Ցուցարարները մինչեւ քվեարկությունը վանկարկում էին` «Հայաստանում` հայերեն», «Լեզուն սուրբ է, ուրացողը՝ դավաճան», «Հայ մանուկին՝ հայ դպրոց», «Ո՛չ գաղութացմանը» եւ այլ կարգախոսներ, իսկ քվեարկությունից անմիջապես հետո սկսեցին վանկարկել՝ «71 դավաճան», «Ազգուրացներ», «Օտարների ծախու ստրուկներ» եւ այլն…
Լեզվի պետական տեսչությունը մեր լեզվի պաշտպանությանը համարժեք չի արձագանքում, քանի որ պետը՝ Սերգո Երիցյանը, մեր կրթական համակարգի առաջին քանդողներից է եղել, ով ոչ մի ծառայամիտ բանուգործով չի զիջում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին…
Այս նախագիծը լավ առիթ դարձավ, որ հանրությունն ու իշխանությունները մեկ անգամ եւս վերազննության ենթարկեն մեր կրթական համակարգը, նաեւ՝ կապված դասավանդվող լեզուների հետ: Այսօր կան շուրջ 30 դպրոցներ, որտեղ ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 1-ին դասարանից, գործում են երկլեզու դասարաններ՝ հատուկ ստեղծված դասագրքերով, կան երկլեզու դասարաններ էլ, որտեղ ընդլայնման միջոցով մասնավոր ուշադրություն է դարձվում մասնագիտական ֆրանսերենին: Գործում է «Որակի միջազգային դպրոց», որտեղ առարկաներն ուսուցանվում են բացառապես անգլերեն, ինչպեսեւ՝ ֆրանսերեն, հայերեն ու ռուսերեն:
Այսինքն, արդեն իսկ «Լեզվի մասին» օրենքի խախտումով են գործում վերոնշյալ դպրոցները կամ դասարանները, որովհետեւ այդ օրենքով օտարալեզու հանրակրթական ուսումնական հաստատություն ՀՀ-ում չի կարող լինել:
Այս մասին նշել է նույնիսկ ԿԳ նախարարը:
Եթե առկա օրենքի անտեսումն արդեն իսկ ակնհայտ իրողություն է, եւ ոչ միայն կրթական համակարգում, այլեւ կյանքի բոլոր ոլորտներում, ապա փոփոխված օրենքով վստահաբար այլանդակվելու է հայոց կրթական համակարգը եւ այլալեզու դպրոցները վերջնականապես «խեղդելու» են հայկական հանրակրթույունը: «Էլիտարիզմ»-ը խլելու է հայ երիտասարդ սերնդի սերուցքին եւ նրանց «տեղավորելով» «այլալեզու-էլիտար» դպրոցներում (սովոր են չէ՞ մեր «էլիտարները» կապիկի պես օտարների տնազն անել)՝ դարձնելու է օտարահպատակ եւ օտարին ծառայող «գիտունիկների» հաջորդությամբ եկող խմբաքանակ:
Իսկ ահա ՀՀ նախագահն ասում է, թե քննարկվում է ոչ թե օտարալեզու, այլ միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը: Թե որն է այդ միջազգային չափանիշը, ինչ նկատի ունեն մեր ղեկավարները դա ասելով, արդեն իսկ պարզ է: Միջազգային չափանիշներ ասվածը, ըստ ԵԽԽՎ-ի, հետեւյալն է: ԵԽԽՎ-ի լեզվաքաղաքականության բաժնի 2009թ. հոկտեմբերին՝ ՀՀ-ի մասին հրապարակած «Լեզվակրթական քաղաքականության ուրվագիծ» ուսումնասիրությունում գրված է. «Եվրախորհրդի տեսակետն այն է, որ լեզվական կրթության վերլուծությունն ու արժեւորումը հնարավոր չէ մասնատել եւ որ երկրում լեզուների ուսուցումն ու ուսումնառությունը պետք է ընկալվեն որպես մեկ ամբողջություն՝ ներառելով պետական լեզվի, ինչպես նաեւ՝ փոքրամասնությունների եւ օտար լեզուների ուսուցումը: Այսինքն, զարգացնել բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ»:
Այլեւս հասկանալի է դառնում, որ «բազմալեզու հանրակրթական ու բուհական համակարգ»-ն էլ հենց համարվում է «միջազգային չափանիշներին համապատասխան մի քանի մասնավոր դպրոց հիմնելու հարցը»: Այսինքն՝ ականատեսն ենք բառախաղերի մի շարանի, երբ «բոլոր ճանապարհները տանում են դեպի…» այլալեզու կրթական համակարգ: Եվ կարեւոր չէ` դա ինչ «լեզվով» է ասում ՀՀ նախագահը, ԿԳ նախարարը, կառավարության կամ ԱԺ-ի որեւէ անդամը կամ պատգամավորը:
Եվ հենց այս վտանգն էլ հունիսի 23-24-ին նորից հավաքել էր վերոնշյալ օրենքների փոփոխության նախագծի դեմ հանդես եկող ուժերին, որոնք իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Բողոքի ցույցերին վերստին մասնակցեցին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) անդամները, այդ թվում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ՀԱՀ խորհրդի անդամներ Գեւորգ Յազըճյանը, Աշոտ Բադալյանը, Սերգեյ Մանուկյանը (քուրմ Մանուկ), ՀԱՄ Հոգեւոր դասի ներկայացուցիչներն ու քրմի թեկնածուները եւ այլոք:
«Այսօր Մաշտոցի օրն է, եւ նրանք դավաճանեցին Մաշտոցին»,- վերջում բարձրաձայնում էին ցուցարարները: Օրինագծի ընդունմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները, դեմ էին ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանն ու Տիգրան Թորոսյանը: Ձեռնպահ էր քվեարկել «Ազգային միաբանություն» կուսակցության պատգամավոր Արա Սիմոնյանը:
«Մեծ մասը հմայքով են եկել, ինչ-որ ձեւով համոզել-բերել են, եւ չեմ էլ ասի, թե նրանք լիարժեքորեն տիրապետում են հայերենին»,- ինչպես հաճախ, այդ օրն էլ անիմաստ խոսել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Բայց նա ուրախ էր, որ «գոնե ծվեններ են մնացել, որ զորավիգ են կանգնել հայոց լեզվին»: ՀՀԿ-ականը կարծում է, որ «ծվենների» մեջ ինքն էլ կա. «Ես ոչ միայն կամ, այլեւ այն իրողությունները, որ կան, դրանց պատասխանատուներից մեկն եմ եւ համարձակ պիտի ասեմ, ինչպիսի օրենք էլ ընդունվի, ազգային դպրոցի գաղափարախոսությունից դուրս չի կարող լինել»: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Ցույցի մասնակիցներ էին նաեւ սփյուռքահայեր եւ վրդովված ասում էին. «Մենք սփյուռքում պայքարով ենք պաշտպանում մեր լեզուն, հիմա էլ հայրենիքու՞մ պիտի պայքարենք»:
Իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այդ օրը խորհրդարան չէր եկել…
Նարե Մշեցյան
Հ.Գ. – խմբագրության կողմից- Միատարր Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելը հային դեպի ուծացում տանելու առաջին քայլն է: Այսինքն` որ Աշոտյանը ազգադավ գործ է սկսել, միանշանակ ճիշտ է, բայց միայն նա չէ, որ պետք է մեղադրվի: Աշոտյանն ընդամենը փորձում է ավարտին հասցնել այն, ինչ սկսել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանին դիլիջանյան դպրոցի համար տեղ է տվել: Պատկերացնու՞մ եք` վաղը Տ. Սարգսյանը «օրթախ» մտնի թուրք գործարարի հետ ու խոստումներ տա դրան… Եվ ոչ միայն կրթության ոլորտում…
* * *
Բողոքի հերթական գործողությունը կառավարության նիստերի դահլիճի դիմաց
www.7or.am – 23.06.2010թ.
Այսօր ՀՀ խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել, որտեղ քննարկվելու եւ քվեարկվելու են նախորդ քառօրյայից անավարտ մնացած մի շարք օրինագծեր, այդ թվում նաեւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը:
Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը բողոքի հերթական գործողությունն էր կազմակերպել: Բողոքի գործողությանը մասնակցում էին բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ, մասնագետներ, երիտասարդական կազմակերպություններ եւ ուղղակի անհատներ, ովքեր եկել էին «Ո’չ» ասելու օտարալեզու դպրոցների վերաբացմանը:
Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ ցուցարարները պատգամավորներին դիմավորում էին «Ամո'թ», «Կրթությունը՝ հայերեն» եւ այլ բացականչություններով ու պաստառներով:
«Հայ Արիական Միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանը «7օր»-ին ասել է, որ իրենք ողջունում են նման ցույցերը, եւ ազգայնական կազմակերպության անդամները եւս մասնակցում են՝ իրենց լուման ներդնելու ապազգային դպրոցների բացման դեմ ուղղված գործողություններին:
– Մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ լեզուն գենի ինքնաարտահայտման միջոցն է, եւ լեզվի դեմ ցանկացած քայլ նշանակում է հայոց գենի, հայ տեսակի դեմ դավադիր քաղաքականություն,- ասել է Ա. Ավետիսյանը եւ նշել, որ պայքարելու են մինչեւ վերջ, որպեսզի օրինագիծը չընդունվի:
– Եթե նույնիսկ օրինագիծն ընդունվի, մենք պայքարելու ենք անգամ այդ դպրոցների դեմ եւ այս իշխանությունների հրաժարականն իրոք պետք է պահանջենք:
Արմեն Ավետիսյանը նշել է, որ իրենք էլ հանդիպել են որոշ պատգամավորների հետ, եւ կարծես թե հույս կա, որ նրանք պետք է դեմ լինեն.
– Բայց գիտեք՝ հաճախ ինչպես է օրինագիծն անցնում՝ մեծամասնությունը պարզապես պարզ քվեարկությամբ անց է կացնում՝ առանց հաշվի առնելու լուրջ պատճառները: Սակայն մենք ամեն դեպքում պայքարը կշարունակենք,- ընդգծել է նա:
* * *
Հանրային խորհուրդը կզբաղվի կրթական հարցերով
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է, որ հայոց լեզու եւ գրականություն, ինչպես նաեւ մաթեմատիկա առարկաների թեսթերն առաջիկայում կդառնան Հանրային խորհրդի կրթության հանձնաժողովի քննարկման առարկա: Այս թեսթերի վերաբերյալ մեծ աղմուկ առաջացավ վերջերս նաեւ մասնագետների շրջանում:
Վ. Մանուկյանը հայտնել է, որ այսուհետ իրենք ավելի շատ քննարկելու են կրթական հարցեր:
* * *
«Աբսուրդ է մայր հայրենիքում օտար լեզվով հանրային կրթություն իրականացնելը»
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն 2 օր անընդմեջ Ազգային Ժողովի մուտքի մոտ բողոքի ցույց էր կազմակերպել:
«Մեր բողոքի նպատակն էր պատգամավորների ուշադրությանը հրավիրել այն փաստի վրա, որ հասարակության մի մեծ զանգված մերժում է այդ նախագծերը»,- ասում են քաղաքացիական նախաձեռնության անդամները, բայց, ցավոք, ՀՀ կառավարությունն ու պատգամավորների մեծ մասը այլ խնդիրներ է լուծում` օտարներին սիրաշահելու:
Այս օրինագծերը կխարխլի մեր ազգային անվտանգության հիմքերը, հայտարարում են ցուցարարները:
Մարդիկ մտավախություն ունեն, որ օտարալեզու դպրոցների բացման հետեւանքով կսկսվեն փակվել հայկակակն դպրոցները: Այսօր շատ լուրջ խնդիր կա դպրոցներում ուսման որակի հետ կապված եւ պետք է ուշադրությունն ավելի շատ այդտեղ դարձնել:
«Մենք կողմ ենք օտար լեզուների ուսուցմանը, սակայն դա իրականացնելու միակ ձեւևը օտարալեզու դպրոցների բացելը չէ: Օտար լեզուների ուսուցման բազմաթիվ ձեւեր են հայտնի: Մենք այսօր կրթական համակարգը փոխելուն ենք դեմ»,- նշում են «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչները:
«Լուսանցք» թիվ 24 (155), 2010թ.



