Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով – Գեւորգ Յազըճյան

Պտույտ մը Երեւանին մեջ… սփյուռքահայի աչքերով –

Դիտարկում եւ նկատողություն –
Խնդիրների մեջ՝ խնդիրները չե՞ն տեսնում
Նորից երեւանյան երթուղային տաքսիների ցուցանակների մասին1

ՀՀ լրատվամիջոցներից տեղեկացա, թե Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ապրիլի 22-ին հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում խոսել է ոլորտում առկա խնդիրների մասին, պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին: Պր. Նավասարդյանը ներկայացրել է իր ղեկավարած վարչության՝ երեւանյան ավտոբուսների եւ միկրոավտոբուսների աշխատանքի դիտարկման արդյունքնե-րը: Նա հայտնել է, թե ինքն անձնապես «հաճախ» օգտվում է հասարակական փոխադրանու այս տեսակներից՝ «նաեւ անձնապես խնդիրները տեսնելու համար»:

Սույն մամուլի ասուլիսի վերաբերյալ լրատվամիջոցների անդրադարձներում չհանդիպեցի նրան, ինչն ինձ մտահոգում էր: Շատ հավանաբար, ասուլիսի ընթացքում դրան նույնիսկ հեռավոր ակնարկով իսկ անդրադարձ չի եղել, քանի որ երեւի անիմաստ են համարել խոսել այդ մասին՝ խորհելով, թե «դա ինչ բան է, որ նույնիսկ արժե մտածել այդ մասին»:
Խոսքս վերաբերում է հիշածս փոխադրամիջոցների ցուցանակների լեզվին:
Տարիներ առաջ դիմել էի Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչությանը՝ երթուղային տաքսիների ցուցանակներում նշվող տեղանուն-ների հարցով: Արդարեւ, այդ ցուցանակներում վխտում էին ամեն տեսակի շեղումներ՝ հայատառ ժողովրդական անվանումներ՝ Վստրեչ, Մոնումենտ, Բանգլադեշ, 3-րդ մաս եւ այլն, վաղուց անվանափոխվածներ՝ ԳՈՒՄ, կինո Ռոսիա (հանդիպում էին նաեւ կինո Ռասիա տեսքով), Ծերեթելի, Ջափարիձե եւ այլն, կյուրեղատառ ռուսերեն տեղանուններ, տառասխալներով գրություններ… Ի պատիվ քաղաքապետարանի նշածս վարչության աշխատակիցների, դիմում-առաջարկությանս շտապ արձագանքեցին, եւ Լեզվի պետական տեսչության հետ գործակցաբար՝ կարգավորեցին այս ոլորտը: Միաժամանակ, ցուցա-նակներում հայտնվեց Երեւանի պաշտոնական զինանշանը, ինչը ինձ միայն բավականություն պարգեւեց: Դա նաեւ նշանակում էր, որ տվյալ փոխադրա-միջոցի ցուցանակը անցել է քաղաքապետարան-ԼՊՏ փորձաքննությունը, համապատասխանեցվել ՀՀ լեզվական օրենսդրության պահանջներին:
Սակայն ժամանակի ընթացքում այս ոլորտում եւս վերստին գլուխ ցցեց հակահեղափոխությունը, որը մեզանում անպայման զուգորդվում է օտարամոլության ախտին: Նորից հայտնվեցին «Բանգլադեշները», «Մոնումենտները», «Ռոսիա»-«Ռասիաներն» ու մյուսները, ընդ որում՝ նրանց մի մասը նորից կյուրեղատառ ռուսերեն կամ լատինատառ, ինչը հայերենի (իսկ հայերենը լինում է միայն եւ միայն մեսրոպատառ)՝ իբրեւ ՀՀ պետական լեզվի բացառիկ իրավունքի կոպիտ ոտնահարում է… Ցավս մեծացնում է այն, որ այս՝ դարը անցած ու ամոթալի, երբեմն նաեւ՝ ոչ հայերեն անվանումները հայտնվել են մայրաքաղաքի զինանշանի կողքին: Արդյո՞ք սա նշանակում է, որ Երեւանի քաղաքապետարանի փոխադրա-նու վարչության այսօրվա պետն ու աշխատակիցները տեղյակ են նման, մեղմ ասած, ապօրինությանը ու աչք են փակում՝ եղածը «մանրուք» համարե-լով: Պր. Նավասարդյանը այս փոխադրամիջոցներից օգտվելիս ուշադրություն չի՞ դարձնում մայրաքաղաքային ավտոբուս-միկրոավտոբուսների ցուցանակներին ու դրանցում տեղ գտած լեզվական խախտումներին:
Ինձ վրդովեցնում է նաեւ այն փաստը, որ նույնինքն քաղաքապետարանի կառույցում գործող անվանակոչումների հանձնաժողովի որոշումնե-րով անվանափոխված փողոցների եւ մայրաքաղաքային ուրիշ վայրերի հին անունները շարունակում են օգտվել գաղութատիրոջ իրենց «իրա-վունքից»: Քաղաքապետարանի աշխատակիցներին ու մասնավորաբար քաղաքապետին եւ նրա տեղակալներին պե՞տք է արդյոք հուշել, որ քաղաքապետարանի հիշյալ հանձնաժողովի որոշման չկիրառումը վարկաբեկում է քաղաքապետարանին, քաղաքապետին ու նրա տեղակալներին, քանի որ, իմ համոզ-մամբ, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների օրենքները, որոշումներն ու իրավական ամեն բնույթի ակտերը կայացվում են կիրա-ռելո՛ւ եւ ոչ թե արխիվները կամ աղբանոցները համալրելու կամ վերամշակման հանձնելու (մակուլատուրա) համար…
 Նորից ահազանգելով այս անընդունելի իրողության մասին, դիմում եմ Երեւանի քաղաքապետարանի փոխադրանու վարչությանը ու անձամբ քաղաքապետին՝ վերստին կարգավորելու մայրաքաղաքում գործող երթուղային տաքսիների ցուցանակների լեզուն եւ խստիվ հետեւելու այդ ցուցանակների պատշաճ լեզվի ու տեսքի պահպանումին: Նախընտրելի է այս հարցում գործակցել Լեզվի պետական տեսչության հետ:
Հարյուրերորդ թե հազարերորդ անգամ հիշեցնեմ, որ հայոց լեզվի անաղարտության պահպանումը օրենսդրական պարտավորություն է:

Գեւորգ Յազըճյան
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ

Հ. Գ.
1. Չեմ հասկանում, թե ինչո՞ւ չեն օգտագործում «փոխադրանի» եւ «դիտարկում» հայերեն բառերը, այլ՝ օտարամուտ «տրանսպորտ»-ն ու «մոնիտո-րինգ»-ը:
2. Ընթերցողներից խնդրում եմ մայրաքաղաքային փոխադրանու լեզվական խախտումների համար մշտապես անհանգստացնել պր Հ. Նավասարդյա-նին՝ գրելով նրա էլեկտրոնային փոստի հասցեին՝ henrik.navasardyan@yandex.ru:

1 Հեղինակեցի 17 Ապրիլ 2011-ին ու 19 Ապրիլ 2011-ին շարուածքը յանձնեցի «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրութեան: Վերստին լրա-մշակեցի 25 Ապրիլ 2011-ին ու 26 Ապրիլ 2011-ին շարուածքը յանձնեցի «Լուսանցք» շաբաթաթերթի խմբագրութեան:

* * *

Դիտարկում եւ առաջարկ –
Նպաստե՛ք հայության ինքնաճանաչողությանը

Մեր մայրաքաղաքի փողոցների անվանումների մասին

Մայրաքաղաքում աչքի խփող բացասական երեւույթների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում փողոցների զգալի տոկոսի անունների եւ բազմաբնակարան շենքերի մեծագույն մասի համարների բացակայությունը: Սա շատ տհաճ ազդեցություն է գործում հատկապես սփյուռքահայ զբոսաշրջիկների, ՀՀ մյուս բնակավայրերի բնակիչների եւ, ոչ քիչ դեպքերում, Երեւանի տվյալ շրջանի հետ քիչ առնչություն ունեցող մայրաքաղաքացիների վրա, որոնք մեծ դժվարություն են կրում գտնելու իրենց փնտրած փողոցը եւ շենքը: Երբեմն նույնիսկ տասնամյակների փորձառություն ունեցող տաքսու վարորդներն են անճրկում……
Երեւանի քաղաքապետարանին առաջարկում ենք անհապաղ ձեռնարկել այս թերության վերացման, որը պատիվ չի բերում որեւէ գավառական քաղաքի, ուր մնաց՝ հայոց պետության մայրաքաղաքին:
Միաժամանակ առաջարկում ենք զուգահեռ իրականացնել եւս մեկ միջոցառում, որի դաստիարակչական բնույթը կասկածից դուրս է: Դրան հանդիպել եմ մի շարք օտար երկրներում, այդ թվում՝ արաբական Արեւելքում՝ Դամասկոս, Հալեպ եւ այլն: Խոսքը յուրաքանչյուր փողոցի/պողոտայի ծայրամասերում ու խաչմերուկներում եւս մեկ ցուցանակի տեղադրման մասին է՝ տվյալ փողոցի/պողոտայի անվան կողքին կամ ներքեւում (խնայողության համար կարելի է համատեղել երկու ցուցանակները), որտեղ մի քանի բառով նշված լինեն տվյալ անվան տիրոջ (պետական, մշակութա-յին, ռազմական գործչի, պատմական իրադարձության եւ այլն) ինքնությունը կամ վաստակը ու ապրած/տեղի ունեցած ժամանակաշրջանը/տարեթիվը: Օ-րինակ, կարելի է տեղադրել այսպիսի ցուցանակներ. «Մարշալ Հովհաննես Բաղրամյան, անվանի զորահրամանատար, 1897-1982», «Ալեքսանդր Ման-թաշյան, նավթարդյունաբերող, բարեգործ, 1842-1911»: Օտարազգիների դեպքում կարելի է ավելացնել նաեւ ազգությունը, օրինակ՝ «Ֆրիդյոֆ Նանսեն, նորվեգացի գիտնական, մեծ հումանիստ, 1861-1930»:
Ի դեպ, ավելորդ չեմ համարում շեշտել, որ հարկավոր է նշել մարդկանց լրիվ անունը՝ հայերիս մոտ ընդունված անուն-ազգանվան տեսքով (ոչ թե «Մարշալ Բաղրամյան», այլ՝ «Մարշալ Հովհաննես Բաղրամյան», ոչ թե «Նալբանդյան», այլ՝ «Միքայել Նալբանդյան»), բոլոր դեպքերում խուսա-փելով հայրանվան նշումից՝ եթե դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ դա առավելաբար ռուսերին է հարիր, բայց հայերիս՝ երբեք: Նկատել տամ նաեւ այն, որ պետք է նշել ռազմական, գիտական ու եկեղեցական գործիչների կոչում/տիտղոսները եւ վերացնել կրկնակի սեռական հոլովի գործա-ծությունը, որոնց երբեմն հանդիպում ենք ինքնագործունեությամբ զբաղված խանութատերերի կամ ուրիշ տնտեսավարողների պարագայում (ոչ թե «Նալբանդյանի փողոց», այլ՝ «Միքայել Նալբանդյան փողոց», ոչ թե «Աճառյան փողոց», այլ՝ «Ակադ. Հրաչյա Աճառյան փողոց», սակայն՝ «Մեսրոպ Մաշտոցի պողոտա», «Կոմիտաս վարդապետի պողոտա», «Կորյունի փողոց», «Մխիթար Հերացու փողոց» եւ այլն):
Համոզված եմ, որ նման բարեկարգումների իրականացումը կնպաստի հայության ինքնաճանաչողությանը, որը հզոր զենք է թշնամիներով ու անբարյացակամներով շրջապատված մեր հանրապետության բնակչության համար: Նման պարագայում կբացառվեն «Արդյոք ովքե՞ր են» հեռուստածրագրով մի անգամ իմ տեսած խայտառակությունը, երբ մի պատանու ցույց տվեցին Կոմիտաս վարդապետի լուսանկարը, ում նա չճանաչեց, իսկ կողքից մեկի հուշելուց հետո ասաց. «Իյա՜, Կոմիտասը էս մա՞րդն ա: Չգիտեմ նա ով ա, ինչ ա, բայց գիտեմ էն, որ մեր բնակարանը Կոմիտասի վրա ա»…

Գեւորգ Յազըճյան

«Լուսանցք» թիվ 16 (192), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.