Հայաստան – Արցախ

Որ պետական տոնը ազգայինի վերածվի

Հունիսի 15-ին քայլերթ եղավ. այն կառավարության շենքի դիմացից անցավ Նալբանդյան փողոցով, Սայաթ-Նովա պողոտայով, Օպերայի շենքի հարեւանությամբ գտնվող Ֆրանսիական հրապարակով եւ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով մուտք գործեց կրկին Հանրապետության հրապարակ:
ՀՀ պետական դրոշի տոնին մասնակցեցին հիմնականում դպրոցականներ, ուսանողներ եւ երիտասարդներ: Քայլերթի մասնակիցներին առաջնորդում էր զինվորական նվագախումբը, իսկ բոլոր մասնակիցների ձեռքին եռագույնն էր, նրանք կրում էին հենց մեր եռագույնի ձեւով վերնաշապիկներ:
Այսպես առաջին անգամ տոնվեց ՀՀ պետական դրոշի օրը, որն ընդունվել է մեր Գերագույն խորհրդի կողմից 1990թ. օգոստոսի 24-ին, իսկ 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» գործող օրենքը:

ՀՀ պետական դրոշը 1919թ. եռագույնի օրինակով վերականգնված դրոշն է՝ պաստառ, որը բաղկացած է 3, միմյանց հավասար հորիզոնական շերտերից՝ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն: Երկարության հարաբերակցությունը լայնությանը՝ 2:1:
Դրոշի գույներն ու դրանց դասավորությունը տարբեր մեկնաբանությունների են ենթարկվել: Առավել ընդունելի է համարվում հետեւյալը. կարմիր գույնը խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար հայերի հեղած արյունը, կապույտը երկրի բնությունն է, ծիրանագույնը՝ ազգային խիզախությունն ու աշխատասիրությունը: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այստեղ հաստատված է գույների հետեւյալ նշանակությունը. կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի հարատեւ պայքարը գոյության, հավատքի, Հայաստանի ազատության եւ անկախության համար, կապույտը խորհրդանշում է խաղաղ երկնքի տակ ապրելու՝ հայ ժողովրդի ձգտումը, ծիրանագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ստեղծագործ տաղանդն ու աշխատասիրությունը:
Կան էլի մեկնաբանություններ: Ինչեւէ, կարեւորն այն է, որ պետական խորհրդանիշերից մեկի՝ դրոշի համար նույնպես տոն է անցկացվում: Եվ շատ կարեւոր է, որ պետական տոները ճիշտ եւ ազգայնորեն կազմակերպվեն ու ի վերջո ազգային տոների վերածվեն:

Արտակ Հայոցյան

Ըստ ադրբեջանցիների՝ Արցախն անկախ է

Տաջիկստանի բջջային օպերատորը օրերս համաձայնագիր է կնքել Արցախի «Karabakh Telecom»-ի հետ: Այս փաստը խիստ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում:
Այդ երկրի լրատվամիջոցները այնպես են արձագանքել, որ կարծես խուճապի մեջ են ընկել: Մասնավորապես, «Վեստի.ազ»-ը տագնապով հրապարակել է այսպիսի լուր. «Մուսուլմանական պետությունում ճանաչել են Լեռնային Ղարաբաղը», որով էլ ադրբեջանցիներին տեղեկացնում է, որ Տաջիկստանի հեռահաղորդակցային «Tcell» ընկերությունը ռոումինգ-համաձայնագիր է կնքել Լեռնային Ղարաբաղի բջջային կապի օպերատոր «Karabakh Telecom» ընկերության հետ:
Իսկ ադրբեջանական լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան՝ «Tcell» ընկերությունից իրենց այդպիսի դիրքորոշման մասին ոչինչ չեն ասել…

Անթույլատրելի է ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս, Քաթարի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իբրահիմ Աբդ Ալ-Ռահման Ալ-Մուղայսիբի հավատարմագրերն ընդունելիս հայտնել է, որ անթույլատրելի է արցախյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը եւ ափսոսանք է հայտնել, որ որոշ իսլամական երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին եւ անհարկի լարում են առաջացնում: Դեսպանն ասել է, որ պաշտպանում է ԼՂ-ի խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե հակամարտությունը կրոնական հիմք ունի:
Կարծում ենք` ՀՀ իշխանությունները կշարունակեն եռանդուն աշխատել «Իսլամական կոնֆերանս»-ի անդամ երկրների հետ, որպեսզի կարողանան վերջ դնել ադրբեջանական (ի վերջո՝ համաթուրքական) սադրանքներին իսլամական (նաեւ՝ արաբական) աշխարհում:       
 
Արտակ Հայոցյան

* * *
Արցախի հարցով

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակը:
Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Քուշներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ինչպես տեղեկացնում են ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքէջում, հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Կողմերը մտքեր են փոխանակել իրանական միջուկային խնդրի շուրջ, այդ թվում ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի կողմից համապատասխան բանաձեւի քննարկման ենթատեքստում, ինչպես նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերաբերյալ»:
Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 23 (154), 2010թ.


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.