Հայկական միրգը միջազգային շուկայում եւ… Հայ արծաթագործը ցուցահանդեսին ընդառաջ

Գյուղատնտեսություն –

Հայկական միրգը միջազգային շուկա  կտանի «Հայկական միրգ»-ը

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրա-մի միջեւ «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր (ԳԿՍԾ)» ֆինանսավորման համաձայնագրին:
Ըստ այդ համաձայնագրի, հիմնադրամը համաձայն է ֆինանսավորում տրամադրել Հայաստանի Հանրապետությունում «Գյուղական կարողութ-յունների ստեղծման» ծրագրին աջակցելու նպատակով: Իսկ փոխառուն, որ ՀՀ-ն է, մտադրություն ունի Նավթ արդյունահանող երկրների կազմա-կերպության (ՕՊԵԿ)‘ միջազգային զարգացման հիմնադրամից (ՕՖԻԴ հիմնադրամ) մոտ 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օժանդակութ-յուն ստանալ՝ ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու համար: Հիմնադրամը փոխառուին կտրամադրի փոխառություն եւ դրամաշնորհ: Փոխառութ-յան գումարը կազմում է 8 մլն. 900 հազար փոխառության հատուկ  իրավունք, իսկ դրամաշնորհի գումարը կազմում է 330 հազար փոխա-ռության հատուկ  իրավունք:

Փոխառությունը կտրվի հաստատուն պայմաններով՝ առանց տոկոսագումարի. տարեկան սպասարկման վճարը կկազմի 1 տոկոսի երեք քառորդը (0,75%), վճարումները պետք է լինեն կիսամյակային՝ փոխառության սպասարկման վճարի արժույթով եւ 20 տարի ժամկետով՝ ներառյալ 10 տարի արտոն-յալ ժամկետ, որն սկսվում է հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից փոխառությունը հաստատվելու  պահից:
Ի դեպ, փոխառուի (հիշենք՝ ՀՀ-ն է) վարչապետի աշխատակազմը ծրագրի գլխավոր գործակալությունն է (ԾԳԳ): Ծրագրի լրացուցիչ կողմ կլինի ստեղծվելիք «Հայկական միրգ» ընկերությունը: Լավ է, որ ծրագրի շահառուները կլինեն մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրության հիմնական օղակները, ինչպես նաեւ՝ Հայաստանի  լեռնային  անապահով համայնքների ամբողջ բնակչությունը: Ծրագիրը կի-րականացվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում եւ Սյունիքում: Նպատակը գյուղական աղքա-տության ծավալները ՀՀ-ում նվազեցնելն է: Նպատակն է նաեւ ստեղծել պտղի եւ ընկուզեղենի տնտեսապես կենսունակ արտադրություն գյուղա-կան մանրածավալ արտադրողների մասնակցությամբ: Հենց սրա համար էլ կստեղծվի «Հայկական միրգ»-ը՝ որպես բաժնետիրական ընկերություն:
«Հայկական միրգ»-ը հետեւյալ գործը կանի՝ կհիմնի  գլխամասային տնկարան, հյուսվածքային լաբորատորիա եւ մայրուտ՝ արմատակալների եւ այլ սորտերի բազմացման համար: Կհիմնի այգիներ, կստեղծի պտղի եւ  ընկուզեղենի արտադրության հատվածի ֆերմերների հետ պայմանագրա-յին հարաբերություններ եւ կկազմակերպի այգիների կառավարման ոլորտում ուսուցում պայմանագրային հարաբերությունների մեջ ներգրավված ֆերմերների համար: Կհիմնի նաեւ պտղի եւ ընկուզեղենի փաթեթավորման եւ վերամշակման կառույցներ: Կաջակցի շուկայավարմանը տեղական եւ միջազգային շուկաներում, կկազմակերպի բրենդավորման, գովազդի եւ հետվաճառքային ծառայություններ:
Լավ կլինի, եթե իրապես ծրագիրը իր նպատակին հասնի՝ այն է՝ բարելավվի հայկական մրգի համբավն ու բարի անունը միջազգային շուկանե-րում, նաեւ՝ որ անապահով գյուղացին իր կեցության վրա անմիջականորեն զգա, որ հենց ինքն է այդ բարելավման «մեղավորը»:
«Հայկական միրգ»-ը պետք է ունենա տնօրենների խորհուրդ, որտեղ մեծամասնություն պետք է կազմեն մասնավոր գործարար հատվածի այն ներկա-յացուցիչները, ովքեր հետաքրքրված կլինեն «Հայկական միրգ»-ի հաջող զարգացմամբ, ինչպես նաեւ՝ կառավարության ներկայացուցիչներ: Տնօրենների խորհրդի նախագահությունը պետք է իրականացվի ռոտացիայի կարգով: Տնօրենների  խորհուրդը պետք է մրցակցային կարգով կատարի ղեկավար աշխատակազմի համալրումը, ներառյալ՝ տեղական ընթացակարգով ընտրված գործադիր տնօրեն, միջազգային ընթացակարգով ընտրված գործադիր փոխտնօրեն, ավագ տեխնիկական խորհրդատու, ֆինանսական տնօրեն, հաշվապահ, իրավաբան, արժեքային շղթայի կառավարիչ եւ բիզնես զարգացման խորհրդատու: Փոխառուն, որպես ընկերության բաժնետեր, պետք է հետամուտ լինի, որ «Հայկական միրգ»-ի աշխատակազմի համալրման, տեխնիկա-կան առաջադրանքի եւ որակավորումների մասով որեւէ առարկություն չլինի հիմնադրամի կողմից:
Մնում է, որ գումարի մեծ մասը հանկարծ չծախսվի զանազան տնօրենների, իրավաբանների, կառավարիչների ու խորհրդատուների աշխատավարձերը հոգալու ուղղությամբ:
Մնում է, որ հանկարծ չկրկնվի այն իրավիճակը, երբ տնօրենը ինքն իրեն 6 մլն. դրամ աշխատավարձ էր նշանակել՝ արդարանալով, թե դա է միջազգա-յին չափանիշներին համապատասխանը ու հետո էլ լրագրողներից նեղացել, թե ինչու են հրապարակել գաղտնի տեղեկությունը:
Մնում է…

Աստղինե Քարամյան

*  *  *

Հայ արծաթագործը՝ EXPO BEAUTY ցուցահանդեսին ընդառաջ

Ոսկին եւ արծաթը դեռ Ք.Ծ. շա՜տ առաջ են լայնորեն օգտագործել Հայկական լեռնաշխարհում: Ոսկերչությունն ու արծաթագործությունը դարձել են դեկորատիվ կիրառական արվեստի առանձին ու ամենահարգի ճյուղեր: Այդ ճյուղերի ավանդույթները փոխանցվել են սերնդե սերունդ, շարու-նակվել նաեւ  հետագա դարերում ու հասել մեր օրերը:
Եվ ահա իր հորից փոխանցված այդ ավանդույթների ժառանգորդն այսօր ժամանակակից արվեստագետ, ոսկերիչ-արծաթագործ, ժողովրդական վարպետ‘Գեւորգ Հակոբի Զաքարյանն է: Ծնվել է 1979թ. Երեւանում: Ստեղծագործել է դեռ վաղ հասակից, մեծ սեր է ունեցել դեպի արվեստը, մետաղը եւ առավել եւս՝ զարդարվեստը: Նա պատմում է, որ արծաթագործությամբ զբաղվել է 9 տարեկանից:
«Կարելի է ասել ինքնուրույն եմ սովորել՝ հորս՝ հմուտ վարպետ Հակոբ Զաքարյանի աշխատանքին մեծ ուշադրությամբ հետեւելով: Քանի որ նա բնավորությամբ շատ անհանգիստ եւ անհամբեր մարդ էր, միշտ կարծես ժամանակ չէր գտնում իր շնորհն ու հմտությունները ուրիշ-ներին փոխանցելու: Ուստի ես, պատկերավոր ասած, «գողացել» եմ նրանից հայկական ավանդական արծաթագործության գաղտնիքները: Կարծում եմ՝ իմ համառությունը արդյունք տվեց եւ հիմա արդեն վստահ տիրապետում եմ այս մասնագիտության շատ հմտությունների ու գաղտնիքների»,- պատմում է Գեւորգը:
Շնորհիվ գեղագիտական նուրբ ճաշակի, Գեւորգը կարողանում է նորովի մեկնաբանել ազգային արվեստի ավանդները, որոնք ակնհայտ երեւում են «Հայաստան», «Հայկական նատյուրմորտ», «Վանք» արծաթյա նկարներում, «Նուռ», «Ծիրան», «Կուժ ու կուլա», «Կարաս» վզնոցներում, աչքի է ընկ-նում նաեւ «Էրզրումի խաչ», «Նռնաքարերով նուռ», «Հնագույն որսորդության գաղտնիքները» աշխատանքների շարքը եւ այլն:
Տեխնոլոգիական եւ գեղազարդման առանձնահատկություններից ելնելով՝ կարելի է առանձնացնել մի շարք աշխատանքներ՝ «Շան թախիծը», «Դի-մակ», «Կենաց ծառ», «Հալվող մոմ», «Կատվի սպասումը պատուհանի մոտ», «Սիրո պտուղ», «Հնագույն խաչ», «Ժամանակի հոսքը», «Պտտվող անուն», «Կո-կոսե օղակներ», «Գարուն», «Փրկել Նեմոյին» վզնոցները, կիսաթանկարժեք քարերով ծխամորճը, կրակայրիչն ու մոխրամանը, կոկոսե զարդատու-փը, «Կոճակներ» շարքը, «Եգիպտական բուրգ», «Քաղցր սեղան» մատանիները եւ այլն:
Այս հեղինակային աշխատանքներում վարպետի շնորհքը թե՛ կատարման տեխնիկայի եւ թե՛ զարդային դեկորների ձեւավորման տեսակետից ակնա-ռու դրսեւորում են ստացել:
Դիզայների անհատական աշխատանքներում սինթետիկ ներդաշնակությամբ միահյուսված են մեր հին արվեստի մյուս ճյուղերի՝ հատկապես մանրանկարչության  եւ գորգագործության ձեւերն ու հատկանիշները: Մետաղի մշակման ֆակտուրային տարբեր հնարքները է՛լ ավելի շահեկան ու տպավորիչ են դարձնում ստեղծագործություննեը:
Նրա համար հավասարապես կարեւոր են բնության եւ մարդկային հոգու գեղեցկությունն ու պարզությունը: Նրա ստեղծագործությունները կարելի է տարբերել եւս մեկ նրբությամբ՝ ամեն մեկի վրա դրված է (ԶG) անվան եւ ազգանվան առաջին տառերով դրոշմը:
Վարպետի զարդերը վաճառվում եւ պատվիրվում են այն մարդկանց համար, ովքեր իրենց կերպարների  փոփոխության մեջ չեն վախենում գոնե մեկ քայլով առաջ գնալ:
«Իմ գնորդները շատ տարբեր են, նրանք այն մարդկանցից են, ովքեր պատրաստ են շատ լուրջ արարքների եւ կատարում են ինքնուրյուն որո-շումներ: Ես աշխատում եմ այնպիսի մարդկանց հետ, ովքեր ամբողջովին վստահում են ինձ եւ իմ ճաշակին: Ըստ իս, իմ զարդերը կրող ցանկացած մարդ, առավել եւս կին, պետք է լինի ինքնահաստատ եւ ինքնաբավ անձնավորություն»,- ասում է նա:
Գեւորգը հանգստյան օրերին լինում է «Վերնիսաժ» կոչվող տարածքում, մեծ սիրով է շփվում թե՛ այցելուների եւ թե՛ այնտեղ գտնվող ար-վեստագետների հետ, նույնիսկ ի հայտ բերում իր մասնագիտական գաղտնիքները, ինչու չէ նաեւ՝ գաղտնիքներ ընդունում:
Բազմաթիվ ցուցահանդեսների մասնակից եւ դիպլոմակիր է Հայաստանում ու արտերկրում:  
Ի դեպ, ասեմ, որ ապրիլի 1-3-ը  Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցող EXPO BEAUTY ցուցահանդեսին նա կմասնակցի, որտեղ կարող ենք եւս մեկ անգամ ծանոթանալ նրա աշխատանքներին ու, իհարկե, նոր հեղինակային հավաքածուին:
«Շատերին թվում է, թե արծաթագործություն սովորելը հեշտ է, սակայն դա այդքան էլ այդպես չէ, չէ որ այդ արվեստը բազմակողման զարգացվա-ծություն է պահանջում, եւ իսկական պրոֆեսիոնալը պետք է տիրապետի բազմաթիվ հնարքների, որպեսզի արտահայտի իր մտահղացումնե-րը:
Եվ ահա այսօր, աշխատելով ավելի բարդ գործերի վրա, իմ առաջնահերթ ցանկություններից մեկը այնպիսի աշխատանքներ ստեղծելն է, որոնք կապրեն ինքնուրույն եւ ազատ»,- ասում է վարպետը:     
 Գեւորգ Զաքարյան արվեստագետը հայ արծաթագործության, մետաղական գեղարվեստական մշակման զարգացման մեջ ոչ միայն ունի իր հաստատուն տեղը, այլեւ, հուսանք, որ այս հողի վրա կտնկի իմաստության մի հզոր ծառ, որի պտուղները կլինեն այն բազմաթիվ արվեստագետները, ովքեր օժտված կլինեն նրա շնորհով եւ կշարունակեն նրա ավանդույթները:
Նաեւ հայկական ձեռագրով ու շնչով լի ավանդույթները:

Լիլիթ Գալստյան, արվեստաբան

«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.