Ադրբեջանը՝ աշխարհիկ եւ հոգեւոր ճգնաժամում
Վերջերս տարածաշրջանային խնդիրներին վերաբերող վերլուծություններում առավել հաճախ է նշվում, որ ռազմական ու ռազմավարական առումներով հայերն առավել լավ դիրքերում են, քան ադրբեջանցիները: Ադրբեջանը, եթե տնտեսապես որոշակիորեն առաջ է մեզանից, ապա ռազմավարական իմաստով դիրքային վատ պայմաններում է հայտնվել: Ազատագրված տարածքները՝ մինչեւ ՀՀ եւ ԼՂՀ սահմանները, նաեւ հայ-վրացա-ադրբեջանական շրջանի հատվածը, հայերի աշխարհա-քաղաքական ու ռազմավարական դիրքերն ուժեղացրել են: Այդ դիրքերի հենց ռազմավարական նշանակությունը մեզ առավելություն է տալիս նաեւ ռազմական՝ պատերազմական ժամանակաշրջանում: Բաքուն այս ամենը նույնպես լավ է հասկանում: Եթե հավելենք նաեւ զինված ուժերի մարտական ոգին ու կարողությունները, ապա դա եւս մեր օգտին է խոսում:
Երեւանը նույնպես այլեւս չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, թե հանրային կարծիքը համաձայն չէ, որ Արցախի խնդրում զիջումներ լինեն. «Արդարադատության նախարարի պաշտոնը շատ լավ փորձագետի պաշտոն էր… այժմ գտնվում եմ լավ փորձագետից քաղաքական գործիչ դառնալու փուլում եւ համոզված եմ, որ հանրության գերակշիռ մասը միակարծիք է, որ ԼՂ հարցում զիջումներ չեն կարող լինել, ու ցանկացած իշխանություն չի կարողանալու այդ հանրային ձեւակերպված նպատակին դեմ գնալ: Եթե մենք կարողանում ենք նման նպատակներ ձեւակերպել, ապա հասնելու ենք հաղթանակի»:
ՀՀ-ում այն տեսակետին են, որ Արցախի հարցում Ադրբեջանի արտաքին քաղաքական դրսեւորումները զուրկ են տրամաբանությունից: Արվում են անպատասխանատու ու հակասական հայտարարություններ, որոնք դեռ խստորեն չեն արժանանում միջազգային հանրության զայրույթին: Մինչդեռ պետք է արժանանար, քանզի անտեսվում են միջազգային պայմանավորվածություններն ու որոշումները: Բաքուն մի կարգախոս է որդեգրել. «Չկա կարգավորված խնդիր, չկա համագործակցություն», եւ շարունակում է սադրանքների գործելաոճը, որպեսզի պատերազմով մշտապես սպառնալու հարցն առկախ մնա…
Բաքուն շարունակում է ապատեղեկատվական պատերազմը: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը հարց էր ուղղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից հայտարարություն է տարածվել՝ իբր հայկական կողմից ԼՂ-ի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պիտի դուրս բերվեն ազատագրված 2 տարածքներից, եւ դա քննարկման առարկա է դարձել բանակցային գործընթացում: Ի պատասխան նախարարը նկատել էր, թե նախ եւ առաջ Ադրբեջանը պիտի համաձայնվի միջազգային հանրության առաջարկի հետ առ այն, որ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշի Արցախի ժողովուրդը, իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով, հենց դրա մասին են գնում բանակցությունները, եւ Ադրբեջանի ղեկավարությունն իր հանրային կարծիքը պետք է պատրաստի հենց այս մտքին, իսկ ազատագրված տարածքներ զիջելու հարց ընդհանրապես քննարկման չի կարող դրվել:
Անգամ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանն է հեգնանքով խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասին, ում անհեռատես ու անիրական ռազմատենչ հայտարարություններին ավելացել են ազգային ու կրոնական հանդուրժողականության մասին սին ելույթները…
Ի դեպ, ըստ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Լեւոն Մելիք-Շահնազարյանի, Ադրբեջանի զինված ուժերը պատմության մեջ երբեք հաղթանակ չեն տարել… եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո կենտրոնի ղեկավար Էլդար Սաբիրօղլուն, որն իր կյանքի ընթացքում երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների, իրավասու չէ ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մասին հայտարարություններ անել:
Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի տարիների միակ «հաջողությունը» Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի գրավումն էր, որոնք ԽՍՀՄ բանակի՝ Գանձակում (Կիրովաբադ) տեղակայված 23-րդ մոտոհրաձգային եւ 86-րդ դիվիզիաների ուժերով կատարված միեւնույն գործողության օղակներն էին: Իսկ Շահումյանի ենթաշրջանի «հանձնման» հարցում նաեւ մի շարք հարցականներ կան, որոնք դեռ պատասխանի են սպասում…
Ադրբեջանում այսօր էլ շարունակվում է ծավալվել անվստահության մթնոլորտը երկրի աշխարհիկ ղեկավարների նկատմամբ ինչպես ԼՂ-ի հարցում, այնպես էլ արտաքին այլ խնդիրներում, այդ թվում՝ տարածաշրջանային տնտեսական ծրագրերի չիրականացման առումով: Բայց անվստահության մթնոլորտ կա նաեւ հոգեւոր իշխանության նկատմամբ: Մահմեդական ադրբեջանցիները հատկապես դժգոհ են իսլամի օրենքների սահմանափակումներից, Իրանի հետ վատ հարաբերություններից եւ հակառակը՝ Իսրայելի հետ զարգացող համագործակցությունից: Ադրբեջանում նաեւ շարունակում են ճնշել հիջաբ կրելու կողմնակիցներին…
Վերջերս Ադրբեջանում աղմուկ եղավ, թե Կովկասի մուսուլմանների վարչությունը հարստանում է ուխտագնացների հաշվին: Այդ վարչությունը մեծ գումարներ է գանձում հավատացյալներից, սակայն վատ է կազմակերպում Մեքքա կատարվող ուխտագնացությունը: Այս մասին խոսում են տեղի թերթերը՝ մեջբերելով ադրբեջանցի կրոնագետ Էլշադ Միրիի խոսքերը. «Այս խայտառակությունն արդարացնում են այն բանով, թե իբր Մեքքա ուխտագնացություն մեկնողները պետք է դժվարություններ կրեն»:
Ինչպես նշում են փորձագետները, Ադրբեջանը ուխտագնացության մեկնելու թանկությամբ առաջատարներից է աշխարհում: Սակայն վճարվող գումարի դիմաց հավատացյալներին բավական ցածրորակ ծառայություններ են մատուցվում: Մասնավորապես նշվում է, որ մուսուլմանների համար Ադրբեջանից ուխտագնացության մեկնելը նույնիսկ ավելի թանկ արժե, քան Թուրքիայից, Իրանից, Եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից:
Եվրոպական խորհուրդն Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ դեռ չի կիրառում, բայց ըստ միջազգային վերլուծաբանների, այդ քայլը հեռու չէ այլեւս, քանի որ «նավթային» քաղաքականությունն էլ հարատեւ չէ: Ուստի՝ Ադրբեջանը, թեկուզեւ ավելի մեծ դժվարությամբ, բայց անպայման հետեւելու է Եգիպտոսի եւ Թունիսի օրինակին…
Այսպես մեր ոչ բարեկամ երկրի աշխարհիկ եւ կրոնական իշխանությունները լուրջ խնդիրների առջեւ են կանգնած, եւ մենք պետք է կարողանանք միջազգային ասպարեզում այս իրավիճակը ճիշտ օգտագործել եւ ներքին խնդիրների մեջ թաթախված Ադրբեջանին արտաքին լուրջ հիմնախնդիրներով պարուրել՝ հօգուտ Հայաստանի ու հայության շահերի լուծելով դրանք:
Բայց միեւնույնն է՝ Բաքուն շարունակում է սադրել: ԵԱՀԿ-ի ՄԽ համանախագահների հետ Բաքվում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են ԼՂ-ում: Ըստ Մամեդյարովի, այդ ուժերը չեն լինելու ո՛չ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներից:
Պաշտոնական Երեւանը առայժմ չի արձագանքել այս հայտարարությանը:
ԵԱՀԿ-ն էլ է լռում…
Հայկ Թորգոմյան
Պարսից ծոցի համար կռիվ է ընկել
Թեհրանը Պարսից ծոցն ընդմիշտ հայտարարեց իր տարածքը: Իրանի զինված ուժերի բարձրաստիճան գեներալները հայտնում են, որ ծովածոցը պատկանում է իսլամական Իրանին ու այդպես կլինի ընդմիշտ:
Այս հայտարարությունները արվել են հատկապես ԱՄՆ-ի եւ Պարսից ծոցի արաբական երկրների ղեկավարների համար:
Իրանական կողմը Պարսից ծոցի արաբական երկրներին համարում է «արաբ բռնապետերի ճակատ» եւ վստահ է, որ այդ բռնապետերը չեն կարող ոչ միայն տիրել ծովածոցին, այլեւ չեն կարող կանգնեցնել ժողովրդական անհնազանդության շարժումները: Իրանի եւ Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին, երբ 2011թ. Սաուդյան Արաբիան մոտ 1500 զինվորներ եւ տանկեր ուղարկեց Բահրեյնի միապետություն՝ տեղի շիա մեծամասնություն կազմող բնակիչների բողոքի ցույցերն ուժով ճնշելու նպատակով:
Նախկինում Թեհրանը հայտարարել էր, որ Բահրեյնը իրանական տարածք է, ինչպես նաեւ Բահրեյնի հարավում գտնվող նավթաբեր 3 կղզիները, որոնց նկատմամբ հավակնություն ունեն նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Այս հայտարարությունը էլ ավելի խորացրեց հակասութունը ծոցի արաբական երկրների հետ: Եվ զարմանալի չէ, որ Իրանի միջուկային ծրագրերից եւ ռազմական ուժերի վերազինումից ավելի մեծ անհանգստություն ունեն արաբական միապետները, քան՝ Արեւմուտքը: Ըստ «Wikileaks»-ի, հանրության սեփականությունն էր դարձել Սաուդյան Արաբիայի միապետի՝ Իրանին վերաբերող հետեւյալ խոսքերը. «Օձին պետք է բնում ոչնչացնել»:
Ժամանակին իրանա-իրաքյան պատերազմից հետո, Իրաք-Քուվեյթ կարճատեւ պատերազմը (Իրաքն էլ Քուվեյթն է իր տարածքը համարում) հանգեցրեց այդ երկրի տարածք ՆԱՏՕ-ի զինուժի ներխուժմանը, որն էլ ավարտվեց Իրաքի բռնապետ Սադդամ Հուսեյնի իշխանության տապալմամբ եւ Իրաքում համաարաբականության գաղափարների սառեցմամբ:
Իսկ Այժմ Բահրեյնի եւ Պարսից ծոցի այլ կղզիների համար հնարավոր պատերազմը՝ իրանա-արաբական, կարող է մի նոր ՆԱՏՕ-ական ներխուժման առիթ դառնալ, ինչը կավարտվի կա՛մ իրանական կա՛մ արաբական տարածքների հերթական մասնատմամբ…
«Արաբական հեղափոխական ալիքը» կարող է ծավալվել նաեւ այս ուղղությամբ:
Այս ամենին ուշադիր հետեւում են ինչպես համաթուրքական, այնպես էլ սիոնական խնդիրներ հետապնդողները:
Վահագն Նանյան
Մեռյալ ծովը դեռ հրեական է
Պաղեստինի «Ֆաթհ» եւ «Համաս» շարժումների համաձայնությունը՝ 2011թ. Պաղեստինում կայանալիք ընտրություններից առաջ ժամանակավոր կառավարություն ստեղծելու վերաբերյալ, լուրջ դժգոհություն է առաջացրել Իսրայելում:
Համաձայնության արդյունքում կողմերը բանտերից ազատ են արձակում նաեւ միմյանց կողմնակիցներին: Այստեղ եւս հրեաները վտանգ են նկատում, քանզի համասականներին համարում են ահաբեկիչներ: Պաշտոնական Թել Ավիվը սկզբում պայմաններ առաջ քաշեց Պաղեստինի ազգային կառավարության առջեւ՝ ընտրելու կամ «Համաս»-ի կամ Իսրայելի հետ հարաբերություններ ունենալու հարցը, սակայն հետագայում մեղմեց պահանջը:
Հիշեցնենք, որ եւ՛ պաղեստինցիները եւ՛ հրեաները Երուսաղեմն իրենց պետության մայրաքաղաք են դիտարկում…
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



