Հայկական զլմ-ները տեղեկացնում են, որ Կրասնոդարի հայերի «Երկրամաս» թերթը պեղել է այս տարվա «Եվրատեսիլ»-ի հաղթող գերմանացի Լենա Մայեր-Լանդրուտի հայկական ծագումը: Երգչուհու պապը դիվանագետ է եւ եղել է ԽՍՀՄ-ում Գերմանիայի դեսպանը, եւ 2005թ. «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, թե իր կինը, այսինքն Լենայի տատը, հայ է:
Հիշեցնենք, որ Նորվեգիայում կայացած «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Եվա Ռիվասը (ով 7-րդն էր) նույնպես հայկական արմատներ ունի եւ նա էլ է Ռուսաստանի հայերից սերում, Դոնի Ռոստով քաղաքից է:
Անի Մարության
Շախմատում ունենք նաեւ մրցավարներ
ՖԻԴԵ-ն միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին նշանակել է Խանտի Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային Օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ: Երեւանցի մեկ այլ միջազգային մրցավար՝ Արմեն Նիկողոսյանը, կլինի Օլիմպիադայի մրցավարներից մեկը:
Կարող է լինել մրցանակակիր
Հնդկական Մումբայ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին փուլից առաջ մեր շախմատիստներից միայն Գեւորգ Հարությունյանն է հավակնում մրցանակային տեղի: Նա վաստակել է 7,5 միավոր եւ 8-րդ տեղում է: Մեր շախմատիստը մրցաշարի առաջատար Դմիտրի Կոկարեւին (Ռուսաստան) զիջում է 1 միավորով: Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով զբաղեցնում է 124-րդ տեղը:
Մեդալներ կլինեն
Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկներից Հովհաննես Դանիելյանը (48 կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Խաչատրյանը (81 կգ) եւ Հրաչյա Ջավախյանը (64 կգ) մտել են կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ նրանք մեդալով կվերադառնան Հայաստան: Հետաքրքիր է, որ Հովհաննես Դանիելյանի հաջորդ մրցակիցը ադրբեջանցի Էլվին Մամիշզադեն է, ով 1/4 եզրափակիչում անսպասելի հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանին:
Ական փնտրող ռոբոտները
Հայաստանում անցկացված առաջին «Ական փնտրող ռոբոտներ»-ի մրցույթի արդյուքներն ամփոփվեցին: Սիրահարների զբոսայգում կայացավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության հիշյալ մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակցում էին 9 թիմ, որոնց պատրաստած ռոբոտը պետք է գտներ հողի տակ պահված ականները եւ սերվերին ուղարկեր վերջիններիս դասավորությամբ քարտեզը: Հաղթող պետք է ճանաչվեր այն թիմը, որն իր առջեւ դրված խնդիրը կլուծեր նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:
Քանի որ ոչ մի թիմ մինչեւ վերջ չկատարեց իր առջեւ դրված խնդիրը, ժյուրին որոշեց հանձնել 3-րդ տեղի 2 մրցանակ: 3-րդ տեղ զբաղեցրին Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի «Էրիկտա» եւ Ռուս-Հայկական պետական համալսարանի (Սլավոնական) «Սայբեր Ռաու» թիմերը, որոնք ստացան 100.000-ական դրամ: Մյուս 7 թիմերը ստացան խրախուսական մրցանակ՝ 40.000-ական դրամ:
Այս տարի նախատեսվում է անցկացնել նաեւ «Ռոբոտների համակարգչային սիմուլյացիա» մրցույթը, ինչպես նաեւ տեղի կունենան ռոբոտների ցուցադրություններ Երեւանի տարբեր հատվածներում, ՀՀ մարզերում: Ցուցադրություններին կմասնակցեն նախորդ մրցույթներին մասնակցած ռոբոտները, կներկայացվեն ռոբոտոտեխնիկային վերաբերող միջազգային մրցույթների մասին պատմող ֆիլմեր: Համալսարաններում եւ դպրոցներում կանցկացվեն նաեւ տեղեկատվական սեմինարներ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) 2008թ.-ից է սկսել կազմակերպել Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը (ArmRobotics), որի նպատակն է համախմբել երիտասարդ գիտնականներին, ներգրավել սփյուռքի գիտական ներուժը, երիտասարդների մոտ զարգացնել թիմային մտածելակերպը եւ աշխատանքը, խթանել նոր տեխնոլոգիաների մուտքը Հայաստան:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 22 (153), 2010թ.



