Իշխանությունը հայտնեց, որ ընդունել է երկխոսություն սկսելու ՀԱԿ-ի առաջարկը, եւ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, ընթանում է ու մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Սակայն ՀՀԿ-ն, որպես իշխանության մեծամասնական ուժ, չշտապեց գնալ ՀՀԿ-ՀԱԿ ուղղակի երկխոսության ճանապարհով, ինչը վստահաբար կհանգեցներ իշխանական եւ ընդդիմադիր մյուս ուժերի ընդվզմանը:
Այժմ էլ, երբ երկխոսությունը ունեցավ դրական երանգներ, դեռեւս հարցական են մնում իշխող քաղաքական կոալիցիայի մյուս առաջատար ուժի՝ ԲՀԿ-ի վերաբերմունքը եւ խորհրդարանական ու արտախորհրդարանական այլ ընդդիմադիր կազմակերպությունների հետագա քայլերը:
Այս ընթացքում ՀԱԿ-ն արդեն լքել են մի խումբ ընդդիմադիրներ, որոնց կարող են միանալ նաեւ վերջերս ՀՀՇ-ից հեռացածները: Կան նաեւ նախկին ընտրություններում ընդդիմության վստահված անձինք, ովքեր ընտրություններում ձայներ են ապահովել:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ղեկավարը հանրահավաքում հայտարարել էր, թե սկսում են իշխանությունների հետ բանակցությունները արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների շուրջ եւ դրա համար ՀԱԿ-ում 5 անդամից բաղկացած պատվիրակություն էր ձեւավորվել: Արձագանքելով առաջին նախագահի հայտարարությանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ անընդունելի:
Իսկ իշխանություն-ընդդիմություն բազմակողմանի համագործակցությունը ողջունել են տասնյակ քաղաքական ուժեր եւ ակնկալում են, որ դա չի ավարտվի ՀՀԿ-ՀԱԿ վերջաբանով… Ինչպես ընտրություններին նախապատրաստվող Հայ Արիական Միաբանությունն է նշել («Լուսանցք»-ը եւս անդրադարձել է)՝ ՀՀԿ-ՀԱԿ ձեւաչափը կարող է հանգեցնել մեկ այլ՝ ԲՀԿ-այլ ընդդիմադիրներ (ՀՅԴ, «Ժառանգություն», ՆԺԿ, ԺԿ, հայ արիներ-ազգայնականներ…) ձեւաչաձի ստեղծմանը:
Իրապես իշխանություն-ընդդիմություն ընդհանրական քաղաքական համաձայնության հանգելու հարցը նույնպես առկախ է մնացել: Եվ ամառային այս ժամանակահատվածը կդառնա վերջնական ճշտումների ու որոշումների եզակի հնարավորություն՝ մինչեւ նախընտրական թոհուբոհը…
Արման Դավթյան
* * *
Հիմա ո՜րն է առանցքային խնդիրը
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները Կազանում հաջորդ շաբաթ կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի շուրջ որոշում կընդունեն:
Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդման, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, երբ ճեպազրույց է տվել լրագրողներին: «Սպասումները մեծ են: Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, առաջիկա գագաթաժողովի ժամանակ նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը»,-հայտնել է Լուկաշեւիչը:
Նա միաժամանակ տեղեկացրել է, որ փաստաթղթի ձեւակերպումները համաձայնեցվել են Մոսկվայում ապրիլին եւ հունիսին կայացած արտգործնախարարների հանդիպումների ժամանակ. «Քննարկումների ընթացքում հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ: Նախագահները կքննարկեն դրանք ու համապատասխան որոշում կընդունեն»:
Փակ սահման՝ բուն Հայաստանի տարածքում
Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, երբ հարցազրույց է տվել «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության ռուսական ծառայությանը:
Վարչապետը շեշտադրել է. «Ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերները նույնպես գան հենց այն եզրակացությանը, որ 21–րդ դարում փակ սահմաններ ունենալն անհեթեթություն է»:
ՀՀ վարչապետը հույս է հայտնել նաեւ, որ Թուրքիան կշարունակի գործել 2009թ. ստորագրված արձանագրությունների շրջանակներում, համաձայն որոնց երկու երկրները պետք է բնա
կանոն հարաբերություններ հաստատեն:
Թուրքիան ի՛ր կանոններն ունի
CNN հեռուստաընկերությունը հունիսի 15-ի երեկոյան հեռարձակել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը հայտնի տնտեսական մեկնաբան, լրագրող Ջոն Դեֆթերիոսի հետ: Վարչապետի հարցազրույցի ոչ պաշտոնական թարգմանությունը (անգլերենից) տրամադրել է կառավարության մամուլի ծառայությունը:
Ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից:
– Հայաստանի վրա միշտ կախված է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամպը, ինչի առումով սպասումներ կան նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպումից այս ամսվա վերջին: Արդյոք այսքան տարիներից հետո կա՞ մի իրատեսական շրջանակ այս հարցում առաջ շարժվելու համար:
– Հայկական ղեկավարությունն ունի քաղաքական կամք հաշտության գալու համար, եւ մենք գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն հուսով ենք նաեւ, որ մեր ադրբեջանցի գործընկերները կցուցաբերեն նույն քաղաքական կամքը:
– Կարո՞ղ եք ասել նույնը նաեւ Թուրքիայի մասին: Հարաբերությունների կարգավորման ճանապարհն առկա չէ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած վայրագությունների պատճառով:
-Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է հստակ քաղաքական դիրքորոշում այս հարցի առնչությամբ: Մենք պատրաստ ենք բարելավել հարաբերությունները՝ մեր հարեւան Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանի: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան պատրաստ չէ անել նույնը:
– Թուրքիան 80 մլն սպառող եւ մեծ շուկա ունեցող երկիր է: Դուք զգու՞մ էիք արդյոք, որ Հայաստանի համար դժվար է բանակցել այս հարցում՝ հաշվի առնելով ինչպես Թուրքիայի դերը տարածաշրջանում, այնպես էլ այն, որ նա «Մեծ Քսանյակի» անդամ է:
-Դա միայն Հայաստանի հարցը չէ: Թուրքիայի քաղաքական ազդեցությունն ու կշիռը միայն կաճի, եթե Թուրքիան հետեւի խաղի միջազգային կանոններին: Նրա ազդեցությունը խարխլվում է այն խնդիրներով, որոնք Թուրքիան շարունակում է ունենալ իր հարեւանների հետ: Թուրքիան պետք է շարունակի իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ ԵՄ-ին անդամակցության ճանապարհին, եւ այս դեպքում մենք առավել հեշտությամբ կկարողանանք կառուցել կայուն հարաբերություններ մեր հարեւան երկրի հետ:
Սեփ. լրատվություն
Վերնագիրը վերջում
Ընդհանրապես լրագրողները շա՜տ հազվադեպ են զարմանում. մասնագիտության բերումով այնքան բան են տեսած լինում, որ…
Բայց հունիսի 14-ին «Լուսանցք»-ի էլփոստին մի նամակ էր եկել՝ ուղարկողի գրելով՝ «մամլո հաղորդագրություն», որ զարմացրեց մեզ: Կարդացինք ու… այստեղ են ասել՝ մերը լինեին հոգսերը ձեր:
Ընթերցողի դատին ենք հանձնում այդ գրությունը՝ առանց կրճատումների, խմբագրումների եւ ուղղումների: Ընթերցողն էլ ինքը թող գնահատի՝ իր զարմանքը դրակա՞ն, թե՞ բացասական երանգով է:
ARIES CATERING ընկերությունը հունիսի 11-ին ONE Club-ի հետ համատեղ կազմակերպել էր Arabian night (արաբական գիշեր) երեկույթը: Երեկույթի ամենաթեժ պահին ARIES CATERING-ը մատուցեց հյուրերին խոստացված անակնկալը: Չորս հաղթանդամ տղամարդ` մերկ իրաններով և սպիտակ գլխաշորերով, իրենց ուսերի ներս բերեցին սպիտակ մետակսով զարդարված սկուտեղը: Արաբական ռիրմերի ներքո դանդաղ մոտենալով` նրանք զգուշությամբ դրեցին սկուտեղը բարին: Մի պահ հիացմունք ու զարմանք դաջվեց ներկաների դեմքներին. 2,5մ երկարություն ունեցող շքեղ սկուտեղին մարկաց էր մերկ կին, որի մարմնին դրված էր մի քանի տասնյակ կանապե: Առաջին անգամ Հայաստանում հյուրերի դատին հանձնվեց նոր պրոդուկտ քեյթրինգի ոլորտում` հյուրասիրություն` մատուցված մերկ կնոջ վրա կամ þþկենդանի սեղանþþ:
– Այսքանը: Մեզ մնում է հարցնել՝ հանուն «քեյթրինգի» հնարավո՞ր է, որ մի օր էլ լինի նոր մեկ այլ «պրոդուկտ»՝ ասենք «կենդանի աթոռ», «կենդանի հատակ», «կենդանի պահարան» կամ «կենդանի զուգարանի»… կամ…
Անի Մարության
Անհամ ու հոտ աշխարհ
Երեւանի քաղաքապետարանը «Օրանժ Արմենիա» ընկերության հետ միասին Երեւանի հասարակական տրանսպորտում ներդրել է Wi-Fi ինտերնետ:
Տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ անվճար:
Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երեւանի 16, 15, 22, 3 եւ 28 ավտոբուսային երթուղիների ուղեւորները այսուհետ կկարողանան օգտվել Wi-Fi ինտերնետից:
Երթուղիների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով այն, թե որ երթուղիներից է հիմնականում օգտվում ուսանողությունը:
16, 15 եւ 22 երթուղիները հենց «ուսանողական երթուղիներ» են, անցնում են բուհական տարածքներով:
Իսկ մյուս երկու երթուղիներում անվճար Wi-Fi կգործի փորձնական:
Սարքի պոտենցիալ տեսական արագությունը մինչեւ 7,2 մեգաբիթ/վայրկյան է, սակայն փորձարկումները ցույց են տվել, որ միջինում 2- 4 մեգաբիթ/վայրկյան արագության կարելի է հասնել Երեւանի տարբեր շրջաններում:
Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ներդրվող Wi-Fi ինտերնետի հաջող ընթացք ունենալու դեպքում այն կներդրվի հասարակական տրանսպորտի բոլոր երթուղիներում:
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 23 (199), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



