Սա նշանակում է, մենք միշտ ողջունում ենք արեւառա՛տ, բարի՛, արիաբա՛ր: Ձեզ հետ կիսելով Ձեր տխրություններն անգամ, այնուամենայնիվ, միշտ հուսավառելու՛ ենք Ձեզ: Քանզի ընկճվելը, Ձեզ հետ միասին իհարկե, մեր զբաղմունքը չէ:
Ու թեեւ մենք մեր ընթերցողներին զգուշացրել էինք, որ արձակուրդ ենք մեկնում, շատերն անուշադիր էին եղել ու չկարդալով տեղեկատվությունը, անհանգստացել էին: Ինչու չէ, ուրախացողներ էլ էին եղել՝ այլ բան կարծելով, ովքեր… կհիասթափվեն այսօր: Մենք նրանց էլ ենք ասում՝ բարեւ, քանզի փա՛ռքն արեւինն է, որի հուրից արի մարդիկ է՛լ ավելի են զորանում, իսկ չարիները՝ սպառվում, սմքում, մոխրանում:
Նորության շունչը կզգաք հաջորդ թողարկումից:
Արմենուհի Մելքոնյան
Հայ-արիական ծես՝ Արցախում, Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում,
Որ նաեւ տոն է՝ Հայաստանի գալիք վերամիավորումը նախանշող
«Լուսանցք»-ը մինչ արձակուրդ մեկնելը տեղեկացրել էր, որ հուլիսի 30-ին աննախադեպ Վարդավառի ծես է լինելու, որը բնորոշելու է ո՛չ միայն Աստղիկ Աստվածուհու տոնը, այլեւ՛ նախանշելու է Հայաստանի գալիք վերամիավորումը:
Հայ Արիական միաբանության նախաձեռնությամբ Հայաստանի ժամանակավորապես մասնատված հատվածներում կատարվել են Վարդավառի ծիսական եւ տոնական արարողություններ: Մշո դաշտը հայտնի է նաեւ Վարդավառի իմաստավորման առումով, երբ Աստղիկ Աստվածուհին իր սպասուհիների հետ լողանում է գետում, ինչը նաեւ միմյանց ջրելու սովորույթի է վերածվում, եւ որպեսզի լողացող եւ խաղացող աղջիկների մերկությունը տեսանելի չլինի՝ սիրո եւ գեղեցկության Աստվածուհին մշուշով պատում է շրջակայքը, եւ մշուշը խորհրդանշում է Հայոց Երկրի այդ հատվածի հավերժական անունը՝ Մշո Երկիր-Մուշ…
Միջոցառումներ են եղել Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստաններում, Արցախում: Մի շարք միջոցառումներ նաեւ Ջավախքում եւ Սփյուռքում են իրականացվել:
* * *
Հուլիսի 30-ին Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի թեկնածուները կանցկացնեն Հայոց Վարդավառի տոնական եւ ծիսական արարողություն՝ կփառաբանեն Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկին:
Վարդավառի տոնը ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի քրմի թեկնածուները կանցկացնեն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններում: Արեւելյան Հայաստանում ծեսը եւ տոնը կկազմակերպվի Արարատյան դաշտում, Մասիսի Մեծ եւ Փոքր լեռնագագաթների հայացքի ներքո: Արեւմտյան Հայաստանում Վարդավառի ծիսական արարողությունը կանցկացվի Մշո տարածքում:
Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի առաջադրած քրմի 3 թեկնածուներ հուլիսի 30-ին կլինեն Արեւմտյան Հայաստանի Մուշ բնակավայրում եւ հնավայրերից մեկում էլ կանցկացնեն հայ-արիական ծես՝ փառաբանելով Աստղիկ Աստվածուհուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ Նախնյաց Հոգիներին… Հայ քրմական ծեսով կփառաբանվի եւ կվերաօծվի Հայոց Հայրենիքը՝ Հայկական Լեռնաշխարհը, նաեւ ձոներ կուղղվեն Հայ Աստվածներին՝ Հայք-Հայաստանի վերամիավորմանն ու զորացմանը նպաստելու եւ Արարչական Տարածք վերադառնալու համար:
Նույն օրը եւ նույն ժամին էլ Արեւելյան Հայաստանում 7 քրմի թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա Վարդավառի տոնական ու ծիսական արարողությունը, որտեղ նույնպես գինեձոներ կհնչեն նույն նպատակների իրականացմանը ուղղված՝ վասն միացյալ Հայաստանի եւ միասնական ազգի: Ավանդական ջրոցին էլ կդառնա տոնի հիմնական միջոցառումը, եւ օծված ջրով ու Աստղիկ Աստվածուհու հովանավորած տիեզերական սիրով կմաքրվեն մասնակիցների մարմիններն ու հոգիները, ինչն էլ նախանշում է վարդավառի խորհուրդը:
Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները չնայած հաճախ անթաքույց ընդվզում են ինչպես Տրնդեզի կրակ վառելու, այնպես էլ՝ Վարդավառի ջուր ցողելու հին սովորույթի դեմ, սակայն ազգային սովորույթներն առավել ուժեղ են, ինչպես չգրված հին ավանդական օրենքները, սովորութական իրավունքը, որի դեմ շուրջ 1700-ամյա պայքարը այդպես էլ անարդյունք ավարտվեց:
Ազգն ու ազգայինը հավե՛րժ են: Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին…
Հայ Արիական Միաբանություն – 27.07.2011թ.
Հայկ Նահապետի հաղթանակը
՝ մշտառկա պատգամ հայ սերունդներին
Հայ արիները տոնեցին Նավասարդը նույնպես
Օգոստոսի 11-ի առավոտյան արեւածագի ճառագայթների ներքո հայ արիները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ դիմավորեցին այգաբացը եւ նշեցին Նավասարդի փառապանծ տոնը:…
ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմի թեկնածուները Երեւանում՝ Հայկ Նահապետի արձանի մոտ, կատարեցին հայ-արիական ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայկ Նախնու՝ տիտանյան Բելի նկատմամբ տարած հաղթանակը, Հայոց Հայրենիքում հայապատկան պետականության վերականգնումը, Հայոց աստվածային հավատի վերահաստատումը:
Նավասարդյան ծեսին մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի տարբեր բնակավայրերի (Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գառնի, Կապան, Գորիս, Սիսիան, Արարատ, Վեդի, Արտաշատ, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի, Վանաձոր, Սեւան եւն) հայ-արի քրմի թեկնածուները եւ տարածաշրջանների հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները.- Երեւանից՝ Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը, Կոտայքի մարզից՝ Գնել Միրոյանը եւ Կարեն Արիստակեսյանը, Արարատի մարզից՝ Նվեր Առաքելյանն ու Մարտին Գալոյանը, Գեղարքունիքի մարզից՝ Վարուժան Սեդրակյանը եւ Լեւոն Նազարյանը, Շիրակի մարզից՝ Վահագն Մանասյանն ու Լեռնիկ Դանիելյանը, Լոռու մարզից՝ Արամայիս Ոսկանյանը եւ Գեղամ Սիմոնյանը, Տավուշի մարզից՝ Մհեր Ասատրյանը եւ Արգամ Նավասարդյանը, Սյունիքի մարզից՝ Դավիթ Լեւոնյանը եւ Ժիրայր Թեւանյանը, Վայոց Ձորի մարզից՝ Արիս Բաղրամյանն ու Ջիվան Մանգասարյանը, Արագածոտնի մարզից՝ Մերուժան Գասպարյանը եւ Բաբկեն Կարապետյանը, Արմավիրի մարզից՝ Իշխան Ենոքյանն ու Գնել Իսպիրյանը: Ներկա էին նաեւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի, Հայ ազգայնականների համախմբման Խորդրդի եւ Արցախի ու Ջավախքի հեթանոս-արիադավան համայնքների ներկայացուցիչները:
Հայ արիները փառաբանեցին Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին ու նրա տոհմը, Հայաստան աշխարհն ու հայությանը:
Այնուհետեւ Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում կատարվեց տոնական միջոցառում՝ նվիրված Նավասարդյան հայաշունչ տոնին:
ՀԱՄ ներկայացուցիչները նշեցին նաեւ Սեւրի դաշնագրի ու հատկապես դրա հիման վրա կայացած ԱՄՆ նախագահ Ուիլսոնի իրավարար վճիռի 90-ամյակը՝ փառաբանելով Միացյալ Հայաստանի վերակերտումն ու Հայ Նահատակներին:
Հայ արիները արժեւորեցին Հայկյան հաղթանակը, քանզի այն մշտառկա պատգամ է հայ սերունդներին՝ Հայոց Հայրենիքը վերատիրելու, ամբողջացնելու, Հայկական լեռնաշխարհում համահայկական հողահավաքն ու հայահավաքը ավարտին հասցնելուն ուղղված:
Փա՜ռք Հայոց Հսկային՝ Հայկ Նահապետին, Հայ Աստվածներին եւ Հայությանը…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն – 11.08.2011թ
Հոգեւոր կյանքի փոփոխության ընթացք է…
«1-in.am» կայքին տված հարցազրույցում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտնել է, որ ներկայում հայ արիականների նպատակներից են նախ՝ Հայ ազգայնական դաշինքի վերջնական համախմբումը Հայաստանում ու սփյուռքում, ապա՝ ներքին ու արտաքին ազգաբնույթ հարցերի լուծումը: «Առաջին լրատվականի»-ն ՀԱՄ առաջնորդը հավաստել է, որ փորձելու են ստեղծել Համահայկական ազգայնական դաշինք: «Նրա խոսքով՝ այս ձեւով իրենք պատրաստվում են մասնակից լինել երկրի ոչ միայն արտաքին, այլեւ ներքին խնդիրների լուծմանը: Սա առաջիկայում կարող է վերածվել նաեւ նախընտրական դաշինքի, եւ հայ ազգայնականները կարող են մասնակցել Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններին: «Միգուցե ստացվի այնպես, որ մի դաշինքով մասնակցենք ԱԺ ընտրություններին ու փորձենք արդեն սոցիալական-իրավական, հոգեւոր-մշակութային ու մի շարք այլ հարցեր բարձրացնել կառավարության ու իշխանությունների առջեւ ավելի բարձրաձայն»,- նշել է ՀԱՄ ղեկավարը: Ըստ նրա՝ իրենք շարունակելու են նաեւ Համաարիական դաշինքի ձեւավորումը, փորձելու են ձեւավորել նախ տարածաշրջանային համաարիական դաշինք, որը լուրջ քաղաքական դերակատարում կունենա ու կհակակշռի գործող պանթուրքիզմին, սիոնիզմին ու նման այլ «իզմերի» գաղափարախոսություններին»:
ՀԱՄ առաջնորդը հայտնել է, որ մշակված է հոգեւոր կյանքի փոփոխության լուրջ ծրագիր, որի նպատակը Հայոց հին հեթանոսական հավատի վերադարձն ապահովելն է: «Հայաստանի 11 մարզերում, Արցախում, Ջավախքում, Սփյուռքում արդեն ստեղծել ենք հայ հեթանոսական համայնքներ, հիմա էլ ձեւավորում ենք քրմական դաս, որն իրականացնելու է արիադավան ծեսեր»: Ա. Ավետիսյանը տեղեկացրել, է որ օգոստոսի 11-ին հայ արիներն արեւածագին Նավասարդն են տոնել, փառաբանել Տիեզերքի Արարչին, Հայ Աստվածներին եւ Հայկ Նահապետին:
* * *
Արգենտինայի հայ համայնքը տոնել է հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը, որը Հայաստանում նշվում է ո
րպես ազգային ինքնության օր:
Այդ մասին հաղորդել է արգենտինական «Diario ռpoca» պարբերականը. «Օգոստոսի 11-ին կամ Նավասարդի 1-ին՝ հին տոմարով տարվա առաջին օրը հիշում են մ.թ.ա. 2493թ. Վանա լճի ափին երկու առասպելական հերոսների՝ Բաբելոնի արքա Բելի եւ Հայաստանի առաջին թագավոր Հայկի՝ Նոյ նահապետի ծոռան միջեւ պայքարը: Հայկը հաղթում է Բելին՝ այդպիսով հաստատելով Հայաստանի անկախությունը»:
Անի Մարության
Գոհար Վանեսյան
«Լուսանցք» թիվ 29 (205), 2011թ.



