Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը ծավալվում էր, երբ «Լուսանցք»-ը արձակուրդի մեկնեց: Այդժամ թվում էր՝ երկխոսությունը տանում է հանդարտ կարգավորման, եւ երկրի ներքաղաքական կյանքը այս նոր ձեւաչափում կգործի, անգամ այլ ընդդիմադիր ուժեր կներգրավվեն: Սակայն, վերլուծաբանները հաճախ հակառակ կանխատեսումներ էին անում, ինչը իրականություն դարձավ:
Երկխոսության առաջին փուլում, երկու կողմերի մարդկանց մեծամասնությունն ակնկալում էր, որ երկխոսություն կլինի նաեւ սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ, ինչն ավելի է մտահոգում բնակչությանը: Տպավորություն կար, որ այս երկխոսությամբ ոգեւորված է միայն քաղաքական դաշտը, իսկ հանրությունը սպասում է (թեեւ մեզ համար ակնհայտ էր, որ կտրուկ փոփոխություններ դժվար լինեն, եւ լուրջ սպասելիքներն անտեղի էին):
Առաջին հանդիպումներից ակնկալիքները մեծ էին, քանզի նախօրոք հրապարակավ քննարկվում էր աշխատակարգն ու օրակարգը: Բայց դա էլ հետզհետե անհետաքրքիր դարձավ: Ընդդիմադիր կողմը հասկացավ, որ սպառվում է իրենց նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, կորում է հավատը: Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ եթե 1-2 ամսում արտահերթ ընտրություններ չհայտարարվեն, ապա ընդդիմության միակ օրակարգային հարցը կմնա իշխանական կոալիցիայի եւ Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի հարցը…
«Ուշ թե շուտ Հայաստանում տեղի կունենան ազատ, մաքուր ընտրություններ, որոնց կվստահի ամբողջ ժողովուրդը: Գործընթացները տանում են դեպի ԱԺ հերթական ընտրությունների փուլ, այնպես որ, իմ կարծիքով, անսպասելի բաներ չեն սպասվում»,- հայտնել է ԱԺՄ կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով քաղաքական զարգացումներին: Ժամանակին նա հայտարարել էր, որ իշխանափոխությունը ոչնչի չի հանգեցնի, քանզի իշխանությունները փոխվում են, իսկ խնդիրները՝ մնում: Ըստ նրա, կան խնդիրներ, որոնք էապես կախված են այն անձերից, ովքեր ղեկավարում են պետությունը. «Ես կարծում եմ, որ ընդդիմությունը հնարավորություն ուներ, ճիշտ կետերին խփելով, իշխանությանը պարտադրեր այս կամ այն քայլն անել տնտեսության մեջ կամ իրավական համակարգում: Բայց հիմա արդեն սկսվում են ընտրությունները, ընտրություններից հետո ինչ կլինի՝ մոտավորապես պարզ է»: Ինչեւէ, տարբեր կողմերից այնուամենայնիվ կարծիքներ եղան, որ ամեն իշխանության հետ պետք է կարողանալ աշխատել, եզրեր գտնել, ոչ թե ենթադրել, որ նրանք միայն վատն են……
ՀՀ-ում հասարակությունն իր իրավունքների համար դեռ համակարգված չի պայքարում, մի մասը պայքարում է իշխանափոխության համար, մի մասը՝ դժգոհությանը հագուրդ տալու եւն: Հստակ է, որ անցել են այն ժամանակները, երբ կարելի էր ենթադրել, թե կա վատ իշխանություն ու լավ ընդդիմություն եւ պետք է պայքարել, որ լավը-բարին հաղթի վատին-չարին: Հիմա եւ՛ իշխանության մեջ են տարանջատված ուժեր դիտարկվում եւ՝ ընդդիմության: Հատկապես ընդդիմությունը բազմատարր է, բազմաբնույթ:
Խորհրդարանական ընդդիմություն «Ժառանգության»-ը մինչ այսօր անհանգստացնում է 3 տարի առաջ՝ օգոստոսի 1-ին տեղի ունեցած դեպքերի ոչ լիարժեք պարզաբանումը, նաեւ՝ համաժողովրդական շարժման հիման վրա ՀՀ 1-ին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի ստեղծած Հայ Ազգային Կոնգրեսի քայլերը: 18 քաղաքական ուժեր միավորվեցին եւ ընդգրկվեցին ՀԱԿ-ում, իսկ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ժառանգություն»-ը, ողջունելով ՀԱԿ-ի ստեղծումը՝ չմիացան նրան, բայց կար գրեթե միասնական ընդդիմադիր ճակատ: Ըստ «Ժառանգության», ցավոք, ՀԱԿ-ը միասնական ընդդիմություն լինելու առաքելությունը չկատարեց, իսկ այժմ ձախողեց այն վերջնականապես:
Ռոբերտ Քոչարյանի շրջապատը այս օրերին նույնպես գործում է ոգեւորված. պարզորոշ խոսում են, որ ՀՀ 2-րդ նախագահը այն տեսակը չէ, որ իր տեղը հանգիստ նստի ու իրեն բնորոշ «չորությամբ» աչքի չընկնի հրապարակային գործունեությամբ: Նաեւ շրջանառվում է, որ Ռ. Քոչարյանը առայժմ ուսումնասիրություններ, քաղաքական վերլուծություններ է անում, եւ մտերիմների մոտ անկեղծացել է, թե զուր տեղը աղմուկ հանող չէ, դեռ ինչ-ինչ պատասխանների ու որոշումների է սպասում… Ըստ որոշ լուրերի, նա նոր կուսակցություն հիմնելու դեպքում, իր համախոհներից բացի, կօգտագործի նաեւ ընդդիմադիր «Ժառանգության» ռեսուրսը, քանի որ, լավ թե վատ, «Րաֆֆիի ժառանգորդները Քոչարյանի համար ավելի «նադյոժնի» խաղ կարող են տալ, քան թե թվացյալ նվիրյալները, որոնցից Քոչարյանը լրիվ ձեռ է քաշել»: Խոսքը ոչ թե ԲՀԿ-ի, այլ ՀՅԴ-ի մասին է:
Այս ամենին նպաստում է իշխանություն-ՀԱԿ ձգձգվող երկխոսությունը, որը խանդ է առաջացնում այլ ընդդիմադիր ուժերի մոտ: Տեսանելի է, որ շարքային քաղաքացիները մեծ հույսեր չեն կապում իշխանություն-ՀԱԿ երկխոսության հետ, քանի որ քաղաքական փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում քաղաքական ուժերի միջեւ երկխոսությունը պտտվում է հիմնականում պաշտոնների բաշխման շուրջ: Եվ սա խիստ անջրպետ է առաջացնում հասարակության մեջ, ինչը գործելու ճակատ է իշխանության ձգտող եւ ընդդիմադիր դաշտ ձեւավորող քաղաքական ուժերի համար:
Այս բազմազանությունից խուսափող ՀԱԿ-ականները անընդհատ բարձրաձայնում են, թե նրանք, ովքեր կարծում են, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետեւանքով ՀԱԿ-ի համախոհների թիվը կպակասի, ապա կհիասթափվեն: Սա հավաստում էր նաեւ բանտից ազատված Նիկոլ Փաշինյանը, ով փորձեց անմիջապես մտնել քաղաքական ասպարեզ եւ շատ ՀԱԿ-ականների հետ հիմնավորել, թե պետք է գնալ արտահերթ ընտրությունների: Շատ անհատներ եւ ուժեր են կարծում, որ արտահերթ ընտրությունները կորցրել են իրենց իմաստը, քանզի հերթական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն համարում են, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ձեւական է, ու բացասական են վերաբերում այդ գործընթացին:
ՀԱԿ-ն էլ պատասխանում է, թե կան կեղծ ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր հասկանում են, որ իրենց գործունեության դաշտն այլեւս փակված է, եւ նրանք ամեն պահի իրենց պայքարի թիրախը համարում են ՀԱԿ-ին, որովհետեւ իշխանություններին նաեւ «կեղծ ընդդիմություն է պետք, ինչը ՀԱԿ-ին պետք չէ»: «Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն հայտնում են, որ ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն մի շարք կարեւոր հարցերում ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան տարաձայնություններ, ինչը կարծես սերտաճման հեռանկար է: Սրան փորձեց հակադարձել ՀՀ 1-ին նախագահը՝ ասելով թե «ավազակապետական վարչախումբը» թեեւ զգալիորեն բարոյալքված, բայց դեռ ուժեղ է անշուշտ, որովհետեւ շարունակում է օգտվել միջազգային հանրության շահախնդիր հովանավորությունից, ժողովրդի մի զգալի մասի անտարբերությունից, մտավորականության կրավորական կեցվածքից, գործարար աշխարհի խոցելիությունից, պետական քարոզչության հսկայական հնարավորություններից, կողքից իրենց հարվածող պատեհապաշտ տարրերի ստորագույն ծառայությունից եւ այլն: Հակառակ այս իրողություններին եւ հակառակ վերջին երեքուկես տարիների ընթացքում կրած դաժան հալածանքներին, ՀԱԿ-ը վճռականորեն է տրամադրված, օրինականության շրջանակներում, անելու իրենից կախված ամեն ինչ՝ աշնանը ժողովրդի առավելագույն համախմբումն ապահովելու եւ զանգվածների ճնշման տակ իշխանությանը արտահերթ ընտրություններ պարտադրելու համար»:
Վերադառնալով երկխոսության խնդրին՝ Լ. Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ իշխանական պատվիրակության հետ բանակցություններում բարձրացրել են ընդամենը օրակարգային մեկ հարց՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ միաժամանակ ներկայացնելով ընտրությունների օրինականության ապահովման մեխանիզմների մի փաթեթ, որն ընդգրկում է հետեւյալ պահանջները. 1. Կենտրոնական ընտրական եւ ստորադաս հանձնաժողովների ձեւավորումը պետության կողմից, 2. ԱԺ բոլոր 131 տեղերի համալրումը համամասնական ընտրակարգով, 3. քվեարկության մասնակիցների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակայնության ապահովումը, 4. բազմակի քվեարկության բացառման նպատակով քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, 5. ընտրական տեղամասերում եւ նրանց մուտքի մոտ տեսախցիկների տեղադրումը, 6. յուրաքանչյուր տեղամասում, առավոտյան ժամը 8-ից մինչեւ քվեների հաշվարկի ավարտը, առնվազն մեկ միջազգային դիտորդի մշտական ներկայության ապահովումը եւ այլն: Մեխանիզմների կիրառումը պետք է զգալիորեն նվազեցնի ընտրությունների կեղծման հնարավորությունը, բայց միեւնույն է, դրանով հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանզի իշխանության ձեռքում կա մի հզորագույն լծակ, որը կարող է ի չիք դարձնել դրանց արդյունավետությունը: Խոսքը ընտրողների ընդհանուր թվի մասին է, որն, ըստ Տեր-Պետրոսյանի համոզման, վերջին մի քանի ընտրությունների ընթացքում (2003, 2007, 2008 թթ.) ուռճացվել է շուրջ 500 հազարով՝ Հայաստանից վաղուց հեռացած, բայց դեռեւս հաշվառումից դուրս չեկած քաղաքացիների հաշվին. «Այս իրողությունն ինձ հիմք է տալիս ամենայն պատասխանատվությամբ պնդելու, որ Հայաստանի բնակչության իրական թիվը շուրջ 2.500.000 է, իսկ ընտրողների թիվը՝ շուրջ 1.900.000»:
ՀԱԿ-ական «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի համար կարեւորը երկխոսության արդյունքն է, հատկապես խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը, սակայն, ըստ նրա, իշխանությունները փորձում են ժամանակ ձգել երկխոսության միջոցով: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը անգամ չի հավատում երկխոսությանը. «Միայն բարոյական իշխանությունն է, որ կարող է իր ժողովրդի կողմից սիրելի լինել», բայց երկիրը «դատարկվում, կործանվում է»: ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը դժգոհել է ընդդիմադիր ՀՅԴ-ից: Նա կարծում է, որ ՀՅԴ-ն բարոյական իրավունք չունի ՀԱԿ-ին մեղադրելու. «ՀՅԴ նախարարներն ամենակոռումպացված էին… Ընդհանրապես շատ կարեւոր է, թե ով է մեղադրանքներ ներկայացնում»: Այստեղ չենք կարող չհամաձայնել ՀԱԿ-ի ներկայացուցչի հետ, բայց չենք կարող նաեւ չասել՝ իսկ ՀՀՇ-ՀԱԿ-ը իրավունք ունի՞ մեղադրանքներ ներկայացնելու… Պատասխան տվե՞լ է իր մեղքերի համար……
«Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի խոսքերով, «Սերժ Սարգսյանը գործող նախագահ է ու այդ հանգամանքի հետ հաշվի չնստել չենք կարող՝ Հայաստանին պետք է անցնցու՛մ հեղափոխություն»: Եվ այդ «հեղափոխության» մեջ պարբերաբար արծարծվում է վարչապետի փոփոխության հարցը: Այն արծարծում են եւ՛ իշխանական եւ՛ ընդդիմադիր շրջանակներում: Ըստ այդ լուրերի, վարչապետի պաշտոնանկության հարցն այնքան է լրջացել, որ նա պորտֆելը պահպանելու համար սկսել է իշխանության ներսում աջակիցներ փնտրել: Անգամ այցելել է ԼՂՀ եւ փորձել ստանալ ԼՂՀ իշխանությունների աջակցությունը՝ փոխարենը խոստանալով ՀԲ-ից եւ այլ կառույցներից փողեր բերել Արցախ: Վարչապետի ջանքերն առայժմ անարդյունք են, եւ նրա պաշտոնանկության հարցը արծարծվելու է սեպտեմբերին:
ՀՀ 1-ին նախագահի թիմի պաշտպանությամբ հանդես է եկել նաեւ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը. «ՀԱԿ-ին քննադատում են այն ուժերը, որոնք հայտնվել են քաղաքական գործընթացների լուսանցքում»: Նա հավելել է, թե «իշխանության մոտ բացակայում է քաղաքական կամքը»: Ըստ հնչակյանների, հենց այնպես չէ, որ
իշխանությունները գնացին երկխոսության, «ստեղծված պայմաններում ստիպված էին գնալ այդ քայլին», քանի որ «ոստիկանական բեսպրեդելի» պայմաններում ոտնահարվում էին քաղաքացիների իրավունքները: Իսկ թե այս դեպքում ինչը կամ ով է ստիպել ընդդիմությանը գնալ «այդ քայլին», չի ասվել……
Սակայն ՀԱԿ-ին այսօրինակ պաշտպանությունները չբավարարեցին: Գործի դրվեց «փորձած թանը»՝ եղավ նոր բախում ոստիկանության հետ: Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն անգամ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ եւ սադրանքի տեսագրությունը ցուցադրել տվեց՝ «ՀԱԿ-ի 7 ակտիվիստներին մեղադրանք առաջադրվեց Քր.օր 316 1-ին մասով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ եւ 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանության հատկանիշներով»: Միջադեպից փորձեց օգտվել ՀԱԿ-ից հեռացած «Սարդարապատ»-ը, որը երիտասարդների պաշտպանության հայտարարությամբ հանդես եկավ: Բայց երիտասարդական ուժերը հակառակ արձագանքներ տվեցին եւ վարկաբեկիչ կեցվածք ընդունեցին «Սարդարապատ»-ի հանդեպ, իսկ, ի դեմս Ժիրայր Սեֆիլյանի, տհաճ երկխոսություն ծավալեցին հատկապես համացանցում: ՀԱԿ ակտիվիստները Սեֆիլյանին անգամ «վախկոտ եւ ստրկամիտ» կոչեցին, որին ի պատասխան հանդես եկավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը. ««Սարդարապատ»-ի «վախկոտ ստրկամիտներ»-ն են՝ Ալեք Ենիգոմշյանը, ով 1980թ. ԱՍԱԼԱ գործողության ժամանակ վիրավորվել ու ձերբակալվել է, 8 տարի բանտարկություն է անցել, Ժիրայր Սեֆիլյանը՝ 1991թ. Արցախյան ազատամարտի մասնակից է, Շուշիի առանձին գումարտակի հրամանատար, Մարտական Խաչի ասպետ, 2006-2008թթ. բանտարկվել է», էլ իմ ու մնացած «վախկոտների ու ստրկամիտների մասին էլ չեմ խոսում»: Այսպես ՀԱԿ-ը փորձեց պատժել նաեւ իր կազմը լքած «Սարդարապատ»-ին:
Ոստիկանության հետ միջադեպը կոնգրես-կոալիցիա երկխոսությունը հարվածի տակ դրեց: Սա սպասված քայլ էր: Քանզի պարզապես մի առիթ էր պետք ՀԱԿ-ի խորտակվող դերը բարձրացնելու, որովհետեւ հասկանալի էր, որ անգամ արտահերթ ընտրության դեպքում այս ընդդիմադիր ուժն այլեւս մեծաքանակ համախոհներ չունի: Հետաքրքիր է, որ անգամ ընդդիմադիր զլմ-ներից շատերը մեղադրեցին ՀԱԿ-ին: «Միջադեպի համար անմիջական պատասխանատվություն են կրում Կոնգրեսի առաջնորդները»,- «Առավոտ»-ն իր խմբագրականում անդրադարձել էր ՀԱԿ ակտիվիստների եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպին. «Երբ ասում են, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ, դա միանգամայն ճիշտ է: Բայց մեր համաքաղաքացիները վախենում են ոչ միայն կոռումպացված, բյուրոկրատացած պետական մարմիններից եւ նրանց «հաբրգած» չինովնիկներից, այլեւ… ընդդիմությունից: (Միանգամայն ճիշտ դիտարկում է,-հեղ.): Միջադեպի համար անմիջական պատասխանատվություն է կրում երիտասարդական խմբի ղեկավարությունը՝ Կոնգրեսի առաջնորդները, որոնք գտնում են, որ ամեն քայլափոխի ոստիկանների հետ կռիվներ սարքելը՝ հանուն ժողովրդավարության եւ «իրավակարգության» պայքարի բարձրագույն դրսեւորում է…»:
Այս ամենը նպաստեց, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասի, թե «ՀՀԿ-ն չի երազում ՀԱԿ-ի հետ երկխոսելու մասին», բայց երկխոսում է կայունության համար. «Արտահերթ ընտրություններն առաջին հերթին ձեռնտու են հենց ՀՀԿ-ին, բայց ձեռնտու չէ ժողովրդին»: Հաստատ նորից իշխանության կգա ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը նորից հանրահավաքներ կանի, նորից երկխոսություն կլինի. «Դրա համար ասում ենք, դաշտը միանգամից բացենք, բոլորը մասնակցեն, որ կարողանանք արժանապատիվ ընտրություններ անցկացնել… Մենք միայն ՀԱԿ-ի հետ չենք երկխոսում. ՀԱԿ-ը իմիտացիա է ստեղծում, թե ընդդիմադիր դաշտում միայն իրենք են, մյուսները ոչնչացված են, սակայն մենք առօրյա քննարկումներ ունենք նաեւ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» հետ»: Նույնաոճ արտահայտվել է նաեւ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը՝ քննադատելով ավելորդ շտապողականությունը, ում ի պատասխան ՀԱԿ-ի աշխատանքային խմբի ղեկավար Լեւոն Զուրաբյանը շեշտել է. «Մենք չենք շտապում, ժողովուրդն է շտապում: Շտապում է ՀՀԿ-ի լծի տակ խեղդվող Հայաստանը»……
Իշխանություն-ՀԱԿ երկխոսության հարցում դժգոհություններ կան նաեւ միջազգային դրական արձագանքներից: «Մարդու իրավունքներ-96» կուսակցության վարչությունը հայտարարել է. «Անընդունելի ենք համարում այն գործունեությունը, որն ուղղված է մեր երկրի, մեղմ ասած, հակաժողովրդավարական պատկերի, որպես քաղաքակիրթ ցուցադրմամբ: Պետության հեղինակությունն, այն էլ՝ անսահմանորեն, բարձրանում է իրական ժողովրդավարական ձեռքբերումներով եւ այդ իմաստով, «երկխոսության» նշանակության թմբկահարումը չափազանցված է: Հայաստանցին պրեսկոտների կամ ֆիշերների համար չի ապրում»: Հակառակ տեսակետն ունի Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը. «Երկխոսության արդյունքում կվերանա փոխադարձ ատելությունը, անվստահությունը: Հայաստանին պետք են նորմալ ընտրություններ, ինչը կստեղծի իշխանության ձեւավորման այնպիսի համակարգ, որը վիճարկելի չի լինի: Հերթական ընտրությունների կողմնակիցն եմ, եւ ավելին, կմասնակցենք դրանց»:
Բայց ՀԱԿ-ին այնքան չի հուզում, թե ինչ ուժեր կմասնակցեն ԱԺ ընտրություններին, ինչքան այն, որ ՀԱԿ-ՀՀՇ-ի բազայի վրա ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հոկտեմբերից որոշել է սկսել հանրահավաքներ… Եթե հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչը մինչեւ իր երկիր վերադառնալը այցելեց եւ ողջունեց այս կազմակերպության ստեղծումը, ապա հասկանալի է ՀՀ 1-ին նախագահի թիմի անհանգստությունը: Վստահ ենք՝ առավելապես սա է պատճառը, որ առժամանակ ընդհատվեց իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը, այլ ոչ թե ՀԱԿ-ի «ակտիվիստների ու ոստիկանության միջադեպը»:
ՀԱԿ-ը պատրաստվում էր քաղաքական նոր խաղի, երբ բարձրաձայնեց, թե ովքեր են այն 76 պատգամավորները, ովքեր բիզնեսներ ունեն, ինչը Սահմանադրության դրույթների խախտում է: «Ձեւավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների եւ բիզնեսի՝ նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում եւ դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈւ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող եւ նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում»,- ասված է ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթղթում: Այդ ընտանիքների ցանկում ՀԱԿ-ը նշում է հետեւյալ անունները. Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ալեքսանդր Սարգսյան, Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Արթուր Բաղդասարյան, Արմեն Գեւորգյան, Վարդան Այվազյան, Գագիկ Խաչատրյան, Արթուր Ջավադյան, Անդրանիկ Մանուկյան, Կարեն Կարեպետյան, Գագիկ Բեգլարյան… Այնուհետեւ ՀԱԿ-ը ներկայացնում է ԱԺ 76 պատգամավորների ցանկը, ովքեր բիզնեսներ ունեն: Սա եւս պետք է դառնար երկխոսության դադարեցման պատճառ, եթե իշխանությունը չբավարարեր ՀԱԿ-ի որոշակի պահանջները:
Դա է վկայում նաեւ կոնգրես-կոալիցիա երկխոսության մեջ մտած կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ, ՕԵԿ փոխանախագահ Մհեր Շահգելդյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդի մամլո խոսնակ Արման Մուսինյանի հայտարարությունը: Բացի այն, որ ՀԱԿ-ը ներկայացրել էր վերոնշյալ ցուցակը, միաժամանակ նախապայմաններ էր առաջադրել ոստիկանների ու ՀԱԿ երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպի մասնակիցներին ազատ արձակելու համար: «Ուլտիմատումի լեզվով խոսելը, նման հայտարարություններ անելը անընդունելի է»,- ասել էր ՕԵԿ անդամը:
Բայց բարդություններ են ծագել ոչ միայն կոնգրես-կոալիցիա հարաբերություններում, այլեւ՝ բուն իշխանական վերնախավում: ԲՀԿ տարածքային կառույցների ազդեցությունը սկսում է հակադրվել ՀՀԿ ունեցած ազդեցությանը, ինչը չի կարող չանհանգստացնել հանրապետականներին: Սա գուցե ավելի անհանգստացնող է, քան ընդդիմադիր ճակատների առաջացումը: Չի բացառվում, որ այդ արդյունքում ստեղծված հանրապետական-բարգավաճական մթնոլորտը սկսի նաեւ իր հայացքն ուղղել ոչ միայն ԱԺ գալիք ընտրություններ, այլ՝ դեպի գործադիր իշխանություն, եւ աշնանն առաջացնի հակասություններ գործադիր եւ օրենսդիր իշխանական թեւերի միջեւ: Սա կարող է առաջ բերել մեր նախկինում նշած՝ «երկու իշխանություն – երկու ընդդիմություն» ձեւաչափը……
Հատկապես հիմա, երբ ՀԱԿ-իշխանություն երկխոսության շրջանակներում զինադադար է, հնարավոր է նոր որակի ծավալումներ լինեն:
Ոմանք էլ կարծում են, թե իշխանություններին էլ էր առիթ պետք դադարեցնելու երկխոսությունը, քանի որ Աստանայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկվել է նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ներքին քաղաքական իրավիճակները եւ նպատակահարմար է դարձել դադարեցնել երկխոսությունը: Հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ասել է, որ հանդիպման ժամանակ նախանշվել են այն կանխարգելիչ գործողությունները, որնք թույլ կտան պայմանագրի երկրներին խուսափել արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխական ցնցումներից: Գագաթնաժողովում անհրաժեշտ են համարել նաեւ պայքարել ծայրահեղական դրսեւորումների դեմ համաշխարհային սոցիալական ցանցերում, իսկ սա նշանակում է, որ Ռուսաստանը հեղափոխություններից խուսափելու համար աջակցելու է ՀԱՊԿ անդամ երկրներին: Ավելին, ՀՀ նախագահը ստացել է ՌԴ նախագահի երաշխավորությունը, որ ՀՀ-ում հեղափոխականն ճանապարհով իշխանափոխություն չի լինի: Իսկ ՀՀ նախագահը երկխոսության շնորհիվ կարողացավ անհրաժեշտ ժամանակ շահել, թույլ չտալ, որ երկրում սոցիալական ու քաղաքական լարվածությունն անցանկալի զարգացումների բերի եւ այժմ հանգիստ պայմաններում կարող է պատրաստվել հերթական ընտրությունների: Այս պարագայում ՀԱԿ-կոալիցիա հետագա երկխոսությունը, հատկապես ընդդիմադիրների «ուլտիմատումի լեզվով»՝ անիմաստ է… Սակայն սա եւս տեսակետ է, որը հաստատվելու կարիք ունի: Այժմ իշխանությունը եւ ընդդիմությունը հստակ գիտեն, որ հեղափոխական ճանապարհ գոյություն չունի, մնում է պարզ առեւտուրը առաջիկա ԱԺ ընտրություններին, ինչն էլ սրել է երկխոսության վիճակը…
Չնայած դեռ կան ուժեր, որոնք կարծում են՝ սա ժամանակավոր դադար է: Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ «երկխոսությունը, բանախոսությունը, բանավեճը միշտ գերադասելի է առճակատումից»: Այդ իսկ պատճառով ողջունում է այս երկխոսությունը եւ բանակցելու կոչում ոչ միայն իշխանությանն ու խորհրդարանական ընդդիմությանը, այլ իշխանությանը եւ արտախարհրդարանական քաղաքական բոլոր ուժերին: Հանրային կյանքում քաղաքական մշակույթ ձեւավորելու հնարավորություն է ընձեռնվել եւ այն չի կարելի բաց թողնել: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ համամիտ է այս տեսակետին եւ նշել է, թե առավել քան համոզված է, որ «ժամկետային առումով, երկխոսության որեւէ արհեստական ընդհատումը հղի է լուրջ բացասական հետեւանքներով եւ ցանկացած ուժ, որը կփորձի կասեցնել այդ տրամաբանական ընթացքը, պետք է պատասխանի չափազանց լուրջ հարցադրումների»: «Սա քաղաքական դեմարշ է, ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի», – ավելի կտրուկ ասել է կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի պահվածքը, ինչին Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանել է. «Մենք գնացինք բոլոր քայլերի, որոնք անհրաժեշտ են, որ երկխոսությունը փրկվի, ՀԱԿ-ը տալիս է երաշխիքներ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու դիմաց, բայց…», մինչեւ սեպտեմբեր իշխանությունը պետք է նաեւ հստակ պատասխան տա արտահերթ ընտրություն անցկացնելու պահանջին, որպեսզի վերականգնվի երկխոսությունը: Այնուհետեւ ՀԱԿ-ը հայտարարությամբ 8 կետ ներկայացրեց երկխոսության վերսկսման համար:
Որոշ մեկնաբաններ էլ նշում են, թե պատմությունը կրկնվում է՝ ընդդիմադիրները եկել ու գնացել են, իսկ ժողովուրդը միշտ էլ կարճ ժամանակում պատռել է դրանց բոլորի դիմակը՝ հասկանալով, որ այդ ամենը ընդամենը աթոռակռիվ է, պայքար իշխանության եւ նրա ընձեռած բարիքներին տիրանալու համար:
Հիմա եկել են հերթական ընդդիմադիրները, որոնք գնում են նույն ճանապարհով, ինչ նախորդները: Սակայն ժողովուրդը սրանց հարցերն էլ է լուծելու, այնպես, ինչպես նախորդներինը:
Սրանք էլ են ժամանակավոր. հայտարարում են այդ մեկնաբանները: Իսկ ԿԸՀ-ում արդեն պաշտոններ են բաշխել՝ ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումն ավարտվել է ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջեւ:
Պետք է նշել, որ ինչպես իշխանության մեջ է առկա ՀՀԿ-ԲՀԿ հակասությունը, այնպես էլ հստակ է, որ ընդդիմության ներսում կա թեժ պայքար: Եվ սա առավել գրգռում է ներիշխանական անդորրը: Բացի այն, որ ներիշխանական գզվռտոցից կարող են պաշտոնների վերատիրումներ ու վերաբաժանումներ լինել, այդպիսի հեռանկար կա նաեւ ընդդիմադիրներին իշխանության կողմից սիրաշահումներ անելու հեռանկարում: Քծնանքը պարուրել է ամենուր: Նաեւ այս հանգամանքն է համարվում դրդապատճառ՝ երկխոսությունը տապալելու համար…
Ի վերջո ՀԱԿ-ն ընդդիմության հավերժական մենաշնորհ չունի, եւ որեւէ քաղաքական խումբ, դաշինք կարող է նոր հայտ ներկայացնել իր կամ հանրության անունից, որին նույնպես պետք է արձագանքի իշխանությունը՝ երկխոսելու միջոցով:
Նման նախադրյալներ արդեն կան ինչպես ժողովրդավարական-ազատական կամ ժողովրդավարական-սոցիալական, այնպես էլ ազգային-հայրենասիրական կամ ազգայնական-արիական ուժերի եւ այլ ուժերի մոտ:
Հենց սա էլ մտահոգում է իրենց միակ իշխանություն կամ միակ ընդդիմություն երեւակայող խմբավորումներին, որոնք ամեն ինչ անում են ՀՀ ներքաղաքական կյանքն ու կայութնությունը «սեփականաշնորհելու» համար…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.



