Վասն առյուծության – Անդրանիկ Աթոյան

Վասն առյուծության     

«Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը»
Հեսիոդոս

Մոտ 2 ամիս առաջ Երեւանի ռեստորաններից մեկում խնջույքի էինք:
Սեղանը բավականին առատ եւ գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եվ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղե-ցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաեւ անուշ բուրում էին:
Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երեւույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը:

Զարմանքով ինձ համար ամրագրեցի (թեթեւ հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել: Կարծեցի՝ գուցե ես եմ չափազանց բծախն-դիր:
Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել (բարեբախտաբար՝ ոչ մահացու):
Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենեւին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ:
Առյուծների մոտ ընդունված է սնվել միայն թարմ որսով: Եվ նույն որսին առյուծը երկու անգամ չի մոտենում: Եվ առյուծը ուտում է մինչեւ կշտանալը:
Սակայն լինում է, որ ինչ որ առյուծ անձնատուր է լինում քաղցին եւ մոռանում առյուծային բարքերը: Եվ կարծելով, թե ականատես չկա, մոտե-նում է լեշացած որսին եւ բորենիներին քշելով մի լավ հագենում է:
Թերեւս հետո մեծ զարմանք է ապրում, երբ իրեն երամից վտարում են: Ու չի հասկանում, որ վտարվում է առյուծներին ոչ բնորոշ հոտ ձեռք բերած լինելու պատճառով:
Հոտ, որը գիշատիչները լավ են ընկալում:
Այդ հոտը ընկալում են նաեւ բորենիները եւ դառնում վտարված առյուծի հավետ հետեւորդը: Քանզի քաջ են գիտակցոււմ, որ նրա կատարած ցանկացած որս այլեւս իրենը չէ:
Եվ այդպես, առյուծը մեկ անգամ գայթակղվելով ու քաղցը ոչ առյուծաբար հագեցնելով, իրեն դատապարտում է քաղցամահության:
Շատ մարդիկ են ինչ-ինչ տրամաբանությունից ելնելով կյանքի այլ տեսակների մոտ գիտակցությունը բացառում: Թերեւս դրանով փորձում են ճշմարտությունը զոհաբերել սեփական «Ես»-ին:
Ըստ երեւույթին, այդ կարծիքից մարդկանց մի ստվար հատված առանձնակի հաճույք է կորզում:
Մեր իրողությունը կրում է բազում ապացույցներ, որ «մարդ» հաջողված ստից կարող է արտակարգ ուրախություն ապրել:
Եվ թերեւս «մարդ»-ը իր համար բացահայտել է ամենամեծ հաջողության հավանականությունը ունեցող սուտը՝ ինքնախաբեությունը:
Արթնացի՛ր, Հայ Մարդ:
Հիշիր առյուծ անցյալդ եւ վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ:
Բա՛վ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես:
Բա՛վ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, … արգասիքների առյուծի բաժինը բորենիներին տրամադրես:
Բա՛վ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես:
Վերհիշի՛ր վեհն ու գեղեցիկը:

Անդրանիկ Աթոյան (ՀԱՄ անդամ)
Առողջարարական յոգայի եւ արեւելյան մարտարվեստների մասնագետ

«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.