Գիտական և մարզական լուրեր

ՉԹՕ-ն փակել էր օդանավակայանը

Ըստ չինական զլմ-ների տեղեկատվության, Չինաստանի արեւելքում գտնվող Խանչժոու քաղաքի օդանավակայանը 1 ժամով փակվել էր այն բանից հետ, երբ օդանավակայանի ռադարներին հայտնվել է չբացահայտված թռչող օբյեկտ՝ ՉԹՕ:
Կասկածողներ էլ կան իհարկե, ովքեր դեռ փորձում են պարզել, թե ինչ է եղել իրականում, ինչ է երեւացել ռադարների էկրանին: Ինչեւէ, շուրջ 1 ժամ անց օդանավակայանի աշխատանքը վերսկսել է:
Նախկինում ՉԹՕ-ների մասին շատ եւ պարբերաբար տեղեկատվություն էր տրվում այս կամ այն երկրից, սակայն մարդկությունն այնքան է մխրճվել իր հոգսերի մեջ, որ ըստ երեւույթին «Թռչող ափսեներ»-ի ժամանակը չունի դեռ…

* * *


Իրանը տիեզերք կարձակի նոր արբանյակ

Իրանի իշխանությունները մտադիր են օգոստոսի վերջին նոր արհեստական արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը` հղում անելով երկրի հեռահաղորդակցման նախարար Ռեզա Տագիպուրայի հայտարարությանը: Իսկ «Ռիա Նովոստի»-ն գրում է, որ նախարարի ասելով, «Ռասադ-1» արբանյակը տիեզերք է արձակվելու կառավարական շաբաթվա ընթացքում: Կառավարական շաբաթը, որի ընթացքում նշվում են ԻԻՀ-ում իշխանությունների ձեռքբերումները, տոնվում է ամեն տարի օգոստոսի վերջին շաբաթում: Նախկինում Իրանին արդեն հաջողվել է տիեզերք արձակել երկրի առաջին ազգային արբանյակը, որը նպատակ էր հետապնդում մթնոլորտային ճնշման, ինչպես նաեւ տարբեր բարձրության վրա քամու արագության չափումներ իրակացնել: 2010թ. փետրվարին իրանցի գիտնականները հետազոտական նկատառումներով տիեզերք ուղարկեցին կրիաներ ու մկներ: Արձակման արարողությանն այդ ժամանակ մասնակցում էին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանի կողմից արբանյակային սարքավորումների տիեզերք արձակումը միշտ մտահոգության տեղիք է տալիս արեւմուտքում, քանի որ փորձագետների կարծիքով հրթիռային ծրագրերի քողի ներքո Թեհրանն իրականացնում է միջուկային զինալիցքավորման աշխատանքներ եւ ստեղծում մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ:

Վահագն Նանյան

Շաբաթվա մարզական կյանքից

Մեդալներ ի վերջո ունեցանք
Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցեցին Հայաստանի 8 ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես եկավ 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով հաղթահարելով նախնական փուլերը, մտավ եզրափակիչ, բայց բավարարվեց արծաթե պարգեւով:
66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Գեւորգ Սահակյանը, իսկ ահա Նարեկ Խաչատրյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ) տանուլ տվեցին 3-րդ տեղի համար գոտեմարտերը եւ չկարողացան մեդալ նվաճել:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները նույն առաջնությունում չէին կարողացել նվաճել 24 մեդալներից գոնե մեկը:

Կկարողանա՞ն հաղթել 85 տարի անց
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի շախմատի բաց առաջնության 4-րդ տուրում հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը, սպիտակներով հաղթելով Լորան Դ՛Կոստային, վաստակեց 3,5 միավոր եւ մոտեցավ միանձնյա առաջատար Սեբաստիան Ֆելերին (Ֆրանսիա), ով 100 տոկոսանոց արդյունք ունի: Իսկ ահա մյուս հայ շախմատիստ Գարի Գիրոյանը անհաջողության մատնվեց եւ էլ ավելի զիջեց դիրքերը:
Հավելենք, որ Փարիզի շախմատի բաց առաջնության 85-ամյա պատմության ընթացքում առայժմ ոչ մի հայազգի շախմատիստ չի նվաճել չեմպիոնի կոչումը:

Իրանցին Հայաստանի չեմպիոն
Ջերմուկում կայացավ շախմատի Հայաստանի պատանեկան (մինչեւ 10 տարեկաններ) առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Հայկ Մարտիրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նրան միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեցին Արթուր Հողմցյանը եւ Արմենակ Նազարյանը, ովքեր զբաղեցրին, համապատասխանաբար, 2-րդ եւ 3-րդ տեղերը:
Մինչ այդ Ջերմուկում կայացել էին նաեւ մյուս տարիքային խմբերի հանրապետական առաջնությունները: Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում 1-ին տեղը գրավեց իրանցի Մոհամեդ Ռեզա Ասյար-Զադեն (7,5 միավոր), մինչեւ 14 տարեկանների առաջնությունում հաղթեց Նորայր Թորոսյանը (8), իսկ 18 տարեկան շախմատիստների պայքարում լավագույն արդյունք ցույց տվեց Սյուզան Շաքրյանը (7):

Ոսկե եւ բրոնզե մեդալներ
Թայվանում կայացած ծանրամարտի աշխարհի ուսանողական առաջնությունում Հայաստանի 3 մասնակիցներից 2-ը մեդալներով վերադարձան հայրենիք: 77 կգ քաշային Աղասի Աղասյանը գերազանց մրցելույթ ունեցավ 2 մրցաձեւերում (13 +181 կգ), երկամարտում ցույց տվեց 316 կգ արդյունք եւ գրավեց առաջին տեղը:
94 կգ քաշային Վարդան Դավթյանը 358 (165+193) կգ ընդհանու
ր արդյունքով գրավեց երրորդ տեղը: 62 կգ քաշային Ռուբիկ Մամոյանը հրում վարժությունում 3 անգամ չկարողացավ բարձրացնել 140 կիլոգրամ ծանրաձողը եւ անմասն մնաց խաղարկված մեդալներից:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը (1-0-1)՝ հետ մնալով Թայվանից (4-3-1), Լեհաստանից (4-2-0), ԱՄՆ-ից (1-2-2), Կանադայից (1-1-2) եւ Թայլանդից (1-1-1):

Մեր բասկետբոլիստուհիները «B» խմբում
Երեւանում ավարտված Եվրոպայի «C» խմբի առաջնության եզրափակիչ խաղում Հայաստանի կանանց բասկետբոլի հավաքականը, չնայած Մալթայի թիմից կրած պարտությանը՝ 65:74, հաջորդ տարի հանդես կգա ավելի բարձր՝ «B» դիվիզիոնում:

*  *  *
Մյունխենում կայացել է կանանց բասկետբոլի 2010/2011թթ. Եվրոպայի ակումբների գավաթի խաղարկության վիճակահանությունը: 37 երկրների ներկայացուցիչները բաժանվել են 12 ենթախմբերի, որոնց հաղթողները, ինչպես 2-րդ տեղը զբաղեցրած լավագույն ցուցանիշներ ունեցող 4 թիմերը կպայքարեն 18 եզրափակիչում:
«F» խմբում Երեւանի «Հատիս»-ը կմրցակցի ՌԴ Նովոսիբիրսկի «Դինամո»-ի եւ Իսրայելի «Էլիտզուր»-ի հետ:

Եվրոպական եզրափակիչ
Ավարտվեցին Հարավաֆրիկյան հանրապետությունում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/2 եզրափակչի խաղերը՝ Հոլանդիա-Ուրուգվայ՝ 3:2 եւ Իսպանիա-Գերմանիա՝ 1:0: Եզրափակիչում կհանդիպի Իսպանիա-Հոլանդիա զույգը, իսկ բրոնզե մեդալների համար կպայքարեն Գերմանիայի եւ Ուրուգվայի հավաքականները:

*  *  *
Պարագվայի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ արգենտինական «Դանուբիո» ակումբի նախկին գլխավոր մարզիչ, հայազգի ճանաչված մասնագետ Սերխիո Մարգարյանը ստանձնել է Պերուի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: Նրա առջեւ խնդիր է դրվել` ապահովել Պերուի հավաքականի մասնակցությունը 2014թ. աշխարհի առաջնությանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.