(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Բաղադրությունը
Գառի ամբողջ սիրտը, թոքը, երիկամը, լյարդը, փայծաղը,
գլուխ սոխ – 500 գրամ,
աստղական (բուլղարական) տաքդեղ – 200 գրամ,
կծու ծիծակ – 1 հատ,
գառան դմակ – 100 գրամ,
բոված ալյուր – 5 գրամ,
տնական սերուցք – 80 գրամ,
լոլիկ – 600 գրամ,
բրինձ – 300 գրամ,
աղացած սպիտակ եւ կարմիր պղպեղ – 2-ական գրամ,
թարխուն, ծիտրոն, համեմ, մաղադանոս – 200 գրամի չափով:
Պատրաստման եղանակը
Դմակը դնել թավայի մեջ ու ջեռոցի վրա, կտրատած մսեղիկները (սիրտը, թոքը…) ավելացնել, թողնել կրակին 5 րոպե:
Այնուհետեւ ավելացնել խոշոր կտրատած սոխը, հետո լոլիկը, բոված ալյուրը, աստղական տաքդեղը, տնական սերուցքը:
Այս ամենը լավ եռացնել, ավելացնել աղը, պղպեղները, վերջում լցնել կտրատած կանաչիները: Երկու րոպե կրակին թողնելուց հետո վերցնել վրայից:
Տժվժիկը մատուցել խաշած բրձով:
Ուտեստը այնքան համեղ է, հալչում է բերանումդ, այնքան անուշահոտ է, որ ուտելիս չես կշտանում:
Ձեզ մնում է վայելել:
Բարի՛ ախորժակ:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից – Հայաստանը՝ ընդդեմ…
Վիկը հաղթեց եւ՛ մարզական եւ՛ հայկական կեցվածքով
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փայլուն հաղթանակ տարավ հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի նկատմամբ: Թեպետ խոստացված նոկաուտը չեղավ, բայց հանդիսատեսը 12 մրցափուլ շարունակ լարված դիտեց գեղեցիկ մենամարտ: 12-րդ ռաունդի ավարտից հետո մրցավարները 119:107, 120:107, 120:107 հաշիվներով արձանագրեցին հայ մարզիկի ակնհայտ հաղթանակը:
«Շատ ուրախ եմ, որ հաղթեցի, եւ իմ հաղթանակը նվիրում եմ Անկախության 20-ամյակին: Այստեղ ներկա մեր բոլոր մեծերի թույլտվությամբ, իմ գոտին նվիրում եմ մեր նախագահ Սերժ Սարգսյանին»,- մենամարտից հետո հայտարարեց Դարչինյանը եւ, մոտենալով նախագահին, նվիրեց չեմպիոնական գոտին: Նա «2008թ. տարվա ամենաուժեղ նոկաուտ» մրցանակն էլ նվիրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Նա նշեց, թե շտապողականությունն էր պատճառը, որ նոկաուտի չենթարկեց հակառակորդին: «Մեծ ցանկություն ունեմ զարգացնել ՀՀ-ում բռնցքամարտը, օգնել բռնցքամարտիկներին»,- հայտնել է Վիկը:
Հայ հանրահայտ բռնցքամարտիկը ՀՀ անկախության 20-ամյակը արժեւորելուց եւ միջազգային միջոցառմանը ՀՀ եւ ՀԱՕԿ նախագահներին մեծարելուց զատ, հայեցի կեցվածք դրսեւորեց, ինչը պետք է ուսանելի լինի մեր բոլոր մարզիկների, մշակույթի, ազգային ու պետական գործիչների համար: Միջազգային միջոցառման լեզուն անգլերենն էր, սակայն Վիկը հարցազրույցում իր անգլերեն պատասխանները, հայտարարությունները թարգմանում էր հայերեն՝ նշելով, թե Հայաստանում է եւ իր համար դա կարեւոր է:
Հայաստանն ընդդեմ աշխարհի
Այսպես էին կոչել Երեւանում ընթացող միջազգային պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարը:
Իսկ «կատաղած ցուլ» Դարչինյանից առաջ իրենց մարտերն անցկացրեցին Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը, Հովհաննես Ժամկոչյանը:
53 կգ քաշային կարգը ներկայացնող Ա. Հովհաննիսյանը 2-րդ մարտը գրանցեց իր օգտին՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հաղթելով էստոնացի Սերգեյ Տասիմովին, ում 2-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին եւ ապա նոկաուտի՝ մարտը դադարեցվեց եւ տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:
59 կգ քաշային կարգը ներկայացնող Գաբրիել Տոլմաջյանը հաղթեց լատվիացի Եվգենի Ֆյոդորովնին մրցավարների որոշմամբ՝ 60:54, 60:54, 60:54 հաշիվներով:
60 կգ քաշային կարգը ներկայացնող Հովհաննես Ժամկոչյանը հաղթեց վրացի Միխայիլ Գոգոլաշվիլիին: Կայծակնային արագությամբ հարվածների շարքից հետո վրացի մարզիկը ընկրկեց, եւ մրցավարը դադարեցրեց մարտը՝ արձանագրելով հայ բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով:
… ընդդեմ Բաքվի
Կաշվե ձեռնոցի հայ վարպետները նախապատրաստվում են Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմի հավանական թեկնածուներ է համարում Հովհաննես Դանիելյանին (49 կգ, Երեւան), Դերենիկ Գիժլարյանին (52 կգ, Էջմիածին), Հովհաննես Բաչկովին (56 կգ, Գյումրի), Վլադիմիր Սարուխանյանին (60 կգ, Գյումրի), Հրաչյա Ջավախյանին (64 կգ, Վանաձոր), Սամվել Մաթեւոսյանին (69 կգ, Վանաձոր), Անդրանիկ Հակոբյանին (75 կգ, Էջմիածին), Արթուր Խաչատրյանին (81 կգ, Վանաձոր) եւ Արմեն Սիմոնյանին (+91 կգ, Աբովյան): Մինչեւ 91 կգ քաշային կարգում հայտ չի ներկայացվել:
Ֆուտբոլային հրավառություն
Ֆուտբոլային հրավառություն
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները: Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս նախ 3:0 խոշոր հաշվով հաղթեցին Անդորայի ազգային թիմին, ապա հաճելի անակնկալ մատուցեցին երկրպագուներին եւ 4:0 ավելի խոշոր հաշվով հաղթեցին ընտրական «Բ» խմբի առաջատարներից մեկին՝ Սլովակիայի ընտրանուն: 8 փուլից հետո Հայաստանը 14 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, խմբի առաջատար Ռուսաստանին զիջում է՝ 3, իսկ 2-րդ տեղում գտնվող Իռլանդիային՝ 1 միավորով:
ՀՀ-ի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը նույնպես գերազանց արդյունքներով ուրախացնում է հայ ֆուտբոլասերներին: Մեր թիմն անընդմեջ 2-րդ հաղթանակը տոնեց Եվրոպայի 2013թ. առաջնության ընտրական փուլում՝ արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթելով Անդորրայի մինչեւ 21 տարեկանների թիմին: 1-ին խաղում մեր հավաքականը 4:1 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիային: Իսկ Չեխիայի հետ ոչ-ոքին Պրահայում՝ ամրապնդեց մեր թիմի առաջատար դիրքերը:
Հայաստանը՝ 2-րդ տեղում
Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը 2-րդ տեղը գրավեցին Մոսկվայում ավարտված Մ. Բոտվիննիկի հուշամրցաշարի զուգախաղերում: Մեր առաջատար շախմատիստն ու շախմատիստուհին հաղթեցին Եվրոպայի (Կառլսեն, Չմիլիտե) եւ Ռուսաստանի (Կրամնիկ, Տ. Կոսինցեւա) թիմերին, սակայն պարտվեցին Հնդկաստանին (Անանդ, Կոներու)՝ վաստակեցին 2 միավոր եւ զբաղեցրին 2-րդ տեղը` կես միավորով ետ մնալով հնդկական զույգից:
Մեր շախմատիստները նաեւ մասնակցեցին նաեւ տղամարդկանց եւ կանանց անհատական մրցաշարերին:
Ուսումնական տարվա սկզբից, շաբաթական 2 դասաժամ, ՀՀ դպրոցների տարրական դասարաններում դասավանդվում է «Շախմատ» առարկան
Դասագրքի շնորհանդեսը կայացել է Հայաստանի Շախմատի ակադեմիայում: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը բացման խոսքում հպարտությամբ նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ շախմատը որպես առանձին առարկա, դասավանդվելու է դպրոցներում: «Իսկ ահա մյուս կրթական հարցերում մենք օգտվել ենք եվրոպական երկրների օրինակներից»,- խոստովանել է նախարարը:
Նա հայտնել է նաեւ, որ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները այս նորամուծությունը բնորոշել են որպես «փոքրիկ սենսացիա»: ԿԳՆ խոսքերով` շախմատ խաղալ սովորելով, երեխաները կզարգացնեն իրենց տրամաբանական մտածելակերպը, պատրաստ կլինեն պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար եւ դառնալ ինքնուրույն, կազմակերպված անհատներ:
Դասագրքերի, գույքի եւ դասասենյակների կահույքի ձեռք բերման համար հատկացվել է մոտ 900 միլիոն դրամ: Առարկայի դասավանդման համար վերապատրաստվել է 1219 ուսուցիչ: Ի դեպ, շախմատ կդասավանդվի նաեւ ԼՂՀ-ի դպրոցներից մեկում:
Ա. Աշոտյանը նշել է, որ թեպետ այս նորամուծությունը հասարակությունը գնահատել է որպես Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնություն, սակայն այն իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա՝ գաղափարը քննարկվել եւ հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:
Հաղթողը Սերժ Սարգսյանի հետ արտերկիր կմեկնի
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը հայտարարել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները: Հաղթողն, ըստ կազմակոմիտեի, կուղեկցի նախագահ Սարգսյանին, արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Բայց մինչ այդ պետք է մրցույթի խորագրին համապատասխոնող կամ շարադրություն գրեն՝ 500 բառ կամ 1.5 էջ ծավալով, կամ ներկայացնեն լուսանկար, լուսանկարների շարք ) կամ էլ տեսահոլովակ առաջարկեն՝ առավելագույնը 3 րոպե տեւողությամբ: Բացի այդ, հեղինակները պետք է ապացուցեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքները պատկանում են հենց իրենց, որովհետեւ հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ չպետք է մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին: Աշխատանքները կընդունվեն սեպտեմբերի 5-ից մինչեւ 20-ը (ներառյալ):
Մրցույթի հաղթողին կընտրեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ «Մեդիամաքս»-ի աշխատողներից ձեւավորված համատեղ ժյուրին: Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.



