Ու՞մ սայրն է սուր` Հայաստան-Ռուսաստա՞նի, թե՞ Ադրբեջան-Թուրքիայի
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի օգստոսյան 3-օրյա այցը ՀՀ շատ կարեւոր էր ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների զարգացման առումով, քանզի 2 երկրների ռազմավարական փոխգործակցությունը մեր պետական անվտանգության բաղկացուցիչ մասերից է. համոզված են ՀՀ նախագահի աշխատակազմում:
Բարձր մակարդակով քննարկվեց Գյումրիում ռուսական ռազմակայանների ժամկետի երկարաձգման համաձայնագրի կնքումը, ինչպեսեւ տարածաշրջանային, ռազմական անվտանգությունը երաշխավորելու նպատակով նույն ռազմակայանի՝ գործառույթներն ընդլայնելու մասին համաձայնագիրը:
ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության օրոք բավականին դրական տեղաշարժեր արձանագրվեցին, եւ նույնիսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, թե ՀՀ-ն ՀԱՊԿ «լոկոմոտիվն» է: Հաշվի առնելով այն, որ Հայաստանը առաջիններից էր, որը ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի վերաբերյալ պայմանագիրը վավերացրեց, ինչպես նաեւ լուրջ ներդրում ունեցավ ՀԱՊԿ զարգացման գործում, օրինաչափ էր, որ ՀԱՊԿ գագաթաժողովը կայացավ հենց ՀՀ-ում:
«Այստեղ մի բան էլ պետք է հստակեցնել, որ Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի ավելացման վերաբերյալ հայտարարությունները, Ադրբեջան-Թուրքիա տանդեմի միակողմանի քաղաքականությունը հուշում են, որ մենք մեր անվտանգության համակարգերը պետք է հզորացնենք: Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ երկիր, իր լուրջ դերակատարումն ունի: ՀԱՊԿ-Հայաստան համագործակցությունը բխում է ՀՀ շահերից, եւ մենք ամեն ինչ կանենք մեր երկրի անվտանգությունն ամրապնդելու համար»,- կարծում են ՀՀ իշխանության ներկայացուցիչները եւ ավելացնում՝ «քաղաքագիտության մեջ մի չգրված օրենք կա՝ այն երկիրը, որտեղ ազգային անվտանգությունն ուժեղ չէ, այնտեղ չի կարող լինել որեւէ զարգացում՝ սկսած ժողովրդավարությունից, վերջացրած սոցիալական խնդիրներով, երկրի համար կարեւորը անվտանգությունն է, որովհետեւ միայն անվտանգության երաշխիքների առկայության դեպքում, անվտանգության համակարգերը 21-րդ դարի մարտահրավերներին հարմարեցնելու դեպքում կարող ենք ունենալ հստակ զարգացում»:
ՌԴ նախագահն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին: Երկկողմանի հարաբերությունները զարգացնելու հարցերով ՀՀ եւ ՌԴ նախագահներն ունեցել են առանձնազրույց, որին հաջորդել են 2 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Ստորագրվել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՀՀ եւ ՌԴ նախագահները մասնակցել են Գյումրի «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը: «Պատվի բլուր» զինվորական գերեզմանոցը հիմնվել էր 1856թ. Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Գերեզմանոցում թաղված են եղել 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի 156 սպա: Այնուհետեւ գերեզմանոցի կողքին կառուցվել է ռուսական ուղղափառ մատուռ՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր: 20-րդ դարի դրամատիկ իրադարձությունները չեն խնայել հուշահամալիրը: 1886թ. օծված Սուրբ Արխիստրատիգ Միխայիլի մատուռը վթարային վիճակում է: Անցյալ հարյուրամյակի 50-ական թթ., հենց գերեզմանատան կենտրոնում մանկական առողջարան է կառուցվել, որը 2009թ.-ից չի գործել:
Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների՝ օգոստոսի 20-22-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին:
ՌԴ-ն այսօր ՀՀ-ում լուրջ քաղաքական եւ տնտեսական տեղ է զբաղեցնում է եւ այս այցը պետք է դիտարկել 2 տեսանկյունից՝ քաղաքական-ռազմավարական եւ տնտեսական: Քննարկված հիմնական հարցերն էլ վերաբերվել են ռազմաքաղաքական համագործակցությանը, եւ առաջին հերթին Գյումրիում ռուսական ռազմականների ժամկետի երկարաձգման հարցին: Իսկ տնտեսական ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցերից, կարծում ենք, կարեւոր էր նոր ԱԷԿ-ի կառուցման խնդրի քննարկումը:
Վերլուծաբանների կարծիքով` հատկանշական էր, որ ՌԴ նախագահը ՀՀ էր ժամանել պետական այցով, ինչը մեկ անգամ եւս հաստատում է այն, որ 2 երկրները շատ կարեւոր դաշնակից ու զինակից են համարում միմյանց: Եվ ՌԴ նախագահի, եւ առհասարակ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների այցը Հայաստան եւս մեկ անգամ ընդգծում է մեր երկրի կողմից վարվող արտաքին քաղաքականության կարեւորությունն այս ուղղությամբ: Հիմնականում արտահայտված տեսակետները հաստատում են, որ այս այցը նպատակ էր հետապնդում ՀՀ-ում ռուսական ռազմակայանների մասին արձանագրությունների վերահաստատման, ինչն ավելի է ամրապնդում ու առավել շահեկան դարձնում ՀՀ անվտանգությունը, առավել եւս այս պայմանագրի փոփոխված տեքստով, որը նաեւ խնդիր ունի Հարավային Կովկասում ավելի հավասարակշռելի դարձնել «ոչ պատերազմին» բանաձեւը:
Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես կարեւորել է հայ-ռուսական բարեկամությունը. «Երբ ասում ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերների հարաբերություններ են, դրանք հենց այնպես, ուղղակի ասված խոսքեր չեն: Չէ՞ որ ռազմավարական ու դաշնակցային գործընկերությունը չի կարող ամուր լինել, եթե ժողովուրդների միջեւ չկան խորը կապեր: Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների բարեկամությունը տարիների փորձությունների միջով է անցել: Պատմության ընթացքում մեր հայրերն ու պապերը մի անգամ չէ, որ պայքարել են միասին խաղաղության համար»:
Դ. Մեդվեդեւի եւ նրա տիկնոջ պատվին տրված ճաշկերույթին Սերժ Սարգսյանից (բնականաբար եւ նրա տիկնոջից) բացի մասնակցում էր նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տիկնոջ հետ: Զլմ-ները տարածել էին, որ Ս. Սարգսյանը Դ. Մեդվեդեւին ճանապարհելուց հետո գաղտնի հանդիպել է նաեւ ՀՀ 1-ն նախագահ Լեւոն Տեր Պետրոսանի հետ, «Մոնումենտում» գտնվող «գաղտնի ռեզիդենցիայում»£ Քաղաքական վերնախավում կարծիք կա, որ ՀՀ 3-րդ նախագահը ճկուն է եւ կարող է խաղալ բոլոր քաղաքական ուղղությունների հետ, նաեւ Արեւմուտքի հետ լավ հարաբերություններ ունենալով նորից ռուսների «մարդը» դառնալ» միաժամանակ… Ինչեւէ, այս ամենը դեռ կհստակեցվի:
Իսկ ՌԴ նախագահի այցը համարվում է տարածաշրջանի նշանակալից իրադարձություն նաեւ միջազգային տեսանկյունից: ԱՄՆ-ում Բարաք Օբամայի իշխանության գալուց ի վեր ռուս-ամերիկյան հարաբերություններում «վերաբեռնում» է: Վաշինգտոնի պահպանողական շրջանակները, ի տարբերություն Բուշ կրտսերի, փորձում են Մոսկվայի հետ համաձայնության գալ բոլոր հնարավոր հարցերում, իսկ անհնարինների դեպքում՝ պարզապես լռել: Այդ «վերաբեռնումը» նաեւ Հարավային Կովկասին է առնչվել եւ ԱՄՆ-ի «պասիվ ակտիվության» այս պահին Կրեմլը առաջ է մղում սեփական շահերը:
Մի հանգամանք էլ. Թուրքիան փորձում է ներթափանցել Հարավային Կովկաս եւ դերակատարություն ստանձնել այնտեղ: Իսկ Անկարայի ցանկությունները ստուգելու համար փորձաքար դարձավ հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը ցույց տվեց, որ կովկասյան գործերին միջամտելու Անկարայի ցանկությունը որեւէ կառուցողական նախադրյալ չունի եւ ընդամենը սեփական կայսերապաշտական նկրտումները քողարկելու միջոց է: Սա էլ խթան էր, որպեսզի Ռուսաստանը հստակեցնի հարավային ուղղությամբ իր առաջնահերթությունները եւ նոր քայլեր ձեռնարկի:
Թուրքիայի դեմն առնելը միայն կովկասյան խնդիրներին միջամտելու ցանկությամբ չէ, որ դրսեւորվեց, այդ երկիրը փորձեց լուրջ դերակատարություն ստանձնել նաեւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Ծրագիրը հետեւյալն է՝ բոլոր հարակից էներգակիրներ արտադրող երկրները՝ սկսած Կենտրոնական Ասիայից՝ մինչեւ Պարսից ծոց, իրենց հումքը մատակարարում են Թուրքիային, իսկ վերջինս որոշում է Եվրոպա առաքման ուղիներն ու սակագները: Սա ակնհայտորեն հակասում է ոչ միայն արեւելյան գազատարների մենաշնորհն իր ձեռքում պահող ՌԴ-ի, այլեւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերին (հենց այդ նպատակով էլ Թուրքիան փորձում է համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի խնդրում): Եվ այս դեպքում էլ Թուրքիային լրջորեն հակազդելը, ըստ ամենայնի, թողնվեց Ռուսաստանին՝ Հարավային Կովկասը վերահսկողության տակ պահելու միջոցով:
Այս եւ նման այլ գործընթացները ստիպեցին, որպեսզի Թուրքիան որոշակի հետեւողականություն ցուցաբերի (վերջին շրջանում անընդհանտ խոսվում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շինարարության ակտիվացման, Նախիջեւանում թուրքական ռազմաբազաներ տեղակայելու, Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության պայմանագիր ստորագրելու եւ այլնի մասին):
Իսկ ահա Ռուսաստանը հայտարարեց Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմաբազաներ, այդ թվում՝ ՀՕՊ ժամանակակից համակարգեր տեղակայելու մասին, Ուկրաինայի հետ կնքած պայմանագրով Ռուսաստանը եւս 5 տասնամյակով երկարացրեց Սեւաստոպոլում Սեւծովյան նավատորմի տեղակայումը, Ռուսաստանը որոշեց թարմացնել ու արդիականացնել Կասպյան տորմիղը եւ 49 տարով երկարաձգեց իր ռազմաբազաների տեղակայումը Հայաստանում:
Հայաստանը բացի Ռուսաստանի հետ առաջնահերթության նախաձեռնություններից, որոնցից կարեւորը նոր ատոմակայանի կառուցման հարցն է, առաջնահերթություններ է հռչակել Իրանի հետ նույնպես՝ Հայաստան-Իրան երկաթուղու, նավթամուղի, նավթավերամշակման գործարանի… կառուցման առումով:
Ի վերջո, ՌԴ նախագահն իր խոսքում Ադրբեջանի նախագահին հասկացրեց, որ ԼՂ բնակչության անվտանգությունը եւս ապահովված կլինի, քանի որ ՀՀ վրա ռազմական որեւէ հարձակում կդիտվի նաեւ Ռուսաստանի վրա հարձակում: ՀՀ-ն ու ՌԴ-ն անդամակցում են ՀԱՊ կազմակերպությանը, եւ ՌԴ նախագահը նշել է, որ պայմանագրում դաշնակից երկրների պարտավորությունները հստակ շարադրված են: «Ուզում եմ վստահեցնել, որ ՌԴ-ն լուրջ է վերաբերում իր դաշնակցային պարտավորություններին»,- ընդգծել է Դ. Մեդվեդեւը: Այդ նպատակի իրականացման համար ռուսական կողմը պարտավորվում է ապահովել համապատասխան ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ սպառազինությամբ: Այս խնդիրները հայ-ռուսական ռազմա-քաղաքական համագործակցության եւ ռազմավարական դաշնակցային պարտավորությունների բաղկացուցիչ մասն են:
Օրերս ՌԴ նախագահը կայցելի նաեւ Բաքու: Իսկ Ադրբեջանում պահանջում են Դ. Մեդվեդեւին հայտարարել «պերսոնա նոն գրատա»: Վերջերս ադրբեջանական զլմ-ները գրել էին, որ Բաքվում ՌԴ դեսպանատան առջեւ բողոք էր կազմակերպվել, եւ «Ղարաբաղի ազատագրման» կազմակերպությունն ու Մարդու իրավունքների եւ ազատության պաշտպանության կազմակերպությունները մի հռչակագիր էին ընթերցել, որի համաձյան՝ Ռուսաստանն Ադրբեջանի համար անցանկալի երկիր էր ճանաչվում: Ցուցարարները պահանջում էին թույլ չտալ ՌԴ նախագահի այցը Բաքու եւ պահանջել էին, որպեսզի ՌԴ-ն դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կազմից:
Իսկ Հայաստանը կարող է ոչ միայն Երեւան-Մոսկվա եւ Երեւան-Թեհրան կապերով կարեւոր դեր ստանձնել Կովկաս-Հայկական լեռնաշխարհ տարածքում, այլեւ Մերձավոր Արեւելքում` իհարկե մի շարք այլ քայլեր նախաձեռնելով: Հենց այս մասին է Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության հայտարարությունը. «Մեր տարածաշրջանում ռազմա-քաղաքական սրացումները հետզհետե ծավալվելու բնույթ են ստանում… Գերտերությունները եւ աշխարհի գաղտնի-մութ ուժերը չեն հրաժարվել Մերձավոր Արեւելքը վերաձեւելու հերթական ծրագրերից եւ ամեն ինչ անում են իրենց նպատակին հասնելու համար: «Նոր (կամ Մեծ) Մերձավոր Արեւելք» ծրագրերում Հայաստանին «հատկացված» դերը այնքան էլ սփոփիչ չէ, ուստի՝ համայն հայության խնդիրն է բարձրացնել Հայաստանի եւ հայության դերն ու նշանակությունը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ՝ աշխարհում: Հայաստանը պետք է կայուն դերակատարում ունենա բոլոր ծրագրերում, որպեսզի երբեւէ չեղած Քրդստան կամ մեկ այլ «պետություն» չստեղծվի Հայկական լեռնաշխարհի տարածքում (այսօր Թուրքիայի տարածք համարվող՝ բռնազավթված հայկական հողերում): Դրա համար հայկական պետությունը պետք է լուրջ եւ միջազգային մակարդակի ծրագրեր առաջադրի հատկապես համաթուրանականության եւ համաիսլամականության դերը տարածաշրջանում նվազեցնելու համար: Այդ առումով լավ նախադրյալներ կան.
1. Իրանի հետ՝ տարածաշրջանի բնիկ ազգերի իրավունքները պաշտպանելու նախաձեռնությամբ հանդես գալու եւ իսլամական երկրների քաղաքականությունը հավասարակշռելու համար:
2. Արաբական երկրների հետ՝ համաթուրանականության (Իրանի հետ՝ նաեւ համաադրբեջանական ծրագրերի) եւ սիոնականության դեմ ծրագրերը հաջողելու եւ տարածաշրջանում քաղաքական բազմաբեւեռություն ապահովելու համար:
3. Իսրայելի հետ՝ Իրանի եւ արաբական աշխարհի հետ խաղաղ գոյակցելու եւ թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտելու համար: Նաեւ Հայոց ցեղասպանության դատապարտման եւ հայկական հարցի միջազգայնորեն ճանաչման համար:
Հայաստանը պետք է կարողանա բարձրացնել իր քաղաքական կշիռը՝ Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում լուրջ դերակատարում ստանձնելու առումով: Ուստի՝ հայ-թուրքական կոչված արձանագրությունները պետք է վերջնականապես ուղարկել պատմության «աղբանոցը», իսկ Արցախի եւ ազատագրված տարածքների խնդիրը պետք է ուղղորդել Հայաստան-Արցախ վերամիավորված լինելու փաստի վրա՝ որեւէ ձեւով չանդրադառնալով Կոսովոյի տարբերակին, ինչը նաեւ կլինի աջակցություն՝ սերբական ազատատենչ պայքարին»: Երիտասարդ հայ արիները ՀՀ իշխանություններին կոչ են անում՝ «բացի բազմաբեւեռ արտաքին քաղաքական քայլերից (որը ճիշտ են համարում), ցուցաբերել նաեւ արագ եւ կտրուկ նախաձեռնություններ՝ հայկական շահերը հստակ եւ վստահ առաջ տանելու համար»:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 29 (160), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



