Ցուցահանդես-մրցույթ՝ հաչոցներով եւ ռուսերենով… – ՀԱՀ Խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյան

Ցուցահանդես-մրցույթ՝ հաչոցներով եւ ռուսերենով
Հավայի հաչող շներ եւ հավայի հաչող կեղծավորներ

Մայիսի սկզբին, երեւանյան կրկեսի մերձակայքում աչքս պատահաբար ընկավ մի էլեկտրասյան վրա կպչաթղթով ամրացված ռուսերեն հայտարարութ-յան (տե՛ս նկարը): Այդ ծանուցմանը երբեք չհանդիպեցի Երեւանի կենտրոնում եւ այլ հատվածներում իմ հետագա օրերի անցուդարձի ժամանակ:
Օտարալեզու այս հայտարարության հեղինակներն այնքան բծախնդիր էին եղել իրենց կազմակերպած միջոցառման հաջողության նկատմամբ, որ զգուշանալով եղանակային անախորժություններից, հատկապես անձրեւ-ամպրոպի հետեւանքով հայտարարության թղթի հավանական փչացումից, Ա-4 չափսի թուղթը ներփակել էին թափանցիկ ցելոֆանե ծրարի մէջ ու այդպես կպցրել էլեկտրասյանը: Ի՜նչ հոգատարություն…

Ծանուցող-կազմակերպիչների օտարալեզու ցուցանակն ստիպում է ինձ՝ թարգմանել նրա բովանդակությունը: Այսպես ուրեմն, Հայաստանի կի-նոլոգիական, կինոլոգիա-սպորտային միությունը մայիսի 22-ին, Շենգավիթ վարչական շրջանի սպորտային համալիրում կազմակերպել էր «բոլոր տեսակի շների միջազգային ցուցահանդես», որի ընթացքում խաղարկվելու էր «Հայաստանի սուպերգավաթը» (պարզվում է, որ ՀՀ-ում այսպիսի բաներ էլ կան…): «Ցուցահանդեսում դատելու են Անգլիայից եւ Լատվիայից [ժամանած] փորձագետները», ասված էր ծանուցման մեջ (ՀՀ-ում մարդկանց խաղերի գավաթների կամ «սուպերգավաթների» համար օտար փորձագետներ հրավիրվո՞ւմ են՝ չգիտեմ):
Հետաքրքրությունից մղված, նշված օրվա կեսօրին, անցյալ տարի հայրենադարձած 84-ամյա մորս հետ գնացի նշված համալիրը: Ավելորդ չէ այստեղ հայտնել, թե ձմռան ամիսներին, այս անխնամ ու հիմնական նորոգության կարոտ համալիրի նույն սրահն էին մեր «հոգատար» իշխանութ-յունները բարեհաճել տրամադրել հայ պարարվեստի նվիրյալ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարի ազգագրական համույթի փոր-ձերի համար, մի հիասքանչ պարախումբ, որ ս. թ. ապրիլի վերջին Իսպանիայում կայացած միջազգային մրցույթում նվաճեց առաջին տեղը՝ ՀՀ իշխանություններից ստանալով… աննշան օգնություն միայն:
Հայկական ազգային-ազգագրական, հայկական ողջ էությամբ ներծծված պար եւ շների ցուցահանդես՝ միեւնույն սրահում: Այս փաստից ավելի լավ բնութագրիչ չի կարող լինել ՀՀ այսօրվա իշխանավորների մարդկային ու ազգային գիտակցությունների մակարդակի մասին…
Ինչեւէ: Համալիր չհասած, ներսից լսվում էր մի ահավոր աղմուկ. տարատեսակ շների նույնքան տարատեսակ հաչոցների հետ լսվում էին մարդկա-յին ձայնի գոռգոռոցներ: Այս ժխորը ավելի սրեց իմ հետաքրքրությունը:
Մտանք սրահ: Մի քանի տասնյակ շնիկներ եւ շներ՝ տարբեր ցեղատեսակների, չափսերի եւ «ազգության»՝ մոպս, պուդել, չիխուախուա, դոգ, բուլ-դոգ, դոբրմեն, հայկական գելխեղդ եւ այլն եւ այլն: Նրանցից շատերի տերերը նրանց արժեքի մասին երբեմն արտահայտում էին դոլարով եռա-նիշ, նույնիսկ քառանիշ թվեր… Ոմանք, հատկապես աղջիկները եւ կանայք, իրենց շնիկները սեղմել էին կրծքին ու այնպե՜ս էին նրանց գուրգուրում-փայփայում, որ մի պահ նախանձեցի այդ բախտավոր չորքոտանի արարածներին…
Մարդ-շուն զույգերին մրցույթի ավարտին սպասում էին պատվանդանի վրա զետեղված տարբեր չափսերի բազմաթիվ գավաթներ եւ մեդալներ:
Կային մրցույթը վարող 3 հաղորդավարներ, որոնցից առաջին ջութակի դերն էր կատարում իգական սեռի մի չաղլիկ ներկայացուցիչ: Մյուսնե-րը՝ արական սեռի, պահից պահ էին միայն ձայն հանում իրենց էլ շնորհված բարձրախոսներով: Սեղանիկների մոտ նստած էին ուրիշներ, ո-րոնք ստուգում էին մրցասպարեզ հրավիրված ու «պատվո» շրջան կատարելու պատրաստվող շների առողջական վիճակը, անձնագրային տվյալները եւ այլն:
Ամբողջ մրցույթը վարվում էր ռուսերեն, այսինքն՝ ՀՀ ոչ պետական լեզվով, հերթական անգամ թքած ունենալով ՀՀ Սահմանադրության 12-րդ -հոդվածի եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների վրա: Մի անգամ էլ հիշեցնեմ, որ սույն օրենքի առաջին իսկ հոդվածը պարտավորեցնում է ՀՀ-ում կենսագործունեության բոլոր ոլորտներում կիրառել հայոց լեզուն:
Ըստ երեւույթին, պետք է ենթադրել, որ ՀՀ-ում շների մրցույթը կա՛մ մարդկային գործունեություն չէ, կա՛մ էլ՝ միջոցառման կազմակեր-պիչ այդ մարդանման էակները հաչում են հայոց պետության ու նրա հիմնական եւ ածանցյալ օրենքների վրա…
Որոշ ժամանակ ուշի ուշով զննեցի «դատավորների» ու «հանդիսավարների» արտաքին մարդաբանական տեսքը: Բոլորն էլ արմենոիդ տեսակի էին, ի՜նչ լատվիացի, ի՜նչ անգլիացի, ի՜նչ բան: Իսկ թե ինչո՞ւ նրանք խոսում էին միայն ռուսերեն, ունի պարզ բացատրություն. հայտնի է, որ առհասարակ աշխարհում, տնական շներ պահողների մեծ տոկոսը քաղքենիներն են, որոնց հատուկ է օտարամոլությունը:
Նույնն է նաեւ մեզանում: Լինելով հայազգի՝ շնատերերի մեծ մասը հայերեն չէր իմանում եւ իր սիրասուններին դիմում էր բացառա-պես ռուսերենով:
Վերադառնանք «դատավոր-փորձագետներին»:
Եթե մի պահ ենթադրենք իսկ, թե լատվիացին կամ լատվիացիք կարող էին ռուսերեն իմանալ, ապա պետք է պարզապես հիանալ շների անգլիացի այն դատավոր փորձագետներով, որոնք հանուն հայերենը պետական լեզու հռչակած ՀՀ-ում ինչ-որ «միջազգային ցուցահանդեսի», հոժարել են… -ռուսերեն սովորել:
Այս բոլորից անտեղյակ շները, օգտվելով առիթից եւ մղված գարնան գալստի հետ նրանց մոտ առավել գրգռված սեռական բնազդից, իրենց հատուկ շար-ժումներով եւ հետախուզական տեխնոլոգիաների կիրառումով փորձում էին հարմար զուգընկերներ գտնել՝ հետագա սերնդագործման նպատակով…
Այս աղմկալից միջավայրում մորս հետ մնացի ավելի քան 1,5 ժամ: Խեղճ մայրս մի անգամ էլ կրկնեց ինձ համար արդեն թեւաւոր խոսքի վե-րածված հարցում-պարսավանքը. «Տղա՛ս, հոս Հայաստա՞ն է»: Դե՛հ, ինչպե՞ս, ինչո՞ւ եւ քանի՞ հարյուրերորդ անգամ մորս հասկացնեմ, որ ՀՀ-ում կան հայանուն արարածներ, որոնք այնքան են անարգում պետական ու ազգային միակ լեզուն, որ դրա գործածությունը նույնիսկ շների հետ հաղորդակցվելիս իրենց «պրեստիժին» վայել չեն համարում:
Ինչպե՞ս մորս արդեն քանիհարյուրերորդ անգամ հասկացնեմ, որ ՀՀ-ում 13 տարի իշխանության գլխին է գտնվում ինքն իրեն նժդեհյան ու ցեղակրոն հռչակած, Հայաստանի Հանրապետական կուսակցություն կոչվող ինչ-որ մի կառույց, որի շարքերում էլ կան ռուսախոս եւ/կամ ռու-սերեն մտածող (մտածո՞ղ…) շնատերեր, չինովնիկներ, պատգամավորներ, նախարարներ (ՊՈ ջՊՐՈՉրՑՉցþՑ ԸՐՎպվ ԸՔՏՑÿվ Ռ ԽՏ.!):
Մի խոսքով՝ կեղծ-միջազգային շնական ցուցահանդես-մրցույթ, հայոց լեզվի ամբողջական անարգում (հայերենը «շան տեղ չէին դնում»), կաղկանձ, վնգստոց, հաչոց, ոռնոց եւ մասամբ քսոցին… Մրցույթի «միջազգային» լինելը մի գուցե արտահայտվում էր ռուսերենի գործառ-նությա՞մբ…
Երբ դուրս եկա սպորտային համալիր կոչված այս կիսաքանդ ու քանդումը շարունակվող շենք-Արշակավանից եւ հասա Եղիշե Թադեւոսյան փողոց – Բագ-րատունյաց պողոտա խաչմերուկը, աչքիս խփեց ՀՀԿ չափազանց մեծ զինանշանը, որն ամրացված է շենքի՝ Բագրատունյաց պողոտայի կողմի պատին: Համալիրի ներսից շարունակում էին լսվել ռուսերեն խժալուր գոռգոռոցներն ու շների հաչոցները: Այդ զինանշանի տեսքի եւ սրահի ներսից եկող մարդկային օտար-անասնային խառնալեզվի լսողության հակասությունից ես էլ ակամայից գրգռվեցի եւ, օգտվելով «հ» հնչյունն արտահայտող, ռուսաց լեզվում անգո, բայց մեր պաշտելի, բայց ամեն վայրկյան բռնաբարվող մայրենի լեզվում առկա տառից, սկսեցի արտաբերել՝ մեկ նայելով զինանշանին, մեկ դրա հետեւում գտնվող, մեր կիսաքանդ երկիրը լիովին արտացոլող համալիրին. «Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ…»:
Իսկ ո՞վ է ասել, թե «հաչան շունը կծան չի լինում»…
Դե արի, Նժդե՛հ, ու մի՛ խենթանա…

Գեւորգ Յազըճյան
Պատմական գիտությունների թեկնածու,
Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհրդի անդամ
 
«Լուսանցք» թիվ 21 (197), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.