Արտաքին խնդիրներ

Բողոքը կշարունակեն Վրաստանի անկախության տոնից հետո

Վրաստանի 1-ին նախագահի այրին` Մանանա Արչվաձե Գամսախուրդիան եւ նրա կողմնակիցները օրերս նախատեսված բողոքի ակցիա չեն անցկացրել երկրի խորհրդարանի շենքի առջեւ, քանի որ նոր թափով կշարունակեն իրենց պայքարը` Վրաստանի անկախության տոնից` մայիսի 26-ից հետո:
Նրանց խոսքով, նախկին նախագահի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի առողջական վիճակը կրկին վատացել է, նա շարունակում է հացադուլը: Մանանա Գամսախուրդիան սպառնացել էր ինքնահրկիզվել երկրի խորհրդարանի շենքի մոտ, եթե իշխանությունները թույլ չտան լրագրողների խմբին այցելել բանտում գտնվող իր որդուն, ով դեռ մայիսի 3-ից հացադուլ է հայտարարել` պահանջելով վերջ տալ բանտարկյալների նկատմամբ կտտանքներին:
Նախկին նախագահի որդին 2 ամիս առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 9,5 տարի ազատազրկման` սպանության փորձի մեղադրանքով: Ս. Գամսախուրդիան կտրականապես հերքում է մեղադրանքը եւ նշում, որ դա իր նկատմամբ իշխանությունների կողմից քաղաքական հետապնդում է իրականացվում:

Նոր դեսպան Ուկրաինայում

Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկյանն իր հավատարմագրեր հանձնեց Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո կայացած առանձնազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհավորեց ՀՀ դեսպանին Ուկրաինայում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` խոստանալով ամենայն աջակցություն նրա գործունեության ասպարեզում:
Կողմերը քննարկել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր: Կարեւորվել է 2 երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամությունը հարաբերությունները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Կարեւորվել են նաեւ երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների կտրուկ ավելացման, առկա հնարավորությունների առավել արդյունավետ եւ նպատակային օգտագործման հարցերը, երկրների առավել սերտ համագործակցությունը:

Զինված բախումներ Թուրքիայում

Թուրքական Թունջելի գավառում զինված բախում է տեղի ունեցել զինվորականների եւ Քրդական աշխատավորական կուսակցության միջեւ: Բախման հետեւանքով սպանվել են կուսակցության 4 անդամներ: Քրդական աշխատավորական կուսակցության դեմ իրականցվող հատուկ միջոցառումներին մասնակցում են հարյուրավոր զինվորականներ:

Օդանավը Թուրքիայից վերադարձել է Մոսկվա

Մոսկվայի «Դոմոդեդեւո» օդանավակայանում վայրէջք է կատարել ՌԴ ԱԻՆ օդանավը` ռուսաստանցի տուրիստներով, ովքեր տուժել էին Թուրքիայում տեղի ունեցած ավտովթարից: Ռուսաստան է բերվել 21 տուժած: Նրանց տեղավորել են Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում, Թուրքիայում են մնացել միայն 4 ծանր վիճակում գտնվողները:
Հիշեցնենք, որ Թուրքական Անթալիա քաղաքում տուրիստական ավտոբուսի վթարի պատճառով, օրերս մահացել էր 15 մարդ, որից 13-ը` ՌԴ քաղաքացիներ: Վթարի մեղավորը թուրք վարորդն է, ով քնել է ղեկին եւ մեքենան 15 մետր բարձրությունից ընկել էր գետը:

Պայթյունի հետեւանքով զոհվածների թիվն աճել է

7 մարդ է մահացել Ստավրոպոլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Պայթյունը տեղի է ունեցել արհմիությունների մշակույթի եւ սպորտի տան մոտ, որը տեղակայված է Ստավրոպոլի կենտրոնում:
Նախնական տվյալներով, գործի է դրվել պայթուցիկ սարք, որն ամրացված է եղել շենքի տանիքին,- հայտնել են ՆԳՆ մամուլի կենտրոնից: Պայթյունի հետևանքով  տուժածների թիվը հասնում է 40-ի:
Նախնական վարկածով տեղի ունեցածը ահաբեկչություն է: Պայթյունը կատարվել է քաղաքի մշակույթի պալատի մոտ` չեչենական «Վայնախ -Կովկասի լեգենդ» պետական պարային համույթի ելույթից 15 րոպե առաջ: 3 կին զոհվել են տեղում: 4-ը, այդ թվում՝ 2 անչափահաս աղջիկ, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ եւ մահացել են:
Վիրավորների մեջ կան նաեւ հայեր: Հրապարակվել է վիրավորների ցանկը, որում 3 հայի ազգանուն կա՝ Մելքումյան Լիանա (8 տարեկան), Մելքումյան Դիանա (16 տարեկան) եւ Սարգիսյանց Դավիթ (21 տարեկան): 10 մարդ շարունակում է մնալ ծանր վիճակում:
Հետաքննության նախնական վարկածով՝ ահաբեկչական հարձակումը նախապատրաստել են տեղի ազգայնամոլները: Հարուցվել է քրեական գործ:
 
Նաթանյահուն ընդունել է Բարաք Օբամայի հրավերը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ընդունել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում հանդիպելու Բարաք Օբամայի հրավերը: Սա կլինի երկու քաղաքական գործիչների առաջին հանդիպումը` այս տարվա մարտ ամսից հետո: Նաթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը շարունակելու է պաղեստինյան տարածքում բնակելի թաղամասի շինարարական աշխատանքները, ինչը մտահոգել էր Վաշինգտոնին: Կքննարկվեն նաեւ համատեղ հետաքրքրությունները` անվտանգության ոլորտում:

Վերին Լարսով կարող են երթեւեկել նաեւ բեռնատար մեքենաները

Վրաստանի հետ կայացած քննարկումների արդյունքնում, մայիսի 22-ից վերսկսվել է «Վերին Լարս–Կազբեկի» սահմանային մաքսային անցակետով բոլոր տեսակի ավտոմեքենաների, այդ թվում` մեծ տարողունակությամբ բեռնատարների, երթեւեկությունը: Այս մասին հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մինչեւ 30 ուղեւոր տարողունակությամբ ավտոմեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը:
Տեղեկացնենք, որ անցակետը, մարտի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, բաց կլինի ամեն օր` ժամը 06:00-ից մինչեւ 22:00, իսկ նոյեմբերի 1-ից մարտի 1-ը` ժամը 07:00-ից մինչեւ 19:00:

ԱՄՆ-ում սննկացել է 68 բանկ

ԱՄՆ-ի ֆինանսական կարգավորողները փակել են Ֆլորիդայում, Մինեսոտայում, Արիզոնայում եւ Կալիֆորնիայում մի շարք բանկեր: Ավանդների ապահովագրությամբ զբաղվող դաշնային կորպորացիան հաղորդել է Ֆլորիդայում գտնվող Bank of Bonifay փակման մասին, որն ուներ 242,9 մլն. դոլարի ակտիվներ եւ 230,2 մլն դոլարի դեպոզիտներ: FDIC-ը համաձայնվել է ձեռք բերել բանկի 78,1մլն. դոլար գումարի դեպոզիտները եւ ակտիվները:
Փակվել է Մինեսոտայի Access Bank-ը` 32 մլն դոլար ակտիվներով եւ նույնքան դեպոզիտներով: Նրա ակտիվները եւ դեպոզտիները կընդունի PrinsBank-ը: Ինչպես նաեւ փակվել է Արիզոնայի Towne Bank-ը եւ Կալիֆորնիայի Pacific Bank-ը, որի ակտիվները եւ դեպոզիտները փոխանցվում են Լոս Անջելեսի քաղաքային բանկին` City National Bank of Los Angeles-ին:
Ամենից սուրը ճգնաժամն ապրում են Ֆիզիկական անձանց հետ աշխատանքում մասնագիտացած ոչ մեծ բանկերը, քանի որ պետության կողմից օգնություն են ստանում հիմնականում միայն խոշոր ֆինանսական ինստիտուտները: ԱՄՆ ֆինանսական կարգավորիչի ցուցակում է 702 «խնդրահարույց» բանկ: 3 ամիս առաջ ցուցակը կազմված էր 552 բանկից:
Բանկերի ծախսերը, որոնք կարողացան մնալ բիզնեսում, կարող են հասնել 100 մլրդ. դոլար` հաջորդ 4 տարվա ընթացքում:

Ոսկին թանկանում է

Ոսկու համաշխարհային գները սահմանել են նոր պատմական ռեկորդ` 1.234,5 դոլար` մեկ ունցիայի համար: Գների բարձրացումը, առաջին հերթին, պայմանավորված է եվրոգոտու ապագայի նկատմամբ անվստահությամբ: Ոսկու անընդհատ թանկացումը կապված է համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո գործնական ակտիվությամբ` համաշխարհային մակարդակով:
Այսպես` ոսկին թանկանում է եվրոյի պատճառով:

Արման Դավթյան, Վահագն Նանյան, Արտակ Հայոցյան եւ սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 19 (151), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.