Որ պետք է դիմանա աշխարհում ամենամեծ աէրոբուսի՝ A-380 հսկայի ընկնելու հարվածին
(Սկիզբը՝ թիվ 22-ում)
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն այն տեսակետին է, որ ատոմակայանի չաշխատելը ինքնին բնապահպանական տեսակետից լուրջ խնդիրների կբերի. «Իմ անձնական կարծիքն է, որ ատոմակայանի չաշխատելու պատճառով հանրապետությունում լուրջ էկոլոգիական խնդիրներ առաջացան՝ հատվեցին անտառներ, իջավ Սեւանա լճի մակարդակը: Անվտանգության առումով մենք եղանք ավելի խոցելի, հանրապետությանը գազ մատակարարող միակ գազամուղի շարքից դուրս բերելը հանգեցնում էր նրան, որ մենք շատ ծանր վիճակներում էինք հայտնվում: Չի կարելի ունենալ ատոմակայան ու չշահագործել»,- այսպես ասել էր փոխնախարարը Արմավիրի մարզում՝ կառուցվելիք ԱԷԿ-ի հետ կապված առաջին հանրային լսումների ժամանակ:
Տեղեկացնենք նաեւ, որ ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, նոր միջուկային էներգաբլոկի (ՆՄԷԲ) ընդհանուր տեղաբաշխվածությունը այնպիսին է, որ շենքերն ու կառույցները ունենան հնարավորինս փոքր ծավալներ եւ դրանց կառուցման համար օգտագործվեն նվազագույն քանակությամբ նյութեր (բետոն, պողպատյա կառույցներ)՝ համապատասխանելով անվտանգության, շահագործման, սպասարկման եւ կառուցվածքային պահանջներին, նաեւ ինչու ոչ՝ էսթետիկայի տեսանկյունից կառույցի գեղեցիկ տեսքը ապահովելու համար:
ՆՄԷԲ-ը բաղկացած կլինի երեք հիմնական կառույցներից՝ գլխավոր շինությունից (ներառում է նաեւ ռեակտորի շենքը), հատուկ ծառայությունների շենքից եւ դիզելգեներատորների շենքերից: ՆՄԷԲ-ի ռեակտորի շենքը կներառի հերմետիկ, նախալարված ամրաններով եւ լարվածության տակ փորձարկված երկաթբետոնյա գլանաձեւ կմախքով պատյան, որի արտաքին տրամագիծը կազմում է մոտավորապես 52 մետր, իսկ ընդհանուր բարձրությունը (ռեակտորի պաշտպանիչ պատյանի)՝ 81 մետր: Ռեակտորի պաշտպանիչ հերմետիկ պատյանը կներառի ռեակտորի իրանը, առաջին կոնտուրի հովացման համակարգի խողովակները եւ պոմպերը, հորիզոնական շոգեգեներատորները, ճնշման կոմպենսատորը եւ աշխատած միջուկային վառելիքի պահեստավորման ավազանը: Ռեակտորի օժանդակ սարքավորումները կներառվեն պողպատե շրջանակավոր կոնստրուկցիաներում, որոնք հարակից են պաշտպանիչ հերմետիկ պատյանին եւ մասամբ շրջապատում են այն: Պաշտպանիչ պատյանը եւ ռեակտորի օժանդակ սարքավորումների կառույցները կունենան մեկ ընդհանուր ֆունդամենտ: ՆՄԷԲ-ի օդափոխիչ խողովակի բարձրությունը հողի մակերեւույթից կազմում է 100 մետր եւ այն վեր է խոյանում ռեակտորի պաշտպանիչ պատյանից դեպի հյուսիս-արեւելք: Հատուկ ծառայությունների շենքը, որը ռեակտորի շենքի հարեւանությամբ կլինի, կներառի ռադիոակտիվ թափոնների վերամշակման սարքավորումներ եւ համակարգեր:
Հայաստանի ՆՄԷԲ-ը բաղկացած կլինի մեկ ռեակտորից, հիմնական կուրբոգեներատորից, հիմնական եւ օժանդակ սարքավորումներից: ՆՄԷԲ-ի համար Ռուսաստանի «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության կողմից առաջարկվում է ՋՋԷՌ-1000 (ԱԷԿ-92) ռեակտորային տեղակայանքը: ԱԷԿ-92 նախագիծը լայնորեն կիրառվող ՋՋԷՌ-1000 տիպի ռեակտորային տեղակայանքի բարելավված տեսակն է:
Մասնագետները բացատրում են, որ ԱԷԿ-92-ը ճնշումային ջրով աշխատող չորս ցիկլով ռեակտորային տեղակայանք է՝ 1060 ՄՎտ ընդհանուր եւ 995 ՄՎտ զուտ էլեկտրական հզորությամբ (կայանի օժանդակ սարքավորումների էլեկտրաէներգիայի ծախսը ընդհանուր արտադրանքի 6.5%-ն է կազմում) եւ 3000 ՄՎտ ջերմային հզորությամբ: ԱԷԿ-92-ի նախագիծը ՋՋԷՌ-1000 տիպի ռեակտորի բարելավված տեսակն է՝ համալրված լրացուցիչ պասիվ անվտանգության համակարգերով եւ ակտիվ անվտանգության համակարգերով, որոնք համատեղում են անվտանգ եւ բնականոն շահագործման գործառույթները:
Ռեակտորի միջուկը բաղկացած է 163 ջերմանջատիչ հավաքվածքներից, որոնք նույնն են ըստ նախագծի, սակայն տարբերվում են ըստ վառելիքի հարստացման, եւ 121 նեյտրոնների կլանիչ ձողերից՝ ռեակտորի կառավարման եւ պաշտպանման համար: Վառելիքի նախագծային ցիկլը կազմում է 4 տարի, ընդ որում՝ շահագործման ժամանակահատվածը վերալիցքավորումից հետո կազմում է 11.5 ամիս, իսկ վերալիցքավորումը տեւում է 16 օր: Այս նախագիծը կարող է հարմարեցվել, որպեսզի վերալիցքավորման միջեւ ընկած ժամանակահատվածը ավելանա մինչեւ 24 ամիս: Ռեակտորային տեղակայանքի հիմնական սարքավորման նախագծային ծառայության ժամկետը կազմում է 40 տարի, ռեակտորի իրանի ծառայության ժամկետը՝ 60 տարի, իսկ շոգեգեներատորինը՝ 50 տարի: Կայանի ընդհանուր միջին պատրաստականությունը 20 տարվա ներկայացուցչական շահագործման ժամանակահատվածի համար գերազանցում է 90%-ը: Արտանախագծային վթարները, այդ թվում՝ նաեւ ծանր վթարները կառավարելու համար նախատեսված են ինժեներական լուծումներ, որոնք մեղմացնում են այդպիսի վթարների հետեւանքները: Այդպիսի ինժեներական լուծումներից մեկը (որը նախագծվել է հատկապես այն ծանր վթարներին արձագանքելու համար, երբ ասենք, տեղի է ունենում ռեակտորի միջուկի հալում եւ հալած նյութերի ելք ռեակտորի իրանից) ռեակտորի միջուկից ռադիոակտիվ նյութերի որսիչն է: Այն նախատեսված է ընդունելու, պահելու եւ սառեցնելու միջուկի եւ ներիրանային մասերի հալած նյութերը՝ մինչեւ դրանց լիովին բյուրեղացումը՝ ռեակտորի իրանից դուրս թափանցելուց հետո:
Մասնագետները բացատրում են, որ ընտրված համակարգի նախագիծն ապահովում է նրա անկախ աշխատանքը առնվազն 72 ժամվա ընթացքում: Առաջնային կոնտուրի սարքավորումները տեղակայված են կրկնակի պաշտպանիչ հերմետիկ պատյանի մեջ: Պաշտպանիչ հերմետիկ պատյանի համակարգը բաղկացած է առաջնային (ներքին) եւ երկրորդային (արտաքին) պաշտպանիչ պատյաններից: Առաջնային (ներքին) պաշտպանիչ պատյանը պատրաստված է նախալարված երկաթբետոնից՝ ածխածնային պողպատե ներքին երեսպատումով, եւ նախատեսված է պահելու ռադիոակտիվ նյութերը՝ վթարների ժամանակ դրանց տարածումը շրջակա միջավայրում սահմանափակելու համար:
Երկրորդային (արտաքին) պաշտպանիչ պատյանը նախատեսված է պաշտպանելու ռեակտորի պաշտպանիչ պատյանի համակարգերը եւ բաղադրիչները արտաքին միջավայրի եւ մարդու գործունեությամբ առաջացրած հատուկ ազդեցություններից: Երկու պաշտպանիչ պատյաններն էլ ապահովում են կենսաբանական պաշտպանություն իոնացնող ճառագայթման դեմ: Պաշտպանիչ պատյանի մեկուսացման համակարգը ակտիվանում է պաշտպանիչ ազդանշաններից հետո՝ մեկուսացնելու համակարգի խողովակները, որոնք անցնում են պաշտպանիչ պատյանի միջով:
Այս՝ ոչ շատ դյուրին ընկալվող մանրամասները ներկայացնում ենք, որպեսզի ոչ մասնագետ ընթերցողը հասկանա, որ միջուկային էներգաբլոկ կառուցելիս բազմահազար մանրուքներ են հաշվի առնվում: Եթե ոչ մասնագիտորեն, ապա պատկան կառույցները վստահեցնում են, որ նոր ԱԷԿ-ը կլինի վերջին սերնդի «դասից», արդիական, անվտանգ, որ կգա ավելացնելու մեր էներգետիկ անվտանգությունը: Իսկ այս հանգամանքը հաշվի չառնել չենք կարող, քանզի հենց այդ անվտանգության գործոնն է, որ տնտեսության զարգացման գրավական է դառնում:
Աստղինե Քարամյան
* * *
Թուրքը միջազգայիններին ….ած ունի՞
«Ցանկանում եմ նշել, որ օտարերկրյա փոխադրողների համար նույնպես նախատեսված են պարզեցված գործընթացներ: Օրենսդրությամբ օտարերկրյա ավտոմեքենաների մուտքը ՀՀ չի պահանջում մուտքի եւ տարանցման թույլտվություններ: Սահմանի վրա իրականացվում է ՀՀ մուտքի արտոնագրերի պարզեցված տրամադրում:
Չնայած դրան, այսօր հայկական փոխադրողները, նույնիսկ ՏՆԵԿ եւ ՍԾՏՀ թույլտվությունների եւ ՏԻՐ գրքույկների առկայության դեպքում, զրկված են հարեւան Թուրքիայի տարածքով երկկողմ եւ տարանցիկ փոխադրումներ իրականացնելու հնարավորությունից, որի մասին բազմիցս տեղեկացվել են մի շարք միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ Միջազգային ավտոմոբիլային միությունը: Դուք հնարավորություն կունենաք երթեւեկելու Վրաստան եւ տեսնելու մեր ճանապարհներին տարբեր երկրների պետհամարանիշներով ավտոմեքենաներ»:
Երեւանում հունիսի 14-ին կայացած Ավտոտրանսպորտի միջազգային միության՝ (IRU) Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստում հստակ շեշտադրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը:
Բայց դե թուրքը… տե՛ս վերնագիրը՝ երեւի առանց հարցականի:
Երբ նստատեղի տակ վարկայի՛ն աթոռ է
Ներկայումս Գերմանա-հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի ֆինանսական համակարգում իրականացվում են 6 վարկային ծրագրեր, որոնցից 3-ը ֆինանսավորվում են գերմանական KFW բանկի, 1-ը՝ Համաշխարհային բանկի, 2-ը՝ ՀՀ կառավարության կողմից: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
Ծրագրերից 3-ն ուղղված են ՓՄՁ-ների վարկավորմանը: ՓՄՁ-ներին տրամադրվել է ընդհանուր առմամբ մոտ 62.200 վարկ՝ 180,2 մլրդ դրամ ընդհանուր ծավալով:
Իրականացվում է «Վերականգնվող էներգիայի աջակցում» վարկային ծրագիրը: Առաջին փուլում վերաֆինասնավորվել է 14 փոքր ՀԷԿ՝ 2,9 մլրդ դրամ ծավալով: Այժմ մեկնարկել է արդեն ծրագրի 2-րդ փուլը. կնքվել է 18 մլն եվրոյի վարկային պայմանագիր: Վերաֆինանսավորում ստանալու գործընթացում են 7 փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ վերազինման նախագծեր:
KFW բանկի կողմից ԿԲ-ին տրամադրված միջոցների հաշվին հիմնադրամը իրագործում է նաեւ «Բնակարանային ֆինանսավորում կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը: Ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է մոտ 1500 հիփոթեքային վարկ՝ 8,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Չի էլ ուժեղանա
«Մենք ավելի պահպանողական ենք, երբ դրամը գնում է դեպի արժեւորում… Այնքան էլ լավ երեւույթ չէ բացասական արտաքին վճարային հաշվեկշռի պայմաններում դրամի արժեւորումը: Այս պարագայում մենք չենք կարող թողնել, որ դրամը շատ ուժեղանա»,- ասել է ԿԲ նախագահը:
Ըստ նրա, եթե լինեն տատանումներ դեպի ուժեղացում, ապա գնելու են արտարժույթ, որպեսզի չթողնեն դրամը ուժեղանա, որպեսզի հետագայում տատանումները ավելի մեծ չլինեն. «Սա բոլոր ԿԲ-ների քաղաքականությունն է, որոնք հայտարարել են, որ վարում են ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն»:
Անի Մարության
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



