Կուսակցական անցուդարձ –
ՀՅԴ 31-րդ Ընդհանուր Ժողովի զուսպ հայտարարությունը՝ որպես անդրադարձ երկրում ստեղծված իրավիճակին, չբավարարեց ոչ միայն շարքային դաշնակցականների մեծամասնության պահանջին, այլեւ ընդունելի չեղավ Դաշնակցության արտերկրի որոշ կառույցների համար: Որպես հետեւանք՝ ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի ճիշտ չէր համարում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի պատվին կազմակերպվելիք ճաշկերույթը, իսկ մինչ այդ սույն կոմիտեն հրաժարվել էր մասնակցել ճաշկերույթին՝ քանզի «ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնահարվել հանուն հանցավոր վարչակազմի վերարտադրման»:
2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այսպիսի իրավիճակը կարող է Դաշնակցությանն ընդհանրապես դուրս թողնել ԱԺ-ում տեղ ունենալու հնարավորությունից, քանզի բազմակարծությունը ներթափանցել է կուսակցության շարքերը, եւ չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նոր ընդվզողներ եւ ինչ-ինչ առիթներ:
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը առաջիններից ողջունեց ՀՅԴ ԱԱԿԿ «համարձակ հայտարարությունը՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս. Սարգսյանի մեծարման միջոցառումը բոյկոտելու մասին»: «Մարդու իրավունքներ-96»-ի վարչությունը հույս է հայտնել, որ դաշնակցական այդ դիրքորոշումը սկզբունքային է եւ օրինակ կծառայի սփյուռքում՝ ոչ միայն Ս. Սարգսյանի համար եւ ոչ միայն նման միջոցառումների դեպքում. «Հայաստանի ամայացմանն աջակից վերջինիս բարձրաստիճան պաշտոնյաներն, առանց բացառության, սփյուռքահայության մոտ պետք է արժանանան նման արդարացի վերաբերմունքի»:
Միաժամանակ տեսակետներ են հնչում, թե եթե սփյուռքի որեւէ կազմակերպություն հավակնում է իրապես ներկայացնել սփյուռքահայության մոտեցումները, իրապես դժգոհ է ներկայիս արտաքին քաղաքականությունից, ապա պետք է գիտակցի աներկբա, որ այդ ամենի լուծման բանալին Փարիզում, Նյու Յորքում կամ Լոս Անջելեսում, Մոսկվյում, Բեյրութում կամ որեւէ այլ տեղ ցույց անելն ու բղավելը չէ, երբ գալիս է նախագահ Սարգսյանը: Արտաքին աղետալի քաղաքականության հանգուցալուծման բանալին ՀՀ ներքին կյանքն է, եւ սփյուռքը պետք է ՀՀ իշխանությանն իր ձայնը լսելի դարձնի միայն մի միջոցով՝ պետք է լսի Հայաստանի քաղաքացիների ձայնը, քանզի մեր բոլոր խնդիրները գալիս են պետության ներսի անկարգությունից, անօրինություններից եւ բռնություններից: Նույն տեսակետն առկա է նաեւ եկեղեցական եւ եկեղեցու հետ մարդկանց հարաբերություններում:
Խառնաշփոթ եղավ նաեւ ՀՌԱԿ-ում: Հարություն
Առաքելյանը ատենապետի պաշտոնին վերադառնալու համար ընդհարվեց գործող ատենապետ Էդվարդ Անտինյանի հետ, չնայած լուրեր կային՝ իբր ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մ. Խարապյանը Է. Անտինյանին է պաշտպանում, բայց վերջինս վտարվեց ՀՌԱԿ-ի շարքերից, իսկ ՀՌԱԿ արտահերթ պատգամավորական Ժողովում ՀՌԱԿ ատենապետ ընտրվեց Հ. Առաքելյանը:
Անգամ Մարքսիստական կուսակցությունում նորություն գրանցվեց. նախկին ՕԵԿ-ական, նախկին մշակույթի նախարար եւ հանրապետականների հետ աշխատած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամար Պողոսյանը մարքսիստ է դարձել, այդ կուսակցության փոխնախագահն է: Այս գործելաոճը վաղուց քաղաքական «առօրյա» է դարձել…
Վերադասավորումներ են լինում նաեւ երկրի ազգայնական քաղաքական ոլորտում: Հայաստանի տարբեր մարզերում, քաղաքամայր Երեւանում ազգայնական մտածողությամբ փոքր կազմակերպությունները, խմբերն ու անհատները անդամագրվում են Հայ Արիական Միաբանությանը (Հայաստանի Հայ-Արիական կուսակցությանը) եւ տեղերում ձեւավորում են միասնական ազգայնական կառույցներ՝ հայ արիների գլխավորությամբ: Հանդիպումներ են լինում նաեւ ռազմա-հայրենասիրական խմբավորումների եւ ազատամարտիկների հետ: Տեղեկություն կա նաեւ, որ Հայաստանի արիական-ազգայնականները փորձում են ստանալ սփյուռքի հայ ազգայնական ուժերի աջակցությունը եւս, որոնց մեջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ:
Իսկ ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ այլեւս խնդիրներ չունենալով, փորձում է հնարավորինս կարգավորել իր հարաբերությունները ԲՀԿ-ի հետ, հատկապես ԱԺ ընտրություններից առաջ, մինչեւ ՀՀ նախագահի ընտրությունները: Մամուլում լուր սպրդեց, թե «Հզոր ապագա» կուսակցությունը ՕԵԿ-ի հետ ձուլվելու փորձեր է անում, ինչը միայն զավեշտի առարկա է դարձել:
Ինչեւէ, հանրապետականները վստահ են ցույց տալիս իրենց, խոսում են արդեն հաղթողի դիրքերից, բայց ներքին մտավախությունն առկա է, քանզի կուսակցական եւ քաղաքական դաշինքների ձեւավորումը դեռ առջեւում է ու ամեն բան իրականում ու միանշանակ հստակ չէ:
Արտակ Հայոցյան
* * *
ԱՍԱԼԱ-ի կոչը՝ համակիրներին
Վերջին ժամանակներս ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի կողմից «Լուսանցք»-ի էլեկտրոնային փոստը հաճախակի է նամակներ ստանում, որոնցից մեկը տպագրում ենք առանց մեկնաբանության:
«Աստ կու գանք յստակացնելու, որ մեր կազմակերպութեան կողմէ, ոեւէ հայ հետազօտողի կամ գիտաշխատողի հասցէին, ոչ մէկ սպառնական կամ արհամարհական յայտարարութիւն հրապարակուած է:
Ընդդիմախօսութիւնն ու բազմակարծութիւնը՝ ազատ արտայայտուելու իրաւունքի նկատմամբ յարգաքն ու անոր պաշտպանութիւնը կը նկատենք բոլորիս, այդ շարքին նաեւ մեր կազմակերպութեան սկզբունքային պարտականութիւնը՝ անկախ արտայայտուած տեսակէտի բովանդակութենէ:
Հայ հասարակութիւնը անտեղի լարուածութիւններէ հեռու պահելու մտահոգութենէ մեկնած, բոլոր հետազօտող հայորդիներուն կը յորդորենք, գիտաշխատողին եւ հետազօտողին վայել կեցուացքով, խուսափին անհիմն եւ անճիշտ վերագրումներէ ու զրպարտութիւններէ, ըլլան աւելի առարկայական եւ շրջահայեաց:
Կոչ կ՛ուղղենք նաեւ Հայ նորագոյն ազգային ազատագրական պայքարի մէջ ներդրողներուն՝ մեր բոլոր համակիրներուն, որ իրենց դրսեւորումերուն մէջ ըլլան աւելի զուսպ, համոզուած մնալով, որ մեր պայքարի բուն հզօրութիւնը, մեր ժողովուրդի դատի իրաւացիութենէն եւ արդարացիութենէն է պայմանաւորուած:
Զէնքով կարելի է պատերազմել, իսկ յաղթել կարելի է միայն բարոյականութեամբ:
Վերջնական յաղթանակը հայ ժողովրդինն է»:
Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ
«Լուսանցք» թիվ 30 (206), 2011թ.



