Արտաքին հարցեր

Մարգարետ Սեկագգյան Հայաստանում

Հունիսի 14-18-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների կարգավիճակի մասին հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագգյան իրականացրեց իր առաջին առաքելությունը Հայաստանում: Սա կլինի նաեւ 2000թ. ի վեր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների դեսպանի առաջինը այցը: «Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական զեկույցի վերջին ակնարկը Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի մասին լավ հնարավորություն է տալիս քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանների մանդատների առաջարկությունները եւ գնահատելու Կառավարության այն մեխանիզմները, որոնք արդեն նպատակ ունի ապագայում կիրառել», – այցից առաջ ասել էր անկախ փորձագետը:

«Առաքելության նպատակն է անձամբ, օբյեկտիվ եւ անկողմնակալ կերպով գնահատել երկրում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակը եւ նախաձեռնել իշխանությունների հետ կառուցողական համագործակցության գործընթաց»,- ավելացրել է տկն. Սեկագգյան, ով Հայաստան է այցելել կառավարության հրավերով: Առաջնային տեղեկատվություն հավաքելու համար հատուկ զեկուցողը հանդիպել է պետական պաշտոնյաների, օրենսդրական եւ դատական ճյուղերի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության լայն շրջանի եւ մամուլի հետ, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գործակալությունների եւ մարդու իրավունքներով զբաղվող տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների ու դիվանագիտական կորպուսի հետ:
Հայաստան հատուկ զեկուցողի այցը եզրափակող մամլո ասուլիսը կայացել է Երեւանում հունիսի 18-ին: 2011թ. Մարդու իրավունքների խորհրդին կներկայացվի վերջնական զեկույց: Ի դեպ` Մարգարետ Սեկագգյան դատավոր է Ուգունդայում:

ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է հաշվետվությունը.
Հայկական կողմը որոշ դիտողություններ է հայտնել

Վերջերս իր Խորհրդի նիստում Եվրամիության Խորհրդատվական խումբը ներկայացրեց մեկամյա գործունեության հաշվետվությունը: Նկատենք, որ ԵՄ Խորհրդատվական խումբն աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Անցած 1 տարվա ընթացքում ԵՄ խորհրդատվական խումբը առաջարկություններ է ներկայացրել քաղաքական ու տնտեսական ոլորտների վերաբերյալ: Հիմնադրվել է Դիվանագիտական ակադեմիա, որը նիստը վարող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Հայաստանի համար առաջընթաց քայլ է համարել:
«Նկատելի են իրավական ոլորտում կատարված փոփոխությունները, որի արդյունքում մենք հաստատեցինք ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, այս տարի մենք կավարտենք մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը»,- տեղեկացրել է ԱԱԽ քարտուղարը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերն ասել է, որ իր համար կարեւոր է, որ Հայաստանը կոնկրետ աջակցություն է ստացել եւ ուրախ կլինի շարունակել աշխատանքը: «Եվրամիության այս նորարար ծրագիրը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանի կառավարությանը` կարեւոր բարեփոխումների իրականացման համար»,- նկատել է Լուցենբերգերը` հավելելով, որ ԵՄ հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված այս մեթոդը շուտով կկիրառվի նաեւ Մոլդովայում:
ԵՄ Խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բյոնկեն համառոտ ներկայացնելով կատարված աշխատանքը` նշել է կոռուպցիայի դեմ պայքարն հաջողությամբ իրականացնելու համար իրենք Հայաստանի կառավարությանն առաջարկություններ են ներկայացրել, խորհրդատվություն են իրականացրել մաքսային ոլորտում ազատականացում իրականացնելու ուղղությամբ եւ պատրաստվում են կառավարությանն աջակցել նաեւ կենսաթոշակային բարեփոխումներն իրականացնելիս:
Հետագա քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ հայկական կողմը մի քանի դիտողություններ ունի կատարված հաշվետվության վերաբերյալ: Մասնավորապես, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշել է, որ մաքսային ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք նշված չեն հաշվետվության մեջ: Արթուր Բաղդասարյանն էլ ասել է, որ հաշվետըվության մեջ կան որոշ անճշտություններ: Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանն էլ նշել է, որ բովանդակային խնդիրներ կան հաշվետվության մեջ: Ինչ վերաբերում է Գյուղատնտեսության ոլորտին, ապա ԳՆ փոխնախարար Սամվել Ավետիսյանի կարծիքով. «Հաշվետվության մեջ մի քիչ ավելի շատ է գրված, քան իրականացվել է»: Նա Խորհրդատվական խմբին առաջարկեց, որ օրինակ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերը քննարկվեն համապատասխպան նախարարության հետ, այլ ոչ թե Էկոնոմիկայի նախարարության, ինչպես արվել է Խմբի գործունեության ընթացքում:
ԳՆ փոխնախարարի առաջարկը պաշտպանեց նաեւ Արթուր Բաղդասարյանը եւ իր հերթին առաջարկեց, որ գերատեսչությունները ներկայացնեն կոնկրետ առաջարկներ, որոնք էլ կփոխանցվեն Խորհրդատվական խմբին:

Ստորագրեցին` «Հազարամյակի» նպատակներով

Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գրեչնեւան ստորագրեցին 2010-2015թթ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միավորված Ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջեւ համագործակցության գործողությունների ծրագիրը»:
Փաստաթուղթը մշակվել է նախորդ` 2005-2009թթ.-ին իրականացված հհամագործակցության փորձի հիման վրա եւ համանհունչ է ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակներին:
 
Ամենաանորոշ վիճակը Հայաստանում է

«Եվրոպան Հայաստանի համար շարունակում է մնալ նույնքան հեռու, ինչքան Նոր Զելանդիան»,- ափսոսանքով արձանագրել է Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա, սակայն, այնքան էլ չի հուսահատվում, քանի որ. «Մենք որքան էլ փորձում ենք հեռանալ, Եվրոպան այնքան մեզ մոտենում է»:
Սա միակ գնահատականը չէր, որ հնչեց Գյումրիում կազմակերպված «ԵՄ-Հայաստան համագործակցություն. Ներկան եւ հեռանկարները» 2-օրյա սեմինարի ընթացքում: Կազմակերպիչներից` Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ մեկ այլ համեմատություն հիշեց. «Եվրամիությունը նման է փղի` դանդաղ է որոշում, սակայն եթե որոշում է` դանդաղ, բայց հստակ քայլերով շարժվում է հենց այդ ուղղությամբ»:
Մասնավորապես Եվրամիությունն այսօր Հայաստանի ուղղությամբ շարժվում է Արեւելյան գործընկերության` ԱլԳ ծրագրի շրջանակներում: Հայաստանը մեկն է այն 6 երկրներից, որին նաեւ այս ծրագրով ԵՄ-ն իր համար փորձում է դարձնել կանխատեսելի, հասկանալի եւ անվտանգ:
Իսկ ի՞նչ վտանգ էր ներկայացնում Հայաստանը: Ըստ ԵՄԱ նախագահի` Հայաստանը վտանգավոր կարող էր լինել, օրինակ` Եվրոպա թմրամիջոցների, զենքի, ապօրինի միգրանտների արտահանման տեսանկյունից:
Հայաստանի եւ Եվրամիության համագործակցության հիմքերը դրվել են 1996թ-ին, երբ ստորագրվեց Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը: Սակայն այս 14 տարիների ընթացքում ԵՄ-ն դեռ հստակ պատկերացում չի ձեւավորել, թե կոնկրետ ինչ ծրագրեր պետք է իրականացնել Հայաստանում: ԱլԳ ծրագրում ընդգրկված երկրներից (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուսիա, Ադրբեջան, Մոլդովա) ամենաանորոշ վիճակը մեր երկրում է: Այս կարծիքն ունի ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, ում ղեկավարած կազմակերպությունը ԱլԳ Քաղաքացիական հասարակության համաժողովի անդամ է: (Համաժողովը ստեղծվել է նախորդ տարի` նպաստելու Արեւելյան գործընկերության նպատակների իրականացմանը: Հայաստանից անդամակցում է 21 կազմակերպություն):
ԵՄ-Հայաստան ասոցաման պայմանագիրը նախատեսում է կնքել մինչեւ տարեվերջ: Պայմանագիրը, որի կնքման բանակցությունների մեկնարկը տրվել է հունիսի 17-ին, ենթադրում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսության խորացում, տնտեսական առավել խորը համագործակցություն:
Ի դեպ, միայն ինստիտուցիոնալ բարեփոխումների համար Հայաստանին այս ծրագրով կհատկացվի 32 մլն. եվրո:

2216 բանաձեւի մասին

«Հայաստանում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաեւ ընդդիմության ակտիվիստ եւ լրագորղ Նիկոլ Փաշինյանի` հունիսի 18-ի համաներումից հետո էլ շարունակվող ազատազրկումը մտահոգում են եվրոպացի խորհրդարանականներին»,- նշված է Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված թիվ 2216 բանաձեւում:
Փաստաթղթում հստակեցնում են Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները, որոնք Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվել էին դեռ ապրիլի սկզբին: Եվրամիության ընդարձակման գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հարավկովկասյան 3 պետությունների ղեկավարներին զգուշացրել է, որ համագործակցությունն առանց բարեփոխումների անհնարին է. «Եվրամիության հետ մերձեցման պարտավորությունը, որ ստանձնել են մեր հարավկովկասյան գործընկերները, պետք է հանգեցնի քաղաքական կայունության ամրապնդմանը, ժողովրդավարության ու շուկայական տնտեսության ուղղությամբ հետագա առաջընթացին: Մենք կոչ ենք անում Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին առաջ շարժվել ժողովրդավարության, բազմակածության վրա հիմնված ժամանակակից հասարակության ստեղծման ու հարեւանների հետ խաղաղության հաստատման ուղղությամբ»:
Ընդունված փաստաթղթի հեղինակները բավական մանրամասն կերպով անդրադառնում են հարավկովկասյան սառեցված հակամարտությունների՝ նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: «Եվրոպական խորհրդարանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի բանակցությունների դինամիկ ընթացքը: Դրա ապացույցներից մեկը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների թվով վեց հանդիպումներ էին, որ տեղի են ունեցել 2009թ. եւ ընթացել են մոսկովյան հռչակագրի ոգուն համապատասխան»,- նշված է բանաձեւում:
Փաստաթղթում նաեւ նշվում է. «Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ակտիվաց
նել բանակցային գործընթացը, հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք ուղղված են ուժով հաստատված եւ միջազգային օրենքներին չհամապատասխանող ստատուս քվոյի պահպանմանը: Կողմերին նաեւ կոչ ենք անում զերծ մնալ 1994թ. հաստատված հրադադարի խախտումներից»:

Եվրոպական խորհրդարանը նաեւ դատապարտում է ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարը, ինչպես նաեւ կոչ է անում «զերծ մնալ սադրիչ քաղաքականությունից ու հրետոռաբանությունից, հրահրիչ քայլերից ու պատմության խեղաթյուրումից»:
Եվրոպական խորհրդարանը, անհանգստություն հայտնելով, որ հարյուր հարզարավոր փախստականների իրավունքները շարունակում են ոտնահարված մնալ, հայտարարել է. «Այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»:
Այս փուլում եվրոպացի խորհրդարանականները լուծումը հետեւյալ կերպ են տեսնում. «Լեռնային Ղարաբաղին կարող է որոշակի միջանկյալ կարգավիճակ շնորհվել մինչեւ վերջնական կարգավիճակի հստակեցումը, ինչն էլ, իր հերթին, հնարավորություն կտա անցումային այդ փուլում ապահովել տարածաշրջանի հայ եւ ադրբեջանցի բնակչության խաղաղ համակեցությունն ու համագործակցությունը»: Եվրախորհրդարանն առաջարկում է Եվրամիության գործադիր մարմիններին դիտորդական մեծաքանակ առաքելություն ուղարկել տարածաշրջան, որը պետք է նպաստի միջազգային խաղաղարար ուժերի ձեւավորամանը:
Փաստաթղթում անդրադարձ կա նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին. «Եվրոպական խորհրդարանը կողմերին կոչ է անում օգտվել հարաբերությունները բարելավելու ստեղծված հնարավորությունից եւ խելամիտ ժամկետներում առանց նախապայմանների վավերացնել արձանագրությունները»:
«Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններն ու հայ-թուրքական հաշտեցումը միմյանցից տարանջատված գործընթացներ են: Այդ 2 գործընթացներից մեկում արձանագրված առաջընթացը, սակայն, կարող է լուրջ դրական հետեւանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար», – նշված է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում:

«Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետել Գյուլին»
Այս խոսքերի համար դատապարտված խմբագիրն արդարացվել է

Թուրքական «Գերչեք Գյունդեմ» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Բարըշ Յարքադաշին մեղադրանք էր առաջադրվել իր կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին քննադատող նյութ հրապարակելու համար: Դատարանի վճռով Յարքադաշը դատապարտվել էր 5 տարի 4 ամիս ազատազրկման: Հիշյալ կայքը հրապարակելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից մեկը էջ էր հատկացրել նաեւ կեղծանունով մի ընթերցողի գրառած քննադատական մեկնաբանության համար:
Վերջինս իր նյութում նշել էր, թե Սերժ Սարգսյանի ասածը` «եթե սահմանը բացվի Թուրքիա կմեկնեմ, եթե չբացվի` ոչ» , մարտահրավեր է Աբդուլլահ Գյուլին: Իր մեկնաբանությունը կայքում զետեղած այդ ընթերցողը խիստ քննադատության էր ենթարկել Թուրքայի նախագահի գործունեությունը:
Հրապարակումից անմիջապես հետո հանրապետական դատախազությունը դատական հայցով դիմում է Արդարադատության նախարարություն: Որոնողական աշխատանքներ են տարվում այդ նյութի հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է, որ վերջինս գտնվում է Դանիայում եւ այնտեղից է ինտերնետային կայքում թողել էր մեկնաբանությունը: Այլեւս հնարավոր չէր քրեական պատասխանատվության ենթարկել կեղծանունով ընթերցողին: Այնուհետեւ դատ բացվեց Յարքադաշի դեմ` «Հանրապետության նախագահին մամուլով վարկաբեկելու» մեղադրանքով:
Քադըքոյի հանրապետական դատախազ Դուրսուն Յըլմազը պահանջեց Յարքադաշին մեղադրել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299/1, 299/2, 3 ve 53-րդ հոդվածի հատկանիշներով: Մինչդեռ մեղադրյալը Յարքադաշը պնդում էր, որ հրապարակված նյութում հանցանքի տարրեր չկան, եթե նույնիսկ կան էլ, ապա դրանց հեղինակն ինքը չէ: Ի վերջո, դատարանը լսելով կողմերին համարել է, որ այդ քննադատությունը չափի շրջանակներում է: Պահանջվել է արդարացման վճիռ կայացնել Յարքադաշի նկատամամբ, ինչին եւ դատարանը դրական է արձագանքել:

ՀՀ նախագահը կրկին Ռուսաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 17-19-ը աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում` կմասնակցի սանկտպետերբուրգյան ամենամյա միջազգային տնտեսական համաժողովին:
Համաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ:
Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի տեղի հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ նախագահ
ը Հայկական ազգային մշակութային կենտրոնում հանդիպում կունենա համայնքի ղեկավարության հետ, ներկա կգտնվի Սալտիկով-Շչեդրինի անվան ազգային գրադարանում հայկական ձեռագրերի եւ հին տպագիր գրքերի ցուցադրության բացմանը, իսկ Սանկտ Պետերբուրգի համալսարանում` Երեւանի ու Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությանը:

ՀՀ Նախագահը նաեւ ներկա կգտնվի Մարինյան համերգասրահում հայ համայնքի 300-ամյակին նվիրված տոնական համերգին, կմասնակցի համայնքի հոբելյանի կապակցությանբ Տավիրկյան պալատում կայանալիք պաշտոնական ընդունելությանը, որտեղ հանդես կգա ելույթով:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.
 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.