Հայերն ու հրեաները միասին…

Հայերն ու հրեաները միասի՞ն

Ըստ «Էրմենիհաբեր» լրատվական կայքի եւ «Միլլիեթ» օրաթերթի, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի երեւանյան այցը վտանգել է Թուրքիայի շահերը: Թուրքական մամուլը հատկապես հեղեղված է Քլինթոնի՝ Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցի նկարներով ու նյութերով: Թուրքական զլմ-ները հիշեցնում են, որ անցած տարի ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց շնորհիվ կարող էին հիմնվել դիվանագիտական հարաբերությունները, բացվեր սահմանը, մշակվեին պատմական խնդիրների շուրջ երկխոսության գործառույթներ: Բայց «Անկարան, տուրք տալով Բաքվի հակազդեցություններին եւ պայման դնելով ղարաբաղյան խնդրի լուծումը, փաստորեն ճանապարհ հարթեց արձանագրությունների սառեցման համար»:
«Առաջին հայացքից թվում է՝ Թուրքիային դրանից ի՛նչ վնաս որ: Ներկայումս՝ ոչ մի: Բայց անկեղծ ասած` Վաշինգտոնից վատ ազդակներ են գալիս: Առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում նորից կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձեւը: Անցած ապրիլին ի հայտ եկած վտանգն այս անգամ առավել լուրջ կարող է լինել»,- աղմկում են թուրք վերլուծաբանները` դա պայմանավորելով 2 պատճառով:

1. Հրեական լոբբին, Թուրքիայի վրա բարկացած լինելու պատճառով (Գազայի օգնության հարցով զինված առճակատումը), կարող է համալրել հայերի կողմնակիցների շարքերը:
2. ԱՄՆ-ն առաջիկա նոյեմբերին պատրաստվում է Կոնգրեսի ընտրություններին:
Զլմ-ները պատահական չեն համարում Քլինթոնի՝ Երեւանում հնչեցրած խոսքերն այն մասին, որ «գովելի են արձանագրությունները կյանքի կոչելու հարցում Հայաստանի գործադրած ջանքերը, «գնդակը» Թուրքիայի «դաշտում է» եւ գործելու նրա ժամանակն է եկել»:
Թուրքիային ուղղված 2-րդ «մեսիջ» է դիտարկվում Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունը: Ընդգծվում է այն հանգամանքը, որ թեեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, թե այդ այցը մասնավոր բնույթի է, բայց ծաղկեպսակի վրա գրված է եղել ԱՄՆ-ի պետքարտուղար:
Այսպես ամերիկյան դիվանագիտությունը ցանկացել է չտագնապեցնել ադրբեջանա-թուրքական ճակատին, բայց նաեւ որոշակի գոհացնել Հայաստանին ու ամերիկահայությանը. կարծում են թուրքերը: Իսկ «Ղարաբաղի հարցի լուծման լույսը դեռեւս հորիզոնում չի երեւում, ու քանի որ Անկարան Երեւանի հետ կարգավորման գործընթացը պայմանավորում է Ղարաբաղով, նշանակում է դեռ երկար ժամանակ սառեցված կմնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը»,- ահազանգում են թուրք վերլուծաբաններն ու լրագրողները:

Նարե Մշեցյան

* * *

Վաշինգտոնն ուզում է բոլորի հետ լավ լինել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երեւան, ըստ վերլուծաբանների, մատնանշում է ԱՄՆ կառավարության ամուր գործընկերությունը Հայաստանի հետ, ինչպես նաեւ մեծ հետաքրքրությունները մեր տարածաշրջանում: Իր 2-օրյա այցի ընթացքում Հ. Քլինթոնը հանդիպել է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի հետ՝ քննարկելով երկկողմ հետաքրքրության, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը վերաբերող հարցեր: Բացի այդ նա նաեւ հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության ղեկավար շրջանակների հետ՝ փորձելով խթանել նրանց ջանքները, որ նպաստեն ժողովրդավարական արժեքների հաստատմանը:
2010թ. ԱՄՆ կառավարությունը ՀՀ-ին տրամադրել է շուրջ 45 մլն. ԱՄՆ դոլար աջակցություն՝ ուղղված աղքատության կրճատմանը, օրենքի գերակայության բարելավմանը, առողջապահական ծառայությունների հասանելիության մեծացմանը եւ մասնավոր հատվածի ու ենթակառուցվածքների ամրապնդմանը: Բացի այդ, Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ոռոգման համակարգերի եւ ֆերմերների ուսուցման ծրագրերի համար 2010թ. հատկացվող միջոցները կկազմեն ավելի քան 60 մլն. ԱՄՆ դոլար: ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Գլոբալ զարգացման միավորումներ» երկամյա ծրագրի շրջանակում հուլիսի 1-ին «Վորլդ Վիժն»-ի հետ համատեղ մեկնարկել է «ընտանեկան առողջություն»նախագիծը, որն ուղղված է Հայաստանի առավել հեռավոր բնակավայրերում կանխարգելիչ բուժծառայությունների ապահովումն եւ պարբերական հիվանդությունների վարումը բարելավելուն:
Վերջին 20 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից իրականացված արտաքին աջակցության ծրագրերով Հայաստանին հատկացվել է ավելի քան 1,8 մլրդ. ԱՄՆ դոլար:
Պետքարտուղարը նաեւ մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ իր հարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին, որ ցեղասպանվեցին 1915թ.:
Այդ առիթով Թուրքիան բողոքել է Վաշինգտոնին՝ Հ. Քլինթոնի Ծիծեռնակաբերդ կատարած այցի կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելը Անկարան վիրավորանք է համարել: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել բողոքի հայտարարությամբ: Նրա խոսքերով, «Քլինթոնի կողմից հուշահամալիրի այցելումը կրել է ոչ պաշտոնական, այլ մասնավոր բնույթ, սակայն Թուրքիան այնուամենայնիվ դժգոհ է նման քայլից»: Թուրք նախարարը նաեւ ասել է, թե այդ այցելության ժամանակ «Քլինթոնը ոչ մի հրապարակավ ելույթ կամ մեկնաբանություններ չի տվել, ինչը նույնպես, կարելի է ենթադրել, մեղմացուցիչ հանգամանք է Թուրքիայի համար ավելի բուռն արձագանքելու պետքարտուղարի քայլին: Ամեն դեպքում մենք փոխանցել են մեր դժգոհությունը Վաշինգտոնին»:  

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.