Նշվում է, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ մենք, հայերս, ցեղասպանություն ապրեցինք «որովհետեւ Քրիստոսի հարության հավատն ունեինք մեր մեջ»: Այս անգամ այդ հայտարարության համար առիթ էր Ավստրիայի Ինսբրուկ քաղաքի հոգեւոր առաջնորդ Մանֆրեդ եպիսկոպոս Շոյերի գլխավորած ուխտավորների խմբի հետ հանդիպումը:
«Այո՛, ցեղասպանություն ապրեցինք, որովհետեւ նաեւ քրիստոնյա հավատի հավատարիմ հետնորդներն էինք, բայց ոչ միայն դրա համար,- նշում է կայքեջը,- հարգելի ընթերցող, քո թույլտվությամբ փորձենք չհամաձայնել կաթողիկոսի հետ, քանի որ Թուրքիայում հայերին ցեղասպանության ենթարկեցին ոչ միայն նրա համար, որ քրիստոնյա ազգ էինք, այլ նրա համար, որ բնիկ էինք, որ ապրում էինք մեր հայրենի հողի վրա, որ մեր երակներում հազարամյակների պատմություն ունեցող արյուն էր հոսում:
Մտածել, որ մեզ ցեղասպանության են ենթարկել միայն նրա համար, որ քրիստոնյա ենք, նշանակում է մոռանալ մեր հազարամյակների պատմությունը, իսկ ամենապակասը, նշանակում է հայտարարել թուրք կոչվող բաշիբոզուկների հանցանքի միայն բարոյական կողմը (չնայած որտեղից դրանց բարոյականություն)»:
«Օսմանլու, սելջուկ, օգյուզ եւ այլ խառնամբոխ ցեղերից՝ ապագայում «էթնոս» ձեւավորելու համար կենսական տարածք էին ազատում՝ բնաջնջելով բնիկ ժողովրդին»,- նշվում է հոդվածում: 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսեցին ձեւավորվել նոր սահմաններ, եւ հայ ազգը բարձրացրեց գլուխը, որպեսզի 20-րդ դարում ինքն էլ ունենա իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Սակայն արդեն թուրք ինքնանվանած «էթնոսի» պարագլուխները ծրագրեցին հայության բնաջնջումը:
Չկան հայերը, չկա հայկական պետություն ստեղծելու վտանգը: Չկա բնիկ ժողովուրդը, ուրեմն եկվորը կարող է տեր դառնալ ոչ միայն կենսական տարածքին, այլ նաեւ մշակույթին:
Այնուհետեւ խորհուրդ է տրվում. «Բացե՛ք Թուրքիայում 80 տարի շարունակ հրատարակվող պատմության գրքերն ու դասագրքերը: Այնտեղ չկա հիշատակություն, որ հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել է այդ հողի վրա: Այո, 1,5 մլն. նահատակները նաեւ քրիստոնյա նահատակներ են, բայց նրանց չբնաջնջեցին հավատի համար: Նրանց բնաջնջեցին իրենց հայրենի հողին տեր դառնալու համար»: Չէ որ 1935-36թթ Դերսիմի հայերն արդեն կրոնափոխ էին: Էլի նույն դաժանությամբ կոտորեցին եւ տեղահանեցին, որպեսզի դատարկվեն գյուղերն ու քաղաքները: Դերսիմի կոտորածը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ թիրախն էթնոսն է, նրա բնաջնջումը: Եվ այսօր իսլամացած եւ ծպտյալ հայերի խնդիրը քրիստոնեացման (իբր՝ հավատադարձի) նոր վտանգով պարուրելը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ…
Եվ կրկին տուժելու է ազգը, այլ ոչ՝ կրոնը:
Չմոռանանք, որ այսօրվա Թուրքիայում հայերը ոչ թե ազգային, այլ կրոնական փոքրամասնություն են համարվում: Հայ Ազգ ձեւակերպումն անգամ վախեցնում է թուրքերին…
Վահագն Նանյան
Խիղճ՝ առանց գառան դիմակի
Հասարակական արձագանքներ կան, որ ՀՀ-ում բազմապիսի աղանդավորական կազմակերպություններ սկսել են «ագրեսիվ ակտիվ քաղաքականություն վարել» ոչ միայն հանրության մեջ, այլեւ՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորների նկատմամբ:
Հարցը այլեւս հրատապ է դարձել:
ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի կեսերին կազմակերպել էր հանրային քննարկում «Խղճի եւ կրոնական ազատությունների մասին»՝ ՀՀ նոր օրենքի եւ փոխկապակցված այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ:
Միջոցառման նպատակն էր հասարակության եւ պետության շահագրգիռ կազմակերպությունների համար ապահովել կրոնի կամ համոզմունքի ազատության վերաբերյալ ՀՀ-ում օրենսդրական վերջին զարգացումների մասին կարծիքների փոխանակում:
Քննարկմանը մասնակցել են նաեւ կրոնական ու ազգային փոքրամասնությունների համայնքների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.



