Այսօր Եռաբլուրում Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ Արցախյան ազատամարտի մասնակիցների խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի քրմի թեկնածուների հետ միասին նշեցին Հաղթանակի տոնը: Հայ նվիրյալ նահատակների պատվին կատարվեց հայ-արիական (հեթանոսական) ծիսական արարողություն եւ փառաբանվեցին արցախյան պատերազմի ընթացքում զոհված հայորդիները: Քրմական ծես կատարվեց նաեւ արցախյան պատերազմից հետո ողջ մնացած հայորդիների, ովքեր այսօր էլ շարունակում են իրենց հայրենակերտ ու ազգանվեր գործը եւ թիկունքում օրնիբուն աշխատած մարդկանց համար, առանց որոնց անհնարին կլիներ մեր փառահեղ հաղթանակը:
Հայ արիներն ու ազգայնականները եղան նաեւ Վահագն Աստծո արձանի մոտ, փառաբանեցին Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնին՝ ուժի եւ հզորության, կամքի եւ հետագա հաղթանակների ապավեն ստանալու բաղձանքով:
Արցախյան ազատամարտի վճռորոշ ու բեկումնային մարտերից էր Շուշիի ազատագրումը եւ այսօր այդ փառավոր օրվա 19-րդ տարեդարձն է: 1992թ. մայիսի 9-ը նախաստեղծ հողն էր ադրբեջանական պարտության եւ 1994թ. թշնամու աղերսանքով կնքված զինադադարի:
Տոնական արարողությունը եղավ ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին մասնակցեցին նաեւ արցախյան եւ հայրենական պատերազմների բազմաթիվ մասնակիցներ:
Հավերժ փա՛ռք հանուն ազգի նահատակված նվիրյալներին, նաեւ մարտնչած ու դեռ կյանքով լեցուն հայորդիներին: Մեր պատմության հաղթական օրերը մեզ պարտադրում են այսօր էլ մտածել հայրենատիրության մասին:
Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
09.05.2011թ.



