Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Կճուճով ձուկ

Բաղադրությունը
Սիգա – 1 հատ
կարագ – 20 գրամ
գլուխ սոխ – 50 գրամ
լոլիկ – 100 գրամ
տաքդեղ – 50 գրամ
աղ, կարմիր պղպեղ, մի քանի հատիկ սեւ պղպեղ

Պատրաստման եղանակը
Կավե ամանի մեջ դնել կարագը, կլոր-կլոր կտրատած սոխը, լոլիկը, տաքդեղը, ըստ ճաշակի՝ աղը, կարմիր պղպեղը, մի քանի հատիկ սեւ պղպեղը:
Այս ամենի վրա շերտով շարել կտրատած ձուկը:
Այնուհետեւ ձկան վրա կրկին շարել նույն մթերքները:
Սա դնել ջեռոցում, եփել 30-40 րոպե 1800-ի տակ: Մատուցել նույն ամանով:
Մեր տատերը հենց այնպես չէ, որ խոհանոցում շատ են գործածել կավը: Այն կերակուրը երկար ժամանակ տաք է պահում ու նաեւ պահպանում է մթերքի համն ու հոտը:
Մի խոսքով՝ փորձեք ինքներդ եւ անուշ վայելում:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Շախմատային անցուդարձ
Փետրվարի 8-16-ը Մոսկվայում անցկացվում է «Աերոֆլոտ Օփեն» 10-րդ շախմատային փառատոնը: Ավանդույթի համաձայն՝ այդ մրցումներին Հա-յաստանից մասնակցում են մեծ թվով շախմատիստներ:
Ուժեղագույնների մրցաշարում («A» խումբ), ուր ընդգրկվել են 87 շախմատիստեր, մեր հանրապետությունը ներկայացնում են գրոսմայս-տերներ Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ավետիք Գրիգորյանը:
«B» խմբում (105 մասնակից) հանդես կգան Վահե Բաղդասարյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Սուրեն Պողոսյանը, իսկ «C» խմբում (103 մասնակից)՝ Մարկ Բասենջյանը, Վահագն Խաչատրյանը, Վարդան Խոջայանը, Սարգիս Վ. Մա-նուկյանը, Մանվել Պետրոսյանը, Արամ Պլուզյանը, Դավիթ Շահինյանը եւ Տիգրան Սիմոնյանը:

Մոսկվայում տեղի ունեցող «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում 3-րդ փուլից հետո մեր գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Ավետիք Գրիգորյանը վաստակել են 2-ական միավոր եւ շարունակում են հետապնդել միանձնյա առաջատար Քուան Լիին, որն 1 միավոր ավելի ունի: Մեր մյուս մասնակից Տիգրան Պետրոսյանը 3 փուլից հետո ն ունի 1,5 միավոր:
 
*  *  *
Բոլոնիայում (Իտալիա) ընթացող շախմատային փառատոնի 6-րդ փուլում Հայաստանի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց` հաշտություն կնքելով բուլղարացի Ալեքսանդեր Դելչեւի հետ: Մեր ուժեղագույն շախմատիստուհին 5 միավորով այժմ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Հոլանդիայի ներկայացուցիչ Դավիթ Ալբերտոն, որն ունի 5,5 միավոր: Հրայր Սի-մոնյանն ոչ-ոքի խաղաց իտալացի Անդրեա Բուրիանիի հետ եւ վաստակելով 3 միավոր` զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը:
7-րդ փոջլում Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի միանձնյա առաջատար Դավիթ Ալբերտոյի հետ:
 
*  *  *
Մոսկվայում ավարտվեց «Շախմատի օփեն» փառատոնի կանանց մրցաշարը, որին մասնակցեց մեր գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա անվստահ հանդես եկավ մրցաշարի վերջին 3 փուլերում եւ 3,5 միավորով 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Ավելի անհաջող ելույթ ունեցավ Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան, ով 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեքսանդրա Կոստենյուկը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ունեցող մոնղոլուհի Բաթույագ Մոնգուլթուլից:

Սերգեյ Մովսիսյանի թիմը գլխավորում է
Հիշեցնենք, որ Սլովակիայում բնակվող շախմատի հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը որոշել է ներկայանալ ՀՀ դրոշի ներքո: Իսկ այն թիմը՝ «Բադեն-Բադեն»-ը, որտեղ հանդես է գալիս նա, Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության հերթական փուլում 8:0 հաշվով պարտության է մատնել «Նիկելհութ»-ին: Ս. Մովսիսյանը առաջին խաղատախտակի վրա հաղթել է Վասիլեւիչին, իսկ «Բադեն-Բադեն»-ը 15 միավո-րով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Պարտություն,  որ կարող էր եւ չլիներ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական հանդիպում անց-կացրեց Վրաստանի ընտրանու հետ եւ, ցավոք, պարտվեց 1:2 հաշվով: Այդ հաշիվը, սակայն, չի արտացոլում խաղադաշտում ծավալված իրադարձություննե-րն ամբողջապես: Հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլիստները տարածքային հսկայական առավելություն ունեին, իսկ Վրաստանի հավաքականն ա-պավինել էր պաշտպանությանը եւ հակագրոհների մարտավարությանը:
Տարբեր պատճառներով Հայաստանի գլխավոր թիմի կազմից բացակայում էին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանը եւ Դավիթ Մանոյանը, ինչպես նաեւ հարձակվող Յուրի Մովսիսյանը:

Հայերն ու իրանցիները նույն ֆուտբո՞լն են խաղում
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Դիկ Ադվոկատը Աբու Դաբիում Իրանի ընտրանու հետ ստուգողական հան-դիպումից առաջ հարցազրույց է տվել «Սպորտ Էքսպրես»-ի թղթակցին: Նա հայտարարել է, որ շատ դժվար է համեմատել Իրանի ու Հայաստանի ընտրանիներին, իսկ այս անգամ փոքր-ինչ մեղմել է իր ասածի տպավորությունը եւ ընդգծել, որ հնարավոր տարբերակներից Իրանի ընտրա-նին է խաղաոճով ավելի մոտ Հայաստանի ազգային թիմին: «Տեխնիկական որակներով իրանցիները շատ ավելի մոտ են հայերին, որոնց հետ պետք է մրցակցենք առաջիկա պաշտոնական խաղում: Կարող էինք խաղալ նաեւ ավստրալացիների հետ, սակայն նրանք միանգամայն այլ ֆուտբոլ են ցուցադ-րում… Եվ այսօր մեր մեկնարկային կազմը մոտ կլինի այն կազմին, որը խաղադաշտ դուրս կգա Երեւանում: Անկասկած, Իրանի ընտրանու հետ հան-դիպումը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ գլխավոր փորձամրցումն է ոչ միայն անցկացման ժամկետներով, այլեւ՝ ըստ էության»,- նշել է Ադվոկատը: Նրան զարմացրել է մեր հավաքականի բարձրակարգ, ագրեսիվ ու համարձակ խաղը Սլովակիայի ընտրանու հետ:
«Այս ընտրական փուլում հայերը հնարավորություն ունեն: Հենց այդ պատճառով էլ ակտիվորեն լուրեր են տարածվում, որ, իբր, Ռուսաստանը գնել է երեւանյան խաղը: Նրանք արդեն սկսել են շիկացնել մթնոլորտը: Նպատակն այն է, որ ֆուտբոլային հասարակայնությունն առավել մեծ զգացումներով երկրպագի իր թիմին: Այդ սկանդալը, սակայն, չի ազդի մեր ֆուտբոլիստների վրա, քանզի նրանք փորձառու են եւ սովոր են նման ճնշումների: Այդ թեմայով նրանց հետ խոսելը պարզապես անիմաստ է»,- ասել է Ռուսաստանի հավաքականի մարզիչը:
Ի դեպ, Իրան-Ռուսաստան խաղն ավարտվեց իրանցիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:

Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական Օլիմպիական ձմեռային փառատոնին
Փետրվարի 12-19-ը Չեխիայի Լիբերեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական օլիմպիական ձմեռային 10-րդ փառատոնը: Մարզահանդե-սին կմասնակցեն աշխարհամասի 49-ը երկրների օլիմպիական կոմիտեների պատվիրակություններ: Ծրագրում ընդգրկված է 8 մարզաձեւ` լեռնա-դահուկային սպորտ, դահուկավազք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, հոկեյ, գեղասահք, բիաթլոն եւ սնոուբորդ: Հայաստանի ներկայացուցիչ-ներն իրենց ունակությունները կդրսեւորեն 4 մարզաձեւում`գեղասահք, բիաթլոն, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք:
ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատարն է ՀԱՕԿ-ի ձմեռային օլիմպիական մարզաձևերի բաժնի պետ Հայկ Ջաղացպանյանը: Լի-բերեց կմեկնեն նաեւ ՀԱՕԿ-ի ամառային օլիմպիական մարզաձեւերի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը, գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյա-նը, Մարթա Գրիգորյանը, բիաթլոնիստներ Արտուշ Մկրտչյանը, Գոհար Աբգարյանը, լեռնադահուկորդներ Սարգիս Գալստյանը, Եվա Պապոյանը, դա-հուկորդներ Հրաչիկ Սահակյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալստյանը, Լիլիթ Տոնոյանը, մարզիչներ Սամվել Հայրապետյանը (գեղա-սահք), Հովհաննես Սարգսյանը (բիաթլոն), Սամվել Հակոբյանը (լեռնադահուկային սպորտ) եւ Անահիտ Մխիթարյանը (դահուկավազք):
Փառատոնի մասնակցության նախապատրաստությունը կայացել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, ՀՀ պատվիրակությունը մրցավայր կմեկնի փետրվարի 12-ին եւ հայրենիք կվերադառնա փետրվարի 18-ին:

Հայաստանի մարզիկների մասնակցության ժամանակացույցը.
11.02.2011
ԳԵՂԱՍԱՀՔ
Տղաների եւ աղջիկների կարճ ծրագիր (փետրվարի 14-ին), ազատ ծրագիր (փետրվարի 16-ին)

ԲԻԱԹԼՈՆ
տղաների 12,5 կմ անհատական վազք (փետրվարի 15-ին)
աղջիկների 10 կմ անհատական վազք (փետրվարի 15-ին)
տղաների 7,5 կմ արագավազք (փետրվարի 16-ին)
աղջիկների 6 կմ արագավազք (փետրվարի 16-ին)
խառը փոխանցավազք 2 x 6 կմ եւ 2 x 7,5 կմ (փետրվարի 18-ին)

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏ
աղջիկների հսկա ոլորավայրէջք (փետրվարի 14-ին)
տղաների հսկա ոլորավայրէջք (փետրվարի 15-ին)
աղջիկների ոլորավայրէջք (փետրվարի 16-ին)
տղաների ոլորավայրէջք (փետրվարի 17-ին)
խառը թիմերի զուգահեռ ոլորովայրէջք (փետրվարի 18-ին)

ԴԱՀՈՒԿԱՎԱԶՔ
տղաների 10կմ դասական ոճ (փետրվարի 14-ին)
աղջիկների 7,5 կմ դասական ոճ (փետրվարի 14-ին)
տղաների արագավազք (փետրվարի 15-ին)
աղջիկների արագավազք (փետրվարի 15-ին)
տղաների 7,5 կմ ազատ ոճ (փետրվարի 17-ին)
աղջիկների 5կմ ազատ ոճ (փետրվարի 17-ին)
խառը փոխանցավազք 4 x 5 կմ (փետրվարի 18-ին)

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.