Կառավարության երեկվա նիստում առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն անդրադարձավ «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում լրացումների անհրաժեշտությանը: Գործադիրը քննարկեց եւ հավանության արժանացրեց դրանք:
Լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. կյանքը ցույց է տալիս, որ լինում են դեպքեր, երբ ազատազրկման դատապարտված անձի մերձավոր ազգականը (ամուսինը, երեխան եւ այլն) օրգանի կամ հյուսվածքի փոխպատվաստման կարիք է ունենում, իսկ ազատազրկման դատապարտված անձը, ցանկանալով օգնել իր ազգականին, պատրաստակամություն է հայտնում հանդես գալ որպես դոնոր, սակայն, փոխպատվաստումը հնարավոր չի լինում իրականացնել, քանի որ գործող օրենսդրությամբ դա արգելվում է: Նման արգելքի առկայությունը շատ դեպքերում անհարկի խոչընդոտ է լինում, ինչն էլ լուրջ դժգոհություն է առաջացնում ազատազրկման դատապարտված անձանց եւ նրանց ազգականների շրջանում:
Իսկ լրացումով ակնկալվում է հնարավորություն տալ ազատազրկման դատապարտված անձանց հանդես գալ որպես դոնոր այն դեպքերում, երբ օրգանի կամ հյուսվածքի պատվաստման անհրաժեշտություն զգացողը նրանց մերձավոր ազգականն է:
Սեփ. լրատվություն
Ռազմավարությա՜մբ ենք պարտք վերցնում
Գործադիրը երեկվա նիստում քննարկեց եւ հավանության արժանացրեց նաեւ կառավարության պարտքի կառավարման 2011-2013թթ. ռազմավարական ծրագիրը:
«Պարտքի խելամիտ կառավարումը կարեւոր դեր է խաղում պետական հատվածի ֆինանսների կառավարման գործընթացում: Սա ավելի կարեւոր նշանակություն է ձեռք բերում, երբ որեւէ երկիր ազդեցություն է կրում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում եւ պետք է վստահ լինի, որ փոխառության քաղաքականությունը ապագայում չի բերի անկայուն դիրքի, չի մեծացնի ֆինանսավորման ծախսերը մինչեւ անընդունելի ու ծայրահեղ մակարդակի կամ էլ երկիրը չի դարձնի խոցելի: Սա պահանջում է պարտքի կառավարման գործուն համակարգի կիրառում, որը անբարենպաստ պայմաններում կարող է նվազեցնել բացասական ազդեցությունները եւ մեղմել հավանական ռիսկերը»,-ասաց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ամեն տարի էլ այսպես է ասում: Ասում է ու պարտք վերցնում: Պարտք է վերցնում ու ասում, թե վտանգավոր շեմին չենք հասել: Ամեն տարի վերցնում է ու դեռ իր պատկերացրած վտանգավոր շեմին չի հասել. «Պարտքային բեռի բարձրացումը գտնվում է կառավարելիության շրջանակներում եւ չի կարող խաթարել երկրի պարտքային կայունությունը»,-վստահեցնում է նախարարը:
Ու քանի որ առայժմ դեռ չի կարող խաթարել, հարկ է նորից վերցնել, մինչեւ… խաթարվի՞, սա՞ ենք ուզում:
Արտաքին աղբյուրներից փոխառու միջոցներ ներգրավելուց հիմնականում նախապատվություն կտրվի ազատ փոխարկելի արժույթով եւ ֆիքսված տոկոսադրույքով փոխառու միջոցներին, քանի որ 2009թ. սկսած արտաքին աղբյուրներից ներգրավված վարկերի կառուցվածքում էականորեն աճել է լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշիռը:
Կանխատեսումային փոխարժեքների համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ SDR-ի, EUR-ի, JPY-ի փոխարժեքների 1% շեղումը միջին հաշվով կփոփոխի ՀՀ կառավարության արտաքին պարտքը 22 մլն ԱՄՆ դոլարով:
Կարեւորը, որ ամեն ինչ ռազմավարորեն ենք անում…
Աստղինե Քարամյան
Պատերա՞զմ ԵԽ-ի հետ
«Հայաստան-ԵԽ հարաբերությունները ճգնաժամային են»,- այսպես է կարծում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը եւ ավելացնում, որ «Տպավորությունն այնպիսին է, որ փոքրիկ պատերազմ է սկսվել. հայկական կողմը անվստահություն է հայտնվում ԵԽԽՎ նախագահին, առանձին պատվիրակների, համազեկուցողներին եւ այս «պատերազմում» հայկական կողմը հաղթած չի կարող դուրս գալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահը նախատել է ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուն` ադրբեջանական դիվերսիայի մասին տեղեկություն չունենալու համար, իսկ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «քաղաքական տհասության» մեջ է մեղադրել մոնիտորինգի հանձնախմբում Հայաստանի հարցը ներկայացնող նոր համազեկուցող Գորան Լինդբլանդին:
Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ թեեւ այսօրվա պատվիրակությունը որոշակի մեղք ունի այժմ ստեղծված իրավիճակում, բայց հիմնական պատճառը միջազգային ասպարեզում Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունն է: ԵԽ-ին անդամակցելիս Հովհաննիսյանը վստահ էր, որ Հայաստանը կդառնա ավելի ժողովրդավար, կպաշտպանվեն մարդու իրավունքները, խոսքի ազատությունը: «Բայց պետք է փաստենք, որ այսօր իրավիճակը շատ ավելի վատն է, քան 1999, 2000 թվականներին»:
Բայց նա այս իրավիճակից երեք ելք է տեսնում. «Կամ սառեցնում ենք անդամակցությունը ԵԽ-ին, ինչը շատ բացասական քայլ կլինի, կամ փոխում ենք հայկական պատվիրակության կազմը եւ նոր էջից աշխատում, կամ սկսում ենք իրապես իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները»:
* * *
Տիգրան Թորոսյանը բոյկոտելը համարում է սխալ
ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ ենթահանձնաժողովի հնարավոր վերստեղծման մեջ ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը մեծ վտանգ չի տեսնում: ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավարը հիշեցրել է 2005 թվականին ընդունված բանաձեւը, որում ամրագրված է ենթահանձնաժողովի միակ ֆունկցիան:
«Դա հետեւյալն է. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ այն երկրները, որոնք նանեւ ԵԽ անդամ են, այդ երկրների պատվիրակությունների ղեկավարները պետք է ամեն տարի հաշվետվություն ներկայացնեն ԵԽԽՎ-ին, թե իրենց երկրներն ինչ են արել ԼՂՀ խնդրի կարգավորման ուղղությամբ: Շատ պարզ եւ որեւէ խնդիր իր մեջ չպարունակող ֆունկցիա է»,- ասել է ԱԺ պատգամավորը:
* * *
Կոլոմբիեի վերջին հայտարարությունը
Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն ողջունել են նախաձեռնությունների այն շարքը, որոնք շարադրված են ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պատասխան նամակում: Համանախագահները մարտին ՀՀ իշխանություններին առաջարկել էին ստեղծել Հայաստանի բարեփոխումների ճանապարհային քարտեզ:
Չնայած այս փուլում դժվար է մանրակրկիտ գնահատականներ տալ նամակում ներկայացված այդ նախաձեռնություններին, սակայն համանախագահները զգուշացրել են, որ ներկայումս ավելի կարիք կա իրագործելու այն բարեփոխումները, որոնց մասին բարձրաձայնել է ԵԽԽՎ-ն:
«Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի նամակում` ԸՕ-ի վերաբերյալ սխեմային, մենք նկատի ենք ունենում, որ հատուկ այդ նպատակներով ստեղծված աշխատանքային խումբն այն չի քննարկել ընդդիմության հետ: Պարզ է, որ ցանկացած Ընտրական օրենսգիրք, որ չի քննարկվել երկրի տարբեր քաղաքական ուժերի հետ, եւ հիմնված չէ հնարավորինս լայն կոնսենսուսի վրա, չի օգնի ստեղծել հանրության անհրաժեշտ վստահությունը ԸՕ-ի հանդեպ»,- ասել են համազեկուցողները:
Սեփ. լրատվություն
Հայոց ցեղասպանության թեմայով համաժողով
Երեւանում կայացել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանգիծ» միջազգային համաժողովը:
Համաժողովին իրենց զեկուցումներով հանդես են եկել բանախոսներ` Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Գերմանիայից:
Մեկօրյա «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. Արդարության հաստատման սահմանգիծ» միջազգային համաժողովը կազմակերպել էին Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը:
Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն էր
Չնայած ՀՀ Սահմանադրությունն ամբողջապես ազգային համարել չի կարելի, բնույթով եւ էությամբ առավելապես միջազգային է, սակայն, չի կարելի նաեւ չգնահատել Սահմանադրության ընդունման պատմական նշանակությունը, ինչը չափազանց կարեւոր էր մեր նորանկախ հանրապետության եւ ձեւավորվող հանրության համար:
15 տարի առաջ այս օրը, Հայաստանի 3-րդ հանրապետությունն ընդունեց իր առաջին սահմանադրությունը: Գործող Սահմանադրությունը հանրաքվեով փոփոխվել է միայն 2005 թվականի նոյեմբերի 27-ին:
«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.



