Հունիսի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Օրակարգում ընդգրկված էին Հայ եկեղեցու ներեկեղեցական եւ միջեկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր:
Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը ժողովականներին ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները£ Հունիսին Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա 2-րդի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով նախատեսված էր Վեհափառ Հայրապետի պաշտոնական այցը Վրաց եկեղեցի եւ Վիրահայոց թեմ: Սակայն, վերջինիս թեմական խորհրդի խնդրանքով, այցը Վրաստան հետաձգվել է հոկտեմբերի 22-23-ը: Այդ ժամանակ Գարեգին Բ-ն կլինի Իլիա Կաթողիկոս-պատրիարքի հյուրը, իսկ հոկտեմբեր 24-28-ը Հովվապետական այց կկատարի Վիրահայոց թեմ՝ Թբիլիսի եւ Ջավախք:
* * *
Ֆրանսիայի Հանգենյու քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» նորընտիր հանձնախմբի անդրանիկ հանդիպումը:
Քննարկվել է 2010-2013թթ. աշխատանքային ծրագիրը, հաստատվել են հանձնախմբի 2011թ. աշխատանքային հրամայականները: Անդրադարձ է կատարվել եվրոպական երկխոսության տարբեր հարցերին, համաշխարհայնացման մարտահրավերներին եւ Եվրամիության 2020թ. ծրագրերին: Մասնակիցներն այցելել են նաեւ Եվրախորհրդարան, հանդիպել Եվրախորհրդի միջմշակութային երկխոսության, կրթության եւ երիտասարդության հարցերով պատասխանատուի հետ, այցելել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրել է «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը:
Նարե Մշեցյան
* * *
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվել է նաեւ միաբանական հավաք. Վերջինը 4 տարի առաջ էր, հունիսի 2-ինը 5-րդ հավաքն էր: Միաբանական հավաքին մասնակցելու համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ժամանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում եւ կառույցներում իրենց ծառայությունը բերող Ս. Էջմիածնի շուրջ 95 ուխտապահ միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ):
Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, եռօրյա հավաքի ընթացքում քննության կառնվեն Հայոց եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերները, հասարակության հոգեւոր-բարոյական կյանքին առնչվող խնդիրներ եւ հովվական բնույթի հարցեր: Կլսվեն բանախոսություններ, միաբաններին կներկայացվեն Մայր Աթոռի տարբեր կառույցների ընթացիկ գործունեությունը լուսաբանող նյութեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները կմասնակցեն նաեւ ս. Հռիփսիմյանց, ս. Գայանյանց, ս. Գրիգոր Լուսավորչի եւ Ս. Էջմիածնի տոների առիթով կազմակերպված ուխտագնացություններին, թափորներին եւ տոնական միջոցառումներին:
Նշենք, որ միաբանական նախորդ համագումարները գումարվել են 1988, 2001, 2003 եւ 2006 թվականներին:
«Լուսանցք» թիվ 21 (152), 2010թ.



