Հուլիսի 30-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի թեկնածուները կանցկացնեն Հայոց Վարդավառի տոնական եւ ծիսական արարողություն՝ կփառաբանեն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին:Վարդավառի տոնը ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի քրմի թեկնածուները կանցկացնեն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում: Արեւելյան Հայաստանում ծեսը եւ տոնը կկազմակերպվի Արարատյան դաշտում, Մասիսի Մեծ եւ Փոքր լեռնագագաթների հայացքի ներքո: Արեւմտյան Հայաստանում Վարդավառի ծիսական արարողությունը կանցկացվի Մշո տարածքում:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի 3 թեկնածուներ հուլիսի 30-ին կլինեն Արեւմտյան Հայաստանի Մուշ բնակավայրում եւ հնավայրերից մեկում էլ կանցկացնեն հայ-արիական ծես՝ փառաբանելով Աստղիկ Աստվածուհուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ Նախնյաց Հոգիներին… Հայ քրմական ծեսով կփառաբանվի եւ կվերաօծվի Հայոց Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը, նաեւ ձոներ կուղղվեն Հայ Աստվածներին՝ Հայք-Հայաստանի վերամիավորմանն ու զորացմանը նպաստելու եւ Արարչական Տարածք վերադառնալու համար:
Նույն օրը եւ նույն ժամին էլ Արեւելյան Հայաստանում 7 քրմի թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա Վարդավառի տոնական ու ծիսական արարողությունը, որտեղ նույնպես գինեձոներ կհնչեն նույն նպատակների իրականացմանը ուղղված՝ վասն միացյալ Հայաստանի եւ միասնական ազգի: Ավանդական ջրոցին էլ կդառնա տոնի հիմնական միջոցառումը, եւ օծված ջրով ու Աստղիկ Աստվածուհու հովանավորած տիեզերական սիրով կմաքրվեն մասնակիցների մարմիններն ու հոգիները, ինչն էլ նախանշում է վարդավառի խորհուրդը:
Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չնայած հաճախ անթաքույց ընդվզում են ինչպես Տրնդեզի կրակ վառելու, այնպես էլ՝ Վարդավառի ջուր ցողելու հին սովորույթի դեմ, սակայն ազգային սովորույթներն առավել ուժեղ են, ինչպես չգրված հին ավանդական օրենքները, սովորութական իրավունքը, որի դեմ շուրջ 1700-ամյա պայքարը այդպես էլ անարդյունք ավարտվեց:
Ազգն ու ազգայինը հավերժ են: Փառք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին…
Հայ Արիական Միաբանություն
27.07.2011թ.



