաքականը հաջող չէր հանդես եկել, եւ եթե Վրաստանի հավաքականի հետ մնացած 2 հանդիպումներում կարողանա հաղթել, ապա այդ դեպքում էլ դժվար թե կարողանա հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
* * *
Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի հավաքականի հետ եւ հաղթեց 3:1 հաշվով:
1-ին խաղակեսում լավ խաղ ցուցադրած մեր ֆուտբոլիստները միանգամայն կերպարանափոխվեցին 2-րդ խաղակեսում, թույլ խաղացին, ինչը պետք է լրջորեն մտահոգի մեր թիմի պատասխանատուներին:
Հավակնորդները համալրվեցին
Աստրախանում տեղի ունեցավ ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի 6-րդ մրցաշարը: Հաղթեց Պավել Էլյանովը՝ 13 հնարավորից վաստակելով 8 միավոր: 2-6-րդ տեղերը զբաղեցրեցին Ռուսլան Պոնոմարյովը, Դմիտրի Յակովենկոն, Շահրիյար Մամեդյարովը, Եվգենի Ալեքսեեւը եւ Թեյմուր Ռաջաբովը՝ 7-ական միավոր: Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Հակոբյանը վաստակեց 5,5 միավոր եւ եզրափակեց աղյուսակը:
Այս մրցաշարի արդյունքներով որոշվեց «Գրան պրի»-ի խաղարկությունների 2-րդ տեղը գրաված շախմատիստը (1-ին տեղը վաղօրոք գրավել էր Լեւոն Արոնյանը), ով դարձավ շախմատի աշխարհի թագի հավակնորդների 7-րդ ներկայացուցիչը: Դա ադրբեջանցի Թ. Ռաջաբովն է: Այսպիսով հայտնի են հավակնորդների մրցաշարի 8 թեկնածուներից 7-ը՝ Լեւոն Արոնյան, Մագնուս Կառլսեն, Վլադիմիր Կրամնիկ, Բորիս Գելֆանդ, Գատա Կամսկի, Վեսելի Թոփալով եւ Թեյմուր Ռաջաբով: 8-րդը կլինի մրցաշարի կազմակերպիչ երկրի ներկայացուցիչը: Առայժմ մրցաշարն անցկացնելու հայտ է ներկայացրել Բաքուն եւ հաստատվելու դեպքում 8-րդը կարող են լինել կամ Վուղար Հաշիմովը կամ Շահրիյար Մամեդյարովը: Սակայն, Լեւոն Արոնյանն արդեն հայտարարել է, որ եթե մրցաշարը Բաքվում կայանա, ապա ինքը կհրաժարվի մեկնել Ադրբեջան:
Վարուժան Հակոբյանը 7-րդն է
Սենթ Լուիս քաղաքում կայացավ ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը: Վարուժան Հակոբյանը, վաստակելով 5 միավոր, գրավեց 7-րդ տեղը: Հաղթեց Գատա Կամսկին՝ 7 միավոր: Լեւոն Ալթունյանն ու Մելիքսեթ Խաչիյանը 3,5-ական միավորով զբաղեցրեցին 20-21-րդ տեղերը: ԱՄՆ-ի առաջնությանը մասնակցում էին 24 շախմատիստներ:
1-ին եւ 7-րդ տեղերում
Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Գարամյանի հաղթանակով ավարտվեց Մաաստրիխտում (Հոլանդիա) Լիմբուրգ Օուփեն շախմատային մրցաշարը: Նա, ինչպեսեւ ուկրաինացի գրոսմայստեր Եվգենի Միրոշնիչենկոն, 7 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 1-ին տեղը գրավեց Տ. Գարամյանը: Հայաստանի միակ ներկայացուցիչ, միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 5 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը:
Վիկն էլի չեմպիոն է
Ավստրալիայում բնակվող, բայց Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանդ (Վիկ) Դարչինյանը ավստրալիական Պառամատա քաղաքում նվաճեց հերթական չեմպիոնական գոտին: Այս անգամ նա նվաճեց թեթեւագույն քաշի (մինչեւ 53,5 կգ) IBOվարկածի չեմպիոնի թափուր տիտղոսը: Վիկ Դարչինյանի մրցակիցը ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնան էր, ով մրցամարտի ընթացքում 3 անգամ հայտնվեց նոկդաունում եւ մրցամարտից հետո 3 մրցավարներն էլ առավելությունը տվեցին հայ բռնցքամարտիկին:
Ասպարեզում նետաձիգներն են
Իտալիայի Ռովերետո քաղաքում մեկնարկել է նետաձգության 2010թ. Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականները: Բորիս Վասիլյանի գլխավորությամբ Իտալիա են մեկնել Արշակ Պետրոսյանը, Վասիլ Շահնազարյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Հովհաննես Պետրոսյանը, Նունե Վասիլյանը եւ Գոհար Շահնազարյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը նախնական փուլում մրցակցում է Ֆինլանդիայի, Իսպանիայի եւ Բելգիայի թիմերի հետ, իսկ կանանց հավաքականի մրցակիցներն են Ուկրաինայի, Լեհաստանի եւ Հունաստանի ընտրանիները:
Հայաստանի կանայք եւ տղամարդիկ անհաջող հանդես եկան որակավորման փուլում ու դուրս մնացին պայքարից, եւ միայն Գ. Շահնազարյանին հաջողվեց հաղթահարել առաջին արգելքը:
Տղամարդկանց թիմային առաջնությունում մեր հավաքականը 580 միավորով զբաղեցրեց 21-րդ տեղը եւ չմտավ 1/8 եզրափակիչ: Անհատական մրցումներում Հովհաննես Պետրոսյանը, Անդրանիկ Շահնազարյանը, Վասիլ Շահնազարյանը եւ Արշակ Պետրոսյանը նույնպես չկարողացան հաղթահարել խմբային փուլը:
Կանանց անհատական առաջնությունում Գ. Շահնազարյանը որակավորման փուլում զբաղեցնելով 23-րդ տեղը, մտավ հաջորդ փուլ, իսկ ահա Նունե Վասիլյանը ցույց տվեց 70-րդ արդյունքը եւ դուրս մնաց հետագա պայքարից: 1/32 եզրափակիչում Գոհար Շահնազարյանը կմրցի հոլանդուհի Կարի Վեգի հետ, որն որակավորման փուլում զբաղեցրել է 43-րդ տեղը:
Ռազմական ռոբոտներ
Սիրահարների պուրակում մեկնարկեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության «Ական փնտրող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթն ունի ռազմական բնույթ: Այս մրցույթի ընթացքում մասնակիցները կնախագծեն եւ կպատրաստեն ռոբոտներ, որոնք կգտնեն ականապատված դաշտում հողի տակ պահված ականները եւ սերվերին կուղարկեն վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Ականները ունեն ձայնային ազդանշան, որով պարզ կդառնա` ռոբոտը պայթել է, թե ոչ: Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափեր:
Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջեւ դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով: «Ական փնտրող ռոբոտ»-ին մասնակցում են 15 թիմ, մրցույթն առանց տարիքային սահմանափակման է: Վերջին 4 ամսվա ընթացքում անց են կացվել նախնական մրցույթներ, որոնց ընթացքում թիմերը ժյուրիին ներկայացրել են իրենց նախագծած ու պատրաստած ռոբոտները եւ ստացել գնահատականներ, ինչն էլ իրենց պետք կգա եզրափակիչ այս փուլի ընթացքում: 1-ին տեղի մրցանակը կազմում է 300.000, 2-դը՝ 200.000, իսկ 3-դը՝ 100.000 դրամ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը /ArmRobotics/որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
Օլիմպիական նոր ուղեգրեր
Հայաստանի հունահռոմեական ոճի պատանի ըմբիշները 3 մեդալ նվաճեցին լեհական Պոզնան քաղաքում կայացած պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: Վարոս Պետրոսյանը (85 կգ) եւ Արտակ Հովհաննիսյանը (46 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ եւ մրցակարգի համաձայն նվաճեցին պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր, որին արժանացան միայն հաղթողներն ու 2-րդ տեղերը գրաված ըմբիշները: Իսկ ազատ ոճային Գեւորգ Համբարձումյանը (76 կգ) նվաճեց բրոնզե մեդալ:
Մեր հարուստ ավարն ու թյուրքական նախանձը
Իսպանական Վալենսիա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատանի ծանրորդները նվաճեցին 5 ոսկե, 6 արծաթե եւ 4 բրոնզե մեդալներ եւ թիմային հաշվարկով զիջեցին միայն Ռուսաստանի ընտրանուն, 3-րդը Բելառուսի հավաքականն է:
Հայաստանի մարզիկների հաջողությանը բուռն արձագանքեցին ադրբեջանցիներն ու թուրքերը, որոնք թյուրքավարի պահվածք ցուցաբերեցին նաեւ մարզադահլիճում: Ադրբեջանցիները փորձում էին մրցավարների հետ բանավիճել եւ արձանագրել չտալ հայ ծանրորդների արդյունքները, նույնիսկ փորձեցին հարձակվել ու սադրել հայ մարզիկներին: Այս միջադեպին խառնվեց ոստիկանությունը: Լարված վիճակ էր ստեղծվել նաեւ հայ ու ադրբեջանցի հանդիսատեսների մոտ: Իսկ հայ մարզիկի պարգեւատրման եւ ՀՀ օրհներգի հնչելու ժամանակ ադրբեջանցի եւ թուրք մարզիկներն ու պատվիրակության բոլոր անդամները մեջքով շրջված են կանգնել: Հայկական կողմը բողոքել է այս միջադեպի առիթով եւ հնարավոր է, որ Ծանրամարտի Միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Ադրբեջանի ծանրամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականներին 2 տարով զրկի բոլոր միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից կամ տուգանի 500 հազ. եվրո: Իսկ Թուրքիայի հավաքականին պետք է նկատողություն հայտարարվի եւ տուգանք սահմանվի՝ 100 հազ. եվրո չափով:
Ցավոք այս օրերին, «Զվարթնոց» օդանավակայանում մեր պատանի ծանրորդներին դիմավորելիս սրտի կաթվածից հանկարծամահ է եղել ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ 51-ամյա Աշոտ Մխիթարյանը:
Հոբելյանական առաջնություն
Մոսկվայում մեկնարկած սեղանի թենիսի աշխարհի թիմային 50-րդ առաջնությանը մասնակցում է նաեւ Հայաստանի սեղանի թենիսի տղաների եւ աղջիկների հավաքականը: Մասնակցում են 198 հավաքականներ: Հայաստանի տղամարդկանց ընտրանին հանդես է գալիս 4-րդ դիվիզիոնում, որտեղ հայտավորված են 43 թիմեր: Իսկ մեր մարզուհիները պայքարելու են 3-րդ դիվիզիոնում, որում հանդես կգան 24 հավաքականներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են են Մուրադ Ասատրյանը, Մեսրոպ Ղուկասյանը, Ալեքսանդր Դիարյանը: Իսկ մեր երկրի կանանց հավաքականը ներկայացնում են Հասմիկ Մաթեւոսյանը, Հասմիկ Խաչատրյանը, Լուիզա Նազարյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն է Ֆելիքս Սարգսյանը:
Մեր կանանց հավաքականը առաջին խաղում 0:3 հաշվով պարտվեց Շվեյցարիայի թիմին: Իսկ տղամարդկանց հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Երեւանից 3 անգամ փոքր տարածք ունեցող Գարնզի կղզիների (գտնվում է Մեծ Բրիտանիայից հարավ, Լա Մանշ նեղուցում) թիմին՝ 3:0:
…Խմբային փուլի 5-րդ մրցախաղում կանայք 1:3 հաշվով պարտվեց Կոնգոյի ընտրանուն: Հարկ է նշել, որ աֆրիկյան թիմին հաղթանակներ պարգեւեցին ազգությամբ չինացի թենիսիստուհիները, որոնք ընդունելով Կոնգոյի քաղաքացիութունը` հանդես են գալիս այդ երկրի դրոշի տակ: Այդպիսով, մեր հավաքականը վաստակեց 8 միավոր եւ խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց Կոնգոյի թիմը` 10 միավոր, իսկ 2-րդ տեղը գրավեց Շվեյցարիան` 9:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը չնայած իր վերջին խաղում հաղթեց Մալավիի ընտրանուն` 3:0, սակայն բավարարվեց 2-րդ տեղով, քանի որ մեր թիմի գլխավոր մրցակից Բահրեյնի հավաքականը հաղթանակներ տոնեց վերջին 2 հանդիպումներում եւ գրավեց 1-ին տեղը:
Այժմ մեր թենիսիստները կպայքարեն 73-88-րդ տեղերի համար: Առաջին խաղում նրանք կմրցեն Պարագվայի հավաքականի հետ:
Մարզական փառատոն` մարզերում եւ Արցախում
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 8-ից 12-ը Կոտայքի մարզում մեկնարկել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված մարզական փառատոնը, որին մասնակցել են Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ եւ Ծաղկաձոր քաղաքների ներկայացուցիչները: Մայիսի 20-21-ին փառատոնը շարունակվեց Արարատի մարզի քաղաքային 4 համայնքներում` Արտաշատում, Արարատում, Մասիսում եւ Վեդիում: Իսկ մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում փառատոնը կշարունակվի Արմավիրի մարզի քաղաքային 3 համայնքներում` Արմավիրում, Էջմիածնում եւ Մեծամորում: Փառատոնի շրջանակներում առայսօր անցկացված մարզական խաղերին իրենց մասնակցությունն են բերել հազարավոր մարդիկ: Մրցանակակիրները պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ հաղթողները` մրցանակներով:
Ծրագրով նախատեսված սպորտային խաղերի ցուցակը հետեւյալն է` կշռաքարերի բարձրացում, շախմատ, նարդի, ազգային «կոխ», բազկամարտ, մինի ֆուտբոլ եւ վազք 100 մ: Մարզական փառատոնն անց է կացվելու Հայաստանի 48 քաղաքներում եւ ԼՂՀ-ի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Մասնակից մարզերի եւ քաղաքների ամբողջական ցանկը.
Կոտայքի մարզ – մայիսի 8-9 (Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Նոր Հաճն, Ծաղկաձոր, Բյուրեղավան, Եղվարդ):
2. Արագածոտնի մարզ – մայիսի 15-16 (Աշտարակ, Ապարան, Թալին):
3. Արարատի մարզ – մայիսի 21- 22 (Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի):
4. Արմավիրի մարզ – մայիսի 28-29 (Արմավիր, Էջմիածին, Մեծամոր):
5. Գեղարքունիքի մարզ- հունիսի 5-6 (Գավառ, Ճամբարակ, Մարտունի, Վարդենիս, Սեւան):
6. Լոռու մարզ – հունիսի 12-13 (Վանաձոր, Ալավերդի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ):
7. Շիրակի մարզ – հունիսի 19-20 (Գյումրի, Արթիկ, Մարալիկ):
8. Տավուշի մարզ – սեպտեմբերի 12-13 (Իջեւան, Դիլիջան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում):
9. Վայոց ձորի մարզ – սեպտեմբերի 17-18 (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ):
10. Սյունիքի մարզ – սեպտեմբերի 21-22 (Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ, Մեղրի):
11. Արցախ-ԼՂՀ – սեպտեմբերի 19 (Ստեփանակերտ):
Նելսոն Ստեփանյանի միջազգային պատանեկան հուշամրցաշար
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2010թ. հուլիսի 16-ից 19-ը Երեւանում կազմակերպելու է հռչակավոր օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի տղամարդկանց եւ կանանց միջազգային պատանեկան հուշամրցաշար` նվիրված 2-րդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Ակնկալվում է սամբո մարզաձեւում հաջողություններ արձանագրած աշխարհի մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Հիշեցնենք, որ հայ սամբիստներն այս տարվա պատանիների, երիտասարդների, աղջիկների եւ մեծահասակների Եվրոպայի առաջնություններում արդեն վաստակել են 13 մեդալ (2 ոսկե, 2 արծաթե, 9 բրոնզե):
Շվեյցարական «նվեր» թուրքերին
Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը շատ քիչ ժամանակ մնաց Եվրոպայի 2011թ առաջնության ընտրական խմբի վերնահարկում: Մեր երիտասարդականը մեկ շաբաթ առաջ արտագնա խաղում հաղթել էր Էստոնիայի թիմին (3:2) եւ աղյուսակում բարձրացել 2-րդ հորիզոնական: Սակայն խմբում կայացած հերթական 2 հանդիպումներից հետո մեր հավաքականը հայտնվեց 4-րդ տեղում:
Նախ Էստոնիան իր հարկի տակ պարտության մատնեց Թուրքիայի հավաքականին` 1:0, եւ վաստակած միավորներով շրջանցեց մեր թիմին, հետո Տալինում պարտված թուրքերը Շվեյցարիայում անսպասելի հաղթեցին դաշտի տերերին` 2:0, եւ միանգամից առաջ անցան եւ Էստոնիայի եւ Հայաստանի հավաքականներից:
Մայիսի 30-ին տեղի կունենա եւս մեկ «կարեւոր խաղ Հայաստանի թիմի համար` Վրաստանի հավաքականը կհյուրընկալի աղյուսակը վստահորեն գլխավորող Շվեյցարիայի հավաքականին: Հաղթելու դեպքում վրացիները միավորներով նույնպես առաջ կանցնեն մեր ֆուտբոլիստներից:
Մրցաշարային աղյուսակ
Խ Մ
1. Շվեյցարիա 8 16
2. Թուրքիա 8 13
3. Էստոնիա 9 12
4. Հայաստան 8 10
5. Վրաստան 6 8
6. Իռլանդիա 7 4
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 19 (151), 2010թ.



