Անկախությունը՝ կարգավիճակ, բայցեւ՝ կեցություն (Հայաստանի անկախության Հռչակագրի 21-ամյակը – Արցախի ան

Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21 տարին:
Հայկական ԽՍՀ ԳԽ կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, եւ մեկնարկեց անկախության գործընթացը: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ՝ Հայաստան): Օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի Հանրապետության պետական դրոշ ճանաչվեց եռագույնը:

Շուրջ 1 տարի անց՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99%-ը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: Եվ այսօր մենք ապրում եւ գործում ենք Հայաստանի 3-րդ Հանրապետությունում:

Պատմական համարելով «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին»-ը, մեր ընթերցողներին հիշեցնենք այդ դժվարին անցումային ժամանակներում ծնված փաստաթուղթը: «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը:

Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները:

Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին»:

Այս կարեւոր փաստաթուղթը ունի ոչ պակաս կարեւոր ձեւակերպումներ, որոնցից մեկը՝ «Հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա» ձեւակերպումն է, որը, ցավոք, առ այսօր ի կատար չի ածվում: ՀՀ իշխանությունները, 3 նախագահների օրոք էլ ոչ միայն չհայտարարեցին Հայաստան-Արցախ վերամիավորման մասին, ինչը զարկ կտար Միացյալ Հայաստանի կերտման քաղաքականությանը, այլեւ՝ չճանաչեցին Արցախ-ԼՂՀ անկախությունը, ինչը տասնյակ տարիներ խնդրի միջազգային արծարծումները չի դադարեցնում… Այս խնդիրը նոր ծավալումների մեջ է եւ ափսոս, որ Արցախի անկախության 20-ամյակը նորից տոնվելու է առանց անգա՛մ ՀՀ կողմից ճանաչման…

Այսօր Կոսովոյի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Պաղեստինի, Հարավային Սուդանի եւ Մերձդնեստրի անկախությունների ճանաչումների գործընթացների կողքին, Արցախի խնդիրը նորից սպասումների մեջ է:

Հետաքրքիր է, որ այս տարի ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում Արցախի անկախության տոնումը

կզուգակցվի երրորդ երկրում նախաձեռնված տոնակատարությամբ. Արցախի անկախության 20-ամյակը տոնելու են նաեւ Գերմանիայում: Այս երկրում սեպտեմբերի 16-22-ը անցկացվելու են հայ մշակույթի օրեր, որոնց շրջանակներում հատուկ համերգաշարով տոնվելու է ԼՂՀ 20-ամյակը: Լուրը մեծ խառնաշփոթի տեղիք է տվել Ադրբեջանում, իսկ Գերմանիայում բնակվող ադրբեջանցիներին միավորող կենտրոնը կազմակերպել է գրավոր բողոք՝ ուղղված «հայամետ նախաձեռնության դեմ»: Իհարկե, մեր թշնամիները չեն մոռացել ողբալ «հայ ագրեսորների» մասին երգը…

Նաեւ բողոքի նոտա է հղվել Գերմանիային՝ արդեն պաշտոնական Բաքվի կողմից:

Մենք բազմիցս անդրադարձել ենք անկախության ճանաչման գործընթացում անկախության ձգտող երկրների նախաձեռնություններին՝ սպասելով, որ Արցախի իշխանությունները նույնպես դա կանեն՝ այցելելով ՄԱԿ անդամ երկրներ: Կարծում ենք՝ դա կարող է արագացնել անկախության միջազգային ճանաչումը:

Եվ ողջունելի է այն փաստը, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 29-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբին: Ուղերձում հույս է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա փոխհարաբերությունները ոչ միայն կպահպանեն կուտակված դրական դինամիկան, այլ նաեւ կհասնեն որակական նոր մակարդակի:

Արցախցիները վաղուց ապացուցել են (եւ՛ իրենց եւ՛ այլոց), որ անկախ լինում են ոչ միայն հայտարարված կարգավիճակում, այլեւ՝ կյանքով ու աշխատանքով, կամքով ու նպատակնորով:

Եվ սեպտեմբերը դարձավ նորանկախ Հայաստանի ու Արցախի անկախ լինելու ամիս-ավետիսը… Միացյալ Հայաստանի վերակերտման հեռանկարով:

Իբրեւ հավելում՝ նախագահ Սարգսյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է, ինչը կարծես «պետպատվեր» է՝ հայ դիվանագետներին ուղղված: «Հայ ժողովուրդը սպասում է ձեր հաջողություններին»,- հավելել է երկրի ղեկավարը (ՀՀ անկախության 20-ամյակի հետ, որ կլրանա սեպտեմբերի 21-ին, 20-ամյակն է տոնում նաեւ ՀՀ դիվանագիտական ծառայությունը): Նա ասել է. «Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տեւած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, թեեւ այսօր դեռեւս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին: Երբ մենք այսօր ասում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության մոտեցումները համահունչ են ՀՀ պաշտոնական մոտեցումներին, որոնք մենք բազմիցս եւ տարիներ շարունակ արտահայտել ենք, դա ամենեւին էլ քարոզչական հնարք չէ: Մեր հստակ դիրքորոշմամբ եւ վստահելի կեցվածքով, մեր մտահոգությունների պատճառաբանվածությամբ եւ անհրաժեշտ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունը ընդունում է մեր մոտեցումները՝ որպես առավել իրատեսական եւ խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաեւ, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները»:
Հայկ  Թորգոմյան
 

«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.