Դեռ հստակեցված չէ ենթահանձնաժողովի անելիքը, ուստի հայկական պատվիրակությունը չի համաձայնել դրա գործունեության վերսկսմանը: Բայց մեր խորհրդարանականները կմասնակցեն բանակցություններին եւ քննարկումներին:
«Չավուշօղլուն իր գործունեությամբ վարկաբեկում է այդ հեղինակավոր կառույցը: Հայաստանում որեւէ մեկի համար այլեւս գաղտնիք չէ, որ, հանձինս Չավուշօղլուի, ոչ թե մենք գործ ունենք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի, այլ սովորական, շարքային թուրք պատվիրակի հետ, ով օժտված է ԵԽԽՎ-ի ղեկավարի լիազորություններով»,- անդրադառնալով ԵԽԽՎ-ի թուրք ղեկավարի հնչեցրած հայտարությանը այսպես է արտահայտվել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը:
Այսպես թուրք-եվրոպացին հրաշալի դասեր է տալիս մեր հայ-եվրոպացիներին, ովքեր եվրոպաներում ավելի շատ եվրաարժեքներ ու շահեր կրողներ են «խաղում», քան՝ հայկական, իսկ ահա, Չավուշօղլուն հենց Եվրոպայի սրտում «խաղում» է թուրքավարի եւ հանուն Թուրքիայի…
Իսկ մեր եվրոպացիները պարզապես կարծում են, թե նման գործելաոճով առաջնորդվելը կարող է խնդիրներ առաջացնել ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵԽԽՎ-ի բոլոր երկրների համար… Հազիվ թե:
Վերջապես ե՞րբ ենք սովորելու ամենուր եւ ամեն անգամ առաջնորդվել Հայաստանի ու հայության շահերով: Իսկ թե դա որ երկրներին ինչ հարցերի առաջ կկանգնեցնի, դա արդեն մեր «բազմամտազբաղ» խնդիրը չէ…
Թուրքերը ավելի հեռուն են գնացել: Ոչ միայն եվրոպաներում են թուրքավարի «խաղում», այլեւ՝ ամերիկաներում…
Կանադայում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Օբամային եւ Մեդվեդեւին, Տորոնտո քաղաքում հրավիրված G-20-ի գագաթաժողովի ընթացքում:
Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը գագաթաժողովի ավարտից հետո հրավիրել է մամուլի ասուլիս եւ հանդես եկել տարբեր հարցերի վերաբերյալ մի շարք հայտարարություններով: Ըստ թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի, ԱՄՆ նախագահը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան կարգավորի Իսրայելի հետ հարաբերությունները եւ քայլեր ձեռնարկի հայ-թուրքական արձանագրությունների կարգավորման հարցում:
«Հայկական սփյուռքը ցանկանում է վատացնել մեր հարաբերությունները: Հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ընդհանուր հիշողության կոնֆլիկտ կա: Մեր պատմությունից բացի այլ անհանգստություն չունենք»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ դեռեւս 2005թ. 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար համատեղ պատմական հանձնաժողով հիմնելու առաջարկ էր արել պաշտոնական Երեւանին, բայց մինչեւ օրս անարձագանք է մնացել:
Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ առանց «ղարաբաղյան հիմնախնդրի լուծման Հայաստան -Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործըթնացը առաջ չի շարժվի»:
Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, իսկ Կանադայի վարչապետ Ստեփեն Հերփերիի հետ խոսել են 1915թ. Հայոց ցեղասպանության մասին:
Չնայած այս ամենին, Թուրքիան հետզհետե օտարանում է իր արեւմտյան դաշնակիցներից եւ պետք է վերահաստատի իր պարտավորություններն արեւմուտքի նկատմամբ. այսպիսի տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Կարծում ենք, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին եւ Եվրոպային, բայց այնուհանդերձ, դա պետք է վերահաստատվի»,- ասել է Գորդոնը եւ հավելել, թե հետզհետե Միացյալ Նահանգները դժվարանում են աջակցել Թուրքիային որոշ հարցերում, որտեղ վերջինս ակնկալելու էր այդ աջակցությունը»:
Որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխման վկայություն, Գորդոնը վկայակոչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձեւին Թուրքիայի դեմ քվեարկումը, ինչպես նաեւ «Խաղաղության նավատորմի» հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի հակաիսրայելական արշավը:
«Թուրքիայի արտաքին ուղղվածության եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործակցության շուրջ մեծ հարցադրումներ են առաջ քաշվում: Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ եւ Միացյալ Նահանգների մեծ գործընկեր ոչ միայն ձեռնպահ չմնաց, այլ դեմ քվեարկեց, եւ կարծում եմ, ամերիկացիները չհասկացան, թե ինչու»,- ընդգծել է պետքարտուղարի տեղակալը:
Թուրքերն, իհարկե, սրան էլ են արագ արձագանքել: Գորդոնի խոսքերը մեկնաբանել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, ով զարմանք է արտահայտել ԱՄՆ պաշտոնյայի մեկնաբանությունների կապակցությամբ ու նշել, թե Թուրքիայի պարտավորությունները ՆԱՏՕ-ի հանդեպ ամուր են մնում եւ չպետք է անարդարորեն հարցականի տակ դրվեն:
Հաջորդ՝ 2013թ. G20-ի գագաթաժողովը հնարավոր է լինի Ռուսաստանում:
Իսկ մինչ այդ թուրքերը փորձում են բարելավել հարաբերությունները նաեւ Ռուսաստանի հետ: Արդյո՞ք առաջիկա 3 տարում Հայաստանն ու Արցախը կկարգավորեն իրենց հարցերը, թե՞ Անկարան եւ Բաքուն կշարունակեն իրենց «խաղերը» նաեւ Մոսկվայում…
Իսկ ընդդեմ Արեւմուտքի գործելաոճը կարող է եւ ընդդեմ Արցախի աշխատի հե՛նց Մոսկվայում, որտեղ վերջերս կարծես Երեւանը փոքրիկ հաջողություններ է արձանագրում ընդդեմ Անկարայի եւ Բաքվի:
Համապատկերում հաշվի առնենք. Կանադայում G8-ի գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հունիսի 26-ին հայտարարություն են արել արցախյան խնդրի վերաբերյալ` նշելով, թե անհրաժեշտ է. «1. ԼՂ-ին հարակից զավթված տարածքների վերադարձ, 2. ԼՂ-ի համար միջանկյալ կարգավիճակ՝ ապահովելով անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ, 3. ՀՀ-ն ու ԼՂ-ն իրար կապող միջանցք, 4. ԼՂ-ի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ապագայում պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, 5. Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունք, 6. Անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ՝ խաղարարար գործողություններ»:
Այսպես փորձ է արվում երկու կողմերին (հասկանալի է, որ առավելապես՝ Երեւանին) պարտադրել Հելսինկյան եզրափակիչ ակտում տեղ գտած սկզբունքները, դրանց այն տարրերը, որոնք առաջարկվել են նաեւ 2009թ. հունիսի 10-ին Աքվիլայում՝ Մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակներում տարածած հայտարարությունում: Ի վերջո, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արվում համաձայնվել Մադրիդյան սկզբունքների շուրջ:
Այս ամենը կարելի էր հերթական G-Շոու համարել, անհրաժեշտության դեպքում նույնիսկ գրական «կուկիշ» ցուցադրել… Սակայն, վտանգավորն այն է, որ Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակը ԼՂ-ին հարակից տարածքները զավթված է համարում եւ վերադարձման ենթակա…
Ա՜յ հենց սրա համար էլ թուրքերը վերջերս դարձան Պաղեստինի պաշտպաններ, Իսրայելի հակառակորդներ, Իրանի միջուկային ծրագրի աջակցողներ… Եվ Արաբական ու Իսլամական համաժողովներում հաջողության հասնելով՝ Արեւմուտքին սեփական քաղաքական գիծը թելադրեցին…
Ստացվում է՝ Անկարան եւ Բաքուն պայքարում են ընդդեմ Արցախի եւ Արեւմուտքի… Եվ Արեւմուտքն էլ «նեղսրտած» սկսում է պայքարել ընդդեմ Երեւանի եւ Ստեփանակերտի՞…
Հայկ Թորգոմյան
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
Նախագահ Սերժ Սարգսյանը օրերս եղավ Արցախում: Սերժ Սարգսյանն այցելել է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են հունիսի 18-ին ադրբեջանական զինված խմբավորման սադրանքի հետեւանքով վիրավորված զինվորները:
Նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ ղեկավարության հետ, մասնակցել` նոր զորամասի բացման արարողությանը:
«Լուսանցք» թիվ 25 (156), 2010թ.



