Ներքին խնդիրներ

Բորշչն եփել եմ ես, ես էլ… կուտեմ

«7օր.am»-ի հարցին, թե օտարալեզու դպրոցների բացման նախաձեռնության հեղինակն ի՞նքն է, թե՞ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել է.
– Այս նախաձեռնության գաղափարի հեղինակը ես եմ: Առաջարկը ներկայացրել եմ վարչապետին, քննարկումների արդյունքում մեր նախարարության կողմից տրամադրված հիմնավորումները եղել են բավականին հստակ եւ համոզիչ, օրենսդրական փոփոխությունների փաթեթը մշակել է մեր նախարարությունը, կառավարությունում ներկայացրել եմ ես, ողջ կառավարությունը հավանության է արժանացրել օրենսդրական այս փոփոխությունը: Եթե երկրի իրավունքի տեսանկյունից եւ ԱԺ կանոնակարգով նայենք, նախագահն օրինաստեղծ գործընթացի վրա այս փուլում ազդեցություն չունի: Երբ որ օրենքն ընդունվի ԱԺ-ի կողմից, գնա վավերացման նախագահի մոտ, այդ ժամանակ նախագահի սահմանադրական իրավունքն է՝ դիրքորոշում հայտնել ընդունված օրենքի վերաբերյալ: Դա կամ վավերացնելն է, կամ  չվավերացնելը, առարկություններով հետ՝ ԱԺ ուղարկելը:
Իսկ երբ լրագրողները փորձել են ճշտել, թե ՀՀ նախագահն ինչպե՞ս է տրամադրված այս օրինագծի վերաբերյալ, Ա. Աշոտյանը պատասխանել է.
– Հրաշալի հարցադրում է: Կարծում եմ՝ կարող եք ուղղել հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին:

* * *
Օտարալեզու դպրոցների բացումը` «դավաճանություն» է համարում Պարույր Հայրիկյանը
եւ պահանջում է Աշոտյանի հրաժարականը

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն  լրագրողների հետ հանդիպման ժամանակ օտարալեզու դպրոցների բացման մասին խոսակցությունները գույժ համարեց` «դա գույժ եմ համարում, որովհետեւ ավելի նողկալի բան, քան Հայաստանում հայոց լեզվի արհամարանքի դրսեւորումն է, չէր կարող լնել: Բայց դրան հակադարձեց ամբողջ հանրությունը, նույնիսկ ռուսական կրթություն ստացած մարդիկ»: ԱԻՄ նախագահի խոսքով, այս ամենը հայոց լեզվի նկատմամբ ցուցադրական նսեմացնող վերաբերմունք է, պարզապես դավաճանություն:
«Ես հանրապետականներին կոչ եմ արել սահմանազատվել այդ նախաձեռնությունից, մեղքը բարդել ում վրա ուզում են, կարելի է: Բայց, ճիշտ կլինի, որ կուսակցությունը սահմանազատվի այդ նախաձեռնությունից ու պաշտոնանկ անի, հետ կանչի իր նշանակած նախարարին ու նորին նշանակի»,- ասել է Պ. Հայրիկյանը եւ հավելել, որ եթե դպրոցների հարցը լուծվի եւ հաշվի չառնվի հասարակական հնչեղությունն ու հասարակության պահանջը, ապա այդ խնդիրը ստոր հետին նպատակներով է առաջնորդվում: Նա կարծում է, որ օտարալեզու դպրոցներում ուսանած աշակերտների օգուտը երկիրը պետք է զգա միայն 10-15 տարի հետո, իսկ նման հեռահար նպատակներ նախաձեռնողներից չի սպասում:
Այդպիսով` ԱԻՄ նախագահը օտարալեզու դպրոցներ հիմնելու նախաձեռնությունը համարում է «գործակալական համակարգի ներկայացուցչի» նախաձեռնություն:

Արձագանքում է ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը

«Պարույր Հայրիկյանի երգերը թող երգի ժողովուրդը, Հանրապետականը ինչո՞ւ պետք է երգի».- անդրադառնալով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի առաջաջարկներին, այդ թվում իր երգերը` Հանրապետականի կողմից երգելուն, ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Նա այսօր ասում է, ես լիդեր եմ հանրապետականի, հանրապետականը պետք է երգի իմ երգերը: Եթե նրա երգերը այդքան լավն են, թող ժողովուրդը երգի, Հանրապետականը ինչո՞ւ պետք է երգի»,- նշել է Զոհրաբյանը եւ հավելել, որ Հայրիկայնի այդ ասածները զավեշտ է համարում:
Նշենք, որ Պ. Հայրիկյանը մամուլով առաջարկել էր հանրապետության նախագահին իրեն վարչապետ նշանակել, ապա հրաժարական տալ: Նրա առաջարկով, ժամանակավորապես նախագահի պաշտոնը ստանձնելուց հրաժարվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

* * *
Մենք օտարներ չենք… չնայած առաջվա հայերն էլ չենք

ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում գտնվող մշակույթի օջախները` գրախանութներ, մշակույթի տներ, ստեղծագործական միություններ, գեղարվեսի սրահներ, սեփականաշնորհվեցին տարբեր մարդկանց կողմից, որը, ըստ «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի վարչության նախագահ Արեվշատ Ավագյանի, դրսից էր թելադրված:
Ըստ նրա, 1994թ. սկսկվեց ստեղծագործական միությունների սեփականաշնորհումը: Խոսելով մի շարք մշակութային օջախների սեփականաշնորհման մասին` նա կենտրոնացավ հենց իրենց` «Մշակույթի հայկական ֆոնդ»-ի վարչության խնդիների վրա:
«Քանի որ մեր խորհուրդ են գալիս անվանի մտավորականներ, խոսում ենք տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում նաեւ` իշխանական լծակներին մոտ կանգնած մի շարք մարդկանց մասին, իհարկե, ոչ դրական առումով, փորձում են այս ճանապարհով վրեժ լուծել մեզանից»,- բողոքել է Ա. Ավագյանը եւ նշել, որ իրենք նամակ են գրել վարչապետին, սակայն դեռեւս ոչ մի պատասխան չկա:
«Գիտությունների ազգային ակադեմիային իրավուքն է տրված, որ ամբողջովին ջլատեն մեր ուժերը, բայց ի հեճուկս իրենց, մենք շաբաթական 2 անգամ հանդիպում ենք, քննարկում մի շարք խնդիրներ: Նույնիսկ առաջարկում են նստացույց անել ԳԱԱ կենտրոնական շենքի աստիճանների մոտ, կամ ցույց, սակայն ես չեմ համաձայնվում, քանի որ ցանկանում եմ խաղաղ, բարեկիրթ ձեւով հասնել համաձայնության: Մենք օտարներ չենք… չնայած առաջվա հայերն էլ չենք: Այսօր թշնամու թելադրանքով, թշնամու կողմից տրված դրամաշնորհների տեսքով կաշառքները, ազգակործան խորհրդատավությունը մեզ հանում է իրար դեմ: Ներսի թշնամին հլու-հնազանդ քայքայում է մեր երկիրը, իսկ թիրախի կենտրոնում` հայկական մշակույթն է»,- հայտնել է Արեւշատ Ավագյանը:

* * *
Խմելու ջրի գինն անփոփոխ մնաց ձեւական

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 25-ի նիստում քննարկեց «Երեւան ջուր» ՓԲԸ կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման սակագների հարցը: Հաշվի առնելով Երեւանի քաղաքապետարանի կողմից «Երեւան ջուր»-ին տրամադրվելիք սուբսիդավորումը, հանձնաժողովը որոշեց թողնել անփոփոխ այդ գինը` 181 դրամ/խմ: Իրականում, սակայն, «Երեւան ջուր»-ը հասավ նպատակին` թանկացրեց ջուրը: Միայն թե սպառողի փոխարեն դա կվճարի քաղաքապետարանը: Իսկ սա էլ դա կանի հարկատուներիս` սպառողներիս հաշվին:

Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացմանը զուգահեռ ավելանում են խնդիրները

Սեւանա լճի ջրի մակարդակը բավականին ակտիվ բարձրանում է, ինչը դժվարեցնում է մի շարք աշխատանքների ու որոշ միջոցառումների իրականացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը:
Նրա խոսքերով, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սեւանա լճի ջրի մակարդակը բարձրացել է ավելի քան 60 սմ-ով: Եվ եթե լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն, այն էլ տեղատարափ անձրեւների առկայության պարագայում, այդ աշխատանքները, ինչպես նաեւ մերձափնյա մաքրման միջոցառումները, ավելի կդժվարանան. «Ասֆալտապատման խնդիր է առաջացել, քանի որ ընդամենը 15 օրվա ընթացքում ճանապարհներ են անցել ջրի տակ, ինչպես նաեւ անտառներ են մնում ճահիճների տակ»,- ահազանգեց մարզպետը եւ հավելեց, որ կառավարությունը գլոբալ միջոցառումներ պետք է ձեռնարկի եւ այդ նպատակով մեկ շաբաթ առաջ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն արդեն այցելել է մարզ:

Անի Մարության, Նարե Մշեցյան եւ սեփ. լրատվություն

Երկրաշարժ եւ հրդեհ

Մայիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 01:06-ին Հայաստանի տարածքում Սեւանա լճի ավազանում` Վարդենիս քաղաքից 17 կմ հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուտով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ժամը 06:01-ին երկրաշարժին հաջորդել է 2.1 մագնիտուտով հետցնցում: Ի դեպ մայիսի 11-ին` այստեղ կրկին երկրաշարժ էր գրանցվել:

* * *
Օրերս հրդեհ է բռնկվել Սայաթ-Նովա 10 բարձրահարկ շենքի տանիքում: Հարակից շենքի բնակիչները հրդեհը նկատելով` չեն շտապել ահազանգել Հրշեջ ծառայություն` կարծելով, թե իրենց իսկ խոսքերով, շենքի տանիքում «տոլ» են այրում: Մինչ հրշեջների ժամանելը շենքի տանիքում այրվող տոլածածկույթը հասցրել է թափվել ցած: Կրակի կտորները ընկել են 4-րդ հարկի պատշգամբ:
Բարեբախտաբար բնակիչը տանն է եղել, եւ մինչ հրշեջները պատշգամբին էին մոտեցնում շարժասանդուղքը, բնակիչը սեփական ուժերով մարում էր կրակը: Իսկ շենքի տանիքի կրակը մարեցին հրշեջները: Հրդեհի արդյունքում շենքի տանիքում այրվել է 20-25 քառ. մետր տարածք: Հասցված վնասները ճշտվում են:

Վիզան թանկացավ
2010թ. հունիսի 4-ից սկսած ԱՄՆ մուտքի գործնական ու տուրիստական արտոնագրերի համար նախատեսված 131 ԱՄՆ դոլար միջնորդավճարի չափը փոխվում է` դառնալով 140 ԱՄՆ դոլար: H, L, O, P, Q եւ R տեսակի արտոնագրերի համար միջնորդավճարը կկազմի 150 ԱՄՆ դոլար, E տեսակի արտոնագրերի համար` 390 ԱՄՆ դոլար եւ 350 ԱՄՆ դոլար K տեսակի արտոնագրերի համար:
Ըստ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության` արտոնագրի համար պետք է վճարել հարցազրույցի օրվա դրությամբ գործող միջնորդավճարի ամբողջ գումարը` անկախ այն հանգամանքից, թե վճարումը երբ է կատարվում.«Օրինակ` եթե դուք վճարել եք 131 ԱՄՆ դոլար տուրիստական արտոնագրի համար եւ Ձեր հարցազրույցը լինելու է հունիս 4-ից հետո, ապա հարցազրույցի օրը դուք պետք է 9 ԱՄՆ դոլարի տարբերությունը վճարեք: Տուրիստական, ուսանողական եւ փոխանակման ծրագրերի արտոնագրերի համար դիմում ներկայացրած անձինք այդ տարբերությունը կարող են հարցազրույցի օրը վճարել դեսպանատանը»:
«Միջնորդավճարի բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ գործող օրենսդրության Պետքարտուղարությունը պետք է կարողանա ապահովել հյուպատոսական ծառայությունների ծախսածածկումը գանձված միջնորդավճարների հաշվին: Այս փոփոխություններով միջնորդավճարներն առավել ճշգրիտ կերպով են արտացոլում ծառայությունների իրական արժեքը: Այս կերպ անհատներին, կազմակերպություններին ու առանձին խմբերին ուղղակիորեն առնչվող այս ծառայությունների հետ կապված ծախսերը հոգում են գանձված միջնորդավճարների եւ ոչ թե հարկատուների միջոցների հաշվին: Պետքարտուղարությունը միջնորդավճարները վերանայել է` հիմնվելով 2009թ. հունիսին ներկայացված ծառայության ինքնարժեքի ուսումնասիրության վրա: Այս ուսումնասիրությունը կատարվել է երկու տարվա հետազոտությունների հիման վրա և հանդիսանում է հյուպատոսական ծառայությունների համար գանձվող միջնորդավճարների վերաբերյալ Պետքարտուղարության կողմից կատարված ամենաամբողջական ու համակողմանի ուսումնասիրությունը: Միջնորդավճարների նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2008թ.» ,- ասված է հաղորդագրության մեջ:

Ալիեւը չի՞ հարձակվի
Քոչարյանն էլ չի՞ առաջադրվի

«Այսօր Հայաստանի համար իսկապես նման վտանգ կարող է լինել»,- պատմության մեջ հերթական անգամ տարածքներ կորցնելու հնարավոր վտանգի մասին ասել ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Եվ այդ պատճառով կոչ է արել միասնության` համարելով,որ ամենամեծ վտանգը պառակտվածությունն է:
Նա խորհուրդ տվեց լուրջ չվերաբերել, բայցեւ վախենալ Ալիեւի հայտարարություններից` «Ալիեւն արդեն պատերազմը հայտարարել է, մնում է հարձակվի» եւ պարզապես դեռ իրեն վստահ չի զգում, որ պահին զգաց, որ կարող է հաղթել` կհարձակվի, հավելել է Ռ. Զոհրաբյանը: Ու թեեւ մեր բանակն ունի զորակոչի խնդիր, ըստ Ռ. Զոհրաբյանի, դա բանակի մարտունակությունը չի վտանգում, քանի որ հարցը լուծվում է պայմանագրային ծառայողների միջոցով:
Ներքաղաքական խնդիրների մասին խոսելիս` Ռ. Զոհրաբյանն անկեղծացավ եւ նկատեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին լուրջ մրցակից էր. «Բայց այն ժամանակ, այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը այն Տեր-Պետրոսյանը չի»: Իսկ արդյոք Ռոբերտ Քոչարյանին ինքը համարում է գործող նախագահի մրցակի՞ց, նշեց, որ կարող է լինել լուրջ մրցակից, բայց վստահություն հայտնեց, որ Քոչարյանը չի դնի իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, որովհետեւ «Ս. Սարգսյանն էլ է ղարաբաղցի, ու բացի այդ, աշխարհում նման պրակտիկա չկա, որ 2 անգամ նախագահ աշխատելուց հետո նորից փորձեն դառնալ նախագահ»:
Դրանից բացի, ըստ նրա, Ռ. Քոչարյանը չի հայտարարել այդ մասին, իսկ ինչ վերաբերում է «Ղարաբաղի խնդրում նրա ակտիվությանը, ապա որպես նախկին նախագահ նա կարող է դերակատարություն ունենալ հարցի լուծման մեջ»: Իսկ Ռ. Քոչարյանի` վարչապետի պաշտոնում նշանակման հնարավորությունը նա հավանական չհամարեց, քանի որ. «Մենք վարչապետի կարիք չունենք»:
Նա վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմքերը ամուր ամուր համարեց, քանի որ իրենք որոշել են, որ վարչապետը լինի Հանրապետական:

«Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն

ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից 3,500.0 հազ. դրամ է հատկացրել «Վանաձորի N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մասնաշենքի նորոգման ու վերափոխման աշխատանքի համար:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N 6 երաժշտական դպրոցի շինարարությանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Գյումրու քաղաքային համայնքին սուբվենցիա հատկացնելու համար իր պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետարանին տրամադրել է 10,000.0 հազար դրամ:
«Մեդիամաքս» գործակալության նախաձեռնած «Ռոքն օգնում է Հայաստանին, Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով նախատեսվում է վերակառուցել վերը նշված դպրոցը: Այդ նպատակով ՀՕՖ-ը բացել է հատուկ հաշվեհամար, ուր փոխանցվելու է ս.թ. մարտին Երեւանում տեղի ունեցած Իեն Գիլանի բարեգործական համերգներից գոյացած հասույթը` 18,327.0 հազար դրամը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ մտադրություն կա Հայաստանում անցկացնել «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոն, որին մասնակցելու համաձայնություն են տվել աշխարհի բազմաթիվ երաժիշտներ:

Վարչապետը` Սանկտ-Պետերբուրգում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը օրերս աշխատանքային այցով եղավ Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում եւ մասնակց Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին` կառավարությունների ղեկավարների մակարդակով, ինչպեսեւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Կառավարական պատվիրակության կազմում էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը, պաշտոնատար այլ անձինք:
Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում ԵվրԱզԷՍ-ի անդամ եւ դիտորդ երկրների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումից եւ կառույցում հետագա գործակցության առաջնային ուղղությունների քննարկումից հետո հանդիպումը շարունակվի «1+2+4» ձեւաչափով, որին միացան պատվիրակության անդամները:
Կառույցի անդամ են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, դիտորդներ են` Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի անունից տրվեց աշխատանքային ճաշ, եւ կայացավ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ավելի քան 20 փաստաթղթերի նախագծեր` միտված կառույցի անդամ-երկրների միջեւ համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական եւ հումանիտար ոլորտներում, անվտանգության ապահովման բնագավառներում:
Քննարկվեց ԱՊՀ տարածքում տնտեսական համագործակցության բլոկը: Գործադիր մարմինների ղեկավարները քննարկեցին ԱՊՀ մասնակից-պետությունների էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնցեպցիայի իրագործման առաջնային միջոցառումների մասին որոշումը: Վարչապետները հաստատեցին ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման փուլերի վերաբերյալ արձանագրությունը: ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն տվեցին Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության պետական ինստիտուտին կադաստրի, երկրաբանության, քարտեզագրության մասնագետների պատրաստման բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման հարցին:
Քննարկվեց նաեւ ԱՊՀ երկրների վետերանների կազմակերպությունների առջեւ ծառացած սոցիալական խնդիրների լուծման ծրագիրը: Իսկ ԱՊՀ մասնակից-պետությունների վարչապետները քննարկեցին կառույցի 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը:

Կրկին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին

Աշխարհում յուրաքանչյուր 14 վայրկյանը մեկ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի պատճառով որբանում է 1 երեխա: Միայն 2008թ. աշխարհում 2 մլն. մարդ է մահացել ՁԻԱՀ-ից: Վերջերս Երեւանում, «Սիրահարների զբոսայգում» հարյուրավոր մոմեր վառվեցին ու լողացին ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էր Երիտասարդ հավասարակիցների (Y-PEER) ցանցի երեւանյան խումբը` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Ամեն տարի` մայիսի 3-րդ կիրակի օրը, ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության արարողություն է տեղի ունենում 85 երկրների շուրջ 3.000 համայնքներում: Առաջին միջազգային մոմավառության արարողությունը տեղի է ունեցել 1983թ., երբ ՄԻԱՎ-ը դեռ այդքան մեծ տարածում չուներ ամբողջ աշխարհում: Արդեն մի քանի տարի է, որ Հիշատակի մոմավառության արարողություն է տեղի ունենում նաեւ Հայաստանում: Միջոցառման նպատակը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը հավերժացնելն է ու համաճարակի կործանարար ազդեցությունը մարդկանց տեսանելի դարձնելը:
«Սիրահարների այգում» բացվել էր նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տեղեկատվական ցուցահանդես, իսկ կազմակերպիչները այցելուներին բաժանում էին տեղեկատվական գրքույկներ: 1988թ-ից մինչեւ 2010թ. մարտի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 842 դեպք, որոնցից 149-ը` 2009թ-ի ընթացքում: ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է:
ՀՀ-ում համաճարակի սկզբից գրանցվել է 207 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակակիրների մահվան դեպք, մահացածների թվում կան 35 կին եւ 4 երեխա:

«Հայկազունների ազգային միության» խնդիրները

«Ահա ձեզ փաստաթղթեր, որ կազմակերպությունը ոչինչ չունի, բոլոր տարածքները վաճառված են»,- «Հայկազունների ազգային միության» համագումարում հայտարարեց միության անդամ «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն Էդգար Միքայելյանը: Ի պատասխան նրա հայտարարության` միավորման վերընտրված նախագահ Լեւոն Մխիթարյանը ներկայացրեց այլ փաստաթղթեր, որոնց թվում նաեւ Հրազդանի կիրճում 36 հա հողատարածքի սեփականության վկայական («Հայկազունների ազգային միությունը» ստեղծվել է 1988թ-ին` որպես սկաուտական, կադետական, սեպուհական միավորում` Լևոն Մխիթարյանի ջանքերով):
«Իմ նպատակն էր ստեղծել կրթահամալիր, որը կհամախմբի բոլոր անապահով եւ ծնողազուրկ երեխաներին ու կադետական ուսում տա նրանց»,- ասել է Լ. Մխիթարյանը` հավելելով, որ հենց միության հիմքի վրա է ստեղծվել այժմյան «Փոքր Մհեր» կրթահամալիրը, որի շուրջ այժմ ստեղծվում են հակասական տրամադրություններ:
1 հա հողատարածքը, որի վրա այժմ տեղակայված է «Փոքր Մհեր» ՊՈԱԿ-ը, նվիրատվություն է արվել պետությանը եւ իրենք պահանջ չունեն այդ տարածքի նկատմամբ, «մնացած 36 հա հողատարածքը, որը խնդրո առարկա է դարձել, պատկանում է «Հայկազունների ազգային միությանը» եւ մենք ունենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,-նշել է Լ. Մխիթարյանը:
Ի դեպ, Է. Միքայելյանի հետ ժամանած զինվորական համազգեստով անձանցից մեկը համագումարի ավարտին հարց բարձրեց, թե ե՞րբ խորհուրդը հաշվետվություն կներկայացնի կազմակերպության գույքի շարժի վերաբերյալ, իսկ երբ նրանցից փորձեցին պարզել, թե ի՞նչ իմաստ կա բարձրացնել նման հարց, եթե իրենք պնդում են, թե կազմակերպության անշարժ գույքը վաճառված է, պատասխան չտրվեց:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 19 (151), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.