Կրոնական քաղաքականության պտուղները

Օրերս «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) ԱԳ նախարարների խորհրդի 37-րդ նիստում ընդունվել են բանաձեւեր, որոնցից մի քանիսում հակահայկական բնույթի ձեւակերպումներ ու գնահատականներ են տրվել: Մասնավորապես, ընդունված բանաձեւերից մեկով՝ Ադրբեջանի փոխանցմամբ, իսլամական երկրներն իրենք իրենց որոշել են, որ Հայաստանն «ագրեսոր է»: Այս բառը իրավական եզր է՝ ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն, որը ենթադրում է մեկ պետության կողմից մեկ այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից ուժի ապօրինի կիրառումը: Ըստ որում՝ «ագրեսիա» հասկացությունն անպայման ենթադրում է նախաձեռնություն, այսինքն՝ այդ բնորոշումը կարելի է տալ միայն նախահարձակ պետությանը:
Սակայն ԻԿԿ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող մատնանշել որեւէ տարեթիվ կամ ժամկետ, երբ Հայաստանը Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ «ագրեսիա» է իրականացրել:

Եթե նման բան լիներ, դրան անպայման կանդրադառնար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ կընդուներ համապատասխան բանաձեւ, որին էլ կհաջորդեին համապատասխան գործողություններ: Իսկ ՄԱԿ ԱԽ-ն ԼՂ-ի հիմնահարցի վերաբերյալ 4 բանաձեւ է ընդունել, եւ 4-ում էլ հստակ գործողությունների կոչով դիմել է Ադրբեջանին ու ԼՂ-ի հայկական զորքերին:
Ուստի, ԻԿԿ շրջանակներում ընդունված որեւէ փաստաթուղթ գործնականում որոշիչ արժեք չունի, բայց հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանություններն ու պաշտոնական քարոզչությունն այն գործածելու են գոնե ներքին խնդիրները լուծելու համար… Բայց շատ վտանգավոր է, որ ԻԿԿ անդամ երկրները, որոնց շարքում կան միջազգային լուրջ պատասխանատվություն ստանձնած պետություններ, տեղի են տալիս ադրբեջանական սադրանքներին:
Իսլամական երկրների շատ ներկայացուցիչներ արդարանում են, թե Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից նման որոշումների նախագծեր շրջանառության մեջ դնելու դեպքում իրենց պասիվ կեցվածքը պայմանավորված է իսլամական համերաշխության գործոնով:
Եվ սա առաջին դեպքը չէ, որ «իսլամական համերաշխության» գործոնը թուրք-ադրբեջանական համագործակցությունը փորձում է ծառայեցնել սեփական շահերին: Բայց եթե այդ «գործոնի» չարաշահումը նախկինում մեծ ազդեցություն ունենալ չէր կարող ԼՂՀ հակամարտության կարգավորման վրա, ապա հիմա իրավիճակն այլ է՝ այն պայմանավորված է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությամբ:
ԼՂ-ի հիմնահարցում միջնորդական առաքելություն իրականացնում է Մինսկի խումբը, որը ձեւավորվել է ԵԱՀԿ շրջանակներում եւ հենց այդ կառույցն է որոշումներ կայացնում հակամարտության վերաբերյալ: 2010թ. հունվարից ԵԱՀԿ-ում նախագահությունն առաջին անգամ վստահվեց հետխորհրդային երկրի՝ Ղազախստանին: Սակայն, անկողմնակալ, հավասարակշռված ու չեզոք դիրքորոշում խոստացող Ղազախստանը, իր նախկին գործելաոճին համապատասխան, անտեսելով ոչ միայն ԵԱՀԿ նախագահող լինելու հանգամանքը, այլեւ՝ Հայաստանի հետ ռազմա-քաղաքական դաշինքի՝ ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անդամակցության փաստը, կրկին տեղի տվեց «իսլամական համերաշխությանը» եւ ադրբեջանական կեղծիքին:
Հայաստանում Ղազախստանի դեսպանության դիվանագետներից մեկը հայկական զլմ-ներին վստահեցրել է, թե իբր տեղի ունեցած քվերակության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունի, հետո կասկած հայտնել, թե «հնարավոր է՝ Ղազախստանը ձեռնպահ է եղել»: Ի դեպ, վերջերս ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական ծառայություններ էր առաջարկել նաեւ մեր հարեւան Իրանը, որը նույնպես «Իսլամական կոնֆերանս»-ի անդամ է, եւ նույնպես շատ բարեհաջող խուսափում է «իսլամական համերաշխության» չարաշահումներին հակազդելուց:
Իսկ Ղազախստանն ու Իրանը եւ մյուս բոլոր պատասխանատու ու ազդեցիկ իսլամական երկրները (Եգիպտոս, Սիրիա, Լիբանան եւ այլն) կարող էին հակազդել:
Մենք մի առիթով կասկածել էինք  Հայաստանի՝ ԱՊՀ ՀԱՊԿ անդամության հարցի կարեւորությունը, երբ Նախիջեւանում վերջերս հավաքվել էին թյուրքական երկրների ներկայացուցիչները, եւ Ղազախստանը, Ղրղըզստանն ու Թուրքմենստանը (ԱՊՀ ՀԱՊԿ անդամներ) Հայաստանի եւ Արցախի նկատմամբ տարածքային պահանջներ էին ներկայացրել (նաեւ Զանգեզուրն էին համարել թյուրքական հող)՝ հօգուտ Ադրբեջանի: Հիմա էլ նույն վիճակն է ԻԿԿ-ի պարագայում, հատկապես Ղազախստանի եւ Իրանի պարագայում: Եթե հիշենք, որ ՎՈւԱՄ-ի կազմում գտնվող Ուկրաինան, որը լավացրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ կարծես փորձում է ԱՊՀ վերադառնալ, դեռեւս չի անդրադարձել հայաստանի եւ Արցախի դեմ կիրառված ՎՈւԱՄ-ական սադրանքներին, ուրեմն Երեւանը պետք է լրջորեն մտորի տարածաշրջանային քաղաքականության շուրջ……
Հետաքրքիր է, իսկ որտե՞ղ է «քրիստոնեական համերաշխությունը». ամբողջ Արեւմուտքը՝ ԱՄՆ-Եվրոպ
այով, Ռուսաստանով եւ այլերով… Ընդհակառակը քրիստոնեական համարվող շատ երկրներ լա՜վ էլ համերաշխ են իսլամական Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու հայտնի չէ, թե այդ երկրների ժողովուրդներն ում են աղոթում եւ առհասարակ աղոթու՞մ են, թե՞ հոգեւոր «օնանիզմով» են զբաղվում…

Արտակ Հայոցյան

Ի՞նչ է ասել Համենեին իրականում

«Իրանի դիրքորոշումը խիստ հստակ է, բազմաթիվ անգամներ դրա մասին խոսվել է, այն որեւէ փոփոխություն չի կրել»,- «Panorama. am»-ին ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան ներկայացուցիչը՝ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության վերաբերյալ «Salamnews» կայքում հրապարակված հետեւյալ տեղեկատվությանը. «Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Համենեի դիրքորոշումը ի սկզբանե եղել է հստակ ու շիտակ` Ղարաբաղը Մուսուլմանների հողն է, ովքեր զոհվել են նրա համար մղվող պայքարում, շահիդներ են, իսկ անջատողականների հետ որեւէ կապը անթույլատրելի է ու անօրինական»:
«Այս լուրը հրապարակել է ադրբեջանական աղբյուրը, իրականում նրանց հավակնություններն են, այսինքն` իրենք պետք է ապացուցեն, թե իրոք այդպիսի խոսքեր ասվե՞լ են, թե՞ ոչ»,- ասել է իրանցի դիվանգետը եւ հավելել. «Ուղղակի, «Salamnews» կայքում տեղադրած լուրը ռուսերեն լեզվով է: Իրանում էլ կա «Salamnews» կայք, բայց դա նույնը չէ, այն պարսկալեզու է: Ես բոլոր պարսկալեզու կայքերը ստուգել եմ ու որեւէ նման տեղեկատվություն չեմ հանդիպել, եւ այդ «Salamnews»-ը, որ հրապարակել է այդ տեղեկատվությունը, ադրբեջանական կայք է»: Դիվանագետը վստահեցրել է, որ «Իրանի դեսպանությունը Ադրբեջանում հարցում կկատարի, թե որն է եղել այդ հրապարակման աղբյուրը եւ համապատասխան հայտարարություն անպայման կարվի»:

Իսկ մինչ այս…
Վերջին ամիսներին արցախյան հիմնախնդրի շուրջ Իրանի բացահայտ հետաքրքրությունն ու բազմաթիվ «բաց» հայտարարությունները, անշուշտ, առավելապես մեզանում դիտարկվեցին ու գնահատվեցին որպես հարեւան երկրի՝ միանգամայն ընկալելի եւ հասկանալի շահագրգռվածություն: Սակայն այսօր՝ Իրանի նկատմամբ Արեւմուտքի դիրքորոշումը մի կողմից, Իրան-Ռուսաստան, Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա փոխհարաբերությունները` մյուս կողմից, ԼՂՀ հիմնախնդրում շահերի, տարածաշրջանում վերադասավորումների առումով իրավամբ կարող են ուշագրավ նրբերանգներ ստանալ:
Եվ վերջերս ադրբեջանական պարբերականներում հրապարակված տեղեկատվությունը իսկապես զարմանալի էր: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան հերքումից զատ պաշտոնական Թեհրանը պետք է արագ արձագանքի՝ հերքի ադրբեջանական զլմ-ների հայտարարությունը, եթե ոչ, ապա սա իսկապես բավական լուրջ մտորելու թեմա է դառնում:
Սակայն սա դեռ ամենը չէ, այդ դիրքորոշումը նախեւառաջ իրենից ներկայացնում է Համենեի՝ որպես այաթոլլայի որոշում, ֆետվա (հրովարտակ). «Եվ քանի որ ֆետվան Շարիաթի կամքն է՝ այդ իսկ պատճառով բոլոր մուսուլմանները պետք է հետեւեն այդ պատգամին: Սա նաեւ քաղաքական դիրքորոշում է՝ որպես երկրի առաջնորդի: Եվ եթե պարզվի, որ գոյություն ունի որեւէ կապ անջատողական ռեժիմի հետ՝ դա արդեն պետք է իրավական հարթությունում հստակեցվի: Այս դիրքորոշումը երբեք չի վերանայվելու»,- ասված է Իրանի հոգեւոր առաջնորդի քարտուղարության անունից տարածած հայտարարության մեջ:
Իրանը՝ որպես հարեւան պետություն, մշտապես իր դիրքորոշումն է ունեցել արցախյան խնդրի առնչությամբ, պարբերաբար իր՝ որպես հակամարտության կարգավորման հարցում շահագրգիռ պետություն, միջնորդական առաքելությունն է առաջարկել բանակցող կողմերին:
Սակայն համաձայնեք՝ այն, ինչ ասվում է վերոնշյալ կրոնական-իրավական երանգով հայտարարությունում, իսկապես բավական լուրջ խնդիր է, որին պետք է արձագանքեն թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի իշխանությունները…

Վահագն Նանյան

 
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.