(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Ընկույզով հալվա
Բաղադրությունը
Յուղ – 1 բաժակ
ալյուր – 2 բաժակ
մեղր – 1 ճաշի գդալ
վանիլի փոշի – 1 գ
ընկույզ – 50 գ
Պատրաստման եղանակը
Յուղը մարմանդ կրակով հալեցնել, ավելացնել ալյուրը: Սա բովել այնքան ժամանակ, մինչեւ դարչնագույն դառնա:
Հետո կրակի վրայից վերցնել, խառնել մեղրը: Այնուհետեւ պատառաքաղով ձեւավորել, տալ ուզած տեսքը, վրան լցնել ընկույզը:
Շատ արագ է պատրաստվում: Ուստի եւ՛ ժամանակ կխնայեն մեր տնտեսուհիները եւ՛ մշտապես քաղցրեղեն կունենան սիրելիների համար:
Սիրո՛վ վայելեք:
* * *
Անակնկալներ ազգային առաջնությունում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում կայացան 12-րդ փուլի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Երեւանի «Ուլիս»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց մրցաշարի հետնապահ «Արարատ»-ի հետ՝ 1:1: 2-րդ տեղում գտնվող Կապանի «Գանձասար»-ը Երեւանում 1:0 հաշվով հաղթեց «Միկա»-ին եւ բարձրացավ 1-ին հորիզոնական: 3-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս զիջեց Գյումրիի «Շիրակ»-ին՝ 0:2: Երեւանի «Բանանց»-ը սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ առավելության հասավ Դիլիջանի «Իմպուլս»-ի նկատմամբ՝ 2:1:
Մրցաշարային աղյուսակը 12 մրցափուլից հետո՝
1. «Գանձասար»՝ 25, 2. «Ուլիս»՝ 24, 3. «Փյունիկ»՝ 21, 4. «Իմպուլս»՝ 17, 5. «Միկա»՝ 15, 6. «Շիրակ»՝ 12, 7. «Բանանց»՝ 11 եւ 8. «Արարատ»՝ 6 միավոր:
* * *
Հայաստանի մինչեւ 16 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանում: Մեր պատանիները Հանքավանում առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեցին Վրաստանի այդ տարիքային թիմի հետ, խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: 2-րդ ստուգողական խաղը թիմերը կանցկացնեն հունիսի 17-ին:
Շախմատային փառատոն Չեխիայում
Պրահայի շախմատային փառատոնի շրջանակներում գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (Հայաստան) եւ Դավիթ Նավարայի (Չեխիա) միջեւ ընթացող մրցախաղի 2-րդ փուլում նույնպես ոչ-ոքի արդյունք արձանագրվեց: Այժմ հաշիվը հավասար է՝ 1:1: Այս մրցակցությունում կանցկացվի դասական 6 խաղ:
Փառատոնի եւ Մովսիսյան-Նավարա մրցախաղի պաշտոնական հյուրն է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը:
* * *
Հայաստանի գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սկսվող շախմատի մրցաշարին, որը նվիրված է հայտնի աստղաֆիզիկոս Գեորգ Մարքսի հիշատակին:
Մրցաշարին մասնակցում են 6 շախմատիստուհիներ: Նրանք 2 շրջանով կանցկացնեն 10-ական մրցախաղ: Լ. Մկրտչյանի մրցակիցներն են հունգարուհի Իլդիկո Մադլը, Էսթեր Դուդաշը, Աննա Ռուդոլֆը, բելառուսցի Աննա Շարեւիչը եւ ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայան: Հավելենք, որ մրցաշարը ստացել է ՖԻԴԵ-ի 15 կարգ:
* * *
Շախմատի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հիշատակին Վորոնեժում անցկացվող շախմատային փառատոնի 4-րդ փուլում մեր մասնակիցներից միավոր վաստակեց միայն գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը, որը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Իվան Դենիսովին: Նա վաստակեց 2,5 միավոր եւ բաժանում է 18-34-րդ տեղերը:
Նույնքան միավոր ունեն նաեւ գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը եւ Գեւորգ Հարությունյանը: Առաջինը ոչ-ոքի խաղաց Անատոլի Պոլիվանովի հետ, իսկ Գեւորգ Հարությունյանը պարտվեց Անդրեյ Դեւյատկինին: Մեր 4-րդ մասնակիցը` Նելլի Աղինյանը, նույնպես անհաջող հանդես եկավ` զիջելով Դմիտրի Չուպրինովին: Նա իր ակտիվում ունի 1,5 միավոր:
Մրցասպարեզում պատանի թենիսիստներն են
Հայաստանի պատանի թենիսիստներն այս օրերին մասնակցում են մի քանի միջազգային մրցաշարերի:17-ամյա Անի Ամիրաղյանը Խարկովում անցկացվող աղջիկների մրցաշարում հաղթահարելով որակավորման արգելքները, մտավ հիմնական փուլ: Այստեղ նա սկզբում 6:3, 6:3 հաշվով հաղթեց Յուլիա Լիսային (Ուկրաինա), սակայն 2-րդ փուլում զիջեց ռուսաստանցի Յանա Բուչինային` 6:3, 4:6, 3:6: Զուգախաղերում Անի Ամիրաղյանը ռուսաստանցի Վարվարա Ֆլինկի հետ չկարողացավ հաղթել Օլգա Յանչուկ-Վիկտորիա Լուշկովա ուկրաինական զույգին` 3:6, 1:6:
Թբիլիսիի միջազգային պատանեկան մրցաշարում մեր հանրապետությունից մասնակցում են 14 թենիսիստ-թենիսիստուհիներ:
14 տարեկան աղջիկների մրցումներում համեմատաբար հաջող հանդես եկավ Արեւիկ Թումանյանը: Նա 1-ին խաղում հաղթեց վրացուհի Նատալիա Սիմոնիշվիլուն` 6:0, 6:1, սակայն 2-րդ փուլում պարտվեց ռուսաստանցի Անստասիա Բլուխտերովային` 2:4, 2:6: Զուգախաղերում մեր թենիսիստուհի Կարինե Թությանը հանդես կգա Թուրքիայի ներկայացուցիչ Օյկու Բոզի հետ:
Այս տարիքային թենիսիստների մրցումներում առայժմ հաջող է հանդես գալիս Արշակ Ղազարյանը, որը մտել է 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի բելառուսցի Անտոն Բանդարիկի հետ:
16 տարեկան թենիսիստուհիների մրցումներում Սեդա Վարդանյանը 1-ին փուլից հետո դուրս մնաց պայքարից: Տղաների մրցաշարում Սուրեն Բաղդասարյանն ու Միքայել Ավետիսյանը հաջող են սկսել ելույթները եւ մտել են երկրորդ փուլ, իսկ ահա Կարո Փամբուկյանը պարտվեց ադրբեջանցի մրցակցին:
Ըմբշամարտիկները մրցասպարեզում են
Մեր ըմբիշները մասնակցեցին Թբիլիսիում կայացած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Վախթանգ Բալավաձեի եւ Գիվի Կարտոզիայի անվան միջազգային ավանդական մրցաշարին, որն ընդգրկված է «Գրան-Պրի» շարքում: Հայաստանի հավաքականը Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել է 3 մեդալով:
Ազատ ոճայիններից Դավիթ Սաֆարյանը (66կգ) դարձել է արծաթե մեդալակիր: Հունահռոմեական ոճի ըմբիշներ Ալեքսան Միքայելյանը (74կգ) եւ Հարություն Հովհաննիսյանը (55կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Այժմ մեր ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են մասնակցել մի քանի այլ «Գրան-Պրի» կարգի միջազգային մրցաշարերի, որոնք կկայանան Ուկրաինայում եւ Իսպանիայում:
Բռնցքամարտիկները մեկնեցին Թուրքիա
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:
Այստեղ այսօր կսկսվի տղամարդկանց բռնցքամարտի Եվրոպայի 39-րդ առաջնությունը, որը կտեւի մինչեւ հունիսի 25-ը:
Այդ մրցումներում Հայաստանը մարզիկներ է հայտավորել միայն առաջին 7 քաշային կարգերում. Հովհաննես Դանիելյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Հովհաննես Բաչկով (56 կգ), Վլադիմիր Սարուխանյան (60 կգ), Սամվել Մաթեւոսյան (69 կգ), Հրաչիկ Ջավախյան (64 կգ), Արթուր Խաչատրյան (75 կգ):
Մրցաշարին պատրաստվելու համար մեր հավաքականը համատեղ ուսումնամարզական հավաք է անցկացրել Իրանի բռնցքամարտիկների հետ:
Հերթական հուշամրցաշարն ավարտվեց
ՀՀ հավաքական թիմերի կենտրոն` «Կիլիկիա» մարզական ավանում Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Հայաստանից սամբո ըմբշամարտի աշխարհի առաջին չեմպիոն, ԽՍՀՄ Սպորտի վաստակավոր վարպետ Գառնիկ Հովհաննիսյանի 16-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որը նվիրված էր ԱՊՀ 20-ամյակին: Մասնակցեցին 17 տարին լրացած եւ բարձր տարիքի մարզիկներ: Մարզական այս միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գրեթե բոլոր մարզերից հրավիրված պատվիրակություններ:
Ներկայացուցչական այդ միջոցառմանը մասնակցում էին նաեւ Գառնիկ Հովհաննիսյանի հարազատները եւ ընկերները: Մրցումները անցկացվեցին անհատական կարգով, ի հայտ բերելով շուրջ 40 հաղթողների եւ մրցանակիրների:
Ըստ քաշակին կարգերի 1-ին տեղը գրավեցին հետեւալ մարզիկները`
48 կգ – Մանուկյան Մաքսիմ (ք. Գյումրի)
52 կգ – Մխիթարյան Գրիքոր (ք. Գյումրի)
57 կգ – Մալյան Գոռ (ք. Գյումրի)
62 կգ – Կարապետյան Կոլյա (ՍՁՕՄՊՄԴ)
68 կգ – Վարդանյան Վաչիկ (ՍՁՕՄՊՄԴ)
74 կգ – Մարգարյան Հակոբ (ԲԿՄԱ)
82 կգ – Մելքոնյան Տարոն (ք. Վանաձոր)
90 կգ – Բիլյան Արսեն (ք. Աբովյան)
100 կգ – Իսպիրյան Արմեն (ՍՁՕՄՊՄԴ)
+100 կգ – Դավթյան Էդուարդ (ՍՁՕՄՊՄԴ)
Մրցումներում 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված մարզիկները պարգեւատրվեցին մեդալներով, գավաթներով եւ հավաստագրերով:
Հատուկ մրցանակների արժանացան 57, 62, եւ 68 կգ. ք/կ հանդես եկող հաղթող մարզիկներից` Մալյան Գոռը, Կարապետյան Կոլյան եւ Վարդանյան Վաչիկը` ի հիշատակ այդ քաշերում երկար տարիներ հանդես եկած Հայաստանի, Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների բազմակի մասնակիցներ, մրցանակակիրներ եւ հաղթողներ` Արտակ Գեւորգյանի, Գանիկ Հովհաննիսյանի եւ Անդրանի Ծատուրյանի: Լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակով պարգեւատրվեց 52 կգ. ք/կ հաղթող, 2010 թ. Աշխարհի պատանիների չեմպիոն Գրիգոր Մխիթարյանը:
* * *
Թուրքիան կներկայացնեն հայ սաները
Ըստ թուրքական «Հյուրրիեթ»-ի, Թուրքիայի դպրոցների լավագույն 16 թիմերի մասնակցությամբ մայիսի 14-ին կայացած «Մայնդ Լաբ» մտքի վարժանքի միջդպրոցական եզրափակիչ մրցումներում հաղթել է Ֆերիքյոյի հայկական դպրոցի թիմը:
Հաղթող ճանաչված հայ սաները (Արդա Թարաքչըօղլուն, Սերդար Բարմաքսըզը, Մերի Քուզուջուն եւ Լարիսա Ըլգարլար) աշխարհի լավագույն թիմերի իրենց տարեկիցների հետ մասնակցեցին հունիսի 14-16-ը Պորտուգալիայում անցկացված «Մայնդ Լաբ» միջազգային 6-րդ օլիմպիադային՝ ներկայացնելով Թուրքիան:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



