Հունիսի 18-ին ժամը 23.30-ի սահմաններում Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմը կասեցրել է: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատված:
Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է հայկական կողմի դիրքապահներին եւ տեղի է ունեցել դիմահար մերձամարտ: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հակառակորդի առաջխաղացումը կասեցվել է, ովքեր թողնելով մեկ դիակ եւ զինամթերք՝ հետ են քաշվել: Մարտի ընթացքում հայկական կողմը տվել է 4 զոհ եւ 4 վիրավոր:
Ըստ մեր աղբյուրների, այս զրույցները լրջորեն ազդել են Ադրբեջանի նախագահի զգացողության վրա, ով փորձել է առավել գործնական երեւալ ու ասել է, որ ինքը կարեւորելով այսպիսի հանդիպումները, այնուամենայնիվ, հնարավոր է ոչ միշտ կարողանա մասնակցել դրանց եւ հիմա էլ շտապում է… Մեր աղբյուրները հայտնում են, որ սրան ի պատասխան, ՌԴ նախագահը առանց ընդվզելու նշել է, որ խնդիր չկա եւ շուտով ինքն ու Սերժ Ազատիչը կճնապարհեն Ալիեւին եւ երկուսով կզրուցեն… տարբեր հիմնախնդիրներից:
Այստեղ Հեյդարի տղան՝ Իլհամը «մատը կծում է» եւ հայտնում, թե ինքը չասաց, թե հիմա՛ չունի ժամանակ, այլ՝ ընդհանրապես, բայց այժմ կարող է մասնակցել: Եվ արդեն ոչ հավաստի աղբյուրների համաձայն, ՀՀ նախագահն է միջամտում խոսակցությանը եւ ասում, որ կարիք չկա «նեղություն քաշելու» եւ մասնակցելու, քանի որ ինքը Դ. Մեդվեդեւի հետ մասնակցելու է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումներին, որին մասնակցելու խնդիր կարծես թե Ալիեւը չունի…
…Այնուհետեւ Ս. Սարգսյանն ու Դ. Մեդվեդեւը այցելել են Սանկտ Պետերբուրգի համալսարան, որտեղ կարճատեւ առանձնազրույց են ունեցել, որի ավարտին ՀՀ նախագահն անդրադարձել է Ադրբեջանի եւ ԼՂՀ ՊԲ շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին սադրանքին:
Իսկ մինչ այդ, ըստ մեր ձեռք բերած տեղեկատվության, Ադրբեջանի նախագահը Բաքու վերադառնալիս, հենց ինքնաթիռից հրահանգ է տալիս հարձակվել հայկական դիրքերի վրա` դրանով փորձելով պատժել ՀՀ եւ ՌԴ նախագահներին… Տվյալներ էլ կան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իմանալով այդ սադրանքի մասին, բավականին կոշտ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ, ով առանց խորհրդակցելու հիմար վիճակի մեջ է դրել նաեւ Անկարային……
Իսկ Ս. Սարգսյանը դեռ Սանկտ Պետերբուրգում նշել է. «Ուշ երեկոյան ինձ զանգահարել են եւ զեկուցել, որ Ադրբեջանի զինված ուժերը գործողություններ են նախաձեռնել եւ փորձել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքեր: Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ` հետ են քաշվել իրենց դիրքեր: Ցավոք, կորուստներ ենք ունեցել նաեւ մենք, եւ ես իմ ցավակցություններն եմ հայտնում մեր զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին: Հասկանալով հանդերձ, որ նրանց վիշտը հնարավոր չէ ամոքել, բայց միաժամանակ, մեր ուշադիր վերաբերմունքով ու նաեւ Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու մեր ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը»:
«Սադրանքները միշտ էլ անընդունելի են: Բայց այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետեւ այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց: Այս փաստը մեկ անգամ եւս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն: Ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, չեմ ասում՝ անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետեւանքների: Ես համարում եմ, որ այսպիսի վերաբերմունքը անհարգալից վերաբերմունք էր նաեւ համանախագահների նկատմամբ: Մենք շատ գիտակցված ենք գնում բանակցությունների, եւ մեր նպատակը շատ հստակ է: Մենք մեր նպատակից երբեւէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները՝ ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, եւ ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, եւ այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում»,- ասել է ՀՀ նախագահը:
Այս սադրանքին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները… Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում՝ ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու՝ ակնհայտ սադրանքի: Կարելի է ասել, որ դեռեւս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում»:
Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար. այսպես է կարծում ՀՀ ԱԳ նախարարը:
Իսկ փաստելով այս «դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան»` ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարել իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար եւ նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում ու դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:
ԼՂՀ ՊՆ-ն հերթական անգամ Բաքվին հիշեցրել եւ նախազգուշացրել է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող եւ շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի՝ ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխան:
ՀՀ նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանը շարունակում է ապրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից անօրինական շրջափակման մեջ, որը շարունակվում է մինչեւ հիմա. «Եվ մեր երեխաները ստիպված են մեծանալ ականապատված դաշտերով շրջապատված… Բազմամիլիոն սփյուռքի ձեւավորումը հայ ժողովրդի ընտրությունը չէ, այլ պատմական ողբերգության արդյունք: Հայաստանը մեկ պետություն է` առանց սփյուռքի, եւ լրիվ այլ պետություն՝ սփյուռքով»:
Միջազգային լրատվական գործակալություններն էլ են անդրադարձել ադրբեջանական զինված խմբավորման գործողություններին… եւ քննադատել են հրադադարի հերթական խախտման միջադեպը` ընդգծելով, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության բանակցությունների ընթացիկ փուլից պարբերական դժգոհություններ էին լսվում, եւ Ադրբեջանին առանձնապես կատաղեցրել էր Թուրքիայի ու Հայաստանի միջեւ անցած տարի ձեռնարկված մերձեցման գործընթացը:
Ադրբեջանը փորձում է ձախողել ԼՂ-ի բանակցությունները եւ նպատակ ունի դրան հասնել Հայաստանի՝ բանակցություններից դուրս գալու միջոցով: Բայց բանակցությունների տապալումը կախված չէ միայն պաշտոնական Բաքվից, իսկ Հայաստանը ոչ միայն դուրս չպետք է գա բանակցություններից, այլեւ պետք է պնդի, որ վերստին բանակցությունների լիարժեք կողմ դառնա Արցախ-ԼՂՀ-ն, ավելին՝ բանակցություններն ընթանան Արցախ-Ադրբեջան ձեւաչափով, որին Հայաստանը կմասնակցի որպես Մինսկի խմբի համանախագահ եւս մեկ երկիր…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտում են հունիսի 18-19-ի զինված միջադեպը, որի արդյունքում մարդկային կորուստներ են եղել:
Համանախագահները դատապարտելով ուժի կիրառումը Բաքվի կողմից, ընդամենը հայտնել են, որ 1994թ. զինադադարի մասին համաձայնագրի անթույլատրելի խախտում է եղել, ինչը հակասում է կողմերի՝ ուժ չկիրառելու եւ չսպառնալու հայտարարություններին: Մինսկի խմբի համանախագահները «կողմերին կոչ են արել՝ տեղերում դրսեւորել զսպվածություն, ինչպես նաեւ հրապարակային ելույթներում, եւ նախապատրաստել բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության: Բազմակողմանի համագործակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, այլ ոչ թե խանգարել նրա գործունեությանը դիտարկումների դեպքում»: Այս հայտարարությունը կարդալով, թվում է թե մի խառը խախտումներով խառը կռիվ է եղել, որը պետք է երկու կողմերը դադարեցնեն: Այսինքն՝ ադրբեջանական կողմին որեւէ սաստում արված չէ: Սա եվրոպական երեսպաշտություն է… Նման դեպքում Ադրբեջանը կցանկա ցույց տալ, որ ԼՂ հարցում ստատուս քվոն հնարավոր չէ պահպանել, եւ սադրանքները կարող են կրկնվել, անգամ վերածվել պատերազմի:
Իսկ Հայաստանում եւ սփյուռքում, այնուամենայնիվ, ուժգնանում է այն տեսակետը, որ ի պատասխան այս լկտի հարձակման, Երեւանը պետք է չեղյալ հայտարարի իր մասնակցությունն Արցախի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հաջորդ փուլին եւ դիմի համարժեք քայլերի…
«Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպը նախազգուշացում էր ամբողջ աշխարհին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»,- օրերս Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, «եթե չազատագրվեն ադրբեջանական հողերը», ապա շփման գծում միջադեպերը կարող են կրկնվել:
Ադրբեջանի ԱԳ նախարարը միաժամանակ հայտնել է, որ «ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորություն կա»: Բայց զուգահեռաբար, ռազմատենչ հայտարարությամբ կրկին հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, եւ որ դա այսօր Բաքվի թիվ մեկ խնդիրն է:
Այնպես որ համարժեք քայլերի դիմելու ժամանակներն են… Հատկապես որ Արցախ-ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ասել է, որ չի բացառում պատերազմի վերսկսումը, իսկ իրանական կողմը հայտարարել է, թե թույլ չի տա, որ տարածաշրջան մտնեն այլ երկրների ուժեր:
Հայկ Թորգոմյան
Բաքուն դավաճան է եւ… դասեր չքաղող
Թուրք-քրդական հակամարտությունը ուժգնանում է եւ ընդդեմ Թուրքիայի քրդական շարժմանը սատարող օջախներից մեկը Թուրքիայի եղբայրական պետություն Ադրբեջանն է: Թուրքիայի եւ Իրանի տարածքում քուրդ զինյալների հետ Ադրբեջանի կապերը հաստատվել են դեռեւս անցյալ դարի 60-ական թվականներին: Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը ձգտում էր Թուրքիայում քրդական դիմադրություն ստեղծել, եւ բնականաբար այդ խնդրով զբաղվում էր ՊԱԿ-ը, որտեղ այս հարցի համակարգմամբ զբաղվում էր էթնիկ քուրդ Հեյդար Ալիեւը` Ադրբեջանի ներկայիս նախագահի հայրը:
Նրա որդի Իլհամ Ալիեւը շարունակում է հոր գործը. ՔԲԿ-ի բոլոր ֆինանսական, քաղաքական, արտաքին կապերով զբաղվող կենտրոնները գտնվում են Ադրբեջանում: ՔԲԿ-ի քաղաքական կենտրոնի ղեկավարներն են Ադրբեջանի նախագահի անձնական թիկնազորի ղեկավար Բեյլյար Էյուբովը եւ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը: Այսպես Բաքուն հարվածում է Թուրքիային թուրքավարի` թիկունքից…
* * *
Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը` շատ վերլուծաբաններ կարծում են, որ Ադրբեջանը կհայտարարի, թե ինքը պատրաստվում է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց եթե լինի պատերազմ, դա կլինի հանգամանքների բերումով, այսինքն՝ պատերազմ սկսելու մասին որոշում չի լինի: Ադրբեջանը հասկանում է, որ եթե սկսվի պատերազմ, ապա այն կավարտվի իր պարտությամբ: Բաքվում հասկանում են նաեւ, որ փոքր դեպքն արագ կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դառնալ մեծածավալ: Ադրբեջանը Վրաստանի դասն, ըստ ամենայնի, սխալ է «սովորել», «մոռացել» է, որ Միխեիլ Սաhակաշվիլին թույլ տվեց ռազմավարական սխալ ու կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսիան: Ադրբեջանն արդեն կորցրել է Արցախ-ԼՂՀ-ն եւ նոր ռազմավարական սխալների դեպքում հաստատ կկորցնի Դաշտային Արցախը, Նախիջեւանը կամ…
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.



