Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը – պարտության շեմին… Ջավախքահայերի խնդիրները կաթողիկո

Հոգեւոր դիվանագիտության «ֆուտբոլային» ընթացքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն միջեկեղեցական ու հովվապետական 6-օրյա այցով եղավ Վրաստանում՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Բագրատաշեն սահմանակետում նրան դիմավորեցին Վիրահայոց թեմի հոգեւորականներն ու Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Այնուհետեւ վրացական Սադախլո անցակետում պատվիրակությանը դիմավորել է Նորին Սրբություն Իլիա Բ-ն, վրաց ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպես նաեւ Թբիլիսիի ու Մառնեուլիի շրջանի սահմանամերձ հայ համայնքների ներկայացուցիչներ: Այնուհետեւ Ամենայն հայոց հայրապետի պատվիրակությունը եւ դիմավորողները մեկնել են Թբիլիսի, ուր Սուրբ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարում տեղի է ունեցել բարիգալստյան պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել հայ եւ վրաց եկեղեցիների բազում հավատացյալներ:
Վրաց պատրիարքը վերստին ողջունել է հայոց կաթողիկոսի այցը Վրաստան, եւ այսպես պաշտոնական ու բարիդրացիական է սկսվել հայ-վրացական կրոնական առաջնորդների հանդիպումը: Նշվել է, որ կան երկկողմ խրթին հարցեր ու դժվարություններ, որոնք պետք է հաղթահարվեն: Կաթողիկոսը հանդիպել է նաեւ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլու հետ:

Նշվում է, թե ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ իբրեւ առաջին քայլ Վիրահայոց թեմին առաջիկայում պետք է շնոհվի իրավական կարգավիճակ, ինչպեսեւ Հայաստանում վրաց եկեղեցական համայնքին, որն առ այսօր չէր ցանկանում ունենալ պետական գրանցում: Հերթական հավաստիացում է տրվել, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք ու հոգատարություն պետք է դրսեւորվի՝ մինչ դրանք կվերադարձվեն հայոց թեմին: Հաջորդ փուլում իբր արդեն քննության կառնվի եկեղեցիների վերադարձման խնդիրը……
Գարեգին Բ-ն եղել է նաեւ Ջավախքում եւ հորդորել ջավախահայությանն ամուր մնալ, իսկ սբ. Խաչ եկեղեցում նա հանդիսապետությամբ կատարել է գոհաբանական աղոթք, ապա «սրբալույս մյուռոնով օծել եկեղեցու բակում Ջավախք հովվապետական այցելության առիթով կանգնեցված խաչքարը»: Դիմելով ջավախահայերին՝ կաթողիկոսն ասել է. «Վրաստանի լիիրավ եւ արժանապատիվ քաղաքացիներն եք, ազատ ու անկախ Վրաստանի քաղաքացիներ հավասար պարտականություններով ու հավասար իրավունքներով: Եվ այս իրողությունը նաեւ ձեր հզորությունն է, քանզի դուք՝ որպես հայ ժողովրդի անբաժանելի մաս, միաժամանակ կարեւոր հատվածն եք վրաց բազմազգ ու բազմամշակույթ հայրենիքի»… Այնուհետեւ հորդորել է ջավախահայությանը մնալ իրենց հավատքի մեջ, ամուր պահել իրենց ընտանիքները, կենսունակ՝ ազգային-մշակութային հաստատությունները, լուսավոր ու պայծառ՝ հայ ինքնության ակունքները՝ դպրոցներն ու եկեղեցիները… Կաթողիկոսն այցելել է Ախալքալաքի թիվ 2 եւ թիվ 4 դպրոցները, ուր հանդիպումներ է ունեցել ուսուցիչների հետ: Ախալքալաքում հանդիպել է նաեւ ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողներին, հայտնել նրանց, որ տեղյակ է խնդրին եւ արդեն իսկ բարձրացրել է ջավախահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլիա 2-րդի առջեւ:
Կարեւորելով կաթողիկոսի այս երկար սպասված այցը՝ հնարավորինս ներկայացրեցինք դրական միտումները:
Իսկ այն պայմանավորվածությունները, ինչի մասին խոսվեց վերեւում, այնքան էլ, մեղմ ասած, սփոփիչ չեն:
Բանն այն է, որ վրացակա՛ն եւ ո՛չ թե հայկական կողմն է փորձում յուրացնել ոչ միայն քաղկեդոնական, այլեւ դարավոր հայկական եկեղեցիները: Վրաստանում հայկական եկեղեցուն, իսկ Հայաստանում վրաց եկեղեցուն իրավաբանական կարգավիճակը միաժամանակ ճանաչելու վրացական պայմաններին համաձայնելով, ընդ որում առանց քննարկման առարկա դարձնելու Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների վիճակի խնդիրները, հայկական կողմը հավասարություն է դնում երկրներում խնդրո առարկայի շուրջ վարվող քաղաքականությունների միջեւ:
Սա վտանգավոր քայլ է եւ օրինականացնում է հայկական ազգային փոքրամասնության, առաքելական կրոնական համայնքի եւ հայկական եկեղեցիների նկատմամբ Վրաստանի իշխանությունների անհանդուրժողականությունը, հայկականը վրացականացնելու մոլուցքը: Սա ուղղակի վկայությունն է մի բանի, այն է՝ եկեղեցին նույնպես վարակվել է հայկական «ֆուտբոլային» դիվանագիտությանը բնորոշ վտանգներով:
Հայաստանում եւ Սփյուռքում շատերն են զարմացած եւ կաթողիկոսի ձեռքբերած պայմանավորվածությունները անտրամաբանական են համարում: Այսպես Վրաստանը հերթական անգամ խաղաց մեր «եղբայրական» զգացմունքների վրա, եւ ինչպես չի լուծում սահմանային խնդիրները ու փորձում է տիրել ՀՀ հյուսիսային որոշ տարածքների, այդպես էլ՝ հոգեւոր ոլորտում կարողացավ «տարածքային» խնդիրներ ստեղծել՝ հետագա ծավալումների համար…
Եթե հիշենք, որ վրացիները հայկական Անիի եկեղեցական համալիրում էլ թուրքերի հետ պայմանավորվածություն ունեն «վրացական» եկեղեցիները վերականգնելու, ապա բոլոր պատճառներն ունենք Վրաստանին առաջիկայում տանուլ տալու թե՛ մեր սահմանային գոտիներին առնչվող հարցերը, թե՛ պատմամշակութային եւ եկեղեցական արժեքներն ու իրավունքները եւ թե՛ հայկական շահերը տարածաշրջանում:
Այս վերջինս էլ Վրաստանի դեպքում տանուլ ենք տալու առանց որեւէ «փոխհատուցման», որովհետեւ քաղաքական, պատմա-մշակութային, հոգեւոր-կրոնական զիջումների դիմաց անգամ տնտեսական աջակցություն չի լինելու. Վրաստանը բոլոր միջազգային տնտեսական ծրագրերը իրականացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչն էլ Ջավախքի վերջնական կորստի հնարավորություն է ստեղծում:

Նարե Մշեցյան
Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.