«WikiLeaks»-ն իր հերթական հրապարակման մեջ նշվում է, որ ՀՀ 1-ին նախագահ, «ընդդիմության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ իրականացվել է սեւ PR», որտեղ նրան մեղադրել են իսրայելական եւ մասոնական դավադրությունների մեջ:
Այս քարոզչությունն իրականացվել է հիմնականում պետական լրատվամիջոցների կողմից: Այս փաստաթուղթը թվագրված է 2008թ. հունիս ամսով եւ արձանագրված է ամերիկյան դիվանագիտական փաստաթղթում, որը նախապատրաստել է փոխդեսպան Փենինգթոնը: Նաեւ նշվում է, որ հակաքարոզչությունը 2008թ. նախագահական արշավի ժամանակ սկսված գործընթացի շարունակությունն է եղել, որ տպագիր «Գոլոս Արմենիի» եւ «Հայոց աշխարհ» լրատվամիջոցներում նման հրապարակումներ եղել են 2008թ. մայիսին, որոնք, ըստ դեսպանատան աղբյուրների, ֆինանսավորվել են նախագահ Սարգսյանի կողմից:
Փաստաթղթում անգամ նշվում է, որ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցին՝ Սիրուշոյին բոյկոտելու գաղափարը, ըստ պետական մամուլի, նույնպես իսրայելական, ջհուդամասոնական դավադրության մի մաս էր, ինչի մասին հատուկ ռեպորտաժ էր ցուցադրել Հանրային հեռուստատեսությունը:
Արման Դավթյան
* * *
Վրե՞ժ է լուծում հայերից
Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուրան «Facebook» սոցիալական ցանցի իր էջում նշել էր, թե «չի ցանկանում, որ Վրաստանի նախագահը լինի այլ ազգության ներկայացուցիչը», որ ներկայիս նախագահը ազգությամբ հայ է ու հավելել էր, թե «երկիրը գտնվում է կիսադեգեներատների ձեռքին»…
Եվ ահա, «Georgia Times»-ը գրում է, որ «Ստուրուան ճիշտ էր՝ Սահակաշվիլիի հայրը հայ է եղել եւ լքել է ընտանիքը, այդ պատճառով էլ Վրաստանի նախագահի մոտ քինախնդրություն է պահպանվել հոր նկատմամբ, ինչն էլ անդրադառնում է հայերի հանդեպ իր վերաբերմունքի վրա»: Թերթի հետ զրույցում սա հայտնել է Ռուսաստանում Ջավախահայ սփյուռքի ղեկավար Աղասի Արաբյանը:
Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի հակահայկական քաղաքականության արդյունքում վրաց քաղաքական գործիչների բոլոր «հայտնությունները» պարբերական եւ գիտակցված բնույթ են կրում, եւ Վրաստանում սփյուռքի հարցերով պետնախարար Միրզա Դավիթայայի հայտարարություններն այն մասին, որ «Սաքարտվելոն միանշանակ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» եւ հանդիսանում է հանրապետության «օկուպացված տարածքների» ազատագրման կողմնակիցը, բոլորովին էլ պատահական չեն:
Եթե սա այսպես է, ապա կարող ենք Ստալինից հետո 2-րդ աղմկահարույց դեպքն արձանագրել, որ վրացահայը «հայրական» վրեժ է լուծում ազգից եւ շատ անողոք…
Ջավախքահայ սփյուռքի ղեկավարը նշում է, որ «իրենց դիվանագիտական կուլտուրայի եւ նրբանկատության շնորհիվ հայկական իշխանությունները չեն արձագանքում դրան»…
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.



