թե՞ կխամրի մեր ավանդական ոգելից խմիչքի փառքը.
Համաձայն, «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին ՀՀ օրենքի, կառավարությունը որոշել է որպես բրենդիի ապրանքային անվանում սահմանել «Արբուն» բառը: Նախ ասեմ` այն, որ հայկական խմիչքը կկոչվի հայերեն ու հայեցի բառով, շատ լավ է: Խնդիրն այլ է` կկարողանա՞ն տնտեսվարողները «աշխատեցնել» այս նոր անվանումը, թե՞ տեւական ժամանակ շուկա կկորցնեն, ինչը կհանգեցնի խաղողի մթերումների ծավալների կրճատմանը` բացասական բոլոր հետեւանքներով:
Փակագծերում նշեմ, որ երբ մասնավորեցվում էր Երեւանի կոնյակի գործարանը, մամուլում հանդես եկա` նշելով այն մտավախությունս, թե ֆրանսիացիները դրանով կխամրեցնեն հայկական կոնյակի փառքը` ըստ էության ֆրանսիական կոնյակն աշխարհում թողնելով անմրցակից: Ու դա կանեն նախ հայկական կոնյակի որակը փոխելով, հետո` անունը: Կանեն տեղական ու միջազգային օրենքների շրջանակներում եւ` առանց ավելորդ ջանքերի մոռացնել կտան հայկական կոնյակի համբավը: Այդպես էլ եղավ: Բայց լավ է, որ ապրանքային անվանման փոխարինումը հայերեն տարբերակով հնչեց: Ու եթե մեր տնտեսվարողները կարողանան ճիշտ գործածել դա, կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղը կընկնի: Դա, իհարկե, ժամանակը ցույց կտա: Այժմ այն մասին, թե ինչու է անունը փոխվում:
Ըստ նրա, ուսումնասիրվել են Աճառյանի արմատական բառարանը, Հայկազյան բառարանը, Աղայանի արդի հայերենի բացատրական բառարանը եւ այլ աղբյուրներ` գտնելու ոչ միայն բարեհունչ, այլեւ ապրանքի իմաստն արտահայտող գրաբարյան, արեւմտահայ կամ արդի հայերենին համապատասխան անվանում: Դիտարկվել են` 1. գրաբարյան արբ (արբենալի) արմատով հետեւյալ բառերը` Արբունք, Արբանք (արբեցում), Արբում (արբել), Արբի (ըմպել), որը գրանցված ապրանքանիշ է, 2. գինի արմատով հետեւյալ բառերը` Գինեակ (մի քիչ գինի), Գինակ (խաղողի տեսակ` նախատեսված կախանի համար), Գինեբուխ (գինուց բխած), Գինեկան (գինուն հատուկ), Գինուկ (խաղողի սորտ), արեւմտահայերեն Գինօղի (գինուց քաշած օղի, մի տեսակ կոնյակ), 3. Բարկ (թունդ) արմատով, որը գրանցված ապրանքանիշ է, Բարկոն (բարկ արմատով եւ ոն ածանցով) եւ Բարկօղի (կիրառվել է արեւմտահայերենում` կոնյակ իմաստով) տարբերակները:
Մինչեւ որոշման նախագիծը շրջանառության մեջ դնելը նշված տարբերակները քննարկվել են լեզվի պետական տեսչության հետ: Տեսչությունը հավանության է արժանացրել Արբի-ն (որը գրանցված է) եւ Բարկոն-ը: Միաժամանակ առաջարկվել է քննարկել Արբեն եւ Արբենի տարբերակները: Թվարկված տարբերակներից պայմանականորեն ընտրվել է Արբունը (արբեցնող, տոգորող), որով էլ որոշման նախագիծը դրվել է շրջանառության մեջ: Նախագիծը քննարկման է ներկայացվել էկոնոմիկայի, ֆինանսների եւ առողջապահության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ, Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն, ինչպես նաեւ կոնյակ արտադրող խոշոր ընկերություններ: Ստացված եզրակացություններում Արբուն տարբերակին դեմ կարծիքներ, ըստ էության, չեն ստացվել: Միաժամանակ եղել են այլ առաջարկներ: Օրինակ, ըստ գյուղատնտեսության փոխնախարարի, ֆինանսների նախարարն առաջարկել է Արկոն տարբերակը, որն ըստ գյուղնախարարության, արմենիան կոնյակի` հայկական կոնյակի հապավման տպավորություն է ստեղծում:
Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնը հավանության է արժանացրել Բարկոն տարբերակը:
Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկել է մի քանի նոր տարբերակներ, որոնցից քննարկման է արժանի Արմենակ տարբերակը:
Երեւանի կոնյակի գործարանն առաջարկել է «Գինայր» տարբերակը` հաշվի առնելով «բրենդի» անվան ծագումը «brande / wiin», որը նորմանդերենից թարգմանաբար նշանակում է «այրել / գինի»: Այս տեսակետից կարելի է քննարկել նաեւ Այրում կամ Այրակ տարբերակները:
Հիմա այն մասին, թե ինչու է փոխվում կոնյակ անվանումը (ի դեպ, որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5 տարիների ընթացքում կթույլատրվի արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» եւ «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը: Իսկ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո):
Բանն այն է, որ «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքով հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացվել են (դրանք ՀՀ եւ Արցախի տարածքներում մշակվող խաղողի որոշակի սորտերի գինենյութերից թորված սպիրտերից ստացված խմիչքներն են, որոնք շշալցվում են ՀՀ-ում): Բացի այդ, ըստ վերը նշված օրենքի մեկ այլ հոդվածի պահանջի էլ, կարող է արտադրվել բրենդի` մինչեւ 40% ներկրված սպիրտի պարունակությամբ:
Նշված օրենքի պահանջով հայկական կոնյակը (հայկական բրենդին) բրենդիից տարբերելու եւ սպառողներին թյուրիմացության մեջ չգցելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է բրենդիի համար սահմանի առանձին ապրանքային անվանում: Որպես այդպիսին էլ առաջարկվում է «Արբուն»-ը:
Փաստորեն, այս որոշման ընդունմամբ բրենդին կունենա այլ ապրանքային անվանում, որը, ինչպես նշեցինք, մի քանի տարի բրենդի մակնշման հետ զուգահեռ օգտագործվելով կտարածվի եւ ճանաչում ձեռք կբերի:
Որոշ մանրամասներ էլ ներկայացնենք. բրենդին դասակարգվում է ԱԱ ԱՏԳ 220820 ծածկագրով (սպիրտային թուրմեր` ստացված խաղողագինու կամ խաղողի չանչի թորումից), որի տակ ներառվում են նաեւ կոնյակը, արմանյակը, գրապպան (իտալական խաղողի օղի) եւ այլն: Օրենքով, արդեն ասացինք, հայկական կոնյակը եւ հայկական բրենդին նույնականացված են:
Մինչեւ օրենքի ընդունումը Հայաստանում արտադրվում էր նաեւ բրենդի, որն ամբողջությամբ ներմուծված բրենդիի սպիրտերի հումքով արտադրվող խմիչք էր: Հայաստանում խաղողագործությունն ու հայկական կոնյակի սպիրտերի արտադրությունը խթանելու նպատակով օրենքում ներառված է դրույթ, ըստ որի Հայաստանում արտադրվող բրենդին պետք է պարունակի առնվազն 60% տեղական արտադրության բրենդիի սպիրտ եւ մինչեւ 40% ներկրված բրենդիի սպիրտ (օրենքի տվյալ պահանջը ծառայում է իր նպատակին, քանի որ օրենքի ընդունմանը նախորդած տարում` 2007թ. մեր երկիր ներկրված 2095 հազ. լիտր (100% -անոց սպիրտի հաշվով) կոնյակի սպիրտի ծավալները հաջորդ տարիներին կտրուկ նվազել են եւ կազմել- 2008թ.` 1101, 2009թ.` 690 հազ. լիտր կամ 2007թ. համեմատ նվազել են համապատասխանաբար` 47.4 եւ 67.1%-ով):
Ըստ Ս. Գալստյանի, օրենքում բրենդիի համար հայկական բրենդիից տարբերվող այլ ապրանքային անվանում սահմանելու մասին դրույթը ներառված է իրացման շուկաներում հայկական կոնյակի (հայկական բրենդիի) նկատմամբ տարիների ընթացքում ձեւավորված հարգը պահպանելու եւ այն բրենդիից տարբերելու ու սպառողներին թյուրիմացության մեջ չգցելու, ինչպես նաեւ հետեւյալ հանգամանքով: Ապրանքների ծագման տեղանունների եւ աշխարհագրական նշումների միջազգային պահպանության հարցերը շոշափվում են Լիսաբոնի (Ծագման տեղանունների պահպանության եւ դրանց միջազգային գրանցման մասին) ու Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) TRIPS (Մտավոր սեփականության իրավունքների առեւտրին առնչվող հայեցակետերի մասին) համաձայնագրերում: Լիսաբոնի համաձայնագրին անդամակցում է 26 երկիր, այդ թվում՝ Եվրամիության 10 երկիր, իսկ TRIPS համաձայնագրին միացել է ԱՀԿ անդամ ավելի քան 150 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն եւ Հայաստանը: ՌԴ-ն առայժմ նշված համաձայնագրերին չի միացել: Կոնյակը, շամպայնը, բորդոն եւ այլն, որպես ծագման տեղանուններ, համաձայն Լիսաբոնի համաձայնագրի գրանցված են, եւ այլ երկրներում արտադրվող նմանատիպ խմիչքները չեն կարող շրջանառության մեջ դրվել համաձայնագրի անդամ երկրներում այդ անվանումներով կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներով, մասնավորապես՝ կոնյակ կամ հայկական կոնյակ անվանումներով:
Ավելին, TRIPS համաձայնագրով նախատեսված է, որ ԱՀԿ անդամ երկրները պարտավորվում են պահպանել աշխարհագրական նշումները` սահմանելով «Աշխարհագրական նշում» հասկացությունը, որն ըստ էության ներառում է նաեւ ծագման տեղանունները: Բացի դրանից, սահմանված են լրացուցիչ դրույթներ, որոնք վերաբերում են գինիների եւ սպիրտային խմիչքների աշխարհագրական նշումների պահպանությանը, որոնց համապատասխան ԱՀԿ անդամ պետությունները պարտավորվում են նախատեսել իրավական մեխանիզմներ, որոնք կբացառեն աշխարհագրական նշումների օգտագործումն այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական տարածքից:
Սա է իրավիճակը: Փաստորեն, այսօրվա դրությամբ «հայկական կոնյակ» անվան տակ սպիրտային խմիչքը հնարավոր է արտահանել միայն ԱՀԿ անդամ որոշ պետություններ՝ ԱՊՀ որոշ երկրներ եւ ԱՄՆ:
ԱՄՆ-ում, օրինակ, ընդունում են, որ «հայկական» բառի օգտագործումը բավարար է սպառողներին մոլորության մեջ չգցելու համար: Ստացվում է, ԱՊՀ-ից ու ԱՄՆ-ից բացի, մնացած երկրներ «հայկական կոնյակի» արտահանումը շատ մեծ ռիսկերի հետ է կապված: Համենայնդեպս, սա է պաշտոնական բացատրությունը: Ցանկացած պահի հայկական կոնյակի ավանդական եւ հիմնական իրացման շուկա համարվող երկիրը` ՌԴ-ն կարող է անդամակցել նշված համաձայնագրերին, իսկ ԱՀԿ անդամ մյուս երկրները խստացնեն պահանջները` աշխարհագրական նշումների պահպանության նկատմամբ, եւ այդ դեպքում հայկական կոնյակն այդ երկրներ պետք է արտահանվի հայկական բրենդի անվանումով:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտ ապագայում կարող է խնդիրներ ծագեն նաեւ «բրենդի»-ի հետ (հնարավոր է), ավելի լավ է մեր երկրում արտադրված ոգելից խմիչքը կոչենք հենց մեր` հայկական անվանումով:
Աստղինե Քարամյան
Հ.Գ. – Իսկ կոնյակարտադրության ոլորտի մեր տնտեսվարողներին կարող եմ անվճար մի բան հուշել. նրանք իրենց արտադրանքի ապրանքային նոր անվանումը գովազդելիս կարող են գործածել այն ճշմարտությունը, որ հայկական խմիչքը ոչ թե հարբեցնում, այլ արբեցնում է:
Վրացիները` էժանագին պլագիատներ
Պլագիատներ ասում են գրագողերին: «Պլագիատ»-ի ծագումը չգիտեմ, բայց նույնիսկ «գրագող» հայերեն բառը չեմ ուզում գործածել վրացիների մասին արտահայտվելիս: Նրանց «պլագիատ»-ն էլ շատ է…
Միշտ ասել եմ` եթե մեր հաշվին ապրելու մղումը չլինի, վրացին չի գոյատեւի: Պատմությունը վկա:
Եվ այսպես, վրացիները Նյու Յորքում հեռուստատեսությամբ եւ մամուլում նախորդ տարի եւ նաեւ այս պարբերաբար գովազդում են վրացական «Ենիսելի» եւ «Գռամնի» կոնյակները: Ու գիտե՞ք ինչպես: Էժանագին գրագողությամբ: Բա լսել էին չէ՞, որ Չերչիլը միայն հայկական «Դվին» էր խմում: 70 տարի լեգենդի պես պտտվում է այս պատմությունը: Վրացին փոխել է հերոսին ու… Ստալինին վրացական կոնյակ է խմացնում: Էստեղ են ասել` առը հա, թե դուք Ստալինին կխմացնեիք, էն էլ` վրացական կոնյակ: Դե արի ու սրանց հուշի, որ լեգենդները իրակա՛ն պատմություններից են ծնվում:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 19 (151), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



