Իսրայելը Պաղեստին չի ստեղծի
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը Երուսաղեմում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ Թել Ավիվը բացառում է Պաղեստինի անկախ պետության ստեղծման հնարավորությունը մինչ 2015թ.:
«Մինչ 2012թ. պաղեստինյան պետության ստեղծման ոչ մի հնարավորություն չկա»,- ասել է Ա. Լիբերմանն ի պատասխան լրագրողների հարցադրման եւ ավելացրել է, թե «կան բազում երեւակայական խաղեր», բայց պետք է հաշվի նստել իրականության հետ, իսկ իրականությունը այն է, որ կողմերը իրական համաձայնությունից դեռեւս շատ հեռու են:
2012թ.-ն բազմիցս է նշվել Քառյակի անդամ միջազգային միջնորդների կողմից որպես հավանական եւ ցանկալի ժամկետ իսրայելա-պաղեստինյան խաղաղ համաձայնագրի կնքման համար, սակայն, ըստ ամենայնի, իսրայելական կողմը չի պատրաստվում գոնե մինչեւ 5 տարի մտածել անգամ պաղեստինյան անկախության մասին:
Վահագն Նանյան
Բաքուն գո՞հ է
«Ադրբեջանը գոհ է համանախագահող երկրների ղեկավարների` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով վարչության ղեկավար Ալի Հասանովը:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները Կանադայում «Մեծ Ութնյակի» գագաթաժողովի շրջանակում Արցախյան հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել եւ դրանում նրանք կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արագացնել հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ աշխատանքները:
«Այդ հայտարարությունը լիովին գոհացնում է ադրբեջանական կողմին: Դրանում բոլոր երեք երկրները ընդունում են Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բռնազավթման փաստը նաեւ նշում այդ հողերը ազատելու մասին»,- ասել է Հասանովը:
Հայտարարության ռուսերեն եւ անգլերեն տարբերակներում տարբերությունը նա համարել է թարգմանական` տեխնիկական սխալ:
Ալի Հասանովը նաեւ նշել է, որ պաշտոնական Բաքուն մեծ նշանակություն է տալիս ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու այցին:
Վահագն նանյան
«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.



