Արցախի խնդիրը կլուծվի
…Եվրա-թուրքական արժեքներից դուրս
Հունիսի 21-ին մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այս նստաշրջանում էլ վեհաժողովի նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն մտադիր չէ մոռացության տալ ԼՂ-ի հարցերով ենթահանձնաժողովի վերածննդի իր ցանկությունը ու թեպետ հարցը օրակարգում չէ, բայց այս առումով նա հանդիպել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարների հետ:
Հայկական պատվիրակությունը ներկայացնող Դավիթ Հարությունյանն ու Արմեն Ռուստամյանը Չավուշօղլուի հետ հանդիպմանը նշել են, թե դեմ են, որ «ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»:
Փաստաթղթի տակ ստորագրել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Սերբիայի եւ այլ երկրների խորհրդարանականներ:
Իսկ Չավուշօղլուի հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը այնքան էլ օգտակար չի լինի, քանի որ իրականում բանակցող կողմը ոչ թե Հայաստան-Ադրբեջանն են, այլ՝ Արցախ-Ադրբեջանը: Ինչը պետք է առավել հանգամանալից եւ հրապարակավ ներկայացնեն ԵԽԽՎ մեր պատվիրակության անդամները:
…Քրիստոնեական արժեքներից դուրս
Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը մի հարցազրույցում նշել է, որ ադրբեջանցիներին հակահարված տալու առավել ազդեցիկ տարբերակներ պետք է ընտրել: «Համարժեք պատասխան ասածը շատ լայն հասկացողություն է: Եթե «համարժեք» ասելով, նկատի ունեք, որ ամեն մի սպանված հայ զինվորի դիմաց պետք է 3 ասկյար սատկացնենք (հաշվի առնելով, որ Ադրբեջանը բնակչության թվաքանակով 3 անգամ մեզ գերազանցում է), կարծում եմ, դա համարժեք պատասխան չէ: Համարժեքը կլինի այն, որ մի զոհվածի դիմաց առնվազն երկու տասնյակ ադրբեջանցի ասկյար սատկացնենք: Այդ քաղաքականությունը մենք պետք է կիրառեինք Սումգայիթից սկսած. եթե Սումգայիթից հետո Ադրբեջանը համարժեք հակահարված ստանար, չէր լինի Գանձակը, չէր լինի Բաքուն, գուցե չլիներ Գետաշենը եւ Շահումյանը: Դժբախտաբար, մենք ապրում եւ շարժվում ենք քրիստոնեական պատվիրաններով՝ ձեռքը տանում ենք զենքին միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում, եւ նահանջելու տեղ այլեւս չի մնում»:
Արման Դավթյան
* * *
Պետք է անցնել հակահարձակման
Հայ Արիական Միաբանության հայտարարությունը
Արդեն բազմիցս ադրբեջանական կողմը խախտում է 1994թ. մի կերպ ձեռք բերված փխրուն զինադադարը եւ փորձում է սադրել հայկական կողմին՝ պարբերաբար վնաս հասցնելու գործելակերպով: Այսպիսով, փորձ է արվում նաեւ միջազգային շահագրգիռ կողմերին իբր փաստի առջեւ կանգնեցնելու եւ սեփական ռազմա-քաղաքական շահերը պարտադրելու առումով:
Օրերս, գիշերով, Արցախ-ԼՂՀ Չայլու գյուղի մերձակայքում Արցախի տարածք է ներխուժել ադրբեջանական զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմն արժանի պատասխանով կասեցրել է: Տեղի ունեցած դիմահար մերձամարտում, ցավոք, հայկական կողմը տվել է 4 զոհ եւ 4 վիրավոր: Իսկ թշնամին մարտադաշտում թողել է 1 դիակ եւ մեծ քանակությամբ զինամթերք ու խուճապահար հետ է փախել: Սակայն, մեր ունեցած տվյալներով, ադրբեջանցիները մարտի ընթացքում տվել են 8-10 զոհ եւ շուրջ այդքան էլ վիրավորներ, որոնց քարշ են տվել հետները փախուստի ժամանակ:
Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ Արցախ-ԼՂՀ-ն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը՝ հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները: Եվ այս հերթական հարձակումը ՀԱՄ-ը համարում է Հայաստանի սահմաններին եւ անվտանգությանը սպառնացող սադրանք:
Ուստի՝ ՀՀ իշխանություններին կոչ ենք անում եւս մեկ անգամ` ճանաչել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ համարժեք միջոցների դիմել՝ պաշտպանելու հայության իրավունքներն ու անվտանգությունը մեր միասնական երկրի մի հատվածում:
1. ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջոցով համատեղ վերահաստատել երկու հայկական պետությունների արդեն փաստացի վերամիավորումը եւ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ այլեւս հաշվի առնվի այդ հանգամանքը՝ ԼՂ-ի հարցի կարգավորման փաթեթում:
2. Դիմել նաեւ ՄԱԿ-ին, որը Ազգերի Լիգայի իրավահաջորդն է եւ պահանջել, որ ՄԱԿ-ը հետեւողական լինի իր նախորդի՝ ԱԼ-ի վճիռների իրականացման մեջ:
Իսկ ՄԱԿ-ի նախորդը՝ Ազգերի Լիգան 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը՝ պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը, Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ:
Այսպիսով, եթե նույնիսկ պատմական եւ իրավական տեսանկյունից շատ հեռու չգնանք (եթե հեռու գնանք թուրք-ադրբեջանցի անուն չենք էլ գտնի մեր տարածաշրջանի որեւէ երկրի որեւէ պատմական քարտեզի վրա), էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել ու պաշտպանել իր պատմական-օրինական՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում (ընդամենը մասոնա-բոլշեւիկյան որոշմամբ ստեղծված) երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: Իսկ «խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է:
Ուստի՝ ՀՀ իշխանություններին նաեւ կոչ ենք անում՝ հաջորդ իսկ սահմանային սադրանքի դեպքում ոչ միայն համարժեք պատասխանել թշնամուն, այլեւ՝ անցնել հակահարձակման եւ շարունակել վերամիավորել հայկական այն հողերը, որոնք այսօր էլ մնում են ադրբեջանական բռնազավթման աքցաններում եւ Ազգերի Լիգայի (ուրեմնեւ՝ ՄԱԿ-ի) համապատասխան որոշումներով պատկանում են ««Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի»-ն, այսինքն՝ Հայաստանին:
Պետք է մեկընդմիշտ լուծել այսպես կոչված ադրբեջանցիների (իրականում՝ կովկասյան թյուրք-թաթարների) հետ մեր հարցերը, իսկ դա հնարավոր է միայն հայկական հողերի ամբողջական ազատագրման դեպքում: Ուրեմն, պետք է հաջորդ իսկ ադրբեջանական հարձակումը ավարտվի հայկական կողմի հակահարձակմամբ եւ Շահումյանի շրջանի, Դաշտային Արցախի (Ուտիքի), Գանձակի ազատագրմամբ:
Հայ Արիական Միաբանությունը համախմբման կոչ է անում բոլոր նախկին ազատամարտիկներին, ովքեր պատրաստ են դադարեցված ազատագրական պայքարի վերսկսմանը:
Բաքվում երեւի թե մոռացել էին, որ 1994թ. իրենք էին աղերսում զինադադար, որպեսզի հայկական ուժերը չհասնեն Բաքու: Ըստ ամենայնի՝ եկել է մեր սխալն ուղղելու ժամանակը…
Հայ Արիական Միաբանութան (ՀԱՄ)
Գերագույն Խորհուրդ (ԳԽ)
21.06.2010թ. – Երեւան
«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում
* * *
Հայերը պետք է խիզախ եւ կանխարգելիչ քայլեր ձեռնարկեն
թշնամական գործողություններին հակազդելու համար
Հայ ժողովուրդն իր պատմության ողջ ընթացքում բազմաթիվ օտար զավթիչների կողմից ենթարկվելով զանազան հալածանքների, գոյատեւելու ուժեղ բնազդ է ձեռք բերել: Վտանգներից խուսափելու համար հայերը սովորել են հավատարիմ լինել իրենց իշխող երկրներին եւ նույնիսկ դառնալ նրանց կամակատարը:
Չնայած հայ ժողովրդի տարած բազմաթիվ «բարոյական հաղթանակներին», նրա ռազմական հաջողությունները հազվադեպ են: Պետք է 2 հազարամյակ հետ վերադառնալ` հայ տիրակալ Տիգրան Մեծ արքայի (մ.թ.ա.140-55) նվաճումների եզակի օրինակը բերելու համար, որի լայնատարած կայսրությունը ձգվում էր Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով: Նոր դարաշրջանում, նախքան Հայոց ցեղասպանությունը, հայ ֆիդայինները մարտնչել են մարդասպան թուրքերի եւ վարձկան քրդերի դեմ: Ցեղասպանության ժամանակաշրջանում (1915-1923թթ.) Շապին Գարահիսարի, Ուրֆայի, Մուսա լեռան, Վանի, Այնթափի, Հաճնի, Սասունի եւ Զեյթունի հայերը քաջաբար ինքնապաշտպանության են դիմել, մինչդեռ նրանց 1,5 միլիոն հայրենակիցները կոտորվել են գառան պես: Սարդարապատի հերոսական ճակատամարտը փրկեց հայ ժողովրդի մնացած մասին Արեւելյան Հայաստանում եւ ավարտվեց Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմամբ 1918թ.-ին: Վերջապես, 1988թ. սկսած, հայ ժողովրդի քաջարի զավակները մարտնչելով Ադրբեջանի շատ ավելի մեծ ու ավելի լավ սպառազինված զինուժի դեմ` ազատագրեցին Արցախը:
Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջում եւ 20-րդ դարի սկզբին արևմտյան շատ միսիոներներ, վաճառականներ, գրողներ ու ճանապարհորդներ իրենց հանդիպած հայերին նկարագրում էին որպես «հլու հնազանդ»: Հայ-կանադական Keghart.com կայքն անցյալ շաբաթ իր խմբագրականում մեջբերում է կատարել դոկտ. Վիլյամ Գուդելի՝ 1871թ. Կոստանդնուպոլսի հայերի մասին նկարագրությունից. «Չորսդարյա տառապանքները, հալածանքներն ու տագնապը խոր հետք են թողել ողջ համայնքի վրա… հարատեւ վախը, տանջանքներն ու նվաստացումները ջնջել են արիության բոլոր հետքերը… Միայն ավելի երջանիկ ժառանգների մի քանի սերունդներ կարող են մաքրել ստրկության երկար տարիների ընթացքում ձեռք բերված մտավոր արատները»:
Ցավոք, շատ հայեր դեռեւս պետք է թոթափեն իրենց հոգում խորապես արմատացած «ստրկական մտածելակերպը», որը ժառանգել են դարեր շարունակ օտարի լծի տակ ապրած իրենց նախնիներից: Սփյուռքի համայնքներում եւ Հայաստանում կարելի է ականատես լինել նման վարքագծի բազմաթիվ օրինակների: Հաճախ հայերը հլու հնազանդ տանում են իրենց հանդեպ կատարված բազում անարդարություններն ու վիրավորանքները:
Ժամանակն է, որ հայերը դեն նետեն իրենց կապանքներն ու պաշտպանեն իրենց տարրական իրավունքները: Նրանք չպետք է լուռ մնան չարաշահումների կամ ֆիզիկական հարձակումների դեմ, այլ համապատասխանաբար արձագանքեն` զերծ մնալով այնպիսի հապճեպ գործողություններից, որոնք կարող են վտանգել իրենց համայնքները կամ հայրենիքը:
Օրինակ, Միացյալ Նահանգներում, երբ պետական պաշտոնյաները, լրագրողները կամ գրողները աղավաղում են Հայոց ցեղասպանության փաստերը, ապա նրանք պետք է խստորեն քննադատվեն ու վարկաբեկվեն, որպեսզի ուրիշները ձեռնպահ մնան Ցեղասպանության նման ժխտումներից:
Հայերի կրավորականության ամենաթարմ օրինակը նրանց թույլ պատասխանն էր` անցյալ շաբաթ Արցախի վրա ադրբեջանական զինված ուժերի կատարած գիշերային հարձակմանը, որի արդյունքում 4 հայ զինծառայող զոհվեց, նույնքանն էլ` վիրավորվեց: Զոհվածներին ցավակցություն հայտնելուց եւ հարձակումը դատապարտելուց բացի, Հայաստանի իշխանությունները որեւէ գործնական քայլի չդիմեցին:
Ի պատասխան այս լկտի եւ առանց դրդապատճառների հարձակման, Հայաստանը պետք է չեղյալ հայտարարեր իր մասնակցությունն Արցախի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հաջորդ փուլին: Բացարձակապես անընդունելի է խաղաղ բանակցությունների վարումը, երբ Ադրբեջանը ռազմական միջոցների է դիմում: Այս իրավիճակում հայերն իրավունք ունեն ձեռնարկել բոլոր հնարավոր գործողությունները` հետագա հարձակումներից պաշտպանվելու համար: Միայն դատապարտող հայտարարություն անելու փոխարեն, հայկական կողմը պետք է այնպիսի պատժիչ կանխարգելիչ հարվածներ հասցներ, որ ադրբեջանցիները հաջորդ հարձակումը ծրագրելուց առաջ շատ երկար ու խորը մտածեն: Ադրբեջանը պետք է հստակ գիտակցի, որ ցանկացած հետագա ագրեսիա իր հերթին`
1. հանգեցնելու է խաղաղ բանակցությունների ժամանակավոր կասեցման եւ ոչ թե արագացման` հետաձգելով հակամարտության լուծումը
2. ի վերջո դրդելու է Հայաստանին հրաժարվել խաղաղ կարգավորման բոլոր բանակցություններից, քանզի Հայաստանը դրանցից ոչինչ չի շահում: Ադրբեջանն ինքը կարիք ունի այդ բանակցությունների` Հայաստանից զիջումներ կորզելու համար:
3. ազդարարելու է աշխարհին, որ Ադրբեջանի կառավարությունը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ բանակցություններով կարգավորմանը եւ պատասխանատու է դրանց ձախողման համար
4. վարկաբեկելու է միջնորդ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների բարեխիղճ ջանքերը
5. ստիպելու է Հայաստանին ռազմական գործողություններ ձեռնարկել, ինչի հետեւանքով կորուստներն անհամեմատ ավելի մեծ կլինեն, անգամ կվնասվեն նավթամուղերը` Ադրբեջանին հետագա հարձակումներից հետ պահելու համար:
Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն այլեւս Օսմանյան կայսրությունում չի ապրում եւ ոչ մեկի ստրուկը չէ: Հայերը պետք է թոթափեն իրենց հոգեբանական կապանքներն եւ անհրաժեշտ բոլոր միջոցներով պաշտպանեն իրենց ազգային շահերը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.՝ Ռ. Ավագյանի
Իրանը կարող է շատ լավ դերակատարություն ունենալ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում
Թեհրանը կտրականապես դեմ կլինի, եթե «Ղարաբաղյան հակամարտության գոտում հայտնվեն ամերիկյան խաղաղապահ ուժերը»: Պաշտոնական Թեհրանի դիրքորոշումն այսպես է ձեւակերպեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան, ավելացնելով, որ վաղ է խոսել խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, քանի որ գործընթացը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բացի այդ էլ տարածաշրջանային բոլոր խնդրիները պետք է լուծվեն միայն այդ տարածաշրջանի երկրների կողմից` առանց այլ ուժերի միջամտության:
Ըստ նրա տեղեկությունների, հնարավոր է ամերիկյան խաղաղապահ ուժերը տեղակայվեն Ֆիզուլիում: «Սա ոչ պաշտոնական աղբյուրներից է, բայց այսօրվա դրությամբ Իրանը միակ երկիրն է, որը գտնվում է հակամարտության տարածաշրջանի հարևանությամբ եւ, բնականաբար, պետք է, պահպանի իր ազգային անվտանգությունը: Այդ տեսանկյունից Իրանը շահագրգիռ է կայունության հաստատմանը»,- հայտարարեց դեսպանը:
Անդրադառնալով այն տեսակետին, «թե Իրանը, ինչպես Թուրքիան ցանկանում են փոփոխել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձեւաչափը», դեսպանն ասել է, որ պաշտոնական Թեհրանը համարում է, որ դա միայն հակամարտող կողմերի խնդիրն է:
«Սակայն բոլորին է հայտնի, որ Իրանն ունի անշահախնդրություն եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի նկատմամբ, եւ կարող է շատ լավ դերակատարություն ունենալ հիմնախնդրի կարգավորման հարցում»,- նշել է Սեյեդ Ալի Սաղայիան:
Սեփ. լրատվություն



