Մշակութային լուրեր… Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայազգի Անդրանիկը հաղթել է Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթում

Երիտասարդ կատարողների միջազգային Մանկական «Նոր ալիք-2011» երգի մրցույթի եզրափակչում հաղթել է Ուկրաինան ներկայացնող 13-ամյա Անդրանիկ Ալեքսանյանը: Նրան է հանձնվել գլխավոր մրցանակը` «Հախճապակյա ալիք»-ը եւ հաջորդ տարի այցելություն Յուրմալա:

Ըստ աղբյուրի, տղան իր ձայնով այնպես է հիացրել ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին, որ նրան ծափահարել են կանգնած` «բռավո, բռավո» բացականչելով: Մրցանակը տղային հանձնել է կոմպոզիտոր, Մանկական «Նոր ալիք 2011»-ի ժյուրիի նախագահ Իգոր Կռուտոյը:

Բաքուն  պիտի երաշխավորի մեր  անվտանգությունը

Հայաստանի մասնակցության հարցը «Եվրատեսիլ 2012»-ին, որը տեղի է ունենալու Բաքվում հաջորդ տարի մայիսի 22-26-ը, դեռ քննարկման փուլում է: «Հայաստանի պատվիրակության համար կարեւոր են ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլեւ Եվրոպական հեռարձակողների միության կողմից տրված անվտանգության երաշխիքները: Այդ պատճառով մեր մասնակցության մասին որոշումը կկայացվի առաջիկա ամիսների ընթացքում»,- «Ա1+»-ին հայտնել է «Եվրատեսիլ»-ի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:  
«Եվրատեսիլ 2012»-ի կազմակերպիչները Բաքվում են՝ ծանոթանալու՝ ինչպես է մրցույթը հեռարձակող «Ictimaiե» հեռուստաընկերությունը նախապատրաստվում:

Արդեն սկսել են բանակցություններ նաեւ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ հյուրերի անվտանգությունը եւ խոսքի ու մամուլի ազատությունը երաշխավորող նամակներ ստանալու նպատակով: Հիշեցնենք, որ նախորդ տարի եվրատեսիլյան մրցույթում հաղթող ճանաչվեց Ադրբեջանը` հավաքելով 221 միավոր: Հայաստանը ներկայացնում էր երգչուհի Էմմին, որը չանցավ եզրափակիչ փուլ:

*  *  *

Հայկական խոհանոց –  

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Փուռի տոլմա
Բաղադրությունը
Հորթի միս՝ առանց ջիլի – 0.5 կգ,
սոխ – 0.5 կգ,
կարագ – 150 գ,
կարմիր պղպեղ – 2 հատ,
կանաչ պղպեղ – 6 հատ,
լոլիկ – 6 հատ,
չորացրած ծիտրոն – 20 գ,
թարմ ծիտրոն – կես կապ,
մաղադանոս – կես կապ,
բուսայուղ – 100 գ,
գազար – 150 գ,
տոմատի մածուկ – 50 գ:
Պատրաստման եղանակը
Լոլիկները սերմից հեռացնել, աղ անել, դնել մի կողմ: Սերմից հեռացնել նաեւ կանաչ պղպեղը:
Միսը մսաղացող անցկացնել, աղալ նաեւ կարմիր պղպեղն ու սոխի կեսը: Սոխի մյուս կեսը մանր կտրատել, կարագով սոխառած անել, սոխառածի մեջ ավելացնել գազարը, տոմատը ու սպիտակ պղպեղը: Ասեմ, որ տոմատը հարկ է եփել մի փոքր, որպեսզի հետո այրոց չառաջանա: Այնուհետեւ սոխառածը խառնել մսին ու լցնել կանաչիները:
Այսքանից հետո ժամանակն է մսով լցոնելու լոլիկն ու պղպեղը: Հետո փուռի թիթեղյա ամանի մեջ բուսայուղ քսել, դնել լցոնած լոլիկն ու պղպեղը, յուրաքանչյուրի վրա էլ՝ մի քիչ կարագ: Եփել 40 րոպե 2000-ի տակ:
Ամառային աղցաններից ու սառն ապուրներից հետո աշնան հովին փուռի տոլման վայելելը գերագույն հաճույք է տառացիորեն: Իսկ եթե այն ճաշակեք նաեւ հարազատ մարդկանց հետո, ապա վայելքը լիակատար կլինի: Մի՛ մոռացեք, փուռի տոլման հայկական օջախի բազմահազար անուշահոտ համերից մեկն է:
Անուշ լինի:
 

* * *  

Շաբաթվա մարզական կյանքից –
Համահայկական մարզական տոն

Օգոստոսին՝ Նավասարդյան օրերին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով 5-րդ համահայկական խաղերի մասնակիցներին եւ մեր բոլոր հայրենակիցներին՝ վարչապետը նշել է. «Համահայկական խաղերի անցկացումը մեր ժողովրդի համար վերածվել է իսկական տոնախմբության, քանզի Համահայկական խաղերը մեզ սովորեցնում են միասին տոնել հաղթանակներ: Ամբղջ հայությունն ուշադրությամբ հետեւելու է ձեր մրցելույթներին, ու ձեր հաջողություններով ուրախանալու են բոլորը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան պարտվողներ ու հետնապահներ, քանի որ այս խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսեւորումն են»:

Համահայկական խաղերն անցկացվեցին Հայաստանի ու Արցախի անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին՝ Հայրենիքում մեկտեղելով մեր ժողովրդի հազարավոր զավակների:

Համահայկական խաղերին մասնակցել են 30 երկրների 125 քաղաքների շուրջ 3200 մարզիկներ:

Նրանք մասնակցել են 10 մարզաձեւերի՝ ֆուտբոլ, բասկետբոլ, շախմատ, ֆուտզալ, վոլեյբոլ, լող, աթլետիկա, բադմինտոն, թենիս, սեղանի թենիս, մրցումների: Խաղերն անցկացվել են Երեւանում, Աբովյանում եւ Արտաշատում:

Your browser may not support display of this image.
Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի դարձավ երուսաղեմահայ մարզուհին

«Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ «Միս համահայկական 5-րդ խաղեր» մրցույթը: Մրցույթին մասնակցում էին տարբեր երկրներում բնակվող հայկական գաղթօջախներից խաղերին մասնակցելու համար Հայաստան ժամանած 22 հայուհիներ: Մրցույթի ընթացքում մասնակիցների գեղեցկությունն ու մտավոր կարողություններն էին գնահատում նախապես ձեւավորված ժյուրին:

Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի դարձավ Երուսաղեմից Քրիստինե Նաջարյանը: Մրցույթում 2-րդ տեղը կիսեցին Ստամբուլից Բերֆին Դեմիրճյան եւ Բուենոս-Այրեսից Մարինե Տոկատլյանը :

«Այս տարի առաջին անգամ կմասնակցեմ համահայկական խաղերին: Մասնակցում եմ թեթեւ ատլետիկա 100 մ վազք մրցաձևում: Բառեր չունեմ նկարագրելու համար հաղթանակիս ընձեռած ուրախությունը, միայն կարող եմ ասել, որ շատ ուրախ ու հպարտ եմ, որ համահայկական խաղերիշրջանակներում հայրենիքումս՝ Հայաստնաում եմ գտնվում»,- ասել է «Միսս համահայկական 5-րդ խաղեր» Քրիստինե Նաջարյանը: Ըստ գեղեցկուհու՝ համահայկական խաղերն իրենց մեջ մեծ խորհուրդ են կրում՝ ողջ աշխարհի հայերին միավորել սպորտի միջոցով: «Ի շնորհիվ խաղերի՝ մենք՝ սփյուռքահայերս, հնարավրություն ենք ունենում այցելել մեր հայրենիք, հանդիպել միմյանց եւ դրա շնորհիվ հայրենիքի հետ կապը չի կորում եւ մեր մեջ եղած հայրենասիրությունը էլ ավելի է մեծանում եւ ամրապնդվում»,- նշել է Քրիստինեն՝ հույս հայտնելով, որ 6-րդ համահայկական խաղերին եւս առիթ կունենա մասնակցելու:

Համահայկական խաղեր գեղեցկուհու մրցույթը խաղերի փակման հանդիսության ամենափայլուն կետն է: Պետք է նշեմ, որ այս անգամ հաղթող գեղեցկուհուն ընտրելը շատ դժվար էր, քանի որ բոլոր մասնակիցների ուժերը գրեթե հավասար էին: Բոլոր մասնակիցներն էլ շատ գեղեցիկ հայուհիներ են եւ ժյուրիի համար իրենց միջից հաղթողին ընտրելը դժվար էր»,- ասաց մրցույթը նախագահող, համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը:

Նշենք, որ Միսս համահայկական խաղեր մրցույթում հաղթած գեղեցկուհուն թագադրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` խաղերի հանդիսավոր փակման ընթացքում:

 

5-րդ Համահայկական խաղերի փակումը հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը

 Փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երեւանի Ազատության հրապարակում, իջեցվեց Խաղերի դրոշը, որն ի պահ տրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եւ մարվեց Խաղերի կրակը:

6-րդ Համահայկական խաղերը Երեւանը կընդունի 2015 թվականին:

Հայերը` նոր համաշխարհային ռեկորդի հեղինակներ

«Առաջին անգամ Հյուսիսային կիսագնդում հայ սուզորդների թիմը ուսումնասիրեց 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը՝ մինչ այս նման փորձ իրականացրել էր Ժակ Իվ Կուստոյի թիմը Հարավային կիսագնդի Տիտիկակա լճում»,- հայտնել է «Այաս ծովային հետազոտությունների ակումբի» նախագահ, Կիլիկիա նավի նավապետ Կարեն Բալայանը: Նա նշել է, որ Հայաստանում գոյություն ունեն բազմաթիվ մեծ ու փոքր լճեր, որոնք դեռեւս ուսումնասիրված չեն:  
Իսկ էքսպեդիցիոն խմբի ղեկավար, սուզորդ Ռաֆայել Մկրտչյանն ընդգծել է, որ մինչ սուզումը` կանխատեսումներ անելը բարդ էր, որովհետև նման պայմաններում դայվինգը առավել վտանգավոր է դառնում սուզորդների համար` հաշվի առնելով լճի տեղադիրքի բարձրությունը, թթվածնի պակասությունը ցամաքում, ճնշումների կտրուկ տատանումը, քանի որ սուզման պահին ջրի ջերմաստիճանը ջրի մակերեսին +5 էր, իսկ հատակում +3:
Նա տեղեկացրեց, որ նման պայմաններում Այաս ակումբի դայվերները 1 ժամ 20 րոպե մնացին Քարի լճի հատակում, ստույգ ճշտեցին լճի խորությունը, բնակլիմայական վիճակը, ուսումնասիրեցին ողջ մակերեսը եւ հնարավոր վտանգների առկայությունը:
«Հայ էքստրիմ» արտակարգ իրավիճակներում աշխատող բժշկական թիմի ղեկավար Գեւորգ Շահսուվարյանը նշեց, որ սուզորդները բժշկական ստուգման են ենթարկվել ոչ միայն սուզումից առաջ, այլեւ էքսպեդիցիայի իրականացումից հետո, եւ դա հնարավորություն է տվել գիտությանը ստույգ տեղեկություններ ստանալ, թե ինչ ֆիզիոլոգիական փոփոխություններ են կատարվում մարդու օրգանիզմում` տվյալ կրիտիկական պայմաններում աշխատելիս: Գ. Շահսուվարյանի խոսքերով` սուզորդների շնորհիվ նաեւ գիտական տվյալներ ձեռք բերվեցին լճի բնակլիմայական վիճակի մասին եւ ճանապարհ բացվեց հետագա բոլոր հետազոտությունների համար, իսկ ամենակարեւորը, որ իրենք առաջինն են եւ սա եւս մեկ հաղթանակ է Հայաստանի դրոշի ներքո:  
Նշենք, Էքսպիդիցիոն թիմի անդամներն էին`թիմի ղեկավար`սուզորդ Ռաֆայել Մկրտչայնը, Այաս ակումբի նախագահ, Կիլիկիա նավի նավապետ` Կարեն Բալայանը, Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ջրասուզակների խմբի հրամանատար Արտակ Էլմասակյանը, «Հայ Էքսթրիմ» արտակարդ իրավիճակներում աշխատող բժշկական թիմը` Գեւորգ Շահսուվարյանի ղեկավարությամբ:

Նոր նավամոդելային ռեկորդ

Երեւանցի վարպետ Հրաչյա Շահազիզյանը նավամոդելային սպորտում աշխարհի չեմպիոնության նոր ռեկորդ սահմանեց: 8-ամյա ընդմիջումից հետո ԵՊՃՀ մեխանիկայի ամբիոնի դոցենտը կրկին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը, որը թվով 8-րդն է:

Ֆրանսիայի Շատերլո քաղաքի ջրուղիներում ներկայացված էր ռեկորդային թվով` 104 նավամոդել: Մասնակիցները 5-ի փոխարեն բավարարվեցին 3 փորձով: Պայքարն ընթանում էր վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո:

Շահազիզյան ընտանիքից առաջինն ասպարեզում հայտնվեց հայրը` իր ջրային պտուտակով կորդային արագընթաց մոդելով: Նրա շարժիչի ծավալը 10 խորանարդ սանտիմետր է: Հրաչյայի նավակի զարգացրած արագությունը չէր նվազում նույնիսկ շրջադարձերի ժամանակ: Արդյունքում մեր վետերանն 8-րդ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Այնուամենայնիվ, առաջնության հերոսը դարձավ Հրաչյայի կրտսեր որդին` Բաբկենը: Նա պայքարեց 4 դասում: Ուժեղագույնի պատիվը եւ չեմպիոնի ոսկին Բաբկենը նվաճեց Բ-1-ում` օդային պտուտակով կորդային արագընթաց մոդելով: Մյուս դասերում նա արժանացավ 2 արծաթե եւ 1 բրոնզե պարգեւի:
Հրաչյայի մյուս զավակները` Արմանը եւ Գայանեն, պատրաստել էին բոլորովին նոր մոդելներ, որոնք չհասցրեցին կարգավորել տեղում, իսկ Երեւանում համապատասխան պայմաններ չկային…

Պատանեկան հավաքականների նոր հաջողությունները

Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 4 մեդալ նվաճեց Լեհաստանի Չեխանով քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին երեւանցի Իզաբելլա Յայլյանը (53կգ քաշային կարգ) եւ գյումրեցի ծանրքաշային Գոռ Մինասյանը: 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Մհեր Պողոսյանը զբաղեցրել են 3-րդ տեղը:

Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը (ավագ մարզիչ Էդվարդ Կիզողյան) զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

*  *  *

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը Հունգարիայում ավարտված աշխարհի առաջնությունում 5 մեդալ նվաճեց: Էջմիածնից Ալբերտ Վարդանյանը (46 կգ քաշային կարգ) զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը: 46 կգ քաշային Արթուր Սիմոնյանը, Կարեն Ասլանյանը (54 կգ), Արմեն Հակոբյանը (63 կգ) եւ Սարգիս Քոչարյանը (69 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:

Իսկ ահա ազատ ոճայիններն ստիպում են մտահոգվել: Մեր հավաքականի անդամներից ոչ մեկին չհաջողվեց բարձրանալ պատվո պատվանդանին:

Հայաստանի շախմատի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն

«Լուսանցք»-ի արձակուրդի ժամանակ հիանալի անակնկալ մատուցեց Հայաստանի շախմատի հավաքականը: Չինական Նինբոյ քաղաքում աշխարհի թիմային առաջնությունում մեր թիմը ապահովեց 1-ին հորիզոնականը՝ 5 խաղ ավարտեց հաղթանակով, 4 խաղ՝ ոչ-ոքի ավարտվեց: 10 հավաքականների պայքարում Հայաստանի ընտրանին 14 միավոր հավաքեց:

Հայաստանի հավաքականի անցկացրած հանդիպումները.

1. Հայաստան-Իսրայել՝ 3.5:0.5
2. ԱՄՆ-Հայաստան՝ 2:2
3. Հայաստան-Ռուսաստան՝ 2:2
4. Հայաստան-Եգիպտոս՝ 3.5:0.5
5. Չինաստան-Հայաստան՝ 1.5:2.5
6. Հայաստան-Հնդկաստան՝ 2.5:1.5
7. Հունգարիա-Հայաստան՝ 1.5:2.5
8. Հայաստան-Ադրբեջան՝ 2:2
9. Հայաստան-Ուկրաինա՝ 2:2

Վերջին փուլում ցավալիորեն սայթակեց

Հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը Հնդկաստանի Չենայ քաղաքում մինչեւ 20 տարեկան երիտասարդների եւ աղջիկների շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրեց 2-րդ տեղը: Վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով խաղը ադրբեջանցի գրոսմայստեր Վասիֆ Դուրաբեյլիի հետ, 13 հնարավորից հավաքել է 10,5 միավոր: Նույնքան միավորներ էր հավաքել նաեւ մինչ վերջին փուլը 2-րդ տեղը զբաղեցնող լեհ Դարիուշ Սվերչը, հաղթեց իր մրցակցին: Լրացուցիչ տվյալների հաշվարկից հետո պարզ դարձավ, որ մեր շախմատիսը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Նշենք, որ մինչեւ 20 տարեկան երիտասարդների հոբելյանական 50-րդ աշխարհի առաջնությանը մասնակցում էին 126 շախմատիստներ:

*  *  *

Գրոսմայստերներ Եվգենյա Դոլուխանովան (Ուկրաինա) և Լիլիթ Գալոյանը (Հայաստան) Սանկտ Պետերբուրգում անցկացվող Լյուդմիլա Ռուդենկոյի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարում վեց տուրից հետո վաստակել են 4-ական, Ալինա Բալայանը (Ռուսաստան)` 3 միավոր: Մրցաշարային աղյուսակը, ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 5,5 միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքսանդրա Գորյաչկինան (Ռուսաստան):

*  *  *

Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1-ին փուլում 2:0 հաշվով հաղթեց կանանց աշխարհի չեմպիոն, չինուհի Հու Յիֆանին: 2-րդ փուլում մեր շախմատիստը կհանդիպի Էմիլ Սուտովսկի (Իսրայել) եւ Եվգենի Վորոբյով (Ռուսաստան) զույգի հաղթողի հետ:

Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Արման Փաշիկյանը, նույն հաշվով պարտվեց լեհ շախմատիստ Ռադոսլավ Վոյտաշեկին եւ ավարտեց ելույթները:

Մենք  «B» խմբում ենք

Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել համաշխարհային ֆուտբոլի այս տարվա գլխավոր իրադարձություններից մեկը` 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հանդես կգա եվրոպական գոտու ընտրական «B »խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի եւ Մալթայի ընտրանիները:

հաշվով:  

Անհաջող մասնակցություն

Օգոստոսին Կիպրոսում տեղի ունեցավ Եվրոպայի ֆուտզալի գավաթի խմբային մրցաշարը: Երեւանի «Էրեբունի»-ն պարտվեց իր մրցակիցներին՝  Ալբանիայի «Ֆլամուրտարի»-ին, Ֆրանսիայի «Պարի Սպորտինգ Քլաբ»-ին եւ Կիպրոսի «Օմոնիա»-ին:

Սակայն հետագայում մեր թիմին տեխնիկական հաղթանակ է շնորհվել՝ «Ֆլամուրտարի»-ի կազմում այդ հանդիպմանը մասնակցել են որակազրկված ֆուտբոլիստներ, ուստի ալբանական թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն` 0:3 հաշվով:  

Ադրբեջանցիները եկել էին հարցեր լուծելու

«Գիտակների հայկական ասոցիացիա»- ի նախագահ Տիգրան Քոչարյանը անդրադարձել է հուլիսի վերջերին Բաթումիում կայացած Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերի առաջնությունում հայկական եւ ադրբեջանական թիմերի «շապիկային» հարցերին: Հարավային Կովկասի ինտելեկտուալ խաղերին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի թիմերը:

Հայկական թիմերից մեկը խաղին ներկայացել է հովանավոր «Արցախ-ալկո»-ի լոգոն պատկերված շապիկով: Այդ բրենդի շապիկներով թիմը խաղացել է Իսրայելում եւ որեւէ բողոք չի եղել, նշել է Տ. Քոչարյանը եւ հավելել, որ այս անգամ ադրբեջանական արտգործնախարարությունը ճնշում է գործադրել խաղի կազմակերպիչների վրա` շապիկները փոխելու համար: Հայկական կողմը հարվիրել է Բաթումիում հայկական հյուպատոսին եւ խոսակցություններից հետո, էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ հայկական թիմը պետք է խաղա այդ շապիկներով:

Այս միջադեպից հետո, ադրբեջանցիները շապիկներ են պատկերել` «Էրիվանսկոյե խանստվո ազերբայջան» գրառմամբ, որից հետո ինչպես ասաց, Տ. Քոչարյանը հայերն են բոյկոտել խաղը: Հայկական պատվիրակությունը որոշել է, որ եթե ադրբեջանցիներից որեւէ մեկը այդ շապիկով նստի խաղի սեղանի շուրջ, ապա հայերը կբոյկոտեն առաջնությունը եւ այդպես էլ վերջին խաղը` Բրեյն-ռինգը, չկայացավ:

Տ. Քոչարյանը շեշտել է նաեւ, որ ադրբեջանական կողմից սադրանքներ էին հնչում, որն անընդհատ էր, եւ տպավորություն էր ստեղծվել, որ եկել են ոչ թե խաղալու, այլ ինչ-ինչ հարցեր լուծելու համար:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.