Էներգետիկ պատերազմների շարքից – «Նաբուկո», «Հարավային հոսք», «Իսլամական խողովակաշար»… Տնտեսական խն

Էներգետիկ պատերազմների շարքից  

«Նաբուկո» ծրագիրը, ի դեմս «Հարավային հոսք» ծրագրի, ի սկզբանե, մի մեծ մրցակից ուներ: Վերջերս էլ հայտնվեց մեկ այլ մրցակից: Խոսքը Իրան-Իրաք-Սիրիա գազախողովակաշարի շինարարության մասին է, որ նախատեսված է իրանական հանքավայրից գազը Եվրոպա հասցնելու համար: Ծրագիրն արդեն անուն է ստացել՝ «Իսլամական խողովակաշար»: Բոլորովին վերջերս  հայտարարվեց այս երեք երկրների միջեւ կնքված հուշագրի մասին:

Նկատենք՝ Իրանը, որ բնական գազի պաշարներով աշխարհում 2-րդն է, զգալի ծավալով գազ չի արտահանում, իսկ ԱՄՆ-ն, որ շահագրգռված է «Նաբուկո»-ով Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար, չի թողնի, որ Իրանը «Նաբուկո»-ում լինի, կամ՝ գերակա լինի: Բայց Իրանի միացումը «Նաբուկո»-ին ձեռնտու է Եվրոպային: Հասկանալի է՝ գազի առումով: Իսկ սա Իրանը լավ գիտի: Մենք մի առիթով, երբ խոսում էինք «Նաբուկո»-ից, գրեցինք, որ Իրանը զենքերը վայր չի դնի, ու ճիշտ հարմար պահի ցույց կտա իր խաղաքարտը՝ հաշվի առնելով այն, որ, ի տարբերություն Ադրբեջանի, ինքը եւ՛ հստակ գիտի, թե գազի ինչ ծավալներ ունի, եւ՛ արդյունահանման խնդիրներ չունի:


Այսպիսով՝ «Նաբուկո»-ն «Հարավային հոսք»-ը չմարսած՝ «Իսլամական խողովակաշար»-ը կոկորդին կանգնեց:  

Ի դեպ, «Իսլամական խողովակաշար»-ը կարող է գործարկվել 2014-2016թթ. ժամանակահատվածում: Նախագծային հզորությունը օրական 110 մլն խմ գազ է:

Փորձագետները «Իսլամական խողովակաշար»-ը համարում են ավելի իրատեսական, քան «Նաբուկո»-ն: Իրանում գազի օրական արդյունահանման ծավալը կազմում է 600 մլն խմ: ԻԻՀ-ն մտադիր է 2015թ.-ից կրկնապատկել գազի արդյունահանման ծավալները, իսկ արտահանման ծավալները հասցնել մինչեւ օրական 250 մլն խմ-ի: Ընդ որում, իրանական գազի պահանջարկի մասին արդեն հայտարարել են Իրաքը (օրական 10-15 մլն խմ), Սիրիան (օրական 15-20 մլն խմ) եւ Լիբանանը (5-7 մլն խմ մինչեւ 2020թ.): Երբ «Իսլամական խողովակաշար»-ի հուշագիրը կնքվեց, իրանական գազային պետական ընկերության ղեկավար Ջավադ Օջին հայտարարեց, թե իրենք կարող են մատակարարումների հուսալի աղբյուր լինել, ինչը կարեւոր գործոն է գազախողովակաշարի շինարարության համար, «գործոն, որ չունի «Նաբուկո»-ն»:

Ի դեպ, ռուսական փորձագետները չեն ժխտում, որ «Իսլամական խողովակաշար»-ը ոչ միայն «Նաբուկո»-ի, այլեւ ռուսական «Հարավային հոսք»-ի  մրցակիցը կլինի: Չնայած, ըստ նրանց, այս՝ «Իսլամական խողովակաշար»-ի ծրագիրը քաղաքական որոշ ռիսկեր է պարունակում՝ հաշվի առնելով իրավիճակը Իրանում, Սիրիայում, հավելած Իրանի հանդեպ ցայսօր կիրառվող տնտեսական պատժամիջոցները:

Ուշագրավ է, որ «Իսլամական խողովակաշար»-ին զուգընթաց Ադրբեջանը մի նոր խաղ է սկսել: Բաքուն, արդեն տարիներ շարունակ Եվրոպային հավաստիացնելով, թե բավականաչափ գազ ունի «Նաբուկո»-ի մատակարարը դառնալու համար, հիմա կասկածներ է արտահայտում: Ու որպեսզի այդ կասկածները բացահայտորեն «Նաբուկո»-ին չվերագրի, կասկածի է ենթարկել «Նաբուկո»-ի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը: Ընդհանրապես, այս երկու թյուրքերը Եվրոպայի քթից բռնացրած՝ լավ ման տվեցին: Միամիտ չեմ կարծելու, թե Եվրոպան դա չի հասկանում: Պարզապես շատ մեծ է Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու ցանկությունը:

Ի միջի այլոց, երբ այս տարվա հունիսի 8-ին «Նաբուկո»-ի եւ տարանցիկ 5 երկրների՝ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Թուրքիայի պատասխանատու նախարարությունների միջեւ ստորագրվել եւ նախագծի աջակցման համաձայնագրերում մշակվել է «Նաբուկո»-ի իրավական բազան, Ադրբեջանը եղել է նախագծի միակ բացակա գործընկերը: Սա ասացինք՝ հաստատելու համար վերը ասվածը:

Բացի այդ՝ Ադրբեջանը հազիվ է հասցնում գազի արտահանման ծավալներով Ռուսաստանի՝ պայմանագրով նախատեսված չափաքանակն ապահովել: Այդ ինչպե՞ս է լցնելու «Նաբուկո»-ն: Հույսը «Շահ դենիզ» հանքավայրն է, բայց դեռ պետք է այստեղի 2-րդ հանքավայրից գազի արդյունահանման տեխնիկական խնդիրները լուծել:

Իսկ եթե գանք Թուրքիային, ապա հիշեցնենք, որ Կրեմլը, այսպես ասած, էներգետիկ տաք ծրագրեր առաջարկելով նրան՝ «մոռացնել» տվեց «Նաբուկո»-ն: Ի դեպ, այս մասին խոսել է անգամ ԱՄՆ ցամաքային զորքերի ակադեմիային կից ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սթիվեն Բլանկը («Central Asia-Caucasus Analyst», ԱՄՆ)՝  իհարկե նշելով, թե իր տեսակետը չի արտահայտում ցամաքային զորքերի, պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետը:

Թուրքիան էլ, որպեսզի ստիպված չլինի ԱՄՆ-ին պատասխան տալ՝ Ադրբեջանին կրկին խաղացրեց: Պահ եղավ, որ Ադրբեջանը փորձեց իբր վերջնագրով խոսել՝ «Նաբուկո»-ի դիմաց՝ միայն Արցախ: Տեսնելով, որ սա էլ արդյունք չի տալիս, իր՝ «Նաբուկո»-ին գազ մատակարարելու վերջնական համաձայնություն չտալը պայմանավորեց Թուրքիայի հետ որոշակի անհամաձայնություններով, այն է՝ Թուրքիան իրեն «Նաբուկո»-ի հետ կապված բանակցություններին չի կանչում, փաստաթղթերը չի ուղարկում եւ այլն: Փոխարենը «Turkish weekly»-ն գրում է, թե Թուրքիան ամենեւին էլ Ռուսաստանի հետ խաղեր չի տվել «Նաբուկո»-ն տապալելու հարցում, ավելին՝ «Ռուսաստանն այնպես է արել, որ Ադրբեջանը առանց այդ էլ հրաժարվել է «Նաբուկո»-ից: Ռուսաստանը խաղացրել է Ղարաբաղի խնդիրը, ուստի՝ Ադրբեջանը մեղավոր չէ, որ նման անիմաստ մտքեր է արտահայտում: Դա Թուրքիան է նրան խաղացնում՝ այդպիսով իր հեռահար մտքերը ճշգրտելով: Իսկ Հայաստանը Արցախը չի զիջի: Այնպես որ Թուրքիան լավ կանի՝ Ադրբեջանին ավելի խելոք խաղացնի»: «Turkish weekly»-ն գլխագրով շեշտում է, որ եթե ԵՄ աչքերը բացվեն, ապա Թուրքիան շատ կտուժի իր «բազմաժանր խաղի» պատճառով:

Իրականում Եվրոպային մեծ հաշվով այնքան էլ չի հետաքրքրում՝ ով ում խաղն է տանում՝ Թուրքիան Ադրբեջանի՞, թե՞ հակառակը: Փաստ է՝ «Նաբուկո»-ն չծնված՝ մեռնում է, որովհետեւ «Նաբուկո»-ն գազով լցնող չկա:

Իսկ այ «Իսլամական խողովակաշարը» այս խնդիրը չունի: Իրանը եւ՛ գազը ունի, եւ՛ արդյունահանում է, եւ՛ ծավալների ու պաշարների մասին հստակ գիտի: Այսինքն՝ եթե Եվրոպան վստահ լինի, որ «Իսլամական խողովակաշարը» կմեկնարկի, նա կարող է այլեւս աննպատակահարմար համարել ԻԻՀ-ի հանդեպ միջազգային պատժամիջոցների կիրառումը: Իսկ քանի դեռ սա որոշակի չէ, «Նաբուկո»-ն այսպես թե այնպես օրակարգում է թողնում Եվրոպան:

Ու քանի որ թողնում է, «Նաբուկո»-ի կոնսորցիումը պիտի աշխատանք ցույց տա՝ «Իսլամական խողովակաշարի» մասին այդպես էլ տեսակետ չարտահայտելով: Կոնսորցիումի հավաստմամբ, իրենք այժմ զբաղված են «խողովակաշարի դետալային ինժեներինգով», որը կավարտեն միայն 2012թ. երկրորդ եռամսյակում: Փակագծերում միայն հիշեցնենք, որ այս «դետալային ինժեներինգ» ասվածը սկսվել է դեռ 2009թ. մայիսին…

Աստղինե Քարամյան

Սոված չմնա՜ն հանկարծ

2010թ. ՀՀ-ի նախարարների շրջանում ամենաշատ եկամուտն ունեցել է Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա եկամուտը կազմել է 326 մլն 543.484 դրամ: Այս մասին  տեղեկանում ենք Ինֆորմացիայի ազատության կենտրոնից:

Ըստ այդմ, համաձայն 2010թ. գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների, նախորդ տարի ամենաքիչ եկամուտն ունեցել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նրա եկամուտը 3 մլն 071.600 դրամ է եղել:

Մարզպետների շրջանում նույն ժամանակահատվածում ամենաքիչ եկամուտն ունեցել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նրա եկամտի չափը կազմել է 2 մլն 282.200 դրամ:

Բարեփոխված երազներ

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն  շարունակում են խորացնել համագործակցությունը թրաֆիքինգի, թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ փողերի լվացման դեմ պայքարում:

Սեպտեմբերի 7-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր պաշտոնակատար Բրյուս Դոնահյուն եւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրել են ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի կառավարությունների միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին համաձայնագիրը: Ըստ այդմ, ԱՄՆ կառավարությունը մոտ 2,3 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում ՀՀ-ին դատաիրավական ոլորտում բարեփոխումների համար:
Ղրղզներից ենք լավ ապրում

Թոշակային եւ սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի օգոստոսի 1-ի տվյալներով, ներկայումս ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 9-րդ  (28,57 դոլար) տեղը աշխատանքային թոշակի բազային մասով:

Այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների առաջատար եռյակի մեջ են մտել Ղազախստանը (164,19 դոլար):

Հաջորդում է Ադրբեջանը (108,07 դոլար) եւ Ռուսաստանը (102,43 դոլար):

Այնուհետեւ նվազագույն թոշակի չափով իրար հաջորդում են Ուկրաինան (95,85 դոլար), Բելառուսը (86,84 դոլար), Ուզբեկստանը (64,42 դոլար), Մոլդովիան (56,55 դոլար), Հայաստանը (28,57 դոլար), Ղրղստանը (22,27 դոլար) եւ Տաջիկստանը (16,83 դոլար):
Նրանց այրերը ՌԴ-ում են

2011թ. հունվար-հուլիսին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք ոչ առեւտրային նպատակներով ՀՀ են փոխանցել 772 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տեղեկագրում:

Ըստ աղբյուրի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն ավելացել են մոտ 25 %-ով:

Ի դեպ, տրանսֆերտների աճը հիմնականում տեղի է ունեցել ՌԴ-ից կատարվող փոխանցումների հաշվին: 2010թ. յոթ ամսում ՌԴ-ից փոխանցվել էր 494 մլն դոլար, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 632 մլն դոլար: Տրանսֆերտների ոչ մեծ աճ կա նաեւ այլ երկրներից: Թուրքիայից տրանսֆերտներն աճել են մոտ 3 անգամ եւ կազմել 1,4 մլն դոլար:

Փող ունեցողն էլ է դժգոհ

Հայաստանում հարցման ենթարկված գործարարները հիմնականում բացասաբար են գնահատել Հայաստանի մրցակցության ոլորտը, եւ որեւէ դրական փոփոխություն չեն նկատում: Այս մասին հայտնել է «Տնտեսություն եւ արժեքներ» վերլուծական կենտրոնը: 142 երկրների շարքում «տեղական մրցակցության ուժգնություն» հայտանիշով ՀՀ-ն զբաղեցնում է 139-րդ տեղը, հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ՝ 138-րդ, շուկայում գերիշխող  խմբերի առկայությամբ՝ 133-րդ տեղը: Եվ սա չնայած այն բանի, որ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքը փոփոխվել է, խստացվել են գերիշխող դիրքի չարաշահման մասով պատիժները, ընդլայնվել հակամենաշնորհային մարմնի լիազորությունները:  

Աստղինե Քարամյան

Նարե  Մշեցյան

«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.