Գոռ Բալասանյան
Վրաստանի իշխանությունները ժխտել են ադրբեջանական աղբյուրների տարածած այն տեղեկատվությունը, իբր Վրաստանը պատրաստվում է Հայաստանին պարտք պետական գումարը մարել զինամթերքներով:
Ադրբեջանցի քաղաքագետ, քաղաքական նորարարությունների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն վերջերս իր մտահոգությունն էր հայտնել Վրաստանում առկա զինամթերքների ճակատագրով, որոնք փոխանցվել էին այդ երկրին ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից: 2008թ. ռուս-վրացական հակամարտությունում այդ զինամթերքն այդպես էլ չէին հասցրել գործածել:
Ադրբեջանցին… ենթադրել էր, թե Հայաստանը Վրաստանից իր 17 մլն. դոլար պարտքը կարող է պահանջել զինամթերքի տեսքով:
«Դա հիմարություն է»,- ասել էր Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Նալբանդովը` նշելով, որ այդպիսի հիմարությունները նույնիսկ մեկնաբանության կարիք չունեն:
Արտակ Հայոցյան
ՌԴ-ն էլ պարտվել չի սիրում
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կոչ է արել վրացական իշխանություններին` երրորդ ուժերին դիմելու փոխարեն երկխոսություն ծավալել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ:
Նա այս մասին հայտարարել է վրացի լրագրողներին՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թբիլիսիում արած այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը ձգտելու է վրացական տարածքների դեօկուպացմանը:
«Պետք չէ լուծումը փնտրել այլ տեղ, պետք է երկխոսություն վարել, այլ ոչ թե հուսալ երրորդ ուժերի վրա,- ասել է Պուտինն ու հավելել, – ոմանք կարծում են, թե այդ տարածքները՝ Աբխազիա, Հարավային Օսեթիա, օկուպացված են, ոմանք էլ՝ թե դրանք ազատագրված տարածքներ են: Դա Վրաստանի եւ Հարավային Օսեթիայի ժողովուրդների քննարկման առարկան է: Պետք է վարել այդ երկխոսությունը` չհուսալով երրորդ ուժերին: Մենք այդ պատերազմը չենք սկսել, պատասխան պետք է կրի նա, ով սկսել է պատերազմը»:
Ռուսաստանը, ինչպես եւ միջազգային հանրության այլ մասնակիցները, ըստ Պուտինի, կարող են միայն երաշխավորողի դերում հանդես գալ:
Նարե Մշեցյան
Իսրայելը գնում է զիջումների
Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդիպել է է Պաղեստինի ինքնավարության վարչապետ Սալամ Ֆայադի հետ: Բանակցությունները կայացել են Երուսաղեմում:
Համաձայն ստացված տեղեկատվության, կողմերը քննարկել են Գազայի հատվածի շրջափակումը մեղմացնելու հնարավորությունը եւ Հորդանան գետի արեւմուտքում անվտանգության ապահովման ուղիներ գտնելու հետ կապված հարցեր:
Իսրայելը արդեն փոխել է Գազայի հատված տեղափոխվող թույլատրելի ապրանքների «սեւ ցուցակը»: Հրեական իշխանությունները հանել են Գազայի հատված տարվող սպառողական ապրանքների արգելքը: Իսրայելի ԱԳՆ կողմից պատրաստված արգելքների պաշտոնական ցուցակից հանվել է նաեւ շինարարական ապրանքների արգելքը, թեեւ դրանք կարող են Գազա տանել միայն Իսրայելի խիստ հսկողության ներքո:
Ցուցակը կազմվել էր Իսրայելի մի քանի նախարարությունների, պետական հաստատությունների եւ պաղեստինյան տարածքում իսրայելական կառավարության համակարգողի հետ քննարկելուց հետո:
Անի Մարության
Նորի՞ց աշխուժացնում են քրդական գործոնը
Իրաքի ղեկավարությունը պաշտոնապես մերժել է Թուրքիայի առաջարկը` համատեղ պայքարելու Քրդական բանվորական կուսակցության անջատողականների դեմ:
«MIGnews.com»-ի տեղեկացմամբ, ՔԲԿ գրոհայինները, որոնց բազաները տեղակայված են Հյուսիսային Իրաքի տարածքում, վերջին ամսում խիստ աշխուժացրել են իրենց ահաբեկչական գործողությունները Թուրքիայում:
Վերջին շրջանում բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 30 թուրք զինվոր, աշխարհազորային ու քաղաքացիական անձ:
Թուրքիայի պահանջին ի պատասխան, Իրաք
ի կառավարության մամուլի խոսնակ Ալի էլ-Դաբախը հայտարարել է, որ Իրաքի դերը, որպես Միացյալ Անվտանգության կոմիտեի անդամ, ինչպես եւ Թուրքիան ու ԱՄՆ-ն, համապատասխան գործառույթներ գտնելն է, որ կկանգնեցի քուրդ ծայրահեղականներին, եւ ոչ թե տարածաշրջանում որպես ոստիկանության տեսուչ հանդես գալը:
* * *
Թուրքիայի քրդերը սկսել են ավելի հաճախ հարձակվել խաղաղ բնակչության վրա:
Օրեցօր Թուրքիայում ավելի արյունահեղ բնույթ է ստանում քուրդ գրոհայինների զինված պայքարը թուրքական պետության դեմ: ՔԲԿ-ի զինյալներն արդեն սկսել են հարձակվել ոչ միայն թուրքական բանակի ռազմաբազաների վրա, այն նաեւ՝ խաղաղ բնակչության: Ըստ թուրքական «Միլիեթ» թերթի՝ զինված քրդերը վերջերս էլ հարձակվել են Հաթայ նահանգի Հասսա շրջանի Չարդաք լեռնալանջերից ուրց հավաքող թուրք գյուղացիների վրա: Կան զոհեր եւ վիրավորներ: Որոշ գյուղացիներ էլ համարվում են անհետ կորած:
Դեռ օրեր առաջ թուրքական «Haberform» լրատվական կայքը հայտնել էր, որ երկրի հետախուզական մարմիններից ստացված տեղեկության համաձայն, ՔԲԿ-ի զինյալներն առաջիկայում հարձակման թիրախ են ընտրելու խաղաղ բնակչությանը: Այդպիսով քրդական հարցը քաղաքական լուծման ուղեծրից կրկին տեղափոխվելու է ռազմական հարթություն:
Արտակ Հայոցյան
Թուրքերը խցկվում են Եվրոպա
ԵՄ ոչ անդամ երկրների մեջ աֆրիկյան Մարոկկոյի քաղաքացիները 1-ին տեղն են գրավում ԵՄ քաղաքացիություն ստանալու թվով: Թուրքերը 2-րդն են: ԵՄ վիճակագրական «Eurostat» գործակալության տվյալների համաձայն, 2008թ. ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերի քանակը կրճատվել է 10%-ով, մինչդեռ Մարոկկոյի քաղաքացիներինը ավելացել է 7%-ով:
Նույն տվյալների համաձայն, ավելի քան 50 հազ. ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերից 24 հազ. դարձել են Գերմանիայի, 10 հազ-ը` Ֆրասնիայի, իսկ մնացածը` Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հոլանդիայի եւ Դանիայի քաղաքացիներ: ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերի քանակով, 1-ին տեղում Գերմանիան է, այնուհետեւ Դանիան ու Հոլանդիան, իսկ 3-րդ տեղում՝ Ավստրիան, Ֆրանսիան եւ Ռումինիան:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.



