Երեւանը, հունիսի 18-ի գիշերը, արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո ցուցաբերեց հստակ, միասնական դիրքորոշում եւ կարողացավ միջազգային տարբեր հարթակներում հասնել այն բանին, որ հայ պաշտոնյաների, փորձագետների եւ գործիչների տեսակետները դրվեցին շրջանառության մեջ:
Հայաստանի առաջին դեմքերը նույնպես հանդես եկան բավական հստակ եւ կտրուկ դիրքորոշումներով, հայտարարություններով` ի տարբերություն Ադրբեջանի, որը կարծես խուճապի մեջ էր հայտնվել՝ հանդես գալով իրարամերժ հայտարարություններով: Իսկ մեր պարագայում միասնաբար հնարավոր եղավ ադրբեջանական սադրանքը հենց այդպիսին էլ ներկայացնել, ինչը ապացուցում է, որ ճիշտ եւ միասնական գործելու դեպքում ադրբեջանա-թուրքական քարոզչությանը կարելի է դիմակայել եւ միջազգային կարծիքի վրա ներազդել:
Այս հանգամանքը պետք է հետագայում էլ հաշվի առնել, եւ եթե մեր հարեւաններից որեւէ մեկը կրկին փորձի դիմել ինչ-որ սադրանքի, ապա ՀՀ-ի եւ սփյուռքի տեղեկատվական համակարգը պետք է պատրաստ լինի դիմագրավել այդ մարտահրավերին:
…Նաեւ` պատերազմի դաշտում
Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո Իլհամ Ալիեւը ելույթում երկրի զինված ուժերին կոչ է արել ամեն պահի պատրաստ լինել Գերագույն հրամանատարի՝ «հայրենի հողերը ազատագրելու հրամանի կատարմանը»:
Ըստ ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության, Ալիեւը հիմնականում խոսել է երկրի ռազմական ներուժը հզորացնելու եւ այդ ուղղությամբ վերջին ձեռքբերումների մասին: «Երկար տարիներ մեր հողերը բռնազավթված են: Պետք է ամեն պահի պատրաստ լինել ազատագրելու դրանք զավթիչներից: Դրա համար քաղաքական եւ դիվանագիտական ջանքերից բացի պետք է ունենանք նաեւ հզոր բանակ: Ներկայում այդ գործընթացը հաջող ընթանում է, եւ ադրբեջանական բանակի մակարդակը շատ բարձր է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նրա ասելով, վերջին 7 տարիների ընթացքում երկրի ռազմական ծախսերը ավելացել են 13 անգամ եւ 2010թ. կազմում են 2 մլրդ. 150 մլն. դոլար, «այսինքն՝ ավելի շատ է, քան Հայաստանի պետական բյուջեն: Սա, սակայն, բավական չէ: Մենք շարունակելու ենք զարգացնել մեր ռազմական հզորությունը, գնել բանակի համար անհրաժեշտ զինամթերքն եւ տեխնիկան»:
«Արդեն քանի տարի է բանակցություններն ընթանում են անարդյունք: Ադրբեջանի առջեւ հիմա նոր խնդիրներ են կանգնած. կամ շարունակել բանակցությունները, ինչին մենք պատրաստ ենք, իհարկե, եթե դրանք լինեն արդյունավետ, կամ ընտրել այլ ճանապարհ: Ադրբեջանը պատրաստ պետք է լինի ցանկացած տարբերակի եւ դա են վկայում վերջին ժամանակների իմ հայտարարությունները»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը եւ ավելացրել, թե ադրբեջանցիների համբերությունն անսահման չէ…
Հայկական բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում
Ըստ միջազգային մասնագիտական տեսակետների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ-ի զինվորական մասնագետների, Հարավային Կովկասում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բանակներից ամենապատրաստվածը եւ ուժեղը հայկականն է:
Այժմ վրացական բանակն ավելի բարոյալքված է, հատկապես 2008թ. օգոստոսի վրաց-ռուսական խայտառակ պատերազմից հետո: Իսկ նախկինում էլ՝ 1990-ականների սկզբին, վրացիները կրկին պարտություն էին կրել աբխազական եւ հարավ-օսական պատերազմներում: Եվ ծախսած մի քանի միլիարդն անգամ չհզորացրեց վրացական բանակի մարտունակությունը: Նույնը կարելի է ասել ադրբեջանական բանակի մասին: Էլի ծախսած միլիարդներն ամենեւին չեն օգնում այս բանակի մարտունակությունը: Ադրբեջանական բանակը արցախյան պատերազմից հետո հոգեբանորեն ընկճված եւ ստորադասված է հայկական բանակի առջեւ: Եվ ադրբեջանական բանակի կողմից ժամանակ առ ժամանակ ձեռնարկվող սադրիչ գործողությունները հայկական բանակի հոգեբանական առավելությունը թուլացնելու եւ ադրբեջանականինը ուժեղացնելու նպատակ ունեն պարզապես:
Իսկ ահա, Հայաստանի բանակի մարտունակության մասին, վերը նշեցինք, մեկ անգամ չէ որ արձագանքել են ռուսաստանյան եւ արեւմտյան բարձրաստիճան զինվորականները: Այնպես որ, երբ Բաքուն տեղեկատվական եւ քարոզչական հոխորտանքներից գործի անցնելու փորձ անի, ապա հայկական բանակը մի նոր փառահեղ էջ կգրի հայոց հողերի ազատագրման նորագույն պատմությունում:
Սադրանքը իրենց է խուճապի մատնում
Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, ադրբեջանական կողմը նոր սադրանք էր նախաձեռնել: Հուլիսի 4-ի լույս 5-ի գիշերը, նաեւ օրվա ընթացքում արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում, արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Չախրլը, Քյուրդլար, Հորադիզ, Քարվենդ, Չեյիլ, Կուրապատկինո, Մարզիլի, Սարըջանլու, Քենգեռլի, Բաշ-Քարվենդ, Թաղիբեյլի, Ջրաբերդ, Թալիշ, Գյուլիստան, Կարախանբեյլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Աշաղը Վեյսալի եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված արցախյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը ինչպես միշտ լռել է…
Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն կարծում է, որ «ադրբեջանական իշխանությունների մեջ չկան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնք ի զորու կլինեն վերադարձնել Ղարաբաղը»:
Ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ հասարակությունում ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր դադարել են հավատալ երկրի ղեկավարությանը եւ պատրաստ չեն պատերազմի: Ադրբեջանցի մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ նշում են, որ արդեն իսկ ակնհայտ է, որ «ադրբեջանական իշխանությունները տարիներ ի վեր միայն պոպուլիստական հայտարարություններ են արել, ինչը երբեւէ գործ չի դարձել»:
Ադրբեջանում շատերն են մտածում, որ իշխանությունների ամպագոռգոռ հայտարարությունները միայն մեկ նպատակ ունեն՝ պահպանել իշխանությունը:
Վահագն Նանյան
Արցախը կդառնա՞ բանակցող կողմ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հանդես են եկել տարածաշրջան կատարած այցն ամփոփող հայտարարությամբ, որում ասված է, թե համանախագահները հուլիսի 3-5-ին հանդիպումներ են անցկացրել Բաքվում եւ Երեւանում, իսկ հուլիսի 2-ին այցելել են նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Ստեփանակերտում համանախագահները ԼՂ-ի իշխանություններին ծանոթացրել են բանակցային խաղաղ գործընթացի վերջին զարգացումների հետ, ներառյալ 2010թ. հունիսի 26-ին նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի ու Սարկոզիի հայտարարությանը: Քննարկել են հունիսի 18-19-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպը:
Համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել «հրադադարի ռեժիմի անընդունելի խախտման վերաբերյալ, կրկին ափսոսանք հայտնել կյանքի անիմաստ կորստի եւ վերահաստատել ուժի կիրառման խիստ դատապարտումը»:
Երեւանում եւ Բաքվում համանախագահները միջնորդ 3 երկրների անունից ընդգծել են պատրաստակամություն ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը նպաստելու հարցում, ինչը հիմնված է լինելու Հելսինկյան սկզբունքերի, մասնավորապես ուժ եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի վրա:
Համանախագահները կոչ են անում կողմերին կառուցողական փոխզիջման մթնոլորտում առաջ շարժվել` ավարտելու հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը թույլ կտա նախագծելու խաղաղության պայմանագիրը: Միջնորդները կոչ են արել նաեւ խստորեն հետեւել 1994թ. ստորագրված հրադադարի համաձայնագրին եւ շփման գծում զսպվածություն ցուցաբերել: Այցի ընթացքում համանախագահները կողմերին ներկայացրել են նաեւ ԼՂ հարակից շրջաններում գալիք աշնանը առաքելություն նախաձեռնելու իրենց ծրագիրը, որը տեսականորեն ընդունվել է:
Հայտարարության վերջում համանախագահները հույս են հայտնել, թե պատվիրակների ղեկավարների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջեւ հանդիպումը կկայանա հուլիսի 16-17-ին Ալմա-Աթայում՝ ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթաժողովի շրջանակներում:
Իսկ հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵՎՐԱԶԵՍ) միջպետական խորհրդի նիստին:
Հայաստանը այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ:
Արտակ Հայոցյան
Հիմա էլ` պաշտոնյաների համահայկական հավաք
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների եւ պաշտոնյաների հավաք: Նա օրերս ընդունել էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին, ում հետ նույնպես քննարկվել է այդ թեման: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հ. Աբրահամյանը նշել է, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում` միաժամանակ չմոռանալով իրենց արմատները, եւ կարեւոր է համարել նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների այցերը Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, ավելի սպառիչ տպավորություն կազմելուն, հայապահպանության առաջխաղացմանն ու Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Գոհար Վանեսյան
ՀՀ – ՄԱԿ. հարաբերությունների նո՞ր փուլ
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենի տեղակալ Յենս Վանդելին:
Նախարարը նշել է, որ Երեւանը պատրաստ է ավելի արդյունավետ դարձնել իր մասնակցությունը ՄԱԿ-ի կառույցների աշխատանքներին եւ գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ հունիսի 24-ին ստորագրված 2010-2015թթ. համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ պետական կառույցների եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության առնչությամբ:
Կողմերն անդրադարձել են նաեւ պետական կառավարման համակարգի բարեփոխման, կլիմայի փոփոխության, էներգիայի արդյունավետ օգտագործման, այլընտրանքային էներգիայի ու հակակոռուպցիոն պայքարի բնագավառներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ՀՀ կառավարության համագործակցության մասին:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 26 (157), 2010թ.



