Թուրքական լողափերը, որ ամռան ամիսներին դեպի իրենց են ձգում մեծ թվով հայ զբոսաշրջիկների, այս տարի, ինչպես երեւում է, հայ հաճախորդների պակաս կունենան:
Հայաստանում արտագնա տուրիզմով զբաղվող տասնյակ գործակալություների ներկայացուցիչներ այդ տեսակետն են արտահայտել: Որոշ գործակալություններ հայաստանցի զբոսաշրջիկներին դեպի Թուրքիա ուղեւորվելու առաջարկներ նույնիսկ չեն էլ հնչեցրել:
Այդ ուղղությունը փակվել է նաեւ հաշվի առնելով Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առկա քաղաքական չհաջողված գործընթացները:
Դրա փոխարեն հայ զբոսաշրջիկներին այս ամառ առաջարկվում է իրենց հանգիստն անցկացնել եվրոպական մի շարք հանգստավայրերում, ինչպեսեւ` Վրաստանում: Հայ զբոսաշրջիկները գերադասում են հանգստանալ նաեւ Կիպրոսում, Բուլղարիայում եւ Արաբական Էմիրություներում:
Իհարկե կարեւոր կլիներ, որ դա անեինք գիտակցաբար ու համակարգված եւ, առհասարակ, հրաժարվեինք որեւէ լումա տալ թուրքական բյուջեին: Եվ ոչ միայն զբոսաշրջության հարցում: Բայց, եթե նույնիսկ դա արվում է անգիտակցաբար, կամ այլ դրդապատճառներով են հայերը դադարում իրենց ամառային հանգիստն անցկացնել Թուրքիայում, միեւնույնն է դա էլ ողջունելի է:
Նարե Մշեցյան
Մեր «շաբլոն» մտածելակերպը
Ամեն անգամ, երբ նայում եմ Հովնաթան Հովնաթանյանի «Սբ. Հռիփսիմե»-ին (Էջի նկարը), վիրավորվում եմ: Մեղմ ասած:
Ո՞վ է չգիտեմ ինչ ծագում ունեցող այդ կինը, որ պիտի ոտքերով կանգնի մեր Տրդատ արքայի վրա: Տեսնու՞մ եք, «կույսը» հաղթական ու գետնած հզոր արքային, ձեռքին էլ` անշուք ու փայտե խաչ… Եվ ինչու՞ Հովնաթան Հովնաթանյանի պես մեկը նկարելիս պիտի չմտածեր: Չխորհեր: Չվերլուծեր: Աղավաղված գրված պատմությունը իր մաղով չանցկացներ ու վրձնելիս վերաբերմունքը չտաներ-բերեր: Ի՛ր վերաբերմունքը: Ի՛ր տեսակետը: Ի՛ր վերլուծությունը: Բայց էդ դեպքում Գրիգորը լուսավորիչ չէր լինի, ու Հռիփսիմեն էլ` կույս… Բայց էդ դեպքում դժվար կլիներ ու` գլխացավանք…
«Շաբլոնից» հոգնած` Աստղինե Քարամյան
Դրոշը միայն լուռ խորհրդանիշ չէ
Թե երբ, ում կողմից եւ ինչպես է առաջինը ընդունվել, օգտագործվել եւ ինչպիսին է եղել առաջին դրոշը, հստակ հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ անհիշելի ժամանակներից առանձին խմբի, ցեղի ղեկավարը, գլխավորը ընդհանուրից տարբերվելու, առանձնանալու նպատակով ստեղծել է կտորին երբեմն իր ուժն ու զորությունը ցուցադրող տարբեր նշաններով, գույներով փայտաձողին ամրացված եւ վեր բարձրացված այդ խորհրդանիշը: Հաճախ այն բարձրացված էր լինում այդպիսի անձանց նստավայրում, իսկ պատերազմական գործողություններին, արշավանքներին առջեւից գնացող դրոշակակրին հետեւել է զորաջոկատը` հավատալով, որ իրենց դրոշը հաղթանակ կբերի: Հետագայում իրենց դրոշներն են ունեցել իշխանները, նախարարները, առեւտրական, արհեստագործական եւ այլ տներ, համայքներ: Այստեղից էլ պետություններն են ստեղծել իրենց դրոշները, նաեւ` զինվորական կառույցները, զորամասերը: Դրոշը դառնում է տվյալ պետության, ժողովրդի, զինվորական ծառայողների սրբություն, խորհրդանիշ:
Ասենք նաեւ, որ պետական դրոշը փոխվում է միայն տվյալ երկրի հասարակական, քաղաքական դրության փոփոխվելիս եւն: Պետական դրոշի պարագայում ընդդիմությունը մեծամասամբ այն ընդունում է որպես նաեւ իր պետական սրբություն, խորհրդանիշ:
Հայկական պետությունը Արտաշեսյան, Արշակունիների ժամանակաշրջանում ունեցել է պետական դրոշ, որի վրա նկարված (գործած) են եղել երկու արծիվներ, Բագրատունիների թագավորության ժամանակ` մեկ արծիվ: Կիլիկիայի հայկական թագավորության դրոշին առյուծն էր` ձեռքին (թաթին) բռնած թագավորական գավազանը: Հայ եկեղեցին նույնպես ունեցել է եւ ունի իր դրոշները: Սովորաբար դրոշները լինում են որոշակի գույնի, գույների, վրան կարող են լինել տարբերանիշեր, խորհրդանիշեր եւ այլն: Ավանդությունն ասում է, որ Հայաստանում առաջին անգամ դրոշ է օգտագործել Հայկ Նահապետը: Հեթանոսական Հայաստանի դրոշների վրա պատկերված են եղել արեւ, վիշապ եւ այլն: 1918-1920թթ. Հայաստանի Առաջին հանրապետության պետական դրոշը եռագույն էր: Այն ուներ կարմիր, կապույտ, ծիրանագույն հավասար լայնության եւ երկարության գույներ, ընդ որոում` լայնության ու երկարության հարաբերությունը` մեկ-երկուսին: Ազգային այդ դրոշին նվիրված ժողովուրդը սիրով երգեր է հյուսել:
Յուրաքանչյուր երկրի, պետության ազգային (պետական) դրոշը ոչ միայն լուռ խորհրդանիշ է, այլ նաեւ երկրի ժողովրդի (անկախ խավից, դավանանքից) սրբություն: Սա է պատճառը, որ իր պետությունը սիրող քաղաքացին հարգում է իր երկրի խորհրդանիշ դրոշը եւ առիթով կամ առանց դրա ամենուր ի ցույց դնում այն:
Առաջին անգամ լինելով ԱՄՆ-ում, ինձ զարմացրեց պետական դրոշների առատությունը: Համարյա յուրաքանչյուր բակում, պատշգամբում փողփողում էին դրանք:
«Երեւի պետական մեծ տոն է»,-անցավ մտքովս: «Ի՞նչ տոն է Ձեզ մոտ»,-իմ հարցին ի պատասխան ուղեկցողներս իրար նայեցին: Զգացի, որ անհարմար վիճակ ստեղծվեց: «Չգիտեն»,-անցավ մտքովս: «Ոչ մի տոն չկա, պետական տոնին դեռեւս երկու ամիս կա եւ դու ներկա կլինես», – վերջապես խոսեց երկրին ավելին ծանոթ Հարություն Համամչյանը: «Ապա ինչու՞ այսքան շատ դրոշներ կան փակցված»,-հարցրի: Մեքենայում քրքիջ լսվեց: Պարզվում է` ԱՄՆ ամեն մի քաղաքացի, որ բնակվում եւ օգտվում է ստեղծված բարիքներից, հարգում է իր պետականությունը, հարգում նրա խորհրդանիշը դրոշը: «Ահա թե ինչ»,- անթաքույց նախանձով ասացի:
Խորհրդային տարիներին պետությունը շենք կառուցելիս պատշգամբի մոտ տեղադրում էր դրոշ ամրացնելու մետաղե հարմարանք եւ զգալի քանակի դրոշներ էր բաժանում քաղաքացիներին: Տոն օրերին քաղաքը զարդարվում էր եւ պետության եւ քաղաքացիների կողմից հենց այդ դրոշներով:
Այլ է հիմա… Լուռ է քաղաքը, լուռ են քաղաքացիները, բացառությամբ պետության կողմից մի քանի դրոշների, այլ դրոշներ չեն երեւում: Ասել կուզի` տոնը պետական բարձր պաշտոնյաներինն է, քաղաքացուն` ոչինչ… Վերջերս մեր կառավարությունը գուցե զգալով այս անտարբերությունը, որոշեց հունիսին նշել, տոնել պետական դրոշի օրը: Շատ լավ է: Կարծում ենք` առաջնային է, որպեզի պետական բոլոր ծառայողները, նախարարները… պարտադիր իրենց բնակարանների պատշգամբից ցուցադրեն ՀՀ պետական դրոշը: Ավելին` պետությունը մի քանի տասնյակ հազար պետական դրոշներ անվճար պետք է տրամադրի նաեւ բնակիչներին` հենց այդ նպատակների համար:
Իսկ մայրաքաղաքի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Պարոնյան փողոցների հատման վայրում ջրի բարակ խողովակին է բարձրացված դրոշը: Պարզապես վիրավորական է: Դրոշը պետք է լինի չժանգոտող, բավականին հաստ (հիմքում) եւ բարձր ու սրածայր (բարակ վերջամասում) մետաղաձողին ամրացված:
Պետական դրոշի ցուցադրումը ինքնանպատակ չէ, այն պետության, նրա խորհրդանիշի հանդեպ սիրո եւ հարգանքի, հայրենասիրության քարոզչության լավագույն ձեւերից է:
Սերգեյ Ավագյան
Այդ մե՜ղմ հայկական ուղղափառները
Երեւանում եռօրյա աշխատանքներն ավարտեց Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի 17-րդ գլխավոր ժողովը:
Դրա ընթացքում, ի թիվս այլ բանաձեւերի, ընդունվեց նաեւ տարածաշրջանի քրիստոնեական հոգեւոր եւ մշակութային հուշարձանների պահպանման եւ ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման մասին բանաձեւ, որով դատապարտում է հայկական քրիստոնեական արժեքների ոչնչացումն ու ԼՂ խնդրի լուծման ռազմատենչ հայտարարությունները:
Մի շարք պատվիրակների առաջարկով հանվել է «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություն» ձեւակերպումը: Երբ վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Պոպովը մի քանի անգամ դիմել էր հայկական պատվիրակության ղեկավար ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին թե՝ գուցե հայկական կողմը առարկություններ ունի այդ առումով, մեր երկու պատվիրակները առարկություններ չեն ներկայացրել, եւ արդյունքում բանաձեւն ընդունվել է առանց Ադրբեջանին մատնանշելու: Մյուս հայ պատվիրակը ՀՅԴ-ական Ռուզան Առաքելյանն էր:
Բանաձեւում մասնավորապես ասվում է նաեւ. «Անհանգստություն հայտնելով քրիստոնեական հայկական պատմա-մշակութային հուշարձանների տարածաշրջանում վտանգված լինելու հանգամանքով, հիմնվելով մի շարք միջազգային սկզբունքների ու նորմերի, այդ թվում նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972թ. ընդունած կոնվենցիայի՝ համաշխարհային մշակութային արժեքների պահպանման վերաբերյալ, հաշվի առնելով այն փաստը, որ պատերազմների, հակամարտությունների եւ քաղաքական կրքերի թեժացման պատճառով Կովկասում ու հարակից շրջաններում դարերով հայերի ստեղծած պատմա-մշակութային ժառանգությունը շարունակում է ենթարկվել վերացման սպառնալիքին, դատապարտում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քրիստոնեական-հայկական արժեքների եկեղեցիների, խաչքարերի, շիրմաքարերի, պատմա-մշակութային հուշարձանների եւ այլ սրբոցների վտանգումը, որտեղ էլ նրանք տեղակայված լինեն»: Վեհաժողովի մասնակիցները հորդորել են բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստորագրել են կոնվենցիայի տակ, պատասխանատու լինել հուշարձանների վերացման ու վտանգված լինելու համար:
Գոհար Վանեսյան
Նոր Երեւանի «սպասումով»
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրավերով երեկվանից պաշտոնական այցով Երեւանում է Մոսկվայի կառավարությունում Մոսկվայի քաղաքապետի առաջին տեղակալ Վլադիմիր Րեսինի գլխավորած պատվիրակությունը: Կողմերը քննարկեցին Երեւանի Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ներդրումային նախագծերի իրականացման, ինչպես նաեւ Երեւանի ու Մոսկվայի միջեւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Նրանք այցելեցին ծովակալ Իսակովի արձանի մոտ, որտեղից դիտեցին քաղաքաշինության համար նախատեսված տարածքը: Նորագյուղ թաղամասը գտնվում է Իսակովի պողոտայի հարեւանությամբ: Պասկեւիչի բլուրն իր շրջակա տարածքով, որտեղ նախատեսվում են կառուցապատման աշխատանքները, մոտ 158 հա է: Հյուրերին տեղում ներկայացվեց Երեւանի նոր գործարար-մշակութային կենտրոնի նախագիծն ու մանրակերտը: Այստեղ կլինեն տարբեր՝ միջազգային, գործարար, դիվանագիտական, մշակութային, կրթական եւ այլ կառույցներ, տեխնոպարկեր, բիզնես կենտրոններ, ուսանողական շենքեր, բնակելի տներ, բավականին մեծ հանրային կանաչ զանգված եւ այլն:
Խոսք եղավ նաեւ Մոսկվայի նոր գործարար կենտրոնի շինարարական ծրագրի մասին, որի կառուցումն սկսվել է մոտ 20 տարի առաջ եւ արդեն ավարտին է մոտենում: Ռուսաստանի մայրաքաղաքի գործարար կենտրոնի կառուցման ընթացքում, իհարկե, որոշակի բացթողումներ եղել են, ճիշտ չեն հաշվարկվել հիմնականում անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու ճանապարհային ցանցը եւ հիմա ամեն բան շտկվում է: «Հաշվի առնելով մոսկովյան փորձը, Երեւանում կաշխատենք սխալները բացառել»,- ասել է Երեւանի քաղաքապետը:
Ըստ Գ. Բեգլարյանի, բնակիչների փոխհատուցումը կատարվելու է բնակարանային տարբերակով՝ Իսակովի պողոտայի հարեւանությամբ արդեն մոտ 2 հա տարածք է առանձնացվել, որտեղ նորագյուղցիների համար առաջիկա 3 տարիներին կկառուցվեն բնակելի շենքեր: Նախ մարդիկ կապահովվեն նոր բնակարաններով, հետո միայն նրանց հին, մեծ մասամբ խարխուլ տները կիրացվեն:
Անի Մարության
Հուլիսի 1-ին կցուցադրվի «Սովորական Ցեղասպանություն. Սումգայիթ, փետրվար 1988թ.» անգլիալեզու ֆիլմը
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) կցուցադրի անգլիալեզու նոր փաստագրական կինոնկար Խորհրդային Ադրբեջանում 1988թ. փետրվարին տեղի ունեցած հայկական погром-ների ու բռնությունների մասին: Կինոնկարի պրոդյուսեր, ճանաչված լրագրող Մարինա Գրիգորյանը հանդես կգա ֆիլմի անգլերեն տարբերակի շուրջ մեկնաբանություններով:
ՌԱՀՀԿ-ը 55 րոպեանոց այս տեսաժապավենը ցուցադրում է Սումգայիթ քաղաքում կազմակերպված հակահայ բռնությունների վերաբերյալ նոր ապացույցներ տրամադրելու նպատակով: Ցուցադրությունը նաեւ կոչ է միջազգային հանրությանը` արդարության եւ մարդկության դեմ իրագործված ոճիրների ճանաչման համար:
Այս կինոնկարը երկրորդն է «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարից, որը հրապարակ իջավ ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հանրային կապերի կենտրոնի աջակցությամբ:
Առաջինը` «Բաքու, հունվար, 1990թ.» խորագրով, ցուցադրվեց այս տարվա հունվարին: Այն թարգմանվել է մի քանի լեզուներով եւ տարածվել համացանցում ու տեսասկավառակներով:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.



