Դիվանագիտական թերացումները կործանարար կլինեն

Ադրբեջանական կողմն ամիսներ շարունակ գնդակոծում եւ սադրիչ գործողություններ է անում Արցախի (նաեւ՝ Հայաստանի)  սահմանային գոտի-ներում` փորձելով որեւէ ազդեցություն գործել միջազգային հանրության վրա` հուսալով նաեւ, որ հայկական կողմի հակահարվածները նույնպես կանհանգստացնեն այս խնդրում երրորդ շահագրգիռ կողմերին:
Հայ-ռուսական հարաբերությունների եւ ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության թեմաների վերջին քննարկումներն էլ են անհանգստացրել ադրբե-ջանցիներին, ովքեր փորձում են այս հանգամանքն էլ «բոբո» դարձնել միջազգային հանրության աչքին, հատկապես՝ ՌԴ հետ Գյումրիի ռազմաբազայի գործունեությունն առավել ընդգրկուն դարձնելու փաստաթղթի ստորագրման առումով:

Իսկ մեզ համար մեկ այլ վտանգ կա, այդ փաստաթղթում «միջազգայնորեն» ճանաչված սահմանների պահպանման պատասխանատվությունը ակամա դուրս է դնում Արցախն ու ազատագրված տարածքները մեր անվտանգության համակարգից (ՀՀ կնքած այլ պայմանագրային ձեւակերպումներում նույնպես) եւ անվիճելիորեն բազմապատկում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծման վտանգը: Ուստի, Երեւանը պետք է որեւէ ձեւով հավելի պետական համաձայնագրերի ու պայմանագրերի տեքստերը՝ ՀՀ հարակից տարածքներում վտանգավոր զարգացումների դեպքում իր դաշնակիցների պատասխանատվության աստիճանը: Այլապես մենք ռիսկի ենք ենթարկում Արցախը եւ ազատագրված տարածքները: Չնայած, երբ Արցախին վտանգ սպառնա եւ Հայաստանը պաշտպանի հայկական 2-րդ հանրապետությանը, ապա միեւնույնն է` դաշնակից երկրները, հատկապես՝ ՌԴ-ն եւ ԱՊՀ ՀԱՊԿ անդամ երկրները, պետք է աջակցեն Երեւանին:
Ուստի, վերջերս ի հայտ եկած բարձրաձայնումներն այն մասին, թե անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ շրջանակից եւ արեւմտյան անվտանգության հա-մակարգի մեջ ինտեգրվել, զարմանալի են, քանզի արդեն իսկ հնարավոր պատերազմի վտանգի պայմաններում անվտանգության համակարգի փոփո-խությունը նույնն է թե` ձիերը փոխելը գետանցման պահին: Իսկ ահա, լրացուցիչ ուժեղացնել կամ այլ ուղղությամբ էլ զարգացնել մեր անվտանգության եւ պաշտպանության համակարգերը կարելի է, նույնիսկ՝ անհրաժեշտ է, սակայն այս պայմաններում եղածը փոխել-դադարեց-նելը, երբ փոխարենը մի անհասկանալի իրավիճակ ենք ստանալու ընդամենը, լուրջ չէ եւ հղի է վտանգներով:
Իսկ Արցախի թեման կրկին «գլուխ է բարձրացնում» միջազգային ասպարեզում: Այն վերստին աշխուժացավ հայ-թուրքական կոչված արձանագ-րությունների նախաձեռնման եւ թուրք-ադրբեջանական համաթրքական ծրագրերի վերհանման գործընթացում:
«ԼՂՀ կարգավիճակի հարցով որեւէ հանրաքվե կարող է տեղի ունենալ միայն երկար գործընթացից հետո»,- հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` հավելելով, թե այս պահին պետք է պայմանավորվել հակամարտության լուծման սկզբունքների մասին, որպեսզի երաշխիքներ ստեղծվեն կողմերի համար: Այդ սկզբունքները, ըստ դիվանագետի, արդեն մի քանի անգամ բավականին մանրամասն շատ բարձր մակարդակով ներկայացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ դա հիանալի հիմք է հակամարտության լուծման համար, ուս-տի ԵՄ-ն կողմերին՝ Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հիմնվել դրանց վրա: Այստեղ է, որ Երեւանը պետք է շտապի «իր տեղը զիջել» Ստեփանակերտին, որպեսզի ԵՄ-ն կողմեր ասելով հասկանա Ադրբեջանին եւ Արցախին:
Օրերս Պ. Սեմնեբին ժամանել է Ադրբեջան եւ բացի պաշտոնական հանդիպումներից, նաեւ հանդիպել է այդ երկրի քաղաքական կուսակցություն-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԵՄ հատուկ ներկայացուցչի այցը ոչ միայն «արցախյան» էր, այլեւ՝ Ադր-բեջանում նոյեմբերի 7-ին սպասվող ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակ ուներ: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացը արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին փոխկապակցելու մասին ԵՄ այս պաշտոնյան ասել է, թե «ֆորմալ առումով այդ գործընթացների միջեւ կապ չկա: Բայց միեւնույն ժամանակ չի կարելի ժխտել, որ ինչ էլ պատահի գործընթացներից ո-րեւէ մեկում, այն կազդի վստահության մթնոլորտի վրա, եւ դա պետք է նկատի ունենալ»:
Բայց Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խափանի ԼՂՀ հարցի կարգավորման գործընթացը եւ փորձում է խուսափել պատասխանատվությունից: Ղա-զախստանի մայրաքաղաք Ալմաթիում միջնորդների մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը նույ-նպես խափանարար քայլեր են արվել: Անհամաձայնությունը պաշտոնական Բաքվի ապակառուցողականությունն է, եւ այս պնդումը ենթադրութ-յուն չէ, դա հանդիպմանը նախորդած ու հաջորդած փաստերի ու իրադարձությունների համադրման արդյունքում ստացված եզրահանգում է:
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւն ու ԱԳ նախարար Է. Մամեդյարովը (ինչպես նաեւ այլ պաշտոնյաների ու պալատական փորձագետների մի ամբողջ փունջ) մի քանի ամիս շարունակ խոսում էին «մադրիդյան սկզբունքները որոշ վերապահումներով ընդունելու» մասին ու թվարկում էին, թե ինչն են ընդունում, ինչը՝ ոչ: Արդյունքում միջնորդները ստիպված եղան հիշեցնել նման մոտեցումների վտանգավորության մասին: «Այս տարրերը մշակված են որպես մեկ ամբողջություն, եւ որոշ տարրեր ընտրողաբար առանձնացնելու ու կարեւորելու ամեն մի փորձ անհնար է դարձնում հավասարակշիռ լուծումը»,- զգուշացրեցին Մինսկի խմբի համանախագահներ Ս. Լավրովը, Բ. Քուշներն ու Ջ. Սթեյնբերգը՝ խոսելով հայտնի 6 էլեմենտների մասին:
Սրան հավելենք, որ չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս հանձն է առել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, երբեք չի դադարեց-րել ռազմատենչ հայտարարությունները, շփման գծում պարբերաբար զինված ընդհարումները: Եվ վերջապես, Ադրբեջանը քաղաքական-տեղեկատվական երկարատեւ արշավ է կազմակերպել հակամարտության էությունը խեղաթյուրելու ու այդ հիմքով խնդիրն իր օգտին լուծելու նպատակով մի-ջազգային հանրության ռեսուրսներն օգտագործելու համար: Մասնավորապես, փորձ է արվում ցույց տալ, թե հակամարտությունը տարածքային վեճ է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու այլ հարցերը:
Իսկ ըստ մեր վերլուծաբանների, արցախյան հիմնահարցի լուծման բանալին գտնվում է հենց Ստեփանակերտում: «Առանց ԼՂՀ ղեկավարության, ժողովրդի, որեւէ մեկը չի կարող որոշել այդ պետության կարգավիճակը»,- ասում են վերլուծաբանները` նշելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, քանի որ բացի պատմական արդարության վերականգնումից, Արցախն այսօր նորմալ զարգացող ժողովրդավարական երկիր է ու նույնիսկ ժողովրդավարության դասեր կարող է տալ Ադրբեջանին: ՀՀ-ի մեկնաբանները պատերազմի վերսկսման հնարավորության մասին հիմ-նականում անհանգստությամբ չեն խոսում, քանզի վստահ են, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, հակառակ դեպքում հայկական բանակը կարող է հաս-նել ընդհուպ մինչեւ Հայաստանի բնական սահմաններ՝ Քուռ եւ Արաքս… Եվ այդ մասին բացահայտ զգուշացնում են Ադրբեջանի «ռազմատենչ» նախագահին……
Իսկ իշխող կուսակցության-ՀՀԿ մամուլի խոսնակ Է. Շարմազանովը խորհուրդ է տալիս նաեւ Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին, որ «քիթը չխոթի ղարաբաղյան հիմնահարցի մեջ, դեղատոմսեր մշակելու ու առաջարկելու փոխարեն ավելի լավ կլինի զբաղվի իր խնդիրներով, լուրջ գործերով՝ վերացնի Կիպրոսի օկուպացիան, լուծի քրդական հարցը, Աղթամարում շուոներ չկազմակերպի»: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախա-գահը Բաքու մեկնելիս հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբող-ջականության շրջանակներում»:
Սակայն, նպատակին հասնելու համար Ադրբեջանը նորից առաջ է տանում իր սուտը, հանկարծ «հիշել են» ինչ-որ կես միլիոն փախստականների մասին: Սրան արձագանքել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ բռնի տեղահանվածների եւ փախստականների հարցերով օգնական Վալտեր Կալինը, ով կոչ է հղել միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստիպել Հայաստանին կատարել առաջ քաշված պահանջները՝ Ադրբե-ջանի «գրավյալ տարածքներն» ազատագրելու վերաբերյալ: Եվ այստեղ էլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ա. Հասանովը անմիջա-պես հիշել է «կես միլիոն ադրբեջանցի փախստականների մասին» եւ ասել, որ այժմ հատուկ ծրագիր է մշակվում այդ մարդկանց սեփական բնակավայ-րեր վերադարձնելու ուղղությամբ:
Հետաքրքիր է, որ Ադրբեջանում բոլորն էլ խոստովանում են, որ ԼՂ-ում բնակչության գերակշիռ մասը եղել են հայերը, սակայն այդ ինչ-պե՞ս է ստացվում, որ, ըստ սովետական վերջին մարդահամարի արդյունքների, Արցախի բնակչության թիվը եղել է շուրջ 200 հազար, ընդ ո-րում, ինչպես արդեն նշեցինք, մեծամասնությունը՝ հայեր, սակայն հանկարծ հայտնվում են «կես միլիոն ադրբեջանցի փախստականներ»: Եվ սա իրականություն համարելով, վերջերս Դուշանբեում՝ «Իսլամական խորհրդաժողով» կազմակերպության երկրների արտգործնախարարների 37-րդ նստաշրջանում ընդունվեց «Դուշանբեի հռչակագիր», որով մահմեդական երկրները, այդ թվում նաեւ մեր հարեւան Իրանը, Հայաստանին ճանաչե-ցին «ագրեսոր»»:
Եթե Բաքուն «կես միլիոն» փախստականներ ասելով նկատի ունի նաեւ Հայաստանից հեռացածներին, ապա ինչու է դա կապում Արցախի խնդրի կարգա-վորման եւ դեպի Արցախ փախստականների վերադարձի հետ: Իսկ գուցե Ադրբեջանում արդեն ճանաչու՞մ են Հայաստան-Արցախ վերամիավորումը եւ Հայաստանի ու Արցախի խնդիրները մեկտեղու՞մ են այլեւս… …
Իսկ ահա ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը վերջերս ընդունել էր ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավար Դ. Դեսալեյնեին եւ նկատել, որ չնայած ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի գրասենյակի ջանքերի արդյունքում լուծում են ստանում փախստականների բնակարանային խնդիրները, բայց դեռեւս 3.300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ-ում փախստականների խնդիրներին: ՀՀ վարչապետը Ադրբեջանից գաղթած 500-600 հազ. հայ փախստականների հարցը չի կապել ԼՂՀ խնդրի կամ ԼՂՀ փախստականների հետ:
ԼՂ խնդրով մտահոգ ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նորից այցելել են Բաքու եւ Երեւան: Նրանք եղել են նաեւ Ստեփանակերտում եւ հանդի-պել ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին: Եռանախագահները արդեն դիտարկումներ են իրականացնում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի մի քանի հատվածում:  
Ինչ մնում է ԵԽԽՎ թուրք նախագահ Մ. Չավուշօղլուն, ապա նա Հայաստանի մասին շարունակում է խոսել նախապայմաններով: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրին՝ շեշտել է. «Թուրքիան ցանկանում է հարեւան բոլոր երկրների հետ բարիդրա-ցիական հարաբերությունների մեջ լինել: Հայաստանի հետ մեր հարաբերություններում ամենակարեւոր պայմանն Ադրբեջանի գրավյալ տա-րածքների հանձնումն է: Երբ Հայաստանը կկատարի այդ պայմանը, այն ժամանակ էլ Հայաստանի հետ կկարգավորվեն մեր հարաբերությունները»:
Ահա եւ հայ-թուրքական հարաբերության մեկնաբանություն…
Մինչդեռ ԵԱՀԿ համանախագահները կոչ են արել տարբեր կողմերին՝ ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններ անելուց: Ըստ ամենայնի՝ պետք է հստակեցնել, թե ԵԽԽՎ նախագահ, ազգությամբ թուրք Չավուշօղլուն հայտարարություններ անելիս իր ո՞ր մանդատն է գործի դնում` ԵԽԽՎ նախագահի՞, թե՞ ԵԽ-ում թուրք պատվիրակի… ԵԽԽՎ-ում միայն հայկական պատվիրակության ջանքերով վերջերս սառեցվեց ԼՂ-ի հիմնախնդ-րի վերաբերյալ ենթահանձնաժողով ստեղծելու մասին Չավուշօղլուի նախաձեռնած բանաձեւը, բայց առաջիկա 1,5 տարիներին այդ թուրքը դեռ նախագահելու է ԵԽԽՎ-ում, եւ պետք է զգոն լինել:
Ադրբեջանը պատերազմում է  նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի դեմ: «Հայ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական գործողություններն ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Ադրբեջանցիները նաեւ փորձում են Մինսկի խմբին մեղադրել բանակցային գործընթացում առաջընթաց
չարձանագրելու համար»,- հայտնում է ՀՀ փոխարտգործնախարար Շ. Քոչարյանը: Ըստ նրա՝ հայկական կողմը կառուցողական է տրամադրված եւ միշտ ա-սել է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին: Սակայն փոխզիջումը չի կարող միակողմանի լինել: Հայ դիվանագետը չխորանալով «փոխզիջում» ասվածի մեջ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեության դեմ ուղղված Բաքվի հերթական քայլ համարեց նաեւ ՄԱԿ-ի ԳՎ-ի նստա-շրջանի օրակարգում հայտնված տարածքային ամբողջականության մասին ադրբեջանական բանաձեւը. «Կեղծարարին ձեռք չի տալիս այն կառույցը, ո-րը գիտի ճշմարտությունը: Այդ իսկ պատճառով նա օգտվում է մի կողմից առանձին երկրների անտեղյակությունից, մյուս կողմից` շահար-կում մահմեդական համերաշխության զգացմունքը, որպեսզի ինչ-ինչ բանաձեւեր կորզի… «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւը լիովին աննպատակ է: Ադրբեջանը միշտ ասում է, որ ԼՂՀ «ստատուս-քվոն» իրեն ձեռնտու չէ, սակայն իր բոլոր քայլերն ուղղված են այդ «ստատուս-քվոյի» պահպանմանը: Բացի այդ, բազմիցս վկա ենք եղել, թե ինչպես է Բաքուն խախտում իր իսկ ստորագրած պայմանագրերը… Եվ ե-թե նույնիսկ Ալիեւը հայտարարի, թե պատրաստ է խաղաղ համաձայնագիր ստորագրել, դրան ոչ ոք չի հավատա»:
Այս ադրբեջանական անիմաստ նախաձեռնությունները Բաքվի պատանդն են դարձնում Անկարային: Հայ-թուրքական կոչված հարաբերությունները, իհարկե չեն աշխուժանա Հայաստանում ու Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատճառով, բայց դա միայն ընտրութ-յունների հետ չպետք է կապել: Թուրքիան այն երկիրն է, որը միակողմանի շրջափակել է Հայաստանը: Անկարային տրվեց հնարավորություն դուրս գալու այդ վիճակից, բայց թուրքերը չունեցան համարձակություն՝ չնայած ամեն բան կարծես գնում էր դրան: Պարզապես այդ երկիրն այ-սօր դարձել է Ադրբեջանի պատանդը եւ կմնա այդպիսին այնքան ժամանակ, մինչեւ ի վիճակի լինի ինքնուրույն քայլեր ձեռնարկել. այսպի-սի կարծիք ունեն Թուրքիայի մասին տարբեր վերլուծաբաններ, եւ՝ ոչ միայ հայ:
Իսկ Բաքվի կոշտ հայտարարություններին Երեւանը հակադրում է իր դիվանագիտական մոտեցումները, ադրբեջանական իշխանության համար կարե-ւոր չէ, թե ինչ են մտածում իրենց քաղաքացիները, կարեւորն այն է, որ անընդհատ գովեստի ամպագոռգոռ խոսքեր հնչեն նախագահ Ալիեւի հասցեին: Նույնն էլ արտաքին քաղաքականության ոլորտում է, կարեւոր չէ, թե իրականում գործընթացը դեպի ո՞ւր է գնում, կարեւոր է, որ հնչեն իրենց նախընտրած բառերը՝ 20% «օկուպացված» տարածքներ, «500 հազ. փախստականներ» եւ այլն:
Այս համատեքստում ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին ավելի արդյունավետ է համարում ԼՂՀ նախագահը. «Առանց ԼՂՀ մասնակ-ցության բանակցություններում լուրջ արդյունքների չեն հասնի: Հարցի բնույթը պարտադրում է, որ միջազգային միջնորդական կազ-մակերպությունները օգտագործեն բոլոր միջոցները՝ գործընթացը նախկին հունին վերադարձնելու համար: Մենք համոզված ենք, որ հակա-մարտող կողմերին եւ բանակցային գործընթացին ավելի արդյունավետ որոշումների հնարավորություն կտա»: Իսկ Հայաստանում համոզված են, որ հանձնել Քարվաճառը կամ Բերձորը, կնշանակի հանձնել Արցախը: Ըստ որոշ հայ մեկնաբանների, այն առաջարկը, որն արել է Էրդողանը Ֆի-զուլիի եւ Քելբաջարի մասով, միանշանակ անընդունելի է հայության եւ հատկապես Արցախում բնակվող հատվածի համար: Եվ եթե անգամ խոսքը միայն Քելբաջարի մասին է, ապա այդ շրջանը, որն ունի հսկա ռազմական նշանակություն, հանձնել այն, նվիրել Ադրբեջանին՝ կնշանակի հանձնել ամբողջ Արցախը: Արցախյան հարցում որեւէ լուրջ ճնշում չեն ակնկալում այդ մեկնաբանները, որովհետեւ տարածաշրջանում ազդե-ցիկ պետություններից մեկը Ռուսաստանն է, որին բոլորովին ձեռք չի տալիս արցախյան հարցի միջազգային լուծումը, եւ ճիշտ նույն պատճառով հարցի այդպիսի լուծումը ձեռնտու չէ նաեւ Իրանին, որովհետեւ այդ դեպքում Իրանը կկորցնի իր վերջին հույսը՝ Ադրբեջանին իր ազդեցության տակ վերցնելու համար: ԻԻՀ-ին ձեռնտու չէ որեւէ գերտերության կամ «խաղաղապահ» զորքի անվան տակ իր սահմանների մոտ դրանց հայտնվելու հեռանկարը:
Երբ խոսք է լինում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ապա դա Արցախ-Ղարաբաղին չի վերաբերում, որովհետեւ այդ հայկական երկրամասը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է որեւէ զիջման` կապված տարածքների հանձնման հետ, ապա Ադրբեջանն առաջին հերթին մեզ պետք է վերադարձնի Արծվաշենը, Շահումյանն ու Գետաշենը… Բայց այսօր առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է, եւ դա պետք է վճռվի արցախցիների ինքնորոշման իրավունքի շրջանակներում, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երկրորդական է դառնում, քանի որ Արցախ-ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում:
Հետաքրքիր մի դիտարկում էլ անենք մեր հարեւանների մասով: Մեր «ուզող»-հարեւան Իրանի եւ «չուզող»-հարեւան Թուրքիայի կող-քին «չեզոք»-հարեւան Վրաստանը այլեւս չի ջանում մնալ իր չեզոքության մեջ: Իհարկե, հիմա էլ են բարբաջում հայերի հետ «եղ-բայրության» մասին, բայց վրացական իշխանություններն արդեն առանց բարբաջանքի վերստին արծարծում են Վրաստան-Ադրբեջան համադաշնութ-յուն ստեղծելու հարցը: Վրաստանն այսօր «վերահաստատել է իր միանշանակ աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- նշվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Թբիլիսին նաեւ չի ճանաչում 2010թ. մայիսի 23-ի ԼՂՀ -խորհրդարանական ընտրությունները: Բայց էլի մեզանում պնդողներ կան, թե Վրաստանը մեր հարեւան-բարեկամն է: Սակայն Վրաստանը հատկապես վերջին շրջանում իրեն բարեկամի պես չի պահում, եւ շատ հարցերում անբարենպաստ է խոսում Արցախի հակամարտության մասին: Եվ մեր ԱԳՆ հերթապահ բարեկամական հայտարարություններն առկա խնդիրները չեն կարող լուծել: Խոսքը ոչ միայն Արցախի մասին է, այլեւ՝ Լոռիի, Շիրակի, Տավուշի այն սահմանամերձ գյուղերի, որոնցում գյուղատնտեսական ու առհասարակ կյանքի ընթացքը փոխվել է, քանի որ սահմանի անցման ժամանակ վրաց սահմանապահները կոշտ քայլերի են դիմում: Բացի այդ, դեռ օրակարգում են ջավախքահայության ազգային ու մարդկա-յին իրավունքների ոտնահարման, Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու իրավական գրանցման եւ մի շարք այլ հարցեր:
Ադրբեջանն էլ մեր հարեւանն է, Թուրքիան էլ, հիմա ի՞նչ՝ «խաղեր տա՞նք» ինչպես Վրաստանի հետ… Թե՞ վրացական կողմում էլ պիտի ունե-նանք անդառնալի կորուստներ, որ հասկանանք… Այդ կորուստները ցավոք լինում են հենց մեր դիվանագիտության թերացումներից հետո, իսկ ահա ռազմական-զինական տեսանկյունից հայկական կողմը միայն առավելություններ ունի վրացական եւ ադրբեջանական կողմերի նկատմամբ: Ա-վելին՝ հենց միայն Արցախի զինված ուժերը պատրաստ են նաեւ լայնածավալ առճակատումների:
Ադրբեջանի բանակում կա նաեւ հոգեբանական լուրջ խնդիր… Իսկ պատերազմում նախ եւ առաջ հաղթում են հոգեբանորեն: «Ադրբեջանցի փորձա-գետները, ովքեր խոսում են ռազմական գործողությունների արդյունքում բուն հայկական ու բուն ղարաբաղյան հողերի վերադարձի մա-սին, պետք է հաշվի առնեն, որ պատերազմում հաղթում են ոչ թե ռազմատենչ հայտարարություններով, այլ կոնկրետ գործողություններով»,- հայտարարել են ՀՀ նախագահի աշխատակազմից` հավելելով. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող այն հայտարարություն-ներին, թե իրենց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավել է Հայաստանի ռազմական բյուջեից, ապա Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, զինամթերք ձեռք է բերում արտադրող երկրների ներքին գներով, իսկ Ադրբեջանը՝ բավական թանկ, ինչի արդյունքում էլ հավասարակշռութ-յուն է ապահովվում»: Իսկ ադրբեջանական բանակում վերջին մի քանի տարիներին, չնայած հրադադարի ռեժիմին, արդեն մի քանի հազար զինվոր է մահացել: Դա նշանակում է, որ տվյալ երկրի բանակում էական, լուրջ խնդիր կա:
Նույնիսկ ԵԽ ընդունած 2216 բանաձեւը, որով կոչ է արվում «հայկական զինված ուժերին դուրս գալ ադրբեջանական օկուպացված տարածքներից», ին-չը «մեծացնում է պատերազմի վտանգը», չի կարող անհանգստացնել հայկական զինուժին, քանի որ այն ամենապատրաստվածն է կովկասյան տարածաշրջա-նում:
Կրկին ադրբեջանական ու թուրքական զլմ-ները ինչ-որ շրջաններ հանձնելու մասին լուրեր են տարածում: Ալիեւը կամ Էրդողանը ինչ-որ բան են ասում, նրանց մամուլն էլ իր ուզածն է ավելացնում ու «ծաղկեցնում», իսկ մենք էլ մեր հերթին այդ թեմաները զարգացնում ու քննարկում ենք, հետո ՀՀ կամ ԼՂՀ ԱԳՆ-ները կրկին հերքում են, բայց այդ տրամադրությունները ծավալումներ են գտնում… մինչեւ «հո-ղեր ծախելու» մասին կարծիքները: Իսկ իրականում ԼՂ-ի նկատմամբ ագրեսիայի կրկնության դեպքում Ադրբեջանը կարագացնի ԼՂՀ միջազգա-յին ճանաչումը, քանի որ Ադրբեջանի տարածքում ինքնավարությունը այլեւս անհեռանկար կդառնա նաեւ երրորդ կողմերի համար:
Ու սադրանքների պատերազմ մղելով` Ադրբեջանը փորձում է արցախյան հարցի լուծումը գոնե առժամանակ տանել փակուղի: Իսկ երբ ադրբեջա-նական նախաձեռնությունը մշտապես աջակցություն է ստանում «Իսլամական խորհրդաժողով»-ի անդամ երկրների կողմից, ապա Ադրբեջանը խն-դրին նաեւ կրոնական բնույթ է տալիս, ինչն էլ այլ հարթություն կտեղափոխի խնդիրը, որը մեկ այլ փակուղի է: ՌԴ նախագահի ՀՀ կատարած աղմկարար այցից հետո Դ. Մեդվեդեւը այցելեց նաեւ Ադրբեջան, որպեսզի առավելապես հանդարտեցնի այդ երկրում ծավալվող հակառուսական հիստե-րիան: Այն, որ Մոսկվան փորձում է վերականգնել իր դիրքերը Կովկասում, ակնհայտ է: Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանա-չումը Կովկասում ստեղծել է 3 հին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) + 2 նոր (Աբխազիա, Հարավային Օսիա) երկրներ եւ չի բացառվում նաեւ 3-րդ -նոր երկրի՝ Արցախ-ԼՂՀ-ի ճանաչումը, ինչը նոր իրավիճակ (ու նոր հնարավորություններ) է ստեղծում տարածաշրջանում:
Միով բանիվ` եթե անգամ ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի նախաձեռնությամբ ներառված բանաձեւն էլ ընդունվի, ապա դա ՀՀ-ի վրա որեւէ ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ այդ կառույցի որոշումները պարտադիր ուժ չունեն: Ուժը ինչպես միշտ մեր հա-մազգային կամքն է եւ մեր բանակը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 30 (161), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.